Հա
12/09/2022 - 14:40

Հերւիկ Եարիջանեան. «Հայաստանը Եւրասիայի տնտեսական պայմանագրի անդամ է, որը Իրանի համար իւրայատուկ կարեւորութիւն ունի»

Երէկ, սեպտեմբերի 11-ին՝ Թեհրանի Առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատում կայացաւ՝ Իրանի եւ Հայաստանի առեւտրա-բանկային համագումարը «Հայաստանը՝ Եւրասիա մուտք գործելու դարպասը» խորագրով:

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Երէկ, սեպտեմբերի 11-ին՝ Թեհրանի Առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատում կայացաւ՝ Իրանի եւ Հայաստանի առեւտրա-բանկային համագումարը «Հայաստանը՝ Եւրասիա մուտք գործելու դարպասը» խորագրով:

Իրանի ու Հայաստանի պետական հիմներգերով մեկնարկած միջոցառման սկզբում արտայայտւեց նոյն պալատի միջազգային հարցերով տեղակալ Հեսամէդդին Հալաջը, ընդգծելով, որ մէկօրեայ համագումարի նպատակն է՝ քննարկել երկկողմ առեւտրա-տնտեսական հնարաւորութիւնների, բանկային հարցերը եւ այն հնարաւորութիւնները, որը Մեղրիի եւ Արաքսի ազատ գօտիների բերումով ընձեռնւում է այս խնդիրների իրականացման համար: Նա նաեւ կարեւորեց Իրանի հաւասարակշռւած դերը՝ Կովկասի տարածաշրջանի իրադարձութիւններում:

Որպէս համագումարի առաջին բանախօս, խօսքը փոխանցւեց Իրան-Հայաստան առեւտրական համատեղ պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանին, ով կարեւորութեամբ ընդգծեց, որ այս տարի լրացել է երկու երկրների դիւանագիտական, տնտեսական եւ առեւտրական յարաբերութիւնների 30-ամեակը, թէեւ երկու երկրների բարի դրացիական յարաբերութիւնները հազարամեակների անցեալ ունի: Իր խօսքում, նա նշեց, որ Հայաստանը Եւրասիայի տնտեսական պայմանագրի անդամ է, որը Իրանի համար իւրայատուկ կարեւորութիւն ունի, քանզի Եւրասիայի հետ Իրանի միակ ցամաքային կապը իրականանում է Հայաստանի միջոցով: Իրան-Հայաստան առեւտրի համատեղ պալատի նախագահը յաւելեց, որ երկու երկրների համագործակցութեան համար գոյութիւն ունի հսկայ կարողականութիւններ եւ մեծ հնարաւորութիւն է ընձեռնւել մասնաւոր բաժնի համար, որ պետական հովանաւորութիւններով իրականացնի իր աշխատանքները եւ Իրանի առեւտրա-տնտեսական շրջանառութիւնը բարձրացնելով նպաստի երկրի տնտեսական առաջընթացին:

Օրւայ բանախօս հրաւիրւեց «Արաքս» ազատ գօտու կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Մաջիդ Քիանին, ով կարեւորութեամբ անդրադարձաւ ազատ գօտիների դրական դերին առեւտրի զարգացման գործում եւ ընդգծեց, որ առեւտրի ազատ գօտիները չորս առանցքներում՝ արդիւնաբերութիւն, գիւղատնտեսութիւն, զբօսաշրջութիւն եւ առեւտուր, կարող են յոյժ կարեւոր դերակատարութիւն ունենալ:

Բանախօսներից՝ Հայաստանում «Մելլաթ»  բանկի գործադիր տնօրէն Սէյէդ Ղոլամռեզա Մուսաւին անդրադարձաւ երկու երկրների առեւտրական համագործակցութիւնների հարցով բանկային ընձեռնած հնարաւորութիւններին ու դիւրութիւններին:

Հայաստանում Իրանի դեսպանութեան առեւտրական հարցերով կցորդ՝ Աքբար Գոդարին մանրամասն ներկայացրեց այն հնարաւորութիւնները եւ դիւրութիւնները, որոնք դեսպանութիւնն է ընձեռնել Իրանի տնտեսվարողների համար, Հայաստանում ներդրումների եւ երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական կապերի ամրապնդման հարցով: Նա ընդգծելով, որ Հայաստանի շուկան խիստ մրցունակ է, անդրադարձաւ Հայաստանից արտահանւող ապրանքներին, եւ կարեւորեց Հայաստանի շուկայի պահանջները ճանաչելու եւ որակեալ ապրանքների ներկրման անհրաժեշտութիւնը:

Համագումարին իր խօսքը փոխանցեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ով Հայաստանը համարեց լաւ հնարաւորութիւն՝ Իրանի ներդրողների համար, նշելով, որ ժամանակին (2020 թ.) Իրանի, Ռուսաստանի ու Հնդկաստանի միջեւ ստորագրւած համաձայնագրով, որը առնչւում է Հիւսիս-հարաւ մայրուղուն, առկայ մի շարք խնդիրների կարգաւորմամբ իրանցի կապալառուները կարողանան ներդրում կատարել երկաթգծային ու ճանապարհային շինարարութեան գծով: Նա յոյս յատնեց, որ Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանի, Իրանի Առեւտրական պալատի եւ «Արաքս» ազատ գօտու հովանաւորութեամբ, Իրանի մասնաւոր բաժինը եւ գիտելիքահենք ընկերութիւնները կարողանան իրենց աշխատանքները ծաւալեն Հայաստանում եւ երկուստեք աճ արձանագրւի Իրանի  եւ Հայաստանի առեւտրական փոխանակումներում:

Վերջում հրաւիրւեց արտայայտւելու Թեհրանի Առեւտրի, հանքերի, արդիւնաբերութեան եւ գիւղատնտեսութեան պալատի գլխաւոր քարտուղար Բահման Էշղին, ով կարեւորեց Իրան-Հայաստան դարաւոր խաղաղ գոյակցութիւնը: Նա կարեւորեց Իրանի ռազմավարական դիրքը եւ դերը տարածաշրջանում եւ անհրաժեշտ համարեց երկուստեք առեւտրական փոխգործակցութիւնը:

Համագումարի կազամակերպման մասին Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանի գնահատանքը խնդրելով, նա կարեւորեց նման համագումարների դերը՝ Իրան-Հայաստան առեւտրական փոխանակումների զարգացման գործում եւ ընդգծեց, որ ինչքան շատ կազմակերպենք նման լուսաբանական-ճանաչողական համագումարներ, այնքանով աւելի կը զարգանան երկու երկրների առեւտրա-տնտեսական կապերն ու յարաբերութիւնները: 

Նշենք նաեւ, որ համագումարի աւարտին ներկաների հարցումներին պատասխանում էին համագումարի դասախօսները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։