Արարատ լեռան տակ ստորգետնեայ միջանցքներ են յայտնաբերել. գիտնականները փնտրում են Նոյեան տապանը

Հետազօտողները յայտնաբերել են ստորգետնեայ կառուցւածքներ այն ձեւաւորումներից մէկի շրջանում, որը տասնամեակներ շարունակ կապւում է Նոյեան տապանի հնարաւոր գտնւելու վայրի հետ։ Գէոռադարային հետազօտութիւնները բացայայտել են միջանցքներ, անկիւնային կառուցւածքներ եւ խոռոչներ մակերեւոյթի տակ։
Ըստ Daily Star-ի տեղեկութեան՝ խօսքը վերաբերում է Արարատ լեռից մօտ 30 կմ հեռաւորութեան վրայ գտնւող նաւակաձեւ մի ձեւաւորման։
Հետազօտական խմբի տւեալներով՝ գէոռադարային պատկերների վերլուծութիւնը բացայայտել է գծային կառուցւածքներ, ուղիղ անկեան տակ հատումներ եւ երկարաւուն խոռոչներ։ Հետազօտողներն այս անոմալիաների մի մասը մեկնաբանում են որպէս հնարաւոր միջանցքներ եւ տարածքներ։ 2019 թւականին ստացւած գէոռադարային տւեալների նախնական վերլուծութիւնը եւս միջանցքների եւ սենեականման տարածքների նմանւող կառուցւածքներ էր ցոյց տւել։ Թիմի տւեալներով՝ դրանցից որոշները մօտ 9 մետր խորութեան վրայ են։
Միաժամանակ իրենք՝ հետազօտողներն, ընդգծում են, որ այդ արդիւնքները Նոյեան տապանի գոյութեան ապացոյց չեն, գրում է Фокус-ը։ Նախագծի պաշտօնական կայքում ստացւած տւեալները բնորոշւում են որպէս երկրաֆիզիկական նիւթեր, որոնք դեռ պէտք է հետագայ վերլուծութեան ենթարկւեն։

Դեռեւս 2026 թւականի սեպտեմբերին թիմը սկսել է ձեւաւորումից հորատանցքային միջուկների ընտրութիւնը։ Հորատումն իրականացւում է մինչեւ 18 մետր խորութեամբ՝ լաբորատոր ուսումնասիրութեան համար նմուշներ ստանալու նպատակով։
Թիմի տւեալներով՝ նմուշներում արդէն օրգանական նիւթի մեծ քանակութեամբ շերտեր էին յայտնաբերւել, իսկ հորատման ընթացքում արձանագրւել էին մի քանի խոռոչներ։ Այդ խոռոչներից մէկը, հետազօտողների պնդմամբ, լցւած էր ջրով։
Յաջորդ փուլը պէտք է լինի նմուշների լաբորատոր վերլուծութիւնը։ Հետազօտողները մտադիր են ուսումնասիրել դրանց կազմը, օրգանական բաղադրիչները եւ հողի կառուցւածքը, որից յետոյ աւելի մանրամասն արդիւնքներ կը հրապարակեն։
Այդ ձեւաւորումը հետազօտողների ուշադրութիւնն է գրաւում 1959 թւականից, երբ այն յայտնաբերւել էր օդալուսանկարներում։ Մօտ 157 մետր երկարութեամբ այդ կառուցւածքը նաւի կմախք յիշեցնող բնորոշ ձեւ ունի։
Նոյեան տապանի վարկածի կողմնակիցները կարծում են, որ ստորգետնեայ անոմալիաներն ու հողի վերլուծութեան արդիւնքները կարող են վկայել այդ ձեւաւորման արհեստական ծագման մասին։ Միաժամանակ կայ նաեւ դրա ծագման երկրաբանական բացատրութիւն, իսկ այն, որ դա աստւածաշնչեան տապանի մնացորդներն են, դեռեւս անկախ հաստատում չունի։
Հետագայ հետազօտութիւնները պէտք է ցոյց տան՝ արդեօք յայտնաբերւած ստորգետնեայ կառուցւածքները կապւա՞ծ են բնական երկրաբանական գործընթացի հետ, թէ՞ այլ ծագում ունեն։
168.am



