Հայաստան - Արցախ

Տէր Արարատ քահանայ Պօղոսեան. «Մեր ինքնութիւնը վտանգող նոր Սահմանադրութեան նախագիծը պէտք է մերժւի անգամ մինչեւ հանրաքւէի դրւելը»

Մայր Աթոռը քարոզչական աշխատանք է տանում՝ բարելաւելու մարդկանց բարոյահոգեբանական վիճակը։ Գերագոյն հոգեւոր խորհրդի վերջին նիստերից մէկում խոր մտահոգութիւն ենք յայտնել խաղամոլութեան, թմրամոլութեան եւ այլ մոլութիւնների աճող ծաւալների հարցում։ Եկեղեցու կեանքում ներգրաււած հաւատացեալների թիւը դեռեւս անբաւարար է, իսկ այդ պարագայում, ցաւօք, միշտ չէ, որ եկեղեցու խօսքը հատու եւ ազդեցիկ է։ Քահանայից դասն ամենօրեայ պայքար է մղում այս մոլութիւնների դէմ, բայց դա բաւարար դրական արդիւնք դեռեւս չի տալիս։ Համագործակցութիւն է պէտք տարբեր պատկան կառոյցների, հասարակութեան եւ եկեղեցու միջեւ, քանի որ այդ մոլութիւնները մտահոգիչ են եւ արդէն անցել են մատաղ սերնդին։ Դրանք ոչ միայն մարդու առողջութեանը, այլեւ բարոյահոգեբանական կերպարին եւ արժեհամակարգին են առնչւում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի եւ հրատարակչական բաժնի տնօրէն Տէր Արարատ քահանայ Պօղոսեանը:

«Հասարակութեան զգօնութիւնը փորձում են թմրեցնել, բթացնել անվտանգութեան հարցերում։ Հունահռոմէական կայսրերը եւս այդպէս էին վարւում՝ հանրութեան համար կազմակերպում էին գլադիատորական մարտեր, այդ ընթացքում անգամ անվճար հաց էին բաժանում։ Երկրորդական խնդիրներով, հասարակութեանը մոլութիւնների մէջ ազատութիւն տալով, աչք փակելով, խոցոտելով դրանց դիմադարձող կառոյցներին՝ ցանկանում են շեղել հանրութեան ուշադրութիւնն առաւել կարեւոր խնդիրներից։ Տարիներ առաջ մի անյաջող շարժում սկսւեց, որն ուղղորդւում էր անյայտ ուժերի կողմից, այն հակաեկեղեցական էր եւ ուղղւած էր Մայր Աթոռի եւ Վեհափառի դէմ։ Եկեղեցու դէմ արւած ցանկացած գործողութիւն նոյնն է, ինչ հայ ժողովրդի եւ պետականութեան դէմ արւած քայլերը։ Եկեղեցին միակ համազգային կառոյցն է, որը զօրավիգ ու աջակից է հայոց պետականութեանը»,- ասաց հոգեւորականը:

«Դարեր շարունակ պետականութեան քաղցր բեռն ու ծանր լուծը եկեղեցին է իր ուսերին առել։ Եկեղեցին թուլացնել՝ նշանակում է թուլացնել պետականութիւնը։ Մայր Աթոռն իր անհամաձայնութիւնն է յայտնել Հայոց Եկեղեցու պատմութեան դասընթացը հանելու հարցի շուրջ։ Իրականում այն նոյնիսկ չի ինտեգրւել Հայոց պատմութեան դասընթացին եւ արտացոլւած չէ դասագրքերում։ Այդկերպ կարելի էր նաեւ հայ գրականութիւնն ու այլ դասընթացներն ինտեգրել Հայոց պատմութեան դասընթացի մէջ։ Առարկան այս մէկուկէս տասնամեակում կայացել էր։ Անգամ պահպանւած թեմաներն են սխալաշատ, եւ դա վկայում է այս ամենի թիկունքում կանգնած ուժերի իրական նպատակների մասին»,- նշեց Տէր հայրը:

Քահանայի կարծիքով՝ կայ մտահոգութիւն, որ առկայ զարգացումների ֆոնին նոր Սահմանադրութեան ընդունման դէպքում այս իշխանութիւնը կը փորձի վերանայել Հայ Եկեղեցու բացառիկ դերը. «Հարանւանութիւնների յայտարարութիւնները՝ իբր ի սատարումն եկեղեցու, իրականում խայծ են, սթափ հաւատացեալները չեն կարող այդ խայծը կուլ տալ։ Նոր սահմանադրութեան ընդունումը կը բացայայտի այս իշխանութեան միտումները մեր ինքնութեանն ու անվտանգային համակարգին վերաբերող հարցերում։ ժողովուրդը պիտի սթափ լինի, այդ նախագիծը պիտի լայն հանրային քննարկման դրւի։ Նոր սահմանադրութեան մէջ նախատեսւած դրոյթները պիտի մերժւեն անգամ մինչեւ քւէարկութիւնը»:

«Վեհափառ Հայրապետը Սուրբ Ծննդեան իր քարոզում անդրադարձաւ Արցախին, եւ դա նորութիւն չէր։ Դրանից ամիսներ առաջ նա ասել էր, թէ չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում։ Մեզ համար անցեալ չէ ոչ միայն Արցախը, այլեւ Արեւմտեան Հայաստանը։ Մեր բնօրրանի որեւէ մասնիկ չի կարող մեզ համար անցեալ դառնալ։ Մենք շարունակում ենք պահանջատէր լինել Արցախի եւ մեր հայրենիքի բռնազաւթւած միւս տարածքների նկատմամբ։ Արցախի թեմը չլուծարելու քայլը միտւած է հէնց դրան»,- ամփոփեց Տէր Արարատ քահանայ Պօղոսեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button