Հա
13/12/2021 - 13:30

Կարո՞ղ է արդեօք թուրքական լիրան գահավիժել Էրդողանին

Թուրքիայում խորանում է տնտեսական ճգնաժամը, իսկ թուրքական լիրան շարունակում է գահավիժել։ Այդ երկրում խորացող տնտեսական դժւարութիւնների վերաբերեալ բարձրաձայնում է, ե՛ւ ընդիմութիւնը, ե՛ւ շարքային քաղաքացիները։

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Թուրքիայում խորանում է տնտեսական ճգնաժամը, իսկ թուրքական լիրան շարունակում է գահավիժել։ Այդ երկրում խորացող տնտեսական դժւարութիւնների վերաբերեալ բարձրաձայնում է, ե՛ւ ընդիմութիւնը, ե՛ւ շարքային քաղաքացիները։

Մէկ տարի է, ինչ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի տնտեսական նոր մոդելի քաղաքականութեան հետեւանքով ազգային արժոյթն օրէցօր արժեզրկւում է, իրավիճակն էլ աւելի է վատացել սեպտեմբեր ամսից սկսած, երբ Էրդողանը կարգադրեց իջեցնել բանկային վերաֆինանսաւորման տոկոսադրոյքները։

Թէեւ, Էրդողանը փորձել է բարձրացնել թուրքական արտադրութեան մրցունակութիւնը, աւելացնել արտահանումը, ներգրաււել ներդրողների, այդուհանդերձ, իրականում, միջազգային ֆինանսական վարկանիշային կազմակերպութիւնների զեկոյցները եւ ժողովրդի չմարող անհնազանդութեան ալիքները փաստում են, որ Էրդողանի պլանները ձախողել են, աւելի են մեծացել դժգոհութիւնը, իսկ թուրքական արժոյթը միայն նոյեմբերի ընթացքում արժեզրկւեց աւելի քան 30 տոկոսով:

Օրինակ, միջազգային վարկանիշային «Standart & Poor’s» (S&P) կազմակերպութիւնն իր վերջին զեկոյցում Թուրքիայի տնտեսական հեռանկարների վերաբերեալ վարկանիշը փոխել է, կայունից՝ իջեցնելով բացասականի։

Էրդողանն, այնուամենանիւ, փորձել է բազմիցս կոծկել իր սխալը՝ կառավարութիւնում մեղաւորներ փնտրելով, նախարարներին հեռացնելով, ժամանակ առ ժամանակ, նաեւ՝ «արդարանալով», որն աւելի ծանր հետեւանքներ է ունեցել ինչպէս իր սեփական անձի, այնպէս էլ՝ այդ երկրի ժողովրդի եւ տնտեսութեան համար։

Ուշագրաւ է, որ Էրդողանի հերթական ելոյթ-արդարացմանն օրինաչափութեան կարգով յաջորդել է լիրայի նոր անկումը:

Թուրքական ընդդիմութեան որոշ ներկայացուցիչներն էլ գտել են կապը՝ Էրդողանի ելոյթների եւ լիրայի անկման միջեւ, եւ առիթը բաց չեն թողնել հռետորական հարց բարձրացնելու. «արդեօք նա գիտակցաբար է անո՞ւմ դա, թէ՞ ոչ»։

Էրդողանին «մերկացնելու» առումով աւելի առաջ են անցել ընդդիմադիր «Ապագայ» կուսակցութեան առաջնորդ, Թայիբ Էրդողանի նախկին դաշնակից, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դաւութօղլուն։ Նա թւիթերեան գրառմամբ պարզապէս Էրդողանին խորհուրդ է տւել, այլեւս չխօսել, այլ՝ լռել: Նախկին վարչապետն, իր պահանջը տրամաբանել է այն հանգամանքով, որ Էրդողանի հերթական ելոյթից յետոյ աւելի է արժեզրկւում թուրքական արժոյթը։

Լիրայի աննախադէպ անկման, սոցիալ-տնտեսական ճգնաժամերի եւ Էրդողանի ձախողումների ֆոնին, թուրքական ընդդիմութիւնը, մասնաւորապէս՝ «ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնը փորձում է անել աւելին, վերակազմակերպւել՝ նոր գործընթացներ իրականացնելով: Դեկտեմբերի 5-ին ժողովրդա-հանրապետականները կազմակերպեցին բազմահազարանոց հանրահաւաք, որին ըստ տարբեր հաշւարկների՝ մասնակցել էր մինչեւ 200 հազար քաղաքացի։

Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի ընդդիմութիւնը, հիմնական միեւնոյն պահանջն է առաջ քաշում՝ վերադարձնել երկրի կառավարման խորհրդարանական համակարգը, եւ արտահերթ համապետական ընտրութիւններ անցկացնել հերթականի փոխարէն, որը նախատեսւած էր 2023 թւականին:

Զուգահեռ իրականութիւն է նաեւ շարքային քաղաքացիների մօտ: Անհնազանդութեան դրսեւորումները տեսանելի են դառնում հասարակական՝ ոչ քաղաքական շրջանակներում, այսպիսով՝ Թուրքիայում դժգոհութիւնները ոչ միայն չի սահմանափակւում ընդդիմադիրների գործողութիւններով, այլ քաղաքացիները եւս իրենց դժգոհութիւնը փորձում են բարձրաձայնել՝ ինքնաբուխ ակցիաների միջոցով՝ Թուրքիայի կառավարութեան հրաժարականի, եւ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանն իշխանութիւնից հեռացնելու պահանջներով։

Փաստ է, որ ընդդիմութեան եւ ինքնաբուխ ակցիաների առաջադրած հարցերը յաղթահարելն Էրդողանի համար բաւական բարդ է լինելու: Այդուհանդերձ, նրա գլխաւորութեամբ, ճնշող տոտալիտար համակարգին յաջողւում է լռեցնել մարդկանց՝ կասեցնելով աւելի մեծ զանգւածների ներգրաւումը, իսկ բանտում յայտնւելու վախը, թուրք հասարկութեանը ստիպել է զգուշաւոր լինել, չափաւորել կարծիքներն ու լռել:

Մարդիկ, սակայն, իրենց կարծիքը չեն թաքցրել սոցհարցումների ժամանակ: Վերջին հարցումներն իշխող վարչակարգի համար այնքան էլ յուսադրող չեն: Արդիւնքների համաձայն, Էրդողանի ու նրա կուսակցութեան վարկանիշը գնալով ընկնում է, ինչն էլ օրակարգում է պահում արտահերթ ընտրութիւնների անցկացման հարցը, ինչպէս նաեւ՝ Էրդողանի հեռանալը։

Որպէս օրինակ, «Եւրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրութեան կենտրոնի, Թուրքիայի ներքաղաքական կեանքի վերաբերեալ վերջին սոցհարցման տւեալներով՝ մասնակիցների 56 տոկոսը պատասխանել է, որ քւէն չի պատրաստւում տալ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին, եթէ նա առաջադրի իր թեկնածութիւնն առաջիկայ ընտրութիւններում։

Իսկ, արտահերթ ընտրութիւնների դէպքում 30.4 տոկոսը նշել է, որ իր քւէն տալու է գլխաւոր ընդդիմադիր ուժ համարւող քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեանը, իսկ 27.6 տոկոսը՝ Էրդողանի ղեկավարած իսլամական-պահպանողական «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը։

Այնուամենայնիւ, ընդդիմութեանը դեռեւս չի յաջողւել ակնառու առաւելութեան հասնել Էրդողանի՝ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան նկատմամբ:

Արդէն յստակ է, որ սոցհարցումների արդիւնքներն արձանագրել են՝ հասարակութեան կարծիքի փոփոխման միտում: Նժարը Էրդողանի կուսակցութիւնից թեքւում է դէպի գլխաւոր ընդդիմադիր ուժ համարւող քեմալականների՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեանը՝ վերը նշւած բազմահազարանոց ցոյցի կազմակերպիչներին:

Վերջիվերջոյ, Էրդողանն անում է ամէն բան վերականգնելու իր վարկանիշը եւ հասարակական կարծիքը լիրայի տատանումներից, տնտեսական եւ հասարակական խորացող ճգնաժամից շեղելու եւ իր օգտին վերափոխելու համար: Նրա, յաճախ կիրառւող հնարքներից մէկը նաեւ այն է, որ ինքն իրեն, ժամանակ առ ժամանակ փորձում է Աթաթուրքին նմանացնել կամ ներկայանալ որպէս «Աթաթուրքի ծրագրերի յետնորդը»՝ փորձելով իր հետ պահել աւելի լայն զանգւածների, մասնաւորապէս՝ Թուքիայի ազգայնական թեւին:

Էրդողանի այդ հնարքը, վերջերս նկատել են նաեւ «Le Monde» թերթում: Թերթը նշել է, որ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ջանում է պատմութեան մէջ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նման հետք թողնել, մինչդեռ, նոյն յօդւածն այն դիտարկել է, որպէս հեղինակութեան վերականգման յուսահատ փորձ՝ նշելով, որ վերջերս քամին սկսել է Էրդողանի առագաստի հակառակ ուղղութեամբ փչել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։