Հա

Օրակարգ

20/11/2012 - 03:30

Այժմ յարմար առիթ է, որպէսզի Իրանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով երկկողմ բանակցութիւններ վարեն:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ «Ալ-մոնիթոր» կայքի հետ ունեցած հարցազրոյցում՝ նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարութեան վետերան դիւանագէտ Ռայան Քրոկերը:
Անդրադառնալով Սիրիայի հարցով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ երկխօսութեան հաւանականութեանը՝ ամերիկացի դիւանագէտը նշել է. «Տարածաշրջանի երկրները սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առնչութեամբ հանդէս են գալիս տարատեսակ նախաձեռնութիւններով, ուստի՝ անկախ ԱՄՆ-ի ներկայութիւնից՝ այդ գործընթացը շարունակւում է: ԱՄՆ-ը կարեւորում է Սիրիայի հարցով այլ երկրների հետ եւս բանակցութիւններ վարելը, այդ առումով Իրանը կարող է կարեւոր դեր ունենալ»:

Նկատենք, որ Ռայան Քրոկերը տարբեր տարիներում Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Քուվէյթում, Պակիստանում եւ Աֆղանստանում աշխատել է որպէս ԱՄՆ-ի դեսպան: 2007-2009 թթ. հէնց նրա մասնակցութեամբ են տեղի ունեցել Իրաքի անվտանգութեան հարցերի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի ուղղակի բանակցութիւնները:
Նշենք, որ վերջին մէկ ամսւայ ընթացքում միջազգային մամուլում յաճախ է քննարկւում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ուղղակի բանակցութիւնների հաւանականութեան հարցը: Այդ առնչութեամբ նոյնիսկ իրենց դրական դիրքորոշումն էին յայտնել Անգլիան եւ Ռուսաստանը:
Յիշեցնենք, որ օրերս Իրանի արտգործնախարար Ալիաքբար Սալեհին, անդրադառնալով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղղակի բանակցութիւններ վարելու հաւանականութեան թեմային, մասնաւորապէս նշել էր. «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցութիւններ վարելու նախադէպ մենք արդէն իսկ ունեցել ենք Իրաքի եւ Աֆղանստանի հարցում, ներկայում եւս միջուկային ծրագրի շրջագծում Իրանի եւ «5+1» խմբի (ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 5 մշտական անդամներ եւ Գերմանիա) շրջագծում մենք անուղղակիօրէն բանակցում ենք, սակայն ինչ վերաբերում է ուղղակի երկխօսութեանը, ապա դա ամբողջովին գտնւում է Իրանի հոգեւոր առաջնորդի լիազօրութիւնների ներքոյ»:

Լրատւական ցանց

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։