«Ալիք»-ի 85-ամեակի առթիւ նախատեսւած ձեռնարկների շարանում ամենապատեհ առիթը, անշուշտ, դա Հայրենի եւ արտերկրի հայկական մամուլի ներկայացուցիչների միաժամանակեայ մասնակցութիւնն է: Այսպիսի քանակական եւ որակական միատեղութիւնն, ինչ խօսք, «ԱԼԻՔ»-ի երկարամեայ պատմութեան հոլովոյթում, կարելի է բնութագրել որպէս աննախադէպ պատեհութիւն:
Դ. Մ.
«Ալիք»-ի 85-ամեակի առթիւ նախատեսւած ձեռնարկների շարանում ամենապատեհ առիթը, անշուշտ, դա Հայրենի եւ արտերկրի հայկական մամուլի ներկայացուցիչների միաժամանակեայ մասնակցութիւնն է: Այսպիսի քանակական եւ որակական միատեղութիւնն, ինչ խօսք, «ԱԼԻՔ»-ի երկարամեայ պատմութեան հոլովոյթում, կարելի է բնութագրել որպէս աննախադէպ պատեհութիւն: Յատկանշելի է, որ նման ներկայացւածութիւնը ինչքան «ԱԼԻՔ»-ի սեփական, այնքան էլ, ու դեռ աւելին, իրանական պետական համապատասխան շրջանակների նախանձախնդրութեան արդիւնքն է եղել: Իսկ դրա վկայութիւնն է՝ նոյնինքն հայաշխարհի մամլոյ ներկայացուցիչների համար նախատեսւած շփում-հանդիպումը՝ թէ՛ իրանական ծանրակշիռ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, եւ թէ՛ Իրանի մշակոյթի նախարարի գլխաւորութեամբ կազմակերպւած խորհրդաժողով-հանդիպման մասնակցելը:
Իրանահայ հինաւուրց համայնքի պատմական թէ հոգե-մտաւոր բարձրարժէք ժառանգութեանը առնչւելու կրկնակի պատեհ առիթը կունենան մեր թանկագին հիւրերը՝ Ատրպատականի ու Սպահանի նահանգներ այցելութեան ընդմիջից: Ս. Թադէ եւ Ս. Ամենափրկիչ վանքերն ու միւս յուշարձանների հոգեպարար աւիւնով են լիցքաւորւելու Հայրենի եւ Սփիւռքեան մեր գործընկերները, որոնք անմիջական ու ականատեսի հայեացքով նաեւ մեծ երախտագիտութեամբ պէտք է վկայեն այդ մեծարժէք հայկական ժառանգութեանց պահպանման ու ծաղկեցման սիրոյն իրանական պետական բարեացակամ վերաբերմունքի մասին:
Հայաշխարհի մամլոյ ներկայացուցիչները նաեւ ու մանաւանդ հաճելի առիթը կունենան նոյնպէս առնչւել-ծանօթանալու իրանահայ համայնքի աւանդապահ, հայրենասէր ու մշակութասէր անդամներին՝ թէ՛ թեհրանահայ համահայկական բացառիկ խաղերի եւ թէ՛ հինաւուրց թեմեր այցելելու ընդմիջից:
Մէկ խօսքով՝ հայաշխարհի մամլոյ ներկայացուցիչների համատեղումը Իրանում իր ձեւաչափով թէեւ մասնակի, բայց վառ ցուցանիշն է հանդիսանալու Հայոց Եռամիասնութեան՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք գաղափարի, որի դրսեւորման ու ջատագովելու պատիւը տւեալ դէպքում ընձեռւել է իրանահայ համայնքին ու նրա հարազատ որդու՝ 85-ամեայ «ԱԼԻՔ»-ին ...