Հա

Օրակարգ

15/06/2019 - 13:40

Իրանը վաւերացրել է ԵԱՏՄ-Ի ԻՀ ազատ առեւտրի գօտու ձեւաւորման համաձայնագիրը

Յունիսի 10-ին Իրանը վաւերացրեց երկարաշունչ եւ բարդ բանակցութիւնների արդիւնքում, 2018 թ. մայիսի 17-ին ստորագրւած, «Եւրասիական տնտեսական միութեան ու դրա անդամ պետութիւնների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորմանն ուղղւած ժամանակաւոր համաձայնագիրը»։

«alikonline.ir» - Յունիսի 10-ին Իրանը վաւերացրեց երկարաշունչ եւ բարդ բանակցութիւնների արդիւնքում, 2018 թ. մայիսի 17-ին ստորագրւած, «Եւրասիական տնտեսական միութեան ու դրա անդամ պետութիւնների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորմանն ուղղւած ժամանակաւոր համաձայնագիրը»։ Համաձայնագիրն արդէն վաւերացրել են միւս բոլոր կողմերը, ԻԻՀ-ի կողմից վաւերացման փաստաթուղթը ԵԱՏՄ ուղարկելուց յետոյ Եւրասիական միութեան կոմիտէն պարտաւոր է 10 օրւայ ընթացքում տեղեկացնել ԵԱՏՄ անդամ երկրիներին, եւ համաձայնագիրը ուժի մէջ կը մտնի հէնց վերջիններիս ուղարկելու օրը:

«Armdaily.am»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ներկայացուցիչ Սուրէն Պարսեանն ասաց, որ համաձայնագիրը լայն հնարաւորութիւններ է ընձեռում Հայաստանին եւ ԻԻՀ-ին ընդլայնել եւ խորացնել արտաքին տնտեսական յարաբերութիւնները: «ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանը, ունենալով արտոնեալ առեւտրային ռեժիմներ (GSP, GSP+) նաեւ Եւրոմիութեան, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ, կարող է եւ պէտք է դառնայ կամուրջ իրանական ապրանքների համար: Օրինակ՝ ԻԻՀ-ից ներմուծւած բանջարեղէնը հնարաւոր է վերամշակել Հայաստանում եւ արտահանել այլ երկրներ: Հայաստանում արտադրութեան կազմակերպումը առաւել գրաւիչ կը դարձնի Մեղրիում տեղակայւած ազատ տնտեսական գօտին, որտեղ գործունէութիւն ծաւալող տնտեսվարող սուբիեկտները կազատւեն մի շարք հարկատեսակներից»,- նշեց նա՝ ընդգծելով, որ երկար սպասւած Համաձայնագրից արդիւնաւէտ օգտւելը պէտք է դառնայ ՀՀ իշխանութիւնների տնտեսական առաջնահերթութիւններից մէկը․

2018 թւականին ՀՀ-ԻԻՀ ընդհանուր առեւտրաշրջանառութիւնը աճել է 40.5 տոկոս: ԻԻՀ-ից ՀՀ ներմուծումը աւելացել է 54.2 տոկոս. զգալիօրէն աւելացել է բնական գազի, ցեմենտի, նաւթամթերքի ներկման ծաւալները: ՀՀ-ից ԻԻՀ արտահանումը աւելացել է 12 տոկոսով. էականօրէն աւելացել են էլեկտրաէներգիայի, ալիւմինի, պարարտանիւթերի, հաստոցների արտահանման ծաւալները:

ԵԱՏՄ-Իրան այս hամաձայնագիրը կոչւած է ամրապնդելու հիւսիս-հարաւ ռազմավարական դաշնակցային յարաբերութիւնները եւ առաւել կը հզօրացնի տարածաշրջանի տնտեսական գրաւչութիւնն ու անվտանգութիւնը:

Այս փաստաթուղթը Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման առաջին փուլն է: Ժամանակաւոր համաձայնագիրը կնքւում է երեք տարի ժամկէտով, որի ընթացքում կողմերը պէտք է համաձայնութեան գան ազատ առեւտրի գօտու մասին լիարժէք համաձայնագրի մասին:

Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաեւ կից ցանկերը, որոնց մէջ ներառւած ապրանքատեսակների հանդէպ կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտօնութիւններ, այսինքն՝ մաքսատուրքերի նւազեցում: Նշւած ցանկերում ներառւած են ինչպէս գիւղատնտեսական, այնպես էլ արդիւնաբերական ապրանքներ: Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների կողմից մշակւած ցանկում հայկական կողմից ներկայացւած առաջարկներում հիմնականում ներառւած են այն ապրանքները, որոնք Հայաստանի Հանրապետութեան արտահանման առաջնային հետաքրքրութիւն ունեցող ապրանքներ են եւ որոնք ունեն նաեւ մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետութիւնից Իրան արտահանման ծաւալներում, մասնաւորապէս՝ տաւարի միս, հանքային եւ գազաւորւած ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրաւետիչ նիւթեր, ոչ ոգելից խմիչքներ, դեղամիջոցներ, տրիկոտաժէ արտադրանք։

Հարկ է նշել, որ շոկոլադ եւ կակաօ պարունակող սննդամթերքի, հրուշակեղէնի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրոյքաչափի իջեցում, սակայն նոյն ապրանքների մասով առաջարկւել է կիրառել փոխադարձ զիջումներ:

Իրանի մաքսային համակարգի առանձնայատկութիւններից մէկն էլ այն է, որ լիազօր մարմինը. ելնելով տնտեսական իրավիճակից, կարող է գերատեսչական հրամանով բարձրացնել եւ իջեցնել մաքսատուրքերը, ինչը անկանխատեսլիութիւն է հաղորդում ներմուծման գործընթացին: Իրավիճակը յստակեցնելու նպատակով որոշ ապրանքատեսակների մասով առաջարկւել է գործող մաքսատուրքի դրոյքաչափի պահպանում: Նշւած ցանկում հայկական կողմից հետաքրքրութիւն ունեցող ապրանքներից են ոչխարի միսը, ձուկը՝ 5 տոկոս մաքսատուրք, մեղրը՝ 55 տոկոս մաքսատուրք:

Փոխադարձ զիջումների արդիւնքում՝ իրանական կողմից մշակւած ցանկում ներառւած են այնպիսի գիւղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, վարունգը, խնձորը, լոլիկի մածուկը եւ խնձորի հիւթը: «Այս ապրանքների ներմուծումը Հայաստան կամ ԵԱՏՄ անդամ միւս երկրներ կը խստացնի մրցակցութիւնը, տեղական արտադրողները պարտադրւած կը լինեն վերանայել իրենց արտադրատնտեսական քաղաքականութիւնը, հակառակ դէպքում ցածր գներով իրանական ապրանքները նոյնի տեղականին դուրս կը մղեն շուկայից: 2018 թ. նման իրավիճակը գրանցւեց ցեմենտի շուկայում, երբ իրանական ցեմենտը, արժեզրկւած թումանի եւ ցածր էներգակիրների գների պայմաններում, հայկական ցեմենտ արտադրողներին մեծ հարւած հասցրեց, եւ կառավարութիւնը պարտադրւած էր ընդունել ներքին շուկայի պաշտպանութեան միջոցներ: Նման իրավիճակ հնարաւոր է նաեւ այլ ապրանքային շուկաներում»,- ասաց Պարսեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։