Հա

Օրակարգ

04/01/2020 - 14:20

Գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան եւ դրա հնարաւոր հետեւանքների մասին

Յունւարի 2-ին, ԱՄՆ  գործողութեան արդիւնքում, զոհւեց մի մարդ, որն ամենաարդիւնաւէտ ձեւով կազմակերպում եւ ղեկավարում էր ահաբեկչութեան դէմ պայքարը տարածաշրջանում:

Գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նշանակութեան եւ տրամաչափի ռազմա-քաղաքական գործչի սպանութիւնն անշուշտ լուրջ հարւած էր տարածաշրջանային երերուն կայունութեանը, որը չի կարող անհետեւանք մնալ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Յունւարի 2-ին, ԱՄՆ  գործողութեան արդիւնքում, զոհւեց մի մարդ, որն ամենաարդիւնաւէտ ձեւով կազմակերպում եւ ղեկավարում էր ահաբեկչութեան դէմ պայքարը տարածաշրջանում:

Գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նշանակութեան եւ տրամաչափի ռազմա-քաղաքական գործչի սպանութիւնն անշուշտ լուրջ հարւած էր տարածաշրջանային երերուն կայունութեանը, որը չի կարող անհետեւանք մնալ: Այս կապակցութեամբ անհրաժեշտ է կատարել մի քանի դիտարկում.

ա- Գեներալ Ղասեմ Սոլէյմանին առաւելապէս յայտնի էր որպէս խորաթափանց եւ խելացի ստրատեգի եւ զօրահրամանատարի: Նրան այդպէս էին ճանաչում Արեւմուտքում:

Ղասեմ Սոլէյմանին համարւում էր Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան գլխաւոր ճարտարապետներից մէկը, եւ առանցքային դերակատարութիւն ունէր տւեալ քաղաքականութեան իրագործմանն ուղղւած ռազմավարական եւ մարտավարական նշանակութեան բոլոր նախաձեռնութիւնների եւ գործողութիւնների իրականացման գործում:

Մեծ էր Ղասեմ Սոլէյմանիի դերակատարութիւնը տարածաշրջանում՝ ուժերի հաւասարակշռութեան պահպանման գործում: Նրա սպանութիւնը միանշանակօրէն նպատակ էր հետապնդում փոխել տարածաշրջանում ուժերի յարաբերակցութիւնը, ինչը տեսանելի ապագայում կարող է յղի լինել անկանխատեսելի հետեւանքներով:

բ- Ղասեմ Սոլէյմանին բացառիկ աւանդ եւ ներդրում ունէր տարածաշրջանում, մասնաւորապէս՝ Իրաքում, Սիրիայում եւ Աֆղանստանում միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարի գործում:

Դժւար է գտնել ուրիշ որեւէ մէկի, որը երկար տարիներ, եւ նման բացառիկ արդիւնաւէտութեամբ կը կարողանայ ղեկավարել ահաբեկչական ամենատարբեր խմբաւորումների՝ ԴԱԷՇ-ի, «Ջեբհաթ ալ Նուսրա»-ի, «Ալ Ղայիդա»-ի, ինչպէս նաեւ՝ ուրիշ այլ մեծ ու փոքր ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարը: Նրա կորուստն անկասկած ծանրագոյն հարւած է տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի գործին:

գ- Մեծ էր յատկապէս Ղասեմ Սոլէյմանիի ներդրումը Սիրիայի եւ Իրաքի կազմաքանդման ու կործանման, եւ տարածաշրջանն ապակայունացնող մի շարք վտանգաւոր գործընթացների կանխման գործում:

Անշուշտ, նման մասշտաբի զօրահրամանատարի սպանութիւնը չի կարող անհետեւանք մնալ: Այս գործողութիւնը միանշանակ յանգեցնելու է ճգնաժամի թէժացմանն ու լարւածութեան մեծացմանը, որի անմիջական հետեւանքները կրելու է ողջ տարածաշրջանը:

դ- Ղասեմ Սոլէյմանիի դէմ իրականացւած գործողութիւնը քաղաքական սպանութեան ակնյայտ փաստ է, որն այլ կերպ, քան «ԱՄՆ-ի կողմից միջազգային մակարդակի ահաբեկչական ակտ» դժւար է բնութագրել:

Որեւէ երկրի կողմից, մէկ այլ երկրի պետական նշանակութեան մակարդակի բարձրաստիճան ղեկավարի սպանութիւնն այն դէպքում, երբ այդ երկրները չեն գտնւում միմեանց հետ պատերազմական պայմաններում, միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտում է, որը չունի որեւէ արդարացում:

Իրանն անշուշտ յարմար պահին եւ յարմար տեղում այս յանցագործութեանը կը տայ համաչափ եւ համարժէք պատասխան: Սակայն, ինչպէս պատմութիւնն է բազմիցս ապացուցել, դա չի լինի շտապողական, յախուռն եւ անփոյթ քայլ:

Ընդհակառակը՝ վստահ ենք, որ Իրանի պատասխանը կը լինի գրագէտ եւ զուսպ, որը ուղղւած կը լինի ապահովելու երկրի ռազմավարական նշանակութեան կենսական շահերն ու տարածաշրջանային ազդեցութիւնը:

ե- Դատապարտելով Գեներալ Ղասեմ Սոլէյմանիի տմարդի սպանութիւնը, ցաւակցում ենք Իրանի մեր հայրենակիցներին նրա նահատակութեան կապակցութեամբ:

Թէեւ նման մասշտաբի գործչի կորուստը հեշտ չէ լրացնել, այդուհանդերձ, վստահ ենք, որ Իրանի ժողովուրդը կը յաղթահարի նաեւ այս մարտահրաւէրը՝ փաստելով, որ նման դաւադիր գործողութիւնները չեն կարող ազդել սեփական արժանապատւութիւնը եւ երկրի ինքնիշխանութիւնը բարձր պահելու իրանական հասարակութեան հաւաքական կամքի վրայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։