Հա

Օրակարգ

13/01/2020 - 17:00

Մեր առաքելութիւնը (Բաքւի ջարդերի 30-ամեակի առիթով)

Այսօր լրանում է Բաքւի հայութեան ջարդերի 30-րդ տարելիցը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Այսօր լրանում է Բաքւի հայութեան ջարդերի 30-րդ տարելիցը:

Բաքւում հայերի նկատմամբ ջարդերը 1988 թւականի փետրւարի վերջին Սումգայիթում, ինչպէս նաեւ Կիրովաբադում (Գանձակ) հայերի դէմ իրականացւած ջարդերի եւ բռնութիւնների տրամաբանական շարունակութիւնն էին:

Իրականում այդ գործընթացն սկսւել էր Սումգայիթի ջարդերից յետոյ, երբ Ադրբեջանը հասկացաւ, որ որեւէ պատասխանատւութիւն չի կրելու իր գործողութիւնների համար, եւ անցաւ ակնյայտ հակահայկական քաղաքականութեան՝ որդեգրելով ամենայանցաւոր գործելաոճը:

«Սովորական ցեղասպանութիւն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորեանն անդրադառնալով 1988-1990 թթ. դէպքերին, եւ, մասնաորապէս, Բաքւի ջարդերին, ժամանակին ասել է. «Սկսած ապրիլ-մայիսից (1988 թ.) Բաքւի հայերին զանգւածաբար հեռացնում էին աշխատանքից, նրանց վիրաւորում էին հանրային վայրերում` խանութներում, երթուղայիններում: Հիմնարկներում հայերին փաստաթղթեր չէին տրամադրում, ինչպէս նաեւ սպառնում էին եւ յարձակւում էին բնակարանների վրայ: Ստեղծւել էր մի վիճակ, երբ Բաքւի հայերի 250 հազարանոց համայնքը, որն ունէր փառաւոր մի պատմութիւն եւ լի էր փայլուն անուններով, յայտնւեց դժոխքում, եւ միակ ճանապարհը այդ թակարդից դուրս գալու համար Բաքուն լքելն էր: Եւ արդէն 1988 եւ 1989 թւականներին հայկական համայնքի հիմնական մասը լքել էր Բաքուն:

... 1990 թւականի յունւարին Բաքւում արդէն մնացել էր ընդամենը 30-35 հազար հայ: Դա հիմնականում ծեր, հաշմանդամ եւ հիւանդ մարդիկ էին, ովքեր չէին կարող լքել քաղաքը, խառը ամուսնութեան անդամներ նոյնպէս կային: Եւ հէնց այդ մարդիկ մնացին այն դաժանագոյն իրադարձութիւների կիզակէտում, որը դարձաւ Բաքւի հայկական համայնքի վերացման պատճառը: Մէկ շաբաթւայ ընթացքում հայերը դաժանաբար սպանւում էին, տանջամահ էին արւում, կողոպտւում էին, ողջ-ողջ այրւում էին, պատշգամբներից նետւում էին ցած: Այս ամէն ուղղակի ակնյայտ եւ բաց կերպով էր կատարւում»:

Ցաւօք, 1988-1990 թթ., եւ դրան յաջորդող տարիներին Բաքւի կողմից կատարւած յանցագործութիւնները մինչ օրս պատշաճ իրաւական գնահատական չեն ստացել եւ մնացել են անպատիժ, ինչի անմիջական հետեւանքներից է նաեւ ամբողջ այս տարիների ընթացքում, Ադրբեջանում հայատեացութեան պետական քաղաքականութեան իրագործումը, որի աղէտալի դրսեւորումների ականատեսն ենք լինում մերթ ընդ մերթ, եւ որի գագաթնակէտը 2016 թ. Ապրիլեան պատերազմի ժամանակ, Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացւած պատերազմական յանցագործութիւններն էին (քաղաքացիական ու զինւորական անձանց սպանութեան, գլխատման եւ խոշտանգման բազմաթիւ դէպքեր):

Եւ մտահոգիչն այն է, որ Ադրբեջանը գնալով աւելի սանձարձակ է դառնում, եւ նրա վարւելակերպը գնալով աւելի է նմանւում ահաբեկչական խմբաւորումների կեցւածքին, քան որոշակի պարտաւորւածութիւններ ստանձնած, միջազգային հանրութեան անդամ պետութեան կեցւածքին:

Առ այդ, մենք ջանք չպէտք է խնայենք, որ այս բոլոր տարիների ողբերգական դէպքերը, միջազգային հանրութեան կողմից ստանան լիարժէք գնահատական, ճանաչւեն որպէս մարդկութեան դէմ յանցագործութիւն, աւելի որոշակի՝ ցեղասպանութիւն:

Պէտք է խոստովանենք, որ այս ճանապարհին ամենամեծ բացթողումը թոյլ ենք տւել հէնց մենք՝ հայերս: Այս ողբերգական իրադարձութիւնների առաջին գնահատականը պէտք է տային ՀՀ համապատասխան կառոյցները, յանձինս ՀՀ Ազգային ժողովի: Ինչը, դժբախտաբար, տեղի չի ունեցել այս բոլոր տարիների ընթացքում, եւ ցաւօք չկայ որեւէ ազդանշան, որը կը վկայի, թէ դա տեղի կունենայ տեսանելի ապագայում:

Այս համատեքստում, սակայն, առաւել կարեւոր է այն, որ մենք ազգովի հասկանանք եւ գիտակցենք, որ Ադրբեջանը մնացել է նոյն յանցագործը, եւ պատեհ առիթի դէպքում արթնանալու է մարդակերի նրա բնազդը:

Մենք պէտք է հասկանանք եւ գիտակցենք, որ նոր սումգայիթները, գանձակները կամ բաքուները բացառելու համար միայն ու միայն պէտք է ապաւինենք սեփական բազկի ուժին, համախմբւածութեանը, եւ ազգային կամքին ու նկարագրին:

Եւ, վերջապէս, մենք պէտք է հասկանանք եւ գիտակցենք, որ որպէս ցեղասպանութեան արհաւիրքն ապրած ազգ, մեր պատմական առաքելութիւնն է բացառել նման ողբերգութեան կրկնութիւնն աշխարհի որեւէ տարածքում՝ որեւէ ազգի նկատմամբ:

Յարակից լուրեր

  • Գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան եւ դրա հնարաւոր հետեւանքների մասին
    Գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան եւ դրա հնարաւոր հետեւանքների մասին

    Յունւարի 2-ին, ԱՄՆ  գործողութեան արդիւնքում, զոհւեց մի մարդ, որն ամենաարդիւնաւէտ ձեւով կազմակերպում եւ ղեկավարում էր ահաբեկչութեան դէմ պայքարը տարածաշրջանում:

    Գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նշանակութեան եւ տրամաչափի ռազմա-քաղաքական գործչի սպանութիւնն անշուշտ լուրջ հարւած էր տարածաշրջանային երերուն կայունութեանը, որը չի կարող անհետեւանք մնալ:

  • Պատմական յաջողութիւն, որը դժւարին պայքարի նոր հանգրւանի սկիզբն է
    Պատմական յաջողութիւն, որը դժւարին պայքարի նոր հանգրւանի սկիզբն է

    Աշխարհասփիւռ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների պատմութիւնը ոչ այլ ինչ է, քան պայքարի ու մաքառումի դժւարին գործընթաց:

  • Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում
    Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում

    Ֆրանսիայի միջնորդութեամբ, Ռոհանի-Թրամփ հաւանական հանդիպման, եւ դրա արդիւնքում Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում հնարաւոր դրական տեղաշարժի վերաբերեալ ոգեւորութիւնը շատ արագ մարեց, Իրանի նախագահ Ռոհանիի եւ ԱԳ նախարար Զարիֆի յայտարարութիւնների եւ մեկնաբանութիւնների ֆոնին:

  • Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը
    Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը

    Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի անակնկալ ուղեւորութիւնը Բիարից, ամբողջովին ստւերեց ֆրանսիական այս գողտրիկ բնակավայրում ընթացող G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրւայ քննարկումներն, ապացուցելով, որ Իրանը եւ Իրանի հետ կապւած իրադարձութիւնները «Մեծ եօթնեակ»-ի քննարկումների առանցքն են կազմում:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։