Հա

Օրակարգ

18/02/2020 - 15:00

Ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութիւնը, ճիշտ ընտրութիւն կատարելու կարեւորութիւնը

11-րդ նստաշրջանի Իսլ. խորհրդարանի ընտրութիւնները սարի յետեւում չեն:

Ընդամենը 3 օր յետոյ՝ փետրւարի 21-ին մենք պէտք է ընտրենք խորհրդարանի այն կազմը, որն առաջիկայ չորս տարիների ընթաքում հանդիսանալու է մեր երկրի օրէնսդիր իշխանութիւնը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

11-րդ նստաշրջանի Իսլ. խորհրդարանի ընտրութիւնները սարի յետեւում չեն:

Ընդամենը 3 օր յետոյ՝ փետրւարի 21-ին մենք պէտք է ընտրենք խորհրդարանի այն կազմը, որն առաջիկայ չորս տարիների ընթաքում հանդիսանալու է մեր երկրի օրէնսդիր իշխանութիւնը:

Սոցիալ-տնտեսական բազմաբնոյթ եւ բազմանշանակ խնդիրների ֆոնին, որոնք հասարակական արդարացի դժգոհութեան եւ հիասթափութեան պատճառ են դարձել, շատերի մօտ հարց եւ տարակուսանք է առաջացել, թէ ինչո՞ւ պէտք է մասնակցել ընտրութիւններին, եւ ընդհանրապէս ի՞նչ փոփոխութիւն են կարող մտցնել դրանք մեր՝ շարքային քաղաքացիներիս կեանքում:

Հարցն անհրաժեշտ է դիտարկել երկու կտրւածքով: Նախ՝ ընտրութիւնները եւ ընտրական համակարգը որպէս քաղաքացիական իրաւունքների իրացման լաւագոյն միջոցներ, երկրորդը՝ իրանահայ համայնքի պահանջների եւ իրաւունքների կեանքի կոչման հրամայականը:

Սկսենք առաջինից: Գաղտնիք չէ, որ իւրաքանչիւր երկրի քաղաքական համակարգի կենսունակութիւնը մեծապէս պայմանաւորւած է այդ երկրի ընտրական համակարգով: Ժամանակակից աշխարհում, ընտրութիւնները համարւում են գրեթէ բոլոր երկրների քաղաքական իշխանութեան ձեւաւորման ամենակարեւոր մեխանիզմը, ինչպէս նաեւ՝ դրա փոփոխելիութիւնն ապահովող ամենավստահելի միջոցը:

Ընտրութիւնների միջոցով է, որ հասարակութիւնը կարողանում է արտայայտել իր տրամադրութիւնները եւ նախասիրութիւնները, ապահովել իր մասնակցութիւնն ընթացող քաղաքական գործընթացներին եւ, ամենակարեւորը, պարտադրել իր քաղաքական կամքը:

Ընտրութիւնների միջոցով է, որ հնարաւոր է դառնում փոխել քաղաքական առաջնորդներին, մերժել անընդունելի համարւող քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ծրագրերը, շրջանառութեան մէջ դնել նոր՝ աւելի թարմ եւ արդիական ծրագրեր եւ գաղափարներ՝ յանուն հասարակական բարօրութեան եւ առաջընթացի:

Ու թէեւ ընտրութիւնների այսպէս կոչւած բոյկոտը նոյնպէս համարւում է հասարակական կարծիքի չափումներից մէկը, այդուհանդերձ, հէնց վերը նշւած նշումներն են, որ կարեւորում են ընտրութիւններին հասարակութեան ակտիւ ներգրաւման անհրաժեշտութիւնը:

Այս համատեքստում, մեզ՝ իրանահայերիս համար ընտրութիւնները կրկնակի կարեւորութիւն են ստանում այն առումով, որ համաիրանական քաղաքական եւ սոցիալ-տնտեսական պահնջների արտայայտման եւ հետապնդմանը զուգահեռ, դրանք առիթ են ընձեռում մեզ, մեր պատգամաւորների միջոցով հետամուտ լինելու մեր համայնքային պահանջների եւ իրաւունքների իրացմանը, եւ առկայ խնդիրների կարգաւորմանը:

Անշուշտ նոր խօսք ասած չեմ լինի, եթէ նշեմ համայնքային մեծ եւ փոքր, առաջնային եւ երկրորդական նշանակութեան այն խնդիրները, որոնք պէտք է վեր հանւեն խորհրդարանում, մեր պատգամաւորների կողմից: Վստահ եմ, որ դրանք ծանօթ են բոլորին, ուստի կրկնւելու անհրաժեշտութիւն չեմ զգում:

Ներհամայնքային հարցերի կողմքին, սակայն, անհրաժեշտ է յատուկ ընդգծել նաեւ համահայկական նշանակութեան կարեւոր այն հարցերը, որոնցով պէտք է զբաղւեն մեր պատգամաւորները:

Այս ցուցակից, ես կը ցանկանայի առանձնացնել երկու խնդիր: Առաջինը, Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման հարցն է, որը խորհրդարանի առնւազն վերջին 4-5 նստաշրջանների հայ պատգամաւորների հիմնական խնդիրներից է եղել: Հաշւի առնելով ներիրանական քաղաքական-հասարակական խնդիրներն ու նրբութիւնները, ինչպէս նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներն ու յարաբերութիւնները, սա բարդագոյն առաջադրանք է, որի արդիւնաւորումը պահանջում է քաղաքական-լոբիստական հետեւողական ու ծրագրաւորւած աշխատանք: Անկասկած, սա մնալու է որպէս իրանահայ նորընտիր պատգամաւորների հեռահար, ես կասէի կարեւորագոյն նպատակներից մէկը:

Երկրորդը, Իրան-Հայաստան բարեկամական յարաբերութիւններն են, որոնց ամրապնդումն ու խորացումը երբեւէ չպէտք է վրիպի իրանահայ պատգամաւորների տեսադաշտից:

Երկու երկրների յարաբերութիւնների բարձրացումը ռազմավարական նշանակութեան մակարդակի կարող է դառնալ ոչ միայն կողմերի, այլ, նաեւ ողջ Մերձաւոր Արեւելքի եւ Հարաւային Կովկասի անվտանգային մթնոլորտի եւ կայունութեան ամրագրման կարեւորագոյն գործօններից մէկը:

Կոչնակի պէս պէտք է յիշենք փորձագիտական անբեկանելի այն կարծիքը, որ Իրան-Հայաստան կողմերից իւրաքանչիւրի անվտանգութեանը հասցւող ցանկացած հարւած, կարող է վնասել նաեւ միւս կողմի անվտանգութեան որոշակի բաղադրիչներին:

Ինչ խօսք, նախորդ շրջանների պէս, այս անգամ եւս ներհամայնքային եւ համահայկական նշանակութեան լրջագոյն առաջադրանքներ են դրւած նաեւ Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի մեր ընտրած պատգամաւորների առջեւ, ինչն էլ նորընտիր պատգամաւորներից պահանջելու է մարդկային, գիտական, քաղաքական, ազգային ու հասարակական բարձր որակներ եւ փորձ: Եւ հէնց այս փաստն է, որ ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութեան կողքին կարեւորում է նաեւ ճիշտ ընտրութիւն կատարելու հանգամանքը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։