Հա

Օրակարգ

18/07/2020 - 14:30

Յանուն Իրանի հողային անսասան ամբողջականութեան

Իրանահայ հինաւուրց համայնքը դեռեւս նախորդ դարի սկզբնական ժամանակաշրջաններից (1900-ական թթ.) իր անբեկանելի ու անհերքելի հաւատարմութիւնն է ցուցաբերել իրանական հայրենիքին եւ մասնաւորապէս Իրանի հողային ամբողջականութեանն ու ազգային-ժողովրդական ու պետական ինքնիշխանութեանը:

Դ. Մ.

 

Իրանահայ հինաւուրց համայնքը դեռեւս նախորդ դարի սկզբնական ժամանակաշրջաններից (1900-ական թթ.) իր անբեկանելի ու անհերքելի հաւատարմութիւնն է ցուցաբերել իրանական հայրենիքին եւ մասնաւորապէս Իրանի հողային ամբողջականութեանն ու ազգային-ժողովրդական ու պետական ինքնիշխանութեանը:

Աւելին՝ միեւնոյն հաւատարմութեան կենսագործման ճամբին, որպէս քաղաքաբնակ կամ գաւառաբնակ կենսունակ միաւոր, սփռւած՝ Ատրպատականում, երկրի կենտրոնական եւ Նոր Ջուղայում ու յարակից շրջաններում, սատար է հանդիսացել նաեւ ու մանաւանդ Իրանի հասարակա-քաղաքական բուռն ու ճակատագրական իրադարձութիւններին:

Իրանի պատմական խոշորագոյն իրադարձութեան՝ Սահմանադրական շարժման (1905 թ.) հէնց նախօրեակներից, նոյն իրանահայի կամքի ու հաւատարմութեան առանցքային արտայայտութիւնը ձեւաւորւեց ու խտացւեց Եփրեմների անհատականութեան մէջ, որն էլ խորհրդանշական տեւական հասկացութիւն է շարունակում մնալ հայրենասէր, ազգային եւ պետական շահերով առաջնորդւող իրանցիների համար:

Եփրեմների զոհաբերութեամբ ոչ միայն իրանահայը, այլեւ ու մանաւանդ ազատախոհ Իրանն ու իրանցին հերոսական դիմակայութիւն ցուցաբերեց հիւսիսից (ռուսական կայսրութիւն) եւ հիւսիս- արեւմուտքից (թուրք-օսմանական) ոտնձգութիւններին, անառիկ ու անձեռնմխելի պահելով քաջակորով Ատրպատականը: Ինչպէսեւ՝ հարաւի ընդերքային հարստութիւնների վրայ աչք դրած անգլիական ախորժակները յօդս ցնդեցին, քանզի հիմքում ու առանցքում առաջնահերթը՝ Իրանի ամբողջականութեան ու անխախտ ինքնիշխանութիւնը պահպանելն էր:

Հետագայ տարիներին եւս միեւնոյն հիւսիսից (այս անգամ Սովետական Ստալինեան դրդումով) ու տեղական դաւադիր ուժերի կողմից նոյն Ատրպատականի հաշւին անջատողական նկրտումները մէկ անգամ ընդմիշտ սաղմի մէջ խեղդւեցին Իրանի ու մասնաւորապէս Ատրպատականի հայրենասէր ժողովրդի կամքի շնորհիւ:

* * *

Նորագոյն ժամանակաշրջանում՝ Իրանի 1979 թ. յետյեղափոխական ծանրակշիռ իրադարձութեան՝ Իրաքի կողմից պարտադրեալ պատերազմը, սակայն, ամենախօսուն փաստի արտայայտութիւնն էր առ այն, որ Իրանն ու իրանցին պետական թէ՛ համազգային խորագոյն գիտակցութեամբ շարունակեցին նեցուկն ու պաշտպանը մնալ սեփական երկրի ամբողջականութեանը, որի համար վճռականօրէն դրսեւորեցին անձնազոհութեան վիթխարի օրինականեր, յաչս թէ՛ ոտնձգողի, եւ թէ՛ համաշխարհային հանրութեան: Իսկ իրանահայը այս դէպքում եւս պահեց ու պահպանեց իր աւանդական հաւատարմութեան ու յատկապէս սիրելի Իրանի հողային անձեռնմխելիութեան սկզբունքային կեցւածքը, իր հարիւրաւոր հերոսների թանկագին արեամբ ու անասելի խիզախումներով...:

 * * *

Այսօր, ահա, սիրելի ընթերցող, իրանական երկրի ամբողջականութեան դէմ նորօրեայ պատեհապաշտները կրկին անգամ նոր կոչնականերով են ի յայտ եկել, որոնց «հիմնաւորումների» առանցքում սրանից 100 տարի առաջ Ստալինեան ըստ ամենայնի շինծու եւ աշխարհագրա-քաղաքական նենգափոխւած քարտէզագրութիւնն է վերարծարծւում: Չարաշահողների պատրւակը, որքան էլ զաւեշտալի, հայ-ադրբեջանական վերջին օրերի սահմանային բախումներն են, որոնք իբր իրենց համար ցանկալի գնահատականի չեն արժանանում Իրանի պետական-քաղաքական վերնախաւի կողմից...: Ու սա իրենց մեղմ ասած՝ անմիտ քարոզչութեան հիմք դարձնելով՝ բարձրաձայնում են նոյն շինծու քարտէզագրութիւնը եւ նոյնիսկ դա համարում ենթահող՝ հայ-ադրբեջանական թնջուկի լուծման համար, որով էլ տեղ-տեղ Պապից առաւել կաթոլիկ, շահագործում են իսլամի գործօնը ...:

Բարեբախտաբար, Իրանի պետա-քաղաքական եւ յատկապէս դիւանագիտական ողջ համակարգը թէ՛ հարիւրամեայ պատմական փորձով, եւ թէ՛ առհասարակ հայ-ադրբեջանական հակամարտութեան իրական ծալքերին տիրապետելով, մշտապէս որդեգրել են խելամիտ ուղղութիւն ու դիրքորոշում, յանուն թէ՛ ազգային-պետական շահերի, եւ թէ՛ տարածաշրջանային խաղաղութեան ամրակայման: Այս գաղափարը, սակայն, ամենայն զգօնութեամբ մշտապէս ամրագրւած է եղել իրանական ժողովուրդների՝ կրօնական, ազգային եւ էթնիկական տարբեր միաւորների եւ համայնքների ենթագիտակցութեան մէջ, դրան հաղորդելով միասնականութեան, համերաշխութեան եւ անսասանութեան իւրօրինակ ցուցանիշ:

Իսկ ամենակարեւորը՝ որպէս շրջանի ուրոյն, ազդեցիկ ու հզօր պետութիւն, Իրանը, առաւել քան երբեւէ, տուրք չի տալու սեփական երկրի ամբողջականութեան հետ հաշւի չնստող որեւիցէ ուժի, լինի դա գերպետական, տարածաշրջանային, կամ դրանց գովերգող տեղական դաւադիր բախտախնդիրներ:

Յարակից լուրեր

  • ԽՕՍՔ. Տրամաբանական ելքի գիտակցումը...
    ԽՕՍՔ. Տրամաբանական ելքի գիտակցումը...

    Հայաշխարհի համար անցնող շաբաթը ուղեկցւեց Հայաստանեան-Արցախեան տագնապալի ու գահավէժ իրադարձութիւնների շարունակմամբ... մէկ կողմից՝ ակնբախ էին համընդհանուր շոկային, սգոյ, ցասումի եւ անորոշութեան դրւագները, իսկ միւս կողմից՝ այդ ամէնը մասամբ մեղմացնելու եւ համերկրային մասշտաբով հասարակա-քաղաքական աննախանձելի իրավիճակը ինչ-որ կերպ բնականոն հուն վերադարձնելու իրողութիւններն են, առանցքում ունենալով ձախորդ իշխանութեան կամային, անցնցում հեռացումը:

  • ԽՕՍՔ. Խրիմեանական ոգու առկայծում է հարկաւոր...
    ԽՕՍՔ. Խրիմեանական ոգու առկայծում է հարկաւոր...

    Օրհաս է ապրում Հայաշխարհը...

    Հայաստան-Արցախ-Սփիւռք Եռամիասնութիւնը՝ խոցւած...

  • Նէոօսմանիզմը սպառնալիք՝ հայ-իրանական համատեղ շահերին
    Նէոօսմանիզմը սպառնալիք՝ հայ-իրանական համատեղ շահերին

    .... «Եթէ չլինէին հայերը, մենք կը գրաւէինք Կովկասը»:

    Այս խօսքերի հեղինակը թուրքական բանակի հրամանատար տխրահռչակ Ալի Իհսան Փաշան է, ով իր հեծելազօրի հետ սրանից 102 տարի առաջ, 1918-ի գարնանը, Իրանի Ատրպատականի շրջան հերթական ներխուժման ժամանակ ջախջախւեց հայ կամաւորականների հուժկու դիմադրութեան արդիւնքում…

  • Եթէ կրկին սայթաքի դիւանագիտութիւնը...
    Եթէ կրկին սայթաքի դիւանագիտութիւնը...

    Արցախեան ԱԶԱՏԱՄԱՐՏ-ը ընդդէմ թուրք-ադրբեջանական վայրագ պատերազմի, 15 օր անց՝ կրկին տեղափոխւեց դիւանագիտական դաշտ:

  • Սեւրից 100 տարի անց…
    Սեւրից 100 տարի անց…

    Սեւրի հայանպաստ պայմանագրից (օգոստ. 10, 1920 թ.) ընդամէնը ամիսներ անց, թուրք-թաթարական (հետագային Բոլշեւիկ Ստալինի վճռով՝ Ադրբեջան), ինչպէսեւ՝ Բոլշեւիկա-Քեմալական արտաքին ու ներքին դաւադիր ճնշումների հետեւանքով Հայաստանի Հանրապետութեան խորհրդայնացման արդիւնքում (1920 թ. դեկտ. 2-ին), չեղարկւեց նաեւ Առաջին Աշխարհամարտում յաղթանակած երկրների եւ նոյնինքն պարտւած Թուրքիայի միջեւ կնքւած Սեւրի պայմանագիրը, նաեւ դա որպէս Իրաւարար վճիռ ձեւակերպած Վիլսոնեան խարտիան…:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։