Հայը ազգակերտման ուղի է հարթել դեռեւս իր սկզբնաւորման ակունքներում, երբ Հայկեան կերպարով ընդվզել է Բէլի դէմ…
Հետագային՝ 1500 տարի առաջ, նոյն հայը ինքնակերտման եւ ինքնիշխանութեան բացառիկ ոստիւն է կատարել՝ Վարդանանքի խիզախումով ընդդէմ Հազկերտների:
Դ. Մ.
Հայը ազգակերտման ուղի է հարթել դեռեւս իր սկզբնաւորման ակունքներում, երբ Հայկեան կերպարով ընդվզել է Բէլի դէմ…
Հետագային՝ 1500 տարի առաջ, նոյն հայը ինքնակերտման եւ ինքնիշխանութեան բացառիկ ոստիւն է կատարել՝ Վարդանանքի խիզախումով ընդդէմ Հազկերտների: Այստեղից էլ, ահաւասիկ, հայակերտման ու ազգակերտման հայ հանճարի բնութագիրը.- «…Աւարայրից ջանք առանք…» բազմիմաստ խորհրդով…: Ու հաստատապէս կարելի է, ինչպէս երբեւէ, փաստել, ու թէկուզ 1500-րդ անգամ, որ Աւարայրներն ու Վարդանանց խոյանքները լոկ յիշարժան թւականից առաւել դա հայ էթնոսի «Պատմական Յիշողութեան» սերտած դասի ապագայակերտ օրինաչափութիւնն է՝ նոյն պատմական եւ թէ՛ ժամանակակից ազգակործան պատւարները փշրելու -շրջանցելու համար:
* * *
Որպէս գաղափարախօսական հակոտնեաներ՝ ազգայինի ու հակազգայինի միջեւ ճակատումներն ու կռիւները ոչ միայն չեն լիցքաթափւել առնւազն վերջին հարիւրամեակում, այլեւ նոր կերպարանքներ ու դրսեւորումներ ստանալով՝ լիցքաւորել են ազգամիջեան տարատեսակ բախումները…
Մեր դէպքում ազգային-հակազգային հակադրութիւնները նոր ծաւալ ու բնաւորութիւն են կրել կրկին՝ նախորդ դարի 20-ականներից սկսեալ, երբ Անկախ Հայաստանի ազգային համակարգը փոխարինւեց հակազգային-ապազգային համակարգով: Խորքում նոյն հակազգային-ապազգային գաղափարախօսութիւնը մինչ համակարգային փլուզումը՝ 1990-ին, պատրաւորւել էր ծնկի գալ ազգայինի առջեւ, որի ամենախօսուն վկաները հանդիսացան միեւնոյն «Պատմական Յիշողութեան» ջատագովների «Սարդարապատեան խենթերի» կանչերը, ասել է թէ՝ նոյն Աւարայրներից ջանք առնելու վերաիմաստաւորումը…:
Ահաւասիկ, պետական անկախութեան ձեւաւորման ու կայացման անցնող 30-ամեայ մաքառումների առանցքում դարձեալ ազգայինի դէմ ապազգայինի կռիւը նորացւած կերպարանքով ու դրսեւորումներով, խանգարել է ազգի բնականոն ընթացքը թէ՛ ներքին, եւ թէ՛ արտաքին ճակատներում, պարտադրելով հային ու Հայաստանին ծանրագոյն գների վճարման…
Վայրի նէօ-լիբերալիզմն ու այսօր արդէն ոչ միայն ապազգային, այլեւ անհայրենիք պոպուլիստ-ամբոխավարները հիմնայատակ կործանման են կոչւել ազգայինի պահպանման գլխաւոր պատւանդան-երաշխիքի՝ պետականութեան ու հայի ինքնիշխանութեան դէմ, տեղ-տեղ ապիկարութեամբ, տեղ-տեղ էլ՝ ազգադաւութեամբ…:
Եւ հայութեան համար համազգային մասշտաբով գերազանցապէս օրհասական այս ժամանակաշրջանում կրկին ու կրկին վերականգնւելու յոյսի գրաւականը անկասկած լինելու է ազգի առողջ բնազդին՝ ազգային գաղափարախօսութեան փրկարար ձայնին կառչելը: Իսկ «Պատմական Յիշողութեան» օրինաչափութեան մերօրեայ թելադրանքը ոչ այլ ինչ է, եթէ ոչ նոյն այդ ձայնին ունկնդիր լինելը՝ Աւարայրների ու Վարդանանքների խորախորհուրդ ոգու կանչերով…