Յարգելի ընթերցող, նախ եւ առաջ արձանագրենք այն փաստը, որ ինչպէս միշտ՝ Հայաստանեան թէ հայրենական (Արցախ, Ջաւախք եւ Արեւմտեան Հայաստան ներառեալ) որեւէ հիմնախնդիր, լինի դա քաղաքական, տնտեսական, հասարակական ու յատկապէս անվտանգութեանը առնչւող, կրում է գերազանցապէս համազգային ու համահայկական բնոյթ:
Դ. Մ.
Յարգելի ընթերցող, նախ եւ առաջ արձանագրենք այն փաստը, որ ինչպէս միշտ՝ Հայաստանեան թէ հայրենական (Արցախ, Ջաւախք եւ Արեւմտեան Հայաստան ներառեալ) որեւէ հիմնախնդիր, լինի դա քաղաքական, տնտեսական, հասարակական ու յատկապէս անվտանգութեանը առնչւող, կրում է գերազանցապէս համազգային ու համահայկական բնոյթ:
Ասել է թէ՝ սփիւռքեան ու արտերկրային տարատեսակ պայմաններում հայութեան գոյութեան պահպանումը եւ որպէս հայկական հանրոյթ (այն էլ շուրջ 8 միլիոն հաշւող) հաշւառելի դրամագլուխ դառնալու հիմնական գրաւականը՝ Հայրենիքի վերոգրեալ ոլորտների առաջընթացն ու յուսալիութիւնն է: Այլ խօսքով, եւ որ դա շատ էական է ազգային-հայրենասիրական արժէքներին կառչած մնալու համար, դա միեւնոյն համազգային արժանապատւութեան եւ որպէս այդպիսին համաշխարհային ընտանիքի կողմից ընկալւելու հիմնահարցն է:
2-րդ արձանագրելիք փաստը, դա սկսեալ 2020 թ.-ի նոյ. 10-ից ի վեր Հայաստան-Արցախի համար ստեղծւած այն ձախորդ իրավիճակն է, որն ըստ էութեան բովանդակ հայութեանը Համազգային մասշտաբով մեծ արհաւիրքի առջեւ կանգնեցրեց, որից էլ համաչափօրէն տուժել ենք ու խոցւել՝ հայրենազրկման, մարդկային վիթխարի կորուստների (ներառեալ հազարաւոր վիրաւոր-հաշմանդամներ) եւ բարոյա-հոգեբանական ծանրակշիռ բացասական ցուցանիշերի որպէս արդիւնք՝ մեր ազգային արժանապատւութեան առումներով:
Այս համընդհանուր իրավիճակի, կարելի է ասել քաոսային պայմաններում, Հայաստանում բնակւող եւ դեռեւս շոկային պայմաններում գտնւող քաղաքացիները անմիջականօրէն քննադատութեան եւ բողոքի թիրախ են դարձրել իշխանութիւններին, նրանց վերագրելով կապիտուլիանտ (անձնատուր-պարտւողական,- եւ սա այն դէպքում, երբ ամբողջ 44 օր հայաշխարհին հրամցնում էին «յաղթելու ենք» լոզունգը…):
Սփիւռքում, սակայն, բողոքները, քննադատութիւնները կրում են ցայսօր, նախընտրաբար ներկայացուցչական բնոյթ, որոնք արտայայտւել են տասնեակ կառոյցների՝ հոգեւոր-եկեղեցական միաբանութիւնների, հասարակական կազմակեպութիւնների, քաղաքական կուսակցութիւնների եւ մինչեւ իսկ մշակութային-բարեսիրական միութիւն ու կազմակերպութիւնների համապատասխան պաշտօնական հաղորդագրութիւններով…:
Անշուշտ, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում գտնւեցին խումբ-խմբակցութիւն-անհատներ եւս, որոնք որպէս հակընդդէմ բողոքողներ այն կարծիքի են, որ… այնուամենայնիւ չպէտք է քննադատել ու դատապարտել Հայաստանի իշխանութիւններին, որպէսզի վերջիններս կարողանան վերականգնել բնականոն կեանքը…: Աւելի ծայրայեղականները լոկ թիրախ դարձնելով իշխանութեան ընդդիմադիր ուժերին ու յատկապէս ՀՅԴ-ին ու նրա աշխարհասփիւռ մամուլին, նրանց պիտակաւորում են որպէս հակահայաստանեաններ եւ այլն եւ այլն…: (Այստեղ առաջին զաւեշտը այն է, որ ծայրայեղականներին զուգահեռ եւ միաժամանակեայ ադրբեջանական հակաքարոզչութիւնն է՝ նոյն ՀՅԴ-ի դէմ, իսկ 2-րդ զաւեշտը այն է, որ մեր խնդրոյ առարկայ «Հայաստանասէրնե՜րը» ճգնում են հայրենասիրութեան դասեր տալ 130-ամեայ քաղաքական կազմակերպութեանը...):
Ամենեւին էլ այդ կարգի մեղադրանքներին (ի դէպ՝ վաղուց սպառւած) անդրադառնալու մտադրութիւն չունենալով, հարցը քննարկում ենք այլ տեսանկիւնից: Պարզ ու յստակ հասկացութիւն է այն, որ (տւեալ դէպքում Հայաստանի) պետութիւնն ու իշխանութիւնը նոյնանում են լոկ այն դէպքում, երբ իշխանութիւնները գործում, աշխատում եւ ընթանում են բացառապէս պետութեան ու պետականութեան շահերին համընթաց:
Նաեւ պարզ է ու յստակ, որ որեւիցէ երկրի պետականութիւն ամբողջովին կրում է նպատակային, իսկ որեւիցէ իշխանութիւն ստորադասային է պետականութեան համեմատ եւ կրում է ժամանակաւոր, միջոցային ու ոչ ինքնանպատակ բնոյթ:
Այպիսով՝ քննադատելին, այսինքն՝ իշխանութիւնը (կառավարութիւն, խորհրդարան, դատական ատեաններ) թիրախ է դառնում այն պահին, երբ թէ՛ որպէս միջոց, ու թէ՛ որպէս ներկայացուցիչը՝ պետականութեան, իրեն չի արժեցրել նոյն պետականութեան ամրապնդման ու դրա ամբողջական շահերին…:
Այս հասկացութիւնները, անշուշտ, այսպէս թէ այնպէս կիրառւում են բնականոն ստանդարտներով ընթացող երկիր-պետութիւններում, իսկ Հայաստանի դէպքում, երբ համընդհանուր խօսւում ու բարձրաձայնւում է պետականութեանը թիկունքից հարւածած իշխանութեան դաւադրական քայլերի մասին, արդէն խնդիրը դառնում է երիցս բարդ ու խրթին, իսկ պետականութեան պահպանման հիմնահարցը դառնում անյետաձգելի, յատկապէս որ դրա պահանջարկը կրում է համազգային մասշտաբ ու տարողութիւն…:
Ահաւասիկ, հարկաւոր է ըստ ամենայնի տարանջատել միմեանցից իշխանութիւն-պետութիւն հասկացութիւնները եւ մէկ անգամընդմիշտ արձանագրել, որ յանուն մնայուն Պետականութեան ու Հայրենիքի, հնարաւոր է զիջել գնայունը՝ իշխանութիւնը, մանաւանդ երբ այս վերջինը անառարկելիօրէն իրեն դրսեւորում է՝ պետութեանը անխտիր բոլոր ոլորտներում աննախադէպ հարւածների թիրախը դարձնել...: