Հա

Օրակարգ

17/05/2021 - 13:50

Ո՞ւր են պետականամէտ ստանդարտները...

Հայաստանի Հանրապետութեան թանկագին բարեկամներ, քաղաքացիներ.

Մենք՝ Իրանահայերս ապրում ենք աւելի քան 2500-ամեայ պետականութեան ժառանգութեամբ մի երկրում, որն վերջին 40 տարիների ընթացքում ճաշակել է բառի ամենալայն իմաստով յեղափոխութիւն եւ սրան անմիջապէս յաջորդած՝ արեւմտեան գերուժերի հովանաւորութիւնը վայելող Սադդամեան Իրանքի պարտադրեալ 8-ամեայ աւերիչ պատերազմը:

Դ. Մ.

 

Հայաստանի Հանրապետութեան թանկագին բարեկամներ, քաղաքացիներ.

Մենք՝ Իրանահայերս ապրում ենք աւելի քան 2500-ամեայ պետականութեան ժառանգութեամբ մի երկրում, որն վերջին 40 տարիների ընթացքում ճաշակել է բառի ամենալայն իմաստով յեղափոխութիւն եւ սրան անմիջապէս յաջորդած՝ արեւմտեան գերուժերի հովանաւորութիւնը վայելող Սադդամեան Իրաքի պարտադրեալ 8-ամեայ աւերիչ պատերազմը: Երկու խոշոր ճգնաժամային իրադարձութիւններն էլ՝ անկախ նոր իշխանութեան կրօնա-գաղափարական կողմնորոշումներից, վերահսկւել են գերազանցապէս պետականութեան ու երկրի ամբողջականութեան համակարգի պահպանման գերնպատակը կենսագործելու անխախտ մղումներով (անցնող 4 տասնամեակի որեւիցէ իշխանական համակարգ, լինէր դա պահպանողական, բարեկարգչական թէ հոգեւոր-կղերական, չի խախտել այդ գերնպատակը): Մէկ խօսքով՝ ջանադրաբար կիրառւել են պետութեան անվտանգութեան պահպանման բնականոն չափանիշերն ու այսպէս ասած՝ ստանդարտները…:

Մինչ օրս էլ երկրի պետական-քաղաքական ողջ համակարգը աչալրջօրէն առաջնահերթ է սեպում սեփական երկրի ամբողջականութեանն ու երաշխաւորւած անվտանգութեանը սպառնացող արտաքին ախորժակների դիմակայումը, գիտակցաբար վճարելով ներքին-տնտեսական, հասարակական ու քաղաքական ինչ-որ տեղ ծանրակշիռ գինը:

Ահաւասիկ, վերոնշեալ փորձառութիւններից ելնելով, որպէս իրանահայ հինաւուրց համայնքի արդէն 90-ամեայ հասարակական-ազգային եւ քաղաքական ներկայացուցիչ խօսափող, մեզ իրաւունք ենք վերապահում (թէկուզեւ մտահոգ դիտողի դերում) կիսւել Իրանի միակ քրիստոնեայ հարեւանի՝ Հայաստանի Հանրապետութեան քոյրերի-եղբայրների հետ, հայրենի երկրում վերջին 6 ամիսների եւ ինչու ոչ դրան տոն տւող՝ վերջին 3 տարիների պետական-կառավարման համակարգում մեղմ ասած՝ անհարթութիւնների մասին, որոնք նախ յանգեցրին «թաւշեայ» կոչւող հրապուրիչ «յեղափոխութեան» ու վերջնարդիւնքում՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի…:

Ինչո՞ւ ենք ասում յանգեցրին, քանզի խորապէս համոզւած ենք, որ երկու իրադարձութիւնների պատճառահետեւանքային բոլոր նախադրեալները եւ կիրառւած (աւելի ճիշտ՝ չկիրառւած) նւազագոյն ստանդարտներն իսկ ամբողջովին իրադրային հանգամանքների հապճեպ ու սխալ հունով են ընթացել:

Երեւի հետեւեալ հարցադրումները աւելի պարզորոշ դարձնեն մեր՝ ինչպէս մտահոգ, նոյնպէսեւ զարմանքով պատած դիտորդի կարգավիճակը.-

1- Եթէ «թաւշեայ» իշխանաւորների գերնպատակը, որպէս միջազգային օրինաչափ ու ստանդարտ, պետութեան հզօրացումն էր, ապա ինչո՞ւ երկիրը 3 տարի անց ճաշակում է այն, ինչ բոլորին է յայտնի (ներքին՝ հասարակա-քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական ե՛ւ այլն…):

2- Երեք տարիների ընթացքում (դարձեալ միջազգային ու նաեւ խելամիտ օրինաչափութիւնների համաձայն) դիւանագիտական ո՞ր բացթողումներն ու ստանդարտների չկիրառումը յանգեցրեց պատերազմի:

3- Այս հարցադրումը ոչ թէ մեր, այլ ռազմաքաղաքական հմուտ եւ միջազգային յարգանք վայելող հայ նախկին ու ներկայ գեներալներն են բարձրաձայնել, ըստ որի՝ ինչու պատերազմի հէնց սկզբնական շրջանում ու յատկապէս մինչեւ Շուշիի յանձնումը, չեն կիրառւել պաշտպանական-կազմակերպական տարրական ստանդարտ-միջոցառումները:

4- Դա ի՞նչ երաշխիքներով օժտւած պայմանագիր կնքեցիք նոյ. 9-ին, որի արդիւնքում նախ Արցախեան բռնագրաււած սահմանները եւ ապա՝ ընդհուպ մինչ օրս ադրբեջանցիք GPS-ով են սահմանագծում «իրենց» նոր սահմանները արդէն Սիւնքիում ու Գեղարքունիքում...:

5- Ստանդարտների ու հակաստանդարտների այս յորձանուտում, ահա, ձախողած իշխանութիւնները միտք յղացան խորհրդարանական «Արտահերթ ընտրութիւնների» կայացման, որին էլ ճարահատւած գնում են երկրի քաղաքական-ընդդիմադիր ուժերը:

Իշխանութիւնները, սակայն, այստեղ էլ, ինչպէս ողջ անցնող երեք տարին, իր ամէն կարգի (ներքին՝ հասարակա-քաղաքական- տնտեսական եւ արտաքին՝ դիւանագիտական եւ յատկապէս ռազմական) ձախողումները բարդում ու վերագրում են ընդդիմութեանը, իմա՝ նախկինների…, երեւի որպէս ինքնարդարացման, «ամենայաջողակ» քարոզչամիջոց:

Այժմ՝ Հայաստան երկրի ու պետականութեան անվտանգութեան պահպանման երաշխիքը, այսպէս թէ՛ այնպէս, կայանում է Հայաստանի գիտակից քաղաքացիների քւէի նախ վճռորոշ որակից եւ ապա՝ քանակից, որով էլ ապացուցած կը լինի գերագոյն ստանդարտի՝ պետականութեան պահպանման իր բախտորոշ կամքի արտայայտութիւնը…:

 

Յարակից լուրեր

  • Վճռորոշ ընտրութիւններ Իրանում եւ Հայաստանում...
    Վճռորոշ ընտրութիւններ Իրանում եւ Հայաստանում...

    Վաղն՝ Իրանում, իսկ երեք օր անց հարեւան ու բարեկամական Հայաստանում վճռորոշ ընտրութիւններ են կայանալու:

    Իրանում համապետական մասշտաբով ընտրւելու է նոր նախագահ՝ նոր կառավարութեան ձեւաւորմամբ, իսկ Հայաստանում եւս թէեւ համապետական, բայց արտահերթ կերպով, պէտք է ձեւաւորւի նոր խորհրդարան՝ Ազգային ժողով, յետպատերազմական եօթամսեայ նոյնչափ արտակարգ ներ-քաղաքական ու արտաքին քաղաքականութեան ու յատկապէս անվտանգութեան պայմաններում:

  • Ռազմական գործողութիւնները Հիւսիսային Իրանում եւ քրիստոնեայ բնակչութեան (հայերի եւ ասորիների) կոտորածները 1914-1916թթ.
    Ռազմական գործողութիւնները Հիւսիսային Իրանում եւ քրիստոնեայ բնակչութեան (հայերի եւ ասորիների) կոտորածները 1914-1916թթ.

    Առաջին աշխարհամարտի նախօրեակին, ըստ գերմանական եւ թուրքական հրամանատարութիւնների մշակած ծրագրի, ռազմական գործողութիւններ էին նախատեսւել նաեւ Իրանում, որի տարածքը Գերմանիան եւ Թուրքիան մտադիր էին օգտագործել որպէս միջանցք՝ Բաքւի նաւթային շրջաններն ու այնուհետեւ Միջին Ասիան գրաւելու համար: Ուստի Հիւսիսային Իրանը եւս վերածւեց հակամարտող երկու ճամբարների ռազմական գործողութիւնների թատերաբեմի : «Թուրքերու ընդհանուր ծրագիրն էր,- գրում է Ա. Խատիսեանը,- գրաւել Պաթում-Պաքու երկաթուղագիծը, տիրել Պաքւի նաւթահանքերուն, փոխադրել զօրքերը Թուրքէստան եւ այնտեղէն սպառնալ Անգլիոյ: Միաժամանակ անոնք կը շարունակէին մօտենալ Ալեքսանդրապոլին, որպէսզի այնտեղէն երթան Պաքու, Ջուլֆա, Պարսկաստան, իսկ այդ տեղէն ալ սպառնալ Պաղտատի՝ անգլիացիներուն»:

  • Յաւերժ անառիկ Շուշին…
    Յաւերժ անառիկ Շուշին…

    Հայկական Շուշին հայոց ենթագիտակցութեան մէջ մշտապէս եղել է անառիկ: Պատմա-հոգեբանական սոյն փաստն ու իրողութիւնը խեղաթիւրւել ու նենգափոխւել է դեռեւս 100 տարի առաջ, երբ Ստալինեան Բոլշեւիզմի դաւադիր մատուցմամբ թուրք-թաթարական վոհմակը «տիրացաւ» Շուշին, ամբողջ 7-ը տասնամեակ:

  • Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...
    Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...

    Օրաթերթիս համար ոչ-աշխատանքային (արձակուրդային) իրավիճակի ամենաերկարատեւ պահերը, ըստ աւանդութեան, պայմանաւորւած են եղել Իրանական Նոր տարւայ (Նոռուզ) 15-օրեայ «Հանգստեան օրեր»-ով…

  • Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...
    Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...

    Նորագոյն ու հզօր տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցի բարիքներին ու առաւելութիւններին անխուսափելիօրէն զուգակցւում են չարիքներն ու ստորացումները…, անշուշտ, որպէս անհատական, հաւաքական եւ ընդհուպ՝ քաղաքական շահարկումների ընձեռած հարթակ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։