Հա

Օրակարգ

19/06/2021 - 13:20

Ռուբիկոնն յաղթահարւած է

Կայացնել որոշումներ առանց անմիջական պատասխանատւութիւն կրելու եւ առանց անհրաժեշտ գիտելիքներ եւ տեղեկութիւն ունենալու։ Սա պոպուլիզմի ամենաանմիջական բնութագիրն է:

Քաղաքականութիւն, որը թիրախաւորում է լայն զանգւածներին, խոստանում է նրանց արագ եւ հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար, ներկայացնելով ոչ թէ բարդ իրականութիւնը, այլ այն, ինչ մարդիկ ցանկանում են: Իսկ մարդիկ ընդհանրապէս ցանկանում են խուսափել բարդ իրականութիւնից եւ նախընտրում են պարզ եւ արագ իրականացւող մակերեսային լուծումներ։

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Կայացնել որոշումներ առանց անմիջական պատասխանատւութիւն կրելու եւ առանց անհրաժեշտ գիտելիքներ եւ տեղեկութիւն ունենալու։ Սա պոպուլիզմի ամենաանմիջական բնութագիրն է:

Քաղաքականութիւն, որը թիրախաւորում է լայն զանգւածներին, խոստանում է նրանց արագ եւ հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար, ներկայացնելով ոչ թէ բարդ իրականութիւնը, այլ այն, ինչ մարդիկ ցանկանում են: Իսկ մարդիկ ընդհանրապէս ցանկանում են խուսափել բարդ իրականութիւնից եւ նախընտրում են պարզ եւ արագ իրականացւող մակերեսային լուծումներ։

Պոպուլիզմի հիմքում ընկած է այս կամ այն քաղաքական ուժի ձգտումը՝ ձեռք բերել հնարաւորինս լայն զանգւածների վստահութիւնն ու աջակցութիւնը, հասնելով ժողովրդի առաւելագոյն համակրանքին, քողարկելով պոպուլիստ գործիչների եւ քաղաքական ուժերի իրական նպատակները:

Որպէս կանոն, պոպուլիզմը բթացնում է հասարակութեան իրականութեան ընկալունակութիւնը եւ իմունային համակարգը: Պառակտում է հասարակութեանը, նրա հնարաւորինս լայն զանգւածներին հանելով էլիտայի եւ մտաւորականութեան դէմ: Հետեւողականօրէն թուլացնում եւ աստիճանաբար ոչնչացնում է պետական կառավարման համակարգը, պետութիւններին, ազգերին եւ հասարակութիւններին կանգնեցնելով կործանման եւ ոչնչացման եզրին:

Պոպուլիզմի յաղթարշաւը շարունակւում է այնքան ժամանակ, քանի դեռ իրականութիւնն իր ողջ հմայքով չի ներխուժել հասարակական կեանք: Դա անխուսափելի է: Տեղի է ունենում վաղ թէ ուշ, եւ հասարակութիւնները ստիպւած են լինում ծանր պատասխանատւութիւն կրելու սին խոստումների եւ իրենց պատրանքների հիման վրայ կայացրած որոշումների համար՝ մեծ, յաճախ անդառնալի կորուստներ ունենալով։

Պոպուլիզմին անհնար է յաղթել պոպուլիզմով: Պոպուլիզմի հիմնական հակաթոյնը բանականութիւնն է, եւ դրա կրողը հանդիսացող սկզբունքային առաջնորդները, մտաւորականութիւնը եւ էլիտան, որոնք ունեն բաւարար հեղինակութեան եւ ազդեցութեան պաշար, հակադրւելու համար պոպուլիստ ուժերին:

Պոպուլիզմը նահանջում եւ անհետանում է միայն այն դէպքում, երբ արթնանում են թմիբիրում յայտնւած ուղեղները, երբ զարթնում է բանականութիւնը, երբ ցաւը զգալ են սկսում թմրած ներւերը, երբ ժողովուրդն հասկանում ու գիտակցում է, որ այլեւս նահանջի տեղ չկայ: Չկայ եւս մէկ անգամ սխալւելու եւ խաբւելու հնարաւորութիւն, իսկ հերթական սայթաքումը կարող է լինել վերջինն ու ճակատագրականը:

Հայ ժողովուրդը կանգնած է երեք տարի շարունակ, բոլոր ասպարէզներում մեր իրականութիւնը ախտահարած եւ մեզ աղէտի մատնած պոպուլիզմի արհաւիրքը յաղթահարելու սեմին: «Հայաստան» դաշինքի մեծ հանրահաւաքը դրա մասին է վկայում:

Տասնեակ հազարաւոր գիտակից քաղաքացիներ երէկ փաստեցին, որ դուրս են եկել թմբիրից, որ գիտակցում են պահի լրջութիւնը եւ ճիշտ ընտրութիւն կատարելու հրամայականը: Երէկ փաստեցինք, որ գտել ենք հակաթոյնը, ելքը, ճիշտ ուղին, որ ազգը շտկում է մէջքը, որ այլեւս տիրականը, որոշողն ու կամք թելադրողը բանականութիւնն է, այլ, ոչ թէ ամբոխավարութիւնը:

Ռուբիկոնը յաղթահարւած է: Մենք կրկին ամբոխից ազգի ենք վերածւում: Մնում է ամրագրել փաստն ու շարժւել առաջ՝ յաջողութիւնը զարգացնելու եւ իրավիճակը փրկելու համար:

Առաջադրւած խնդիրները, վեր յառնած մարտահարւէրները չափազանց բարդ են լինելու: Դրանց լուծում տալ եւ յաղթահարել կարող է միայն պետական կառուցւածքի այնպիսի նոր ձեւ, որը թոյլ կը տայ խուսափել պոպուլիզմի վտանգներից։ Պետական կառուցւածք, որը խարսխւած կը լինի իրականութիւնն ամբողջովին ընկալած ու գիտակցած, դրա հետ առերսեւելու եւ ճակատ տալու համար պատրաստ, բոլորովին նոր՝ թարմացւած եւ վերաորակաւորւած հասարակութեան վրայ:

Իսկ նման հասարակութիւն ձեւաւորելու համար մեզ անհրաժեշտ է լինելու.

- ազգային ինքնութեան վերարժէքաւորում եւ վերագիտակցում,

- կարող ուժերի համախմբում,

- հասարակական համերաշխութեան եւ հանդուրժողականութեան վերականգնում,

- հասարակութեանը հակազգային օրակարգ պարտադրած կազմակերպութիւնների գործունէութեան դադարեցում,

- բոլորովին նոր որակի եւ մտածողութեան սոցիալտնտեսական քաղաքականութեան ձեւաւորում,

- կրթութեան ոլորտի կենտրոնացում ազգային արժեհամակարգի եւ մտածողութեան առանցքի շուրջ:

Մենք չունենք այլընտրանք: Դատապարտւած ենք յաջողութեան եւ պէտք է հասնենք դրան:

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։