Հա

Օրակարգ

27/11/2021 - 13:00

Առանց նահանջի՝ նահանջ. Հայաստանը զրկւում է իր բոլոր մանդատներից

Այն, որ հրաշքներ պէտք չէր ակնկալել Սոչիում նախատեսւած Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ ձեւաչափով հանդիպումից, գիտէինք բոլորս: Դեռ աւելին, գիտէինք նաեւ, որ հանդիպման արդիւքները վատ են լինելու մեզ համար:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Այն, որ հրաշքներ պէտք չէր ակնկալել Սոչիում նախատեսւած Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ ձեւաչափով հանդիպումից, գիտէինք բոլորս: Դեռ աւելին, գիտէինք նաեւ, որ հանդիպման արդիւքները վատ են լինելու մեզ համար:

Հանդիպման ընթացքում ծաւալւած քննարկումների արդիւնքում ընդունւած յայտարարութիւնը եկաւ փաստելու հոռետեսական կանխատեսումների իրաւացիութիւնը: Գրեթէ յստակ դարձաւ, որ այսուհետ նախատեսւող բոլոր գործընթացներն ընթանալու են հիմնականում տարածաշրջանում առկայ աշխարհաքաղաքական ստատուս քւոյի եւ ուժերի յարաբերակցութեան պահպանման տրամաբանութեան շրջանակում, ինչը, միանշանակօրէն, աղէտաբեր է լինելու մեզ համար:

Եւ այսպէս.

- Ընդունւած համատեղ յայտարարութեան տեքստում որեւէ խօսք չի գնում այն մասին, թէ ինչպէս է լուծւելու ԼՂ հակամարտութիւնը: Ինչպէս է որոշւելու Արցախի կարգավիճակը եւ ինչ ճակատագիր է ունենալու Արցախի ինքնորոշման հարցը:

Ակնյայտ է, որ հայկական կողմի համար կարեւոր այս թեմաների մասին ընդհանրապէս խօսք չի եղել բանակցութիւնների ժամանակ:

Արցախի թեմային, ՌԴ նախագահը հպանցիկ անդրադարձել է միայն հանդիպման աւարտից յետոյ՝ նշելով որ Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցութեամբ կողմերին յաջողւել է առաջ շարժւել հումանիտար հարցերում: Ուշադրութիւն դարձրէք շեշտադրմանը: Խօսքը գնում է բացառապէս հումանիտար խնդիրների մասին, եւ ոչ մի խօսք Արցախի հետագայ կարգավիճակի եւ ինքնորոշման իրաւունքի մասին:

Ալիեւն էլ իր հերթին նշել է, որ հայկական կողմից նախադրեալներ է տեսնում տարածաշրջանում իրավիճակն աւելի կանխատեսելի դարձնելու համար: 

«Բազմիցս ասել եմ, որ մենք Ադրբեջանում տրամադրւած ենք շրջելու Հայաստանի հետ բազմամեայ դիմակայութեան էջը, սկսելու նորմալ փոխգործակցութեան փուլը, եւ կարծում եմ, որ այս ձեւաչափում մենք հասնում ենք մեր նպատակներին»,-ասել է նա:

Իսկ այս բոլորը նշանակում է, որ կողմերի համար Արցախի թեման արդէն փակւած է: 44-օրեայ պատերազմը փաստացի լուծել է ԼՂ հակամարտութեան հարցը, եւ չկայ որեւէ անհրաժեշտութիւն, անդրադառնալու Արցախի հետագայ կարգավիճակին եւ ինքնորոշման իրաւունքին:

- Փոխարէնը յատուկ կարեւորւում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի օր առաջ մեկնարկի անհրաժեշտութեան մասին:

Փաշինեանն ասել է. «Ես բազմիցս յայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է անցնել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին»:

Նրա խօսքով, հայկական կողմն անկեղծ հետաքրքրւած է այս հարցերի լուծմամբ, ինչպէս նաեւ Ադրբեջանի հետ խաղաղութեան բանակցութիւններով:

Ալիեւն էլ նշել է. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանները դելիմիտացւած չեն, մենք բազմիցս հրապարակային արտայայտւել ենք, որ պատրաստ ենք սկսել դելիմիտացիայի անյետաձգելի գործընթացը։ Ասեմ աւելին, մենք հայկական կողմին նաեւ հրապարակայնօրէն առաջարկել ենք սկսել աշխատանքը «խաղաղութեան պայմանագրի» շուրջ, որպէսզի վերջ դրւի դիմակայութեանը, փոխադարձաբար ճանաչւեն միմեանց տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը»:

Ուշադրութիւն դարձրէք խնդրեմ թէ՛ Փաշինեանի, թէ՛ Ալիեւի շեշտադրումների ընդհանրութիւններին. սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի եւ «խաղաղութեան պայմանագրի» շուրջ բանակցութիւնների անյապաղ մեկնարկ:

Թէ առկայ պայմաններում, ինչ սկզբունքով են ընթանալու սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները, ով է լինելու գործընթացից հիմնական զիջողն ու տուժողը եւ ինչ բովանդակութիւն է ունենալու ենթադրեալ «խաղաղութեան պայմանագիրը», կարծում եմ յստակ է բոլորի համար:

Նշենք միայն դրա ամենաանմիջական հետեւանքը. Ադրբեջանի կողմից Արցախի վերջնական կլանումն ու հայաթափումը:

- Յայտարարութիւնում խօսւում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. յունւարի 11-ի յայտարարութիւնների բոլոր դրոյթների հետագայ, հետեւողական իրականացման եւ անվերապահ պահպանման յանձնառութեան մասին: Այս համատեքստում, սակայն, չկայ որեւէ խօսք այն մասին, թէ վերոնշեալ դրոյթների իրականացման համար Ադրբեջանն ինչ պարտաւորութիւններ է պարտաւոր ստանձնել: Հայ ռազմագերիների վերադարձ, ՀՀ սուվերեն տարածքից զօրքերի յետ քաշում եւ գրաւեալ տարածքների անյապաղ դէօկուպացման անհրաժեշտութիւն... ոչ մի խօսք այս բոլորի մասին: Ոչ մի յստակ պայմանաւորւածութիւն:

- Իսկ ինչ վերաբերում է տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցութիւնների անյապաղ ապաշրջափակման անհրաժեշտութեան մասին յատուկ եւ ընդգծւած շեշտադրումներին, ապա կրկնւած կը լինենք յիշեցնելով, որ դա ամբողջովին տեղաւորւում է թուրք-ադրբեջանական տանդեմի, եւ մեծ հաշւով նաեւ ՌԴ հարաւկովկասեան գլոբալ աշխարհաքաղաքական շահերի տրամադրութեան շրջանակում:

Բաւականին գորշ այս իրականութեան ֆոնին, ստիպւած ենք խոստովանելու, որ իրավիճակային բնութագիրը մէկն է եւ միանշանակ. աննահանջ՝ նահանջ: Յետպատերազմային շրջանում, իւրաքանչիւր բանակցային փուլի արդիւնքում, Հայաստանը զրկւում է իր շահերն ամրագրող մանդատներից՝ մէկ առ մէկ:

Սոչին եկաւ ամրագրելու այն փաստը, որ Հայաստանը որպէս կողմ զրկւել է Արցախեան հիմնախնդրի շուրջ պահանջներ ներկայացնողի իրաւունքից: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականութեանն ու անվտանգային սպառնալիքների վերացման երաշխիքների ապահովմանը, ապա պէտք է խոստովանենք, որ այս դէպքում էլ Հայաստանին աստիճանաբար վերապահւում է միայն փաստաթուղթ ստորագրողի, նոյն ինքը՝ բացարձակ կապիտուլիացիայի ենթարկւածի կարգավիճակը, որը զրկւած է սեփական ճակատագրի վերաբերեալ սակարկելու նւազագոյն իրաւունքից անգամ:

Ինչ խօսք, բանակցութիւններում անձնատուր եղածի եւ ճակատագրին տրւածի դիրքերից ներկայանալն ու նման կարգավիճակով «խաղաղութեան պայմանագրի» մասին խօսելը պարզապէս ինքնասպանութեանը հաւասարազօր անմտութիւն է:

Անիւը յետ շրջելու, իրավիճակը որոշակիօրէն փրկելու համար, մեզ առաջինն անհրաժեշտ է արժանապատիւ, այլ ոչ թէ ծնկաչոք դիրքերից բանակցող հայկական կողմ:

Ցաւօք, հէնց սա է պակասում մեզ այսօր:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։