Հա

Օրակարգ

18/06/2022 - 14:40

ԽՕՍՔ. Ցաւալի, բայց միաժամանակ անխուսափելի իրողութիւն...

Պաշտօնական եռօրեայ այցի շրջանակներում, Իսլ. խորհրդարանի նախագահի հրաւէրով Թեհրանում էր ՀՀ Ազգ. ժողովի խօսնակի գլխաւորած պատւիրակութիւնը։

Դ. Մ.

 

1. Պաշտօնական եռօրեայ այցի շրջանակներում, Իսլ. խորհրդարանի նախագահի հրաւէրով Թեհրանում էր ՀՀ Ազգ. ժողովի խօսնակի գլխաւորած պատւիրակութիւնը։

2. Երկու հազար հինգհարիւրամեայ պետականութեան աւանդոյթով երկրի՝ Իրանի բարձրաստիճան պաշտօնատարների հետ հանդիպումն ու նոյն մակարդակի քաղաքական եւ դիւանագիտական պատգամները մշտապէս աչալրջութեամբ են ընդունել հարեւան երկրներն ու յուսանք՝ տւեալ դէպքում կընդունեն Իրանի հետ հազարամեայ բարեկամական կապերի աւանդոյթով Հայաստան երկրի արդէն 4-ամեայ իշխանութեանը տիրացած նորամուտները...

3. Ասում ենք յուսանք, քանզի այդ առթիւ Հայաստանի «թաւշեայ» իշխանաւորները անցնող 4 տարիներին մոռանալով ու ստորադասելով վերոգրեալ աւանդոյթների արժէքային իրողութիւնները, ապիկարօրէն գերադասել են ինչ-որ սիոնիստամէտ Ջոն Բոլթոնների «անվտանգային» հակա-իրան թէզերին տուրք տալ, կամ հէնց նոյն Ազգ. ժողովի ամբիոնից Իրանի քաղաքական համակարգի մասին մեղմ ասած անգրագէտ բարբաջանքների դիմել ու նմանօրինակ սայթաքումներ, որոնք անխուսափելիօրէն առաւել կը բարդացնէին երկուստեք կապերը, եթէ չլինէին Իրանի բարեացակամ ու համբերատար վերաբերմունքը, որոնց շնորհիւ էլ ցայժմ շարունակում են բնականոն հուն մտնել ինչպէս քաղաքական, այնպէս էլ, եւ առաւելաբար, անվտանգային առաջնահերթութիւնները։

4. Այստեղ հարկաւոր է ընդգծել, որ տարածաշրջանի մակարդակով ու յատկապէս անվտանգային առումով խիստ զգայուն ու մտահոգ է Իրանը՝ հայկական հողային ամբողջականութեան պահպանմամբ, եւ որ ուղղակիօրէն Սիւնիքի ու սահմանակից շրջանների անվտանգութիւնն իր ԿԱՐՄԻՐ ԳԻԾՆ է համարել, բնականաբար ակնկալելով ՀՀ իշխանութիւնների համարժէք կեցւածքը...

5. Միջպետական ու միջկառավարական փոխյարաբերութիւնների ֆոնին, հզօր Իրանում իսկ հազարամեայ հինաւուրց անցեալ ունեցող իրանահայ համայնքը եւս վերջին 30 տարիների ընթացքում մշտապէս ջատագովն ու օժանդակողն է եղել միջպետական եւ յուսալի հարեւանական փոխյարաբերութիւնների ամրապնդման, քանզի դրանում է տեսել հէնց իր ներազգային ու առաւել եւս՝ համազգային ձեռքբերումների գրաւականը։

6. Պետական հաստատ ու յստակ համոզումներով եւ մօտեցումներով հանդերձ՝ հինաւուրց իրանահայ համայնքի մօտ , հակառակ սկզբնական շրջանի, գնալով հիմնաւորւեց ու ձեւաւորւեց անվստահութեան մթնոլորտ եւ կեցւածք Հայաստանի ներկայիս իշխանաւորների նկատմամբ, յատկապէս համազգային հիմնախնդիրների եւ ազգային արժէքների նկատմամբ նրանց բացայայտ վնասաբեր ու պետականակործան քաղաքականութեան պատճառով։ Իսկ այդպիսի քաղաքականութեան ամենացայտուն ցուցիչը դա հայկական Արցախից բացէիբաց հրաժարւելն է ու դեռ աւելին՝ Հայաստանի սահմանների անձեռնմխելիութեան հարցում պարտւողական կեցւածքը՝ հայ ժողովրդի ու Հայաստան աշխարհի ոխերիմ եւ երդւեալ թշնամիներ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի առջեւ...

7. Վերոգրեալ փաստերին ու իրողութիւններին անհրաժեշտ էր անդրադառնալ, քանզի գիտակցելով հանդերձ, որ ցաւալի է իրանահայ հինաւուրց համայնքում հայաստանեան իշխանական պատւիրակութեան պատշաճ դիմաւորման ու ընդունելութեան չարժանանալը, սակայն միաժամանակ դա ապացոյցն է նոյն իշխանաւորների ու նրանց ներկայացուցիչների մերժւածութեանը՝ մինչեւ իսկ ամենահայաստանամերձ համայնքի գերակշիռ մեծամասնութեան կողմից։ Այն աստիճան, որ նոյնիսկ վախւորա՜ծ պատւիրակութիւնը խորշում է գէթ մի մոմ վառելու համար եկեղեցի մուտք գործել..., թէկուզեւ համայնքի ներկայացուցիչների կողմից եւս չի արժանացել ընդունելութեան։ Իսկ ասում ենք վախւորած, որովհետեւ երեւի կռահել են հէնց եկեղեցու շրջակայքում իսկ ազգային խաւերի ու մասնաւորապէս երիտասարդութեան պատշաճ «դիմաւորումը»...

8. Ինչեւէ, նման «դիմաւորումների» թիւը գնալով շատանում է՝ Սիրիայից՝ Գլենդէլ եւ Մոսկւա ու Վաշինգտոնից մինչեւ Յունաստանի ծովափնեայ հանգստավայրեր, որտեղ էլ ի դէպ հէնց Թեհրան այցելած ԱԺ-ի խօսնակին էին ժամանակին «դիմաւորել» յունահայ համայնքի ներկայացուցիչները։

9. Իրապէս ցաւալի ու անսովոր, բայց անխուսափելի իրողութիւն է նման կերպ ընդունելութիւնները, այլապէս հէնց ժամանակին թեհրանահայ համայնքի պատկառելի թւով ներկայացուցիչներ ու ազգայիններ նոյն ազգային առաջնորդարանի դահլիճում պատշաճ ընդունելութեան էին արժանացնում մինչեւիսկ Արցախի «բեռից» ազատւելու ձգտող Լեւոն Տէր-Պետրոսեանի տարբեր կարգի պատւիրակութիւնների, անկախ քաղաքական հայեացքների տարբերութիւնից, սակայն ներկայիս իշխանաւորները, որոնք այսպէս ասած՝ թաւիշի խաբկանքով մոլորեցրին հայութեանն ու Հայաստան երկիրը վերածեցին սորոսապետական խունտայի, եւ որ առանց դոյզն իսկ ամօթի Արցախը ադրբեջանական են համարում եւ հայրենի երկիրը կործանման են առաջնորդում, ոչ մի հայկական օջախի, լինի դա Հայաստանում թէ Սփիւռքում, ընդունելութեանը արժանի չեն կարող լինել երբեւէ...:

 

Յարակից լուրեր

  • ԽՕՍՔ. Խախտւած չափանիշների աղէտալի հետեւանքները...
    ԽՕՍՔ. Խախտւած չափանիշների աղէտալի հետեւանքները...

    2018 թւականի ապրիլի թաւշեայ յեղաշրջումից ի վեր խախտւել են բոլոր կարգի ու բնագաւառների ազգային ու պետական չափանիշներն ու քիչ թէ շատ ընկալեալ ստանդարտները՝ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ աշխարհասփիւռ հայութեան համար...

  • ԽՕՍՔ. Պայքարը շարունակւում է, վրանային հրապարակով կամ առանց դրա...
    ԽՕՍՔ. Պայքարը շարունակւում է, վրանային հրապարակով կամ առանց դրա...

    Մինչ փաշինեանական իշխանաւորները մեծ հրճւանք են ապրում «Դիմադրութեան» շարժման կիզակէտ Ֆրանսիայի հրապարակից վրանների հաւաքման առթիւ ու դա համարում են շարժման պարտութիւնն ու իրենց յաղթանակը, ալիեւը նոր յոխորտանքների դիմելով՝ կրկին «Զանգեզուրի միջանցք»-ի յօգուտ Բաքւի ապաշրջափակման մասին է բարձրաձայնում։ Դեռ աւելին՝ սպառնում է նոր պատերազմով, եթէ Հայաստանը տւեալ «միջանցք»-ի օգտագործմանը որեւէ կերպ խոչընդոտ հանդիսանայ...:

  • ԽՕՍՔ. Ժողովրդի քւէո՞վ ու մանդատո՞վ են Արցախ ծախում...
    ԽՕՍՔ. Ժողովրդի քւէո՞վ ու մանդատո՞վ են Արցախ ծախում...

    Մեր հայրենի երկիր Հայաստանում արդէն բռնութիւններին կառչած եւ դրանցով իշխանութիւն քարշ տւող բախտախնդիրները օր-օրի աւելի են նեարդայնանում։ Ի տես ժողովրդական ցասումի ու դիմադրութեան սաստկացման՝ կարմիր ու սեւ բերետաւորները անհամաչափօրէն փորձում են սաստել ու վախեցնել արժանապատիւ քաղաքացիներին, որոնք ահազանգում են յանուն Հայրենիի, Պետականութեան ու Ազգային վտանգւած իդէալների պաշտպանութեան...

  • ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. Մայիս 28-ը՝ խորհուրդ ահազանգի եւ փրկարար ապագայի...
    ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. Մայիս 28-ը՝ խորհուրդ ահազանգի եւ փրկարար ապագայի...

     

    104 տարի է անցել 1918 թւականի Մայիսի 28-ի համաժողովրդական սխրագործութիւնից։ Դա իր հերթին արդիւնաւորւեց ԱԶԳ-ՊԵՏՈՒԹԻՒն հասկացութեան արժէքային համակարգի մեկնարկով, յօգուտ բովանդակ հայութեան ինչպէս տեսանելի, այնպէս էլ անտեսանելի ապագայի հաշւին...

  • ԽՕՍՔ. «Արաքս_նիւզ»-ը՝ որպէս Չաւուշօղլուի խօսափող...
    ԽՕՍՔ. «Արաքս_նիւզ»-ը՝ որպէս Չաւուշօղլուի խօսափող...

    1- Հրատարակման առաջին համարից իսկ ՀՅԴ-ին իբր թիրախաւորելով՝ նրա դէմ մեղմ ասած ցեխարձակումներով ու ապատեղեկատւութեամբ է զբաղւել «Արաքս_նիւզ» կոչւող լրատուն...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։