Հետաքրքիր եւ միաժամանակ սպասելի է այս ժամանակաշրջանում հակադաշնակցութիւն գրոհների սաստկացումը։ Առաւել հետաքրքիր է, երբ գրոհների ակունքը գալիս է, ինչ-որ տեղ պատմական «օրինաչափական» հիմունքներով՝ թուրանական (նէօ-օսմանական) մերօրեայ ճամբարի ամենատարբեր շերտերից։
Դ. Մ.
Հետաքրքիր եւ միաժամանակ սպասելի է այս ժամանակաշրջանում հակադաշնակցութիւն գրոհների սաստկացումը։ Առաւել հետաքրքիր է, երբ գրոհների ակունքը գալիս է, ինչ-որ տեղ պատմական «օրինաչափական» հիմունքներով՝ թուրանական (նէօ-օսմանական) մերօրեայ ճամբարի ամենատարբեր շերտերից։
Պարզ է չէ՞, եւ միաժամանակ փաստ, որ Արցախեան դաւադիր պատերազմից ի վեր ձեւաւորւած թուրք-ադրբեջանական պիղծ դաշինքը հետեւողականօրէն թիրախաւորում է Հայաստանի ընդդիմութեանը՝ ներքին, իսկ Սփիւռքեան ազգային ուժերին՝ արտաքին ճակատներում, որոնց էլ համարում է հայ-թուրքա-ադրբեջանական խաղաղ գոյակցութեան ու միմեանց միջեւ հաշտութեան ցանկալի պայմանագիրը կնքելու խանգարիչ-ռեւանշիստներ։
Եւ ի՞նչ ունեցանք ու ինչի՞ ականատեսը եղանք նոյն ամիսների ընթացքում: Զորօրինակ՝ պատերազմը տանուլ տւած իշխանութեան կողմից
ա- Ընդդիմութեան շարժման դէմ աննախադէպ բիրտ ուժի կիրառում,
բ- Շարժման ակտիւիստների, որպէս քաղբանտարկեալներ, կալանաւորում,
գ- Ընդդիմադիր ԶԼՄ-ների ու քարոզչական միջոցների դէմ քրէական գործերի յարուցում, հակաիշխանական ուժերի միջեւ պառակտման սերմանում,
դ- Միաժամանակ Սփիւռքեան համայնքներում փաշինեանամէտ (աւելի ճիշտ հակադաշնակցական բարդոյթներով տառապողներ) ապազգային շերտերի ակտիւացումը՝ «ֆէյսբուք»-ային տեռորների, լուտանքների ու հայհոյանքների տեխնոլոգիայի կիրառմամբ,
ե- Եւ վերջին օրինակներով ամենազաւեշտալի հակադաշնակցականութիւնը՝ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի Հայրենիք մուտքի արգելումը..., նոյնը՝ ՀՅԴ Երիտ.- կառոյցների նկատմամբ...
Սակայն, ի տես թուրքական ճամբարի հակահայկական ու հակահայաստան կեցւացքի անբաւարարւածութեան, տեսնում ենք նաեւ հէնց օրերս թուրք ադրբեջանական դաշինքի լկտի, ու փաշինեանական իշխանութեան կողմից անպատասխան մնացող կեցւացքներ, որոնք դարձեալ փաշինեանական իշխանախմբից պահանջում են՝ ռեւանշիստների ու ազգային ուժերի դէմ ճնշումը սաստկացնել, այլապէս, ուղղակիօրէն սպառնում են, որ իրենք ՀՀ-ի դէմ «կը պաշտպանւեն» զինւորական ուժի կիրառմամբ:
Ահա, այս օրի են հասցրել Մեր Երկիր-Հայրենին, որի վերջնարդիւնքն թուրքա-ադրբեջանական նպատակներում՝ Հայաստանն ու Հայութեանն լաւագոյն դէպքում թուրքական ծայրագոյն արեւելեան մի վիլայէթ դարձնելն է, կամ էլ՝ ինչպէս կրտսեր թուրքն է ասում՝ արեւմտեան ադրբեջանի ազատագրւած տարածքի վերածելը...:
....Թէեւ ցաւոտ ու ժամանակաւորապէս նահանջ պարտադրող, բայցեւ այնպէս ի զուր են լինելու նոյնիսկ համաթուրանական, համացանցային արտաքին ու թուլամորթ-անհայրենիք ներքին դաւադիրների ընդհանրապէս հակազգային եւ մասնաւորապէս հակա-ՀՅԴ-ական անճարակ ու խելակորոյս գրոհները, քանզի դրանք բոլորը փշրւելու են օրէօր արթնացող հայ ժողովրդի եւ նրա իրական ու հարազատ զաւակների դեռ գալիք զոհողութիւնների շնորհիւ, յար եւ նման պատմական անբեկանելի բազմաթիւ օրինաչափութիւնների...