Հա

Օրակարգ

16/03/2023 - 13:10

Ու դեռ նոր ալեկոծումներին ընդառաջ... (Մաս առաջին)

Եւ այսպէս, յարգելի ընթերցող, պարտքի անկեղծ ու իւրայատուկ զգացումով են շարադրւել այսօրւայ եւ առաջիկայ երկու մասերով (շաբաթ եւ կիրակի) վերջին «ԽՄԲԱԳՐԻ ԱՆԿԻՒՆ»-ի գրառումները, որոնք նաեւ կարելի է համարել, գրառողի, որպէս խմբագիր, այսպէս թէ այնպէս՝ հրաժեշտի խօսքեր...

Դ. Մ.

Պատմական Գիտութիւնների թեկնածու

Մաս առաջին

 

Եւ այսպէս, յարգելի ընթերցող, պարտքի անկեղծ ու իւրայատուկ զգացումով են շարադրւել այսօրւայ եւ առաջիկայ երկու մասերով (շաբաթ եւ կիրակի) վերջին «ԽՄԲԱԳՐԻ ԱՆԿԻՒՆ»-ի գրառումները, որոնք նաեւ կարելի է համարել, գրառողի, որպէս խմբագիր, այսպէս թէ այնպէս՝ հրաժեշտի խօսքեր...

1992 թւականի գարնան վերջերից մինչ այժմ՝ 2023 թ. գարնան սկիզբ, ահա, շուրջ 31 տարի, այսինքն 92-ամեայ «ԱԼԻՔ»-ի երեւի ամենաալեկոծ կեանքի (պայմանաւորւած՝ ՀՀ Անկախութեան վերականգնմամբ) մէկերրորդին պատիւ եմ ունեցել մասնակից լինել։ Իսկ որպէս խմբագրապետ, պատւի կրկնակի զգացումով սկսել եմ պաշտօնավարել 2004-ի մարտից մինչ սոյն թւականի՝ 2023-ի մարտեան օրերը...։

Տպագիր մամուլի (այն էլ օրաթերթ) միջոցով սեփական ժողովրդին ու համայնքին ծառայութիւն մատուցելը հիմնականում ունի մէկ ամբողջական բնութագիր՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԵԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ՝ նոյն ժողովրդի ու համայնքի առջեւ...։

«ԱԼԻՔ»-ի հին ու նոր նւիրեալ երախտաւորներից փոխառածս սկզբունքն էլ է դա եղել, իսկ թէ իմ մասով ինչքանով եմ արդարացրել դա՝ թողել ու թողնում եմ մշտապէս իրաւացի ընթերցողի դատին։

Իրանահայ հինաւուրց համայնքի ու ժողովրդի մամլոյ ընթերցողների այն խաւերն ու շրջանակները, որոնք «ԱԼԻՔ»-ի ընդմիջից են նախընտրել առնչւել բազմազան տեղեկատւութիւններին, հիմնականում թերթի էջերում հանդիպել են այսպէս ասած՝ 3 կարգի ընդհանրական խորագրերի ներքոյ լուսարձակի տակ առնւած անփոփոխ երեւոյթների ու եղելոյթների, որոնց գոնէ վերջին 30 տարիներում ուղղակի թէ անուղղակի առնչակից եմ եղել:

ա- Իրան,

բ- Հայաստան աշխարհ եւ

գ- Իրանահայ համայնք:

 

«ԱԼԻՔ»-ը եւ ԻՐԱՆ-ը

Որպէս երկրի մասշտաբում վաղեմութեան առումով երկրորդ տպագիր թերթ, «ԱԼԻՔ»-ը անցնող 92 տարիների ողջ ընթացքում անփոփոխ սկզբունք է որդեգրել ԻՐԱՆ երկրի ազգային ու պետական շահերով առաջնորդւելու քաղաքականութիւնը։

Փոխադարձաբար, իրանական պետական եւ հասարակա-քաղաքական տարբեր շրջանակներ եւս նոյն սկզբունքներից ելնելով ընդհանրապէս բարեկամական ու յաճախ հանդուրժող կեցւածք են ցուցաբերել իրանահայութեան հինաւուրց օրաթերթի նկատմամբ։

Վերջին 30 տարիներին, սակայն, «ԱԼԻՔ»-ը, իրանական ազգային ու պետական շահերի ամրապնդման նպատակային դրոյթների կողքին բախտն ու պատիւն ունեցաւ աւելացնել եւ զուգորդել նորանկախ Հայաստանի Հանրապետութեան ազգային-պետական շահերին համահունչ սկզբունքների ջատագովը լինելու հանգամանքը, որն էլ երկուստեք՝ թէ՛ իրանական, եւ թէ՛ հայկական պետական-կառավարական հարթակներում ընդառաջւել է ամենայն ըմբռնումով։ Այս մասին փաստերն ու վաւերագրումները բազմազանութեամբ ու վիթխարի օրինակներով տեսանելի են արդէն «ԱԼԻՔ»-ի վերջին 30 տարիների գրեթէ բոլոր էջերում, ինչպէս որ դրանք իրենց ժամանակին համահունչ՝ եղել են նոյնպէս հիմնադրութեան օրից ի վեր իսկ: Լոկ որպէս պատմակերտ իրադարձութիւնների արտացոլող, թերթենք «ԱԼԻՔ»-ի էջերն ու տեսնենք, թէ պատմագիտական ի՜նչ վիթխարի սկզբնաղբիւրների ատաղձ են կարող լինել՝ Իրանի ինչպէս 1905-1911 թթ. Սահմանադրական շարժման, այնպէս էլ՝ 1979 թ. Իսլ. Յեղափոխութեան եւ յատկապէս Իրան-Իրաք 8-ամեայ պատերազմի մասին լրատւութիւններն ու փաստավաւերագրական-վերլուծական տարատեսակ յօդւած-գրառումները:

Տայ Աստւած, որ այսօրեայ բախտորոշ ժամանակաշրջանում եւս երկու բարեկամ ու հինաւուրց հարեւանները միմեանց շահերի առաջմղման կարեւոր գործընթացներում փոխլրացնող ներգործութիւն ունենան մերօրեայ աշխարհաքաղաքական բարդ պայմանների թոհուբոհում, ի խնդիր հզօր, անվտանգ ու խաղաղ Իրանի եւ Հայաստանի:

 

«ԱԼԻՔ»-ը եւ ՀԱՅԱՍՏԱՆ աշխարհը

Ինչ խօսք՝ 92-ամեայ «ԱԼԻՔ»-ի ծնունդը, կենսագործունէութիւնն ու ցայժմ յարատեւութիւնը իմաստաւորւել ու բնորոշւել է Հայով ու Հայաստանով, որպէս գաղափարաբանական մնայուն արժէքներ ու հիմնանպատակներ:

Ծննդեան՝ 1931 թւականից մինչեւ 1991 թւական, այսինքն Հայաստանի Անկախ Հանրապետութեան վերականգնումը, ասել է թէ՝ ամբողջ 60 տարի, «ԱԼԻՔ»-ը մաքառել է միեւնոյն հայի ու Հայաստանի բարօրութեան ու հզօրացման համար, անշուշտ ազգային ու սոցիալական գաղափարա-քաղաքական հաւատամքներին կառչելով ու դրանք հարազատ հանրութեան սեփականութիւնն դարձնելու ուրոյն մեթոդով ու եղանակներով, որոնք յարիր ու համատեղելի են եղել բարոյական հասկացութիւններով առաջնորդւող ընդհանրապէս հայ մամուլի ու յատկապէս Դաշնակցական մամուլի գործելաոճին ու սկզբունքային հասկացութիւններին:

Վերջին 30 տարին իրաւամբ, ինչպէսեւ սկզբում նշւել է, «ԱԼԻՔ»-ը Հայաստան աշխարհից որպէս ներշնչման նոր ու վերաթարմացնող աղբիւր՝ Արցախեան փոթորկալի ալեկոծումներով կոփւելու եւ վերաթարմանալու կենսատու ժամանակաշրջաններ է ապրել։

Իսկ օրինաչափ ու յաճախ կրկնւող երեւոյթ է նաեւ տարբեր կարգի տեսանելի, թէ՛ անտեսանելի ալեկոծումներին դէմ-յանդիման կանգնելու արդիւնքում ինչպէս մակընթացումների, այնպէս էլ՝ տեղատւութիւնների առկայութիւնը։

Եւ այսօր, ահա, տեղատւութեան ձախորդ օրեր է ապրում թէեւ վիրաւոր, բայց մշտապէս արծւաբոյն Արցախը՝ իր հետ ու իր կողքին ունենալով դեռեւս վիրաւոր ու անհանգիստ՝ ողջ հայաշխարհը։

Եւ, այո՛ տեղատւութեան մէջ է նոյնինքն հայաստանամերձ, արցախամերձ իրանահայ «ԱԼԻՔ»-ը, իր շուրջ համախմբւած նոյնպէս ալեկոծւած հայորդիներով։ Հայորդիներ, որոնք ինչպէս 92 տարի, հետայսու եւս կը մնան հաւատաւոր ու անկոտրում առ այն, որ տեղատւութեանը անտարակուսօրէն յաջորդելու է յուսադրիչ ու փրկարար մակընթացութիւնը...։

 

Վերջ Ա մասի

 

Յարակից լուրեր

  • Ու դեռ նոր ալեկոծումներին ընդառաջ... (Մաս երրորդ)
    Ու դեռ նոր ալեկոծումներին ընդառաջ... (Մաս երրորդ)

    Յարգելի ընթերցող, նախորդ երկու համարներում փորձեցի թէեւ հակիրճ, բայց ընդհանրական գրառումներով անդրադառնալ «ԱԼԻՔ»-ի բովանդակային ձեւաչափերում տեղաւորւող կարեւորագոյն 3 թիրախներին (ԻՐԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ), որոնք եղել են ամբողջ աւելի քան 92-ամեայ թերթի հիմնական օրակարգերը։ Վերջին 30 տարում եւս «ԱԼԻՔ»-ի ուղենիշը, թէեւ ձեւով տարբեր ու փոփոխւած՝ բայց բովանդակային ու էութեամբ մնացել են նոյնը, որին էլ, ինչպէս նախորդ համարներում ասւեց՝ պատիւ եմ ունեցել առնչւել ուժերիս ներածին չափով։

  • Ու դեռ նոր ալեկոծումներին ընդառաջ (Մաս երկրորդ)
    Ու դեռ նոր ալեկոծումներին ընդառաջ (Մաս երկրորդ)

    Հինգշաբթի, մարտի 16-ի այս նոյն սիւնակում ««ԱԼԻՔ»-ը եւ Հայաստան աշխարհը» ենթագլխում արծարծւած թեմաների մի կարեւորագոյն բաժին էլ պէտք է վերապահել յատկապէս վերջին 30 տարում վերանկախացած ՀՀ-ից մեր հինաւուրց համայնք այցելած բազմազան պատւիրակութիւնների, գիտնական մտաւորականների, արւեստագէտների, քաղաքական գործիչների ու մարզաշխարհի վետերան ներկայացուցիչներին, որոնց այցի անբաժան մասն էր կազմում անխտիր՝ «ԱԼԻՔ» այցելելը... 

  • Իրան-Սաուդական Արաբիա մերձեցումը՝ պատւար Նէո-օսմանիզմին...
    Իրան-Սաուդական Արաբիա մերձեցումը՝ պատւար Նէո-օսմանիզմին...

    Երէկ Պեկինում կայացել է ԻԻՀ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի եւ սաուդցի գործընկերոջ հանդիպումը։ Չինաստանում նման հանդիպման կազմակերպումը, Շամխանիի ասութեամբ պայմանաւորւած է եղել նրանով, որ Չինաստանի նախագահը անցեալ ամիս իր երկիր այցելած նախագահ Ռէյիսիին առաջարկել էր Ռիադի հետ 7 տարի յարաբերութիւնների դադարեցումից յետոյ, վերականգնել դիւանագիտական կապերը՝ ի շահ Միջին ու Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանի աշխարհաքաղաքական կայունութեան ու խաղաղութեան ընդլայնման։

  • Խաղաղութիւն մուրալու անարժանապատիւ գինը…
    Խաղաղութիւն մուրալու անարժանապատիւ գինը…

    Այսպէս ասած՝ «հայ-ադրբեջանական հաշտութեան ու խաղաղութեան», իսկ խորքում՝ հերոսական Արցախին ծունկի բերելու վերջին ժամանակաշրջանների դէպքերի շարանը, ահա, «արդիւնաւորւեցին» մարտի 5-ի ադրբեջանական հերթական սադրանք-ագրեսիայով, աւելի ճիշտ՝ ահաբեկչութեամբ, որի արդիւնքում էլ Արցախի Ներքին գործերի նախարարութեան ոստիկանական բաժանմունքի երեք սպայ զոհւեց, 4-րդը վիրաւոր:

  • Յանուն հայրենական, պետական ու ազգային արժէքների յանձնառու պաշտպանութեան...
    Յանուն հայրենական, պետական ու ազգային արժէքների յանձնառու պաշտպանութեան...

    Այսօր եւ վաղն կայացող «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը 14-րդն է, որն ինչպէս միշտ կազմակերպւել է Հայ Դատի Թեհրանի յանձնախմբի (նաեւ ճանաչւած որպէս «ՀՈՒՍԿ» հաստատութիւն) կողմից։

    14-րդ խորհրդաժողովը տեղի է ունենում աւելի քան քառամեայ ինչ-որ տեղ պարտադրեալ դադարից յետոյ՝ պայմանաւորւած ինչպէս Հայաստանի ներքաղաքական նոր իրավիճակով եւ Արցախի շուրջ անվտանգային խնդիրների առաջացմամբ, այնպէս էլ ԿՈՎԻԴ-ի բերումով ստեղծւած սահմանափակմամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։