Հայաստանի Հանրապետութիւնում եւ Լ. Ղ. Հանրապետութիւնում Մայիսի 9-ը պաշտօնապէս յայտարարւած է եղել՝ Շուշիի ազատագրման եւ յաղթանակի օր։
Մայիսի 9-ը նաեւ Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կազմաւորման օր է հռչակւել...
Մայիսի 9-ի առիթով...
Դ.Մ.
Պատմական Գիտութիւնների թեկնածու
Հայաստանի Հանրապետութիւնում եւ Լ. Ղ. Հանրապետութիւնում Մայիսի 9-ը պաշտօնապէս յայտարարւած է եղել՝ Շուշիի ազատագրման եւ յաղթանակի օր։
Մայիսի 9-ը նաեւ Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կազմաւորման օր է հռչակւել...
Հայաստանի Անկախութեան վերականգնումից (1991 թ. սեպտ.) յետոյ՝ 1992 թ. Մայիս 9-եան պատմական ու փառահեղ յաղթանակից ի վեր ողջ Հայութիւնն ու հայաշխարհը մի ամբողջ 28-ամեակ (մինչեւ 2020 թ. նոյեմբեր 9-ի կապիտուլիացիան) նշանաւորել-տօնել ու համազգային հպարտութիւն են ապրել հայոց հինաւուրց եւ ըստ ամենայնի բերդաքաղաք Շուշիի ազատագրման բացառիկ իրողութեամբ։
Այժմ շուրջ 2.5 տարի է, ինչ նոյն հայաշխարհը ազգովի ծանրագոյն ցաւ է ապրում՝ ՄԱՅԻՍԻ 9-ը նոյ.9-ով փոխարինւած սեւ ու դաժան, բայց պարտադրեալ իրողութեան հետ։
Յարգելի ընթերցող, յիշեցման կարգով թոյլ տւէք կրկին անգամ արձանագրել, որ 1992 թ. Մայիսեան յաղթանակի ուղին անցել է Բերձոր-Լաչին ռազմավարական ճանապարհով..., որն այսօր Շուշիի հետ յարակից շրջաններով, բռնագրաււած է ադրբեջանա-թուրքական թշնամի ուժերի կողմից...
Փաստենք նաեւ, որ իր 300-ամեայ պատմութեան ընթացքում ԱՆԱՌԻԿ հռչակւած հայոց բերդաքաղաքը լոկ իր իսկական տիրոջ՝ հայի առջեւ է անձնատուր եղել ու ցաւօք՝ նոյն հայի կամ աւելի ճիշտ՝ հայանունների կողմից էլ զիջւել է թուրք-թաթարական ոսոխներին։ Իսկ ռազմագէտ, փորձագէտ, քաղաքագէտ ու կարեւորը՝ բազմաթիւ ականատեսների վկայութեանց համաձայն՝ 2020-ին եւս նոյն անձնատւական (կապիտուլիացիա) քայլի արդիւնք է եղել հայոց անառիկ բերդաքաղաքի անկումը..., որով էլ հետագային անասելի հրճւանք ապրեցին մերօրեայ ցեղասպաններ էրդողանն ու ալիեւը՝ հայկական Շուշին զրպարտել-նենգափոխելով որպէս թուրքական աշխարհի մշակութային քաղաք...
Այժմ, պարզ է, թէ ինչի համար էին շաբաթներ ու դեռ ամիսներ շարունակ հայկական Քաշաթաղ, Քարվաճառ, Բերձոր, Լաչին ու... այլ շրջանները մէկ առ մէկ թուրքին զիջելու հայանունների սողացող մանիպուլիացիոն- աճպարարութիւնները։ Հէնց նրանք էին, չէ՞, որ դեռեւս իրենց մեղսակից պարտութեան յաջորդող օրերին, Ազգ. ժողովի ամբիոնից մեղմ ասած՝ անամօթաբար յայտարարում էին Շուշիի «դժգոյն ու տխուր մի քաղաք» լինելու մասին։
Այս ամէնը, սակայն, հետեւանքներն էին այն հիմնապատճառի, որով, ցաւօք յաջողութեամբ, դաջեցին մոլորեալ հայ զանգւածների ճակատին, ըստ որի՝ «Արցախը տանք, որպէսզի լաւ ապրենք» յայտնի զառանցանքի գրագէտ ու հետեւողական պրոպագանդայով...։
Հիմա, սիրելի ընթերցող, աճպարարները վերոգրեալ զառանցանքում բառի փոփոխութիւն են մտցրել ու դարձեալ լկտիաբար բարձրաձայնում են հետեւեալը.- «Արցախը տանք, որ խաղաղ ապրենք»։
Փա՜ռք Աստծոյ, խաղաղ էք (ենք) ապրո՜ւմ, երբ ամէն օր թուրք նախագահը, արտգործնախարարը, պաշտպանութեան (աւելի ճիշտ օկուպացիայի) նախարարն ու դեռ օսմանական մեջլիս յիշեցնող խորհրդարանի խօսնակը զազրախօսում ու սպառնում են նոր պատերազմով՝ եթէ Հայաստանը չստորագրի Ադրբեջանի առաջարկներով փաթեթաւորւած «խաղաղութեան» պայմանագիրը։ Բառացի՝ հէնց օրերս է յայտարարել սրա մասին Թուրքիայի պաշտպ. նախարար Յուլուսի Աքարը...։
Ու կարծում էին (ասենք թէ՝ միամտաբա՜ր) մերօրեայ հայանուն կոսմոպոլիտները, որ թուրքը կը բաւարարւի Արցախը զիջելով... Հապա՝ «Զանգեզուրի միջանցք» ու թուրքաբարոյ անպատկառութիւն՝ Հայաստանն ու բուն Երեւանը «արեւմտեան ադրբեջան» յորջորջումները... միեւնոյն զիջողական ու թուրքի հետ հաշտւողական աբսուրդ կեցւածքի արդիւնքը:
Ա՞յս է «Խաղաղ ապագայի» ձեր տեսլակա՜նը։
Բրիւսէլներ ու Վաշինգտոններ էք այցելում՝ իբր բանակցելու եւ դրանց ներկայացուցիչների՝ Շառլ Միշէլների ու Բլինքէնների միջնորդութիւնն ապահովելու՝ ձեր ենթադրա՜ծ խաղաղութեանը հասնելու համար, բայց եւ այնպէս նոյն ՀՀ-ի պետական ու միջազգայնօրէն ճանաչւած տարածքներից 2700 հեկտարը (աւելի քան 150 ք.կ.) գրաււած է պահւում ադրբեջանական կոչւող օկուպանտների կողմից։ Ի՜նչ էք բանակցում դուք ընդհանրապէս, երբ ոչ մի հայանպաստ արդիւնք ոչ տեսանելի է, ոչ էլ, ասենք, շօշափելի՝ ձեր ինչպէս «գործնական քայլերի», այնպէս էլ՝ պաշտօնական յայտարարութիւնների ու մերթ ընդ մերթ ճարահատեալ հաղորդագրութիւնների ընդմիջից։
Բայց արի ու տես, որ աքլորանում էք, երբ լպիրշ Չաւուշօղլուները մտահոգութիւն են յայտնում Երեւանի կենտրոնում «ՆԵՄԵՍԻՍ»-ի յուշակոթողի բացման առթիւ... եւ այստեղ էլ կրկին «խաղաղութեանը» վտանգելու հարցում մեղադրում էք սեփական ժողովրդին, թէ՝ առհասարակ ինչու է նման յուշարձանի կառուցման միտք յղացել...։
Յարգելի ընթերցող, Հայոց արծւաբոյն Արցախ աշխարհի հինաւուրց մայր քաղաքը՝ Շուշին, որ տասնամեակներ շարունակ թուրք-թաթարների կողմից յանիրաւի թմբկահարւել է որպէս «մուսուլմանական գահանիստ», վերագտաւ իր իսկական տիրոջը 1992 թ. Մայիսի 9-ին։
Ու թէեւ այսպէս ասած՝ «Նո ՜ր հայերի» մեղսակցութեամբ ու 2020 թ. նոյ.9-ի անձնատւութեան արդիւնքում յայտնւեց թուրք-ադրբեջանական բորենիների ճիրաններում, բայց երբեւէ չպէտք է բացառել այն հեռանկարը, որ հէնց Հայոց պատմութեան օրինաչափութիւնների թելադրանքով ու Ազգային գաղափարախօսութեանը կառչած՝ ողջ «հայութեան մէջ վերստին վերընձիւղւելու է զէնքի ուժի հանդէպ կորսւած հաւատը եւ յաղթահարւելու է ժամանակաւոր ու հային ստւերի պէս հետապնդող անարժանավայել դատապարտւածութեան ուրւականը...»,-ինչպէս այդ մասին յստակօրէն ասւած է Արցախի Պաշտպանութեան բանակի կոչ-հաղորդագրութիւններում։
Փառք ու պատիւ Շուշիի ազատագրման ու յաղթանակի փառապսակը խորհրդանշող Մայիս 9-եան ու դեռ գալիք հերոսներին...։