Հա

Օրակարգ

09/08/2020 - 13:40

Խմբագրական. Իրանահայութեան զօրակցութիւնը՝ լիբանանահայութեան...

Լիբանանահային, սակայն, անմիջականօրէն օժանդակելու, զօրակցելու, մխիթարելու «զօրաշարժ» է յայտարարել հայաշխարհը՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, կառչելով՝ մարդկային, ազգային ու համասփիւռքեան համերաշխութեան ձայնին ու խղճին:

Անցնող շաբաթւայ ընթացքում ողջ աշխարհի հայեացքի կիզակէտում էր յայտնւել Լիբանանը ի տես ահաւոր պայթիւնի ու դրանից բխող՝ մարդկային կորուստների, ինչպէսեւ նիւթական-տնտեսական առանց այդ էլ խիստ անմխիթար իրավիճակի սաստկացման:

Համարժէք արձագանգը նոյն համաշխարհային հանրութեան բնականաբար չուշացաւ: Օգնելու, զօրակցելու եւ սատար հանդիսանալու ոգեւորիչ քայլերը, անշուշտ, եկան թեթեւացնելու ծանրակշիռ աննախադէպ հարւածը՝ Լիբանանին ու լիբանանցուն:

Տրամաբանօրէն հայաշխարհը եւս որոտացող պայթիւնից ցնցւած՝ կրկնակիօրէն մտահոգւելու պահեր ապրեց, երբ պարզորոշ դարձան Բէյրութի հայկական թաղամասերում գործող ազգային ու կրօնական, մշակութային եւ առեւտրական կենտրոնների աւերածութիւնները: Աւելին, ժամ առ ժամ մարդկային կորուստներին զուգընթաց նաեւ աւելանում էր մահացու վիրաւորում ստացած մեր հայրենակիցների՝ լիբանանահայերի թւաքանակը:

Համասփիւռքեան մակարդակով՝ պատմականօրէն անհերլեքի փաստ է լիբանանահայ գաղութ-համայնքի ազգային, հոգեւոր, մշակութային-կրթական եւ ինչու ոչ՝ հասարակա-քաղաքական կշիռն ու ազդեցիկութիւնը: տասնամեակների ըթացքում, ահա, նոյն կշիռն ու դերակատարութիւնն է եղել բազմապիսի արհաւիրքների ու քաղաքական անկայուն վիճակների յաղթահարման գրաւականը:

Ամբողջական Լիբանանը, սակայն, տարիներից ի վեր ապրում է նոյն քաղաքական անկայուն ու յարափոփոխ իրավիճակում, որն արտաքին միջամտութիւնների տեղիք է տւել միաժամանակ: Սրան բարդւել է նաեւ ու մանաւանդ տնտեսական ծանրակշիռ եւ երկրի համակարգը տատանող եւ չբարւոքւող պայմանները:

Ահաւասիկ՝ այս ամենին գումարելով կորոնավարակի պայմանները, կացութիւնը դառնում է ըստ ամենայնի անտանելի… դրանով հանդերձ՝ լիբանահայը իր ամբողջական նւիրումով նեցուկ է կանգնել երկրի կարգ ու սարքին, կառավարութեանը, ժողովրդին եւ յանուն պետական ինքնիշխանութեան զոհաբերել է հաւատարմօրէն ու ազնւօրէն:

Այս աննախանձելի պայմաններում մարդկային նոր ու աննախադէպ աղէտը՝ օգոստոսի 4-ի աւերիչ պայթիւնը, պայթեցրեց նաեւ համաշխարհային ընտանիքի այլեւս հոգնատանջ խիղճն ու ոգին:

Ու համընդհանուր այս պայմաններում, երբ աշխարհով մէկ մարդկութիւնն է դիմակայում յայտնի պանդեմիան, ամենատարբեր ուղղութիւններից լսելի ու տեսանելի են դառնում լիբանանին օգնութեան ձեռքերի ու ձայների անվերջանալի զօրակցութիւնները:

Լիբանանահային, սակայն, անմիջականօրէն օժանդակելու, զօրակցելու, մխիթարելու «զօրաշարժ» է յայտարարել հայաշխարհը՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, կառչելով՝ մարդկային, ազգային ու համասփիւռքեան համերաշխութեան ձայնին ու խղճին:

Հինաւուրց իրանահայն էլ չէր կարող անմասն լինել այս բոլորից: Եւ արդէն իսկ սիրելի ընթերցող վստահաբար քո զգօնութեան, ուշադրութեան եւ հետաքրքրութեան անբաժան առարկան է հանդիսացել մեր համայնքի ազգային, կրօնական, հասարակական, քաղաքական, մշակութային ու յատկապէս տւեալ դէպքում՝ մարդասիրական միութիւնների ու կառոյցների անվերապահ աջակցութեան խոստումներն ու դրանք կենսագործելու կոչւած՝ ազգային մարմինների, միաւորների ու մինչեւ իսկ անհատ-բարերարների պատրաստակամական նախաձեռնութիւնները:

Նախաձեռնութիւններ, որոնք աւելիով են զօրեղացնելու, գօտեպնդելու Հայկական Սփիւռքի առաջամարտիկը հանդիսացող, բայց թիրախաւորւած-վնասւած՝ լիբանանահային:

Ու այդպիսով, ահա, բոլորս յանուն լիբանանահայութեան միանում ենք այն ոսկեայ շղթային, որի առանցքային օղակներն են հանդիսանում Հայաստանը, Արցախը եւ Սփիւռքը, որպէս անքակտելի միասնութեան կամքի արտայայտութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։