Վաղը՝ փետրւարի 15-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին մէկօրեայ այցով կը մեկնի Օմման եւ Քուվէյթ: Այս մասին տեղեկացնում է Հանրապետութեան նախագահի գրասենեակը՝ նշելով, որ այցերը տեղի են ունենում Օմմանի թագաւոր Սոլթան Ղաբուսի եւ Քուվէյթի էմիր Շէյխ Սաբահ Ահմադ Ջաբեր ալ-Սաբահի հրաւէրով:
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
«ԱԼԻՔ» - Վաղը՝ փետրւարի 15-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին մէկօրեայ այցով կը մեկնի Օմման եւ Քուվէյթ: Այս մասին տեղեկացնում է Հանրապետութեան նախագահի գրասենեակը՝ նշելով, որ այցերը տեղի են ունենում Օմմանի թագաւոր Սոլթան Ղաբուսի եւ Քուվէյթի էմիր Շէյխ Սաբահ Ահմադ Ջաբեր ալ-Սաբահի հրաւէրով:
Փետրւարի 15-ին Հանրապետութեան նախագահը կարճատեւ այցով նախ կը լինի Օմմանի մայրաքաղաք Մասկաթում, ուր կը հանդիպի Սոլթան Ղաբուսի եւ այդ երկրի ղեկավարների հետ, որից յետոյ կը մեկնի Քուվէյթ:
Քուվէյթում նախատեսւած է դոկտ. Ռոհանիին կը դիմաւորի այդ երկրի էմիրը, որից յետոյ նախագահը կը հանդիպի այդ երկրի վարչապետի հետ:
Յատկանշական է, որ Հանրապետութեան նախագահի վաղւայ ուղեւորութիւնը հետեւում է յունւարի 25-ին Քուվէյթի արտաքին գործերի նախարար Շէյխ Սաբահ Խալեդ Ահմադ ալ-Սաբահի Թեհրան կատարծ այցին, որի ընթացքում նա դոկտ. Ռոհանիին փոխանցեց Քուվէյթի Էմիրի պատգամը: Թէեւ կողմերը չբացայայտեցին Շէյխ Սաբահ Ահմադ Ջաբեր ալ-Սաբահի պատգամի բովանդակութիւնը, այդուհանդերձ, ակնյայտ էր, որ այն ուղղւած էր կարգաւորելու Իրանի լարւած յարաբերութիւնները Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի անդամ արաբական երկրների հետ:
Հաշւի առնելով այն հանգամանքը, որ ներկայ դրութեամբ այդ երկրների հետ յարաբերութիւնների որոշակի կարգաւորումը միանշանակօրէն բխում է Իրանի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային անմիջական շահերից, ուստի Հանրապետութեան նախագահի վաղւայ ուղեւորութիւնը պէտք է դիտարկել Պարսից ծոցի արաբական երկրների հետ յարաբերութիւնների կարգաւորման դիւանագիտական միջնորդաւորւած փորձերի համատեքստում:
Գաղտնիք չէ, որ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի նախագահի պաշտօնն ստանձնելուց յետոյ, լարւածութեան նոր փուլ է նկատւում Թեհրանի եւ Վաշինգտոնի յարաբերութիւնների միջեւ ու թէեւ այդ լարւածութիւնը դեռեւս չի անցել հեռակայ լեզւակռւի եւ փոխադարձ մեղադրանքների փոխանակման մակարդակից, այդուհանդերձ ակնյայտ է, որ այն ունի անհրաժեշտ ներուժը՝ լուրջ դիմակայութեան վերածւելու համար:
Թեհրան-Վաշինգտոն յարաբերութիւններում նկատւող այս նոր լարւածութեան ֆոնին կարեւոր է յատկապէս անմիջական այն վտանգը, որը զգացւում է Իրանի տարածաշրջանային հակառակորդների ակտիւացման արդիւնքում:
Սաուդական Արաբիան ամէն գնով փորձում է դրդել Վաշինգտոնին Թեհրանի դէմ դիմելու կտրուկ քայլերի: Նոյն կերպ է վարւում նաեւ Իսրայէլը, որի վարչապետ Բենեամին Նեթանեահուն նախաձեռնել է միջազգային շրջագայութիւն՝ փորձելով հրահրել Իրանոֆոբիայի նոր ալիք, եւ ձեւաւորել հակաիրանակ միջազգային նոր ալիանս:
Իսկ ամենակարեւորը՝ դա Պարսից ծոցի արաբական երկրների եւ Իսրայէլի միջեւ ուղղակի կամ անուղղակի շփումների ակտիւացումն է, որի առաջամարտիկն իր հակաիրանական ընդգծւած կողմնորոշմամբ աչքի ընկնող Սաուդական Արաբիայի անվտանգութեան ծառայութեան նախկին ղեկավար արքայազն Թորքի ալ-Ֆէյսալն է:
Այս բոլորի հանրագումարը (եթէ, իհարկէ, փորձերն արդիւանւորւեն) Թրամփի սպառնալիքների հետ (եթէ, իհարկէ, նա փորձի այնուամենայնիւ ցուցադրել իր այսպէս կոչւած «մաչոյեական» կարողութիւններն ու վճռակամութիւնը) կարող են Թեհրանին կանգնեցնել լրջագոյն մարտահրաւէրի առջեւ, որն ինչ խօսք, այս օրերին, երբ Թեհրանը օգտագործելով յետպատժամիջոցեան ժամանակաշրջանի ընձեռած հնարաւորութիւննները փորձում է միջազգային հանրութեան հետ վերաձեւակերպել եւ ակտիւացնել իր քաղաքա-տնտեսական յարաբերութիւնները բացարձակապէս հակացուցւած է Իրանին:
Հնարաւոր լրջագոյն մարտահրաւէրը դեռեւս սաղմնաւորման պահին վիժեցնելու համար անհրաժեշտ է համարժէք, շրջահայեաց ու չափաւորւած, բացարձակ իրատեսութեան վրայ հիմնւած արտաքին քաղաքականութիւն:
Նախագահ Ռոհանիի այցն Օմման եւ Քուվէյթ պէտք է դիտարկել հէնց այդ քաղաքականութեան շրջանակում:
Անշուշտ ակնկալել, որ Պարսից ծոցի երկու ափերի միջեւ առկայ խզումը կարել է վերացնել մէկ օրում կը լինի մեղմ ասած պարզամտութիւն, մանաւանդ, որ հիմնական ախոյեանների՝ Թեհրանի եւ Ռիադի տարածաշրջանային նպատակներն ու շահերը թւում են անհամատեղելի: Սակայն, միանշանակ է նաեւ այն իրողութիւնը, որ դիւանագիտական նման մակարդակի շփումները կարող են որոշակի բեկում մտցնել առկայ լարւածութիւնը մեղմելու գործում, եթէ հաշւի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի անդամ երկրներից գոնէ երկուսին՝ Օմմանին ու Քուվէյթին աւանդաբար այնքան էլ չի գոհացնում Սաուդական Արաբիայի եւ նրա անմիջական կցորդների՝ Կաթարի, Բահրէյնի եւ ԱՄԷ-ի ընդգծւած հակաիրանական քաղաքականութիւնը:
Չմոռանանք, որ յետպատժամիջոցեան ժամանակահատւածում Իրանն իր աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային դիրքերը վերակառուցելու համար շատ ժամանակ եւ ռեսուրսներ է ծախսել, որոնք հէնց այնպէս վատնել չի կարելի: Նախագահ Ռոհանիի վաղւայ այցն առաջին հերթին կոչւած է հէնց այդ ձեռքբերումների պահպանման ու զարգացման ընթացքի երաշխաւորմանը: