Հա

Օրակարգ

27/02/2017 - 14:52

Ադրբեջանի անյուսալի փակուղին

Հայկական ուժերի յստակ գործողութիւնները վկայում են այն մասին, որ Հայկական ԶՈՒ-ը որդեգրել են բոլորովին նոր մարտավարութիւն, որի տրամաբանութիւնը հիմնւած է պատժիչ գործողութիւնների եւ կանխարգելիչ հարւածներ հասցնելու սկզբունքի վրայ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գծում լարւածութեան հերթական աճն է նկատւում:

Փետրւարի 25-ին, Աղդամի եւ Մարտունու ուղղութեամբ ադրբեջանական կողմը հերթական յարձակման փորձը ձեռնարկեց, ինչը յետ մղւեց հայկական ԶՈՒ-ի կողմից: Հակառակորդն ունեցաւ նաեւ կորուստներ, որոնք մնացել են չէզոք գօտում, ինչն էլ վկայում է այն մասին, որ հակառակ Բաքւի պաշտօնական պնդումների նախայարձակ կողմը կրկին Ադրբեջանն է եղել:

Ինչպէս փորձագէտներն են յուշում, ուշագրաւ է այն փաստը, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում, հերթական այս միջադէպը, վերջին շրջանի գրեթէ բոլոր նմանատիպ դէպքերի պէս հետեւել է Ապշերոնեան բռնապետութիւնում ներքաղաքական զարգացումներին, աւելի որոշակի՝ ուժերի վերադասաւորմանը, որոնք, բոլորն անխտիր կոչւած են ամրապնդելու Ալիեւի ընտանիքի իշխանութեան շարունակականութեան երաշխաւորմանը:

Փորձենք յիշել նմանատիպ վերջին իրադարձութիւնները, որոնց հետեւեց ադրբեջանական ԶՈՒ-ի հերթական սադրանքը շփման գծում:

Բոլորովին վերջերս Իլհամ Ալիեւն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային նշանակեց առաջին փոխնախագահի պաշտօնում, իսկ մի քանի օր առաջ էլ անսպասելիօրէն պաշտօնից հեռացրել էր իր ամենաազդեցիկ նախարարներից Զիա Մամեդովին եւ լուծարել տրանսպորտի նախարարութիւնը: Ի դէպ, Զիա Մամեդովի պաշտօնանկութեան սցները զարմանալիօրէն նման է ոչ վաղ անցեալում ազգային անվտանգութեան երբեմնի «սուպեր նախարար» Էլդար Մահմուդովի դէպքին, որը մի գիշերում պաշտօնազրկւեց եւ կալանւորւեց պետական յեղաշրջման փորձի մեղադրանքով, իսկ նրա գլխաւորած նախարարութիւնն էլ կազմալուծւեց:

Փորձագէտները նկատել են տալիս, թէ Ադրբեջանում տեղի է ունենում «լատենտ իշխանափոխութիւն, աւելի ճիշտ՝ պետական քաղաքականութեան փոփոխութիւն» (Անուղղակի մէջբերումը «lragir.am»-ում հրապարակւած նաիրա Հայրումեանի «Իշխանութեան լատենտ փոփոխութիւն Ադրբեջանում» յօդւածից է- Ա.Շ.):

Ակնյայտ է, որ տեւական ժամանակ է, ինչ Ադրբեջանը յայտնւել է քաղաքական փակուղային իրավիճակում, որից ազատւելու համար անհրաժեշտ է քաղաքականութեան կտրուկ շրջադարձ, եւ ինչպէս պատմութիւնն է ցոյց տւել անցեալ 25 տարիների ընթացքում Բաքւում, քաղաքական նման կտրուկ շրջադարձերը միշտ էլ ուղեկցւել են ղարաբաղեան ճակատում սրացումներով:

Բաւական է թերթել պատմութեան էջերը, յիշելու համար, թէ 1993 թւականին ինչպէս իշխանութեան վերադարձաւ Հէյդար Ալիեւը:

Իհարկէ, Ադրբեջանում ներքաղաքական զարգացումների ֆոնին բնաւ էլ պէտք չէ աչքաթող անել նաեւ այն իրողութիւնը, որ ապրիլեան արկածախնդրութիւնից յետոյ Բաքուն յայտնւել է բաւականին անյուսալի վիճակում:

Բոլոր փորձագէտները միաբերան խոստովանում են, որ Հայկական ԶՈՒ-ի սխրանքի շնորհիւ հնարաւոր եղաւ պահպանել ռազմա-քաղաքական այն հաւասարակշռութիւնը, որը պատերազմական լայնածաւալ գործողութիւնների միջոցով փորձում էր խախտել, աւելի որոշակի՝ վերաձեւէր Ադրբեջանը:

Ակնյայտ է, որ Բաքւի իշխանութիւնները ցանկացած գնով փորձում են ելք գտնել փակուղային այն իրավիճակից, որում յայտնւել են նրանք ապրիլից յետոյ: Վերջին 10 ամիսների ընթացքում ադրբեջանական դիւանագիտական կորպուսի գրեթէ բոլոր քայլերն ուղղւած են եղել հէնց այդ ուղղութեամբ:

Այս կապակցութեամբ չի կարելի չհամաձայնւել փորձագիտական այն մտքի հետ, համաձայն որի՝ վերջին շաբաթների ընթացքում, շփման գծում Ադրբեջանի սադրած լարւածութիւնը գործիք է, որով Բաքուն ձգտում է ճնշում բանեցնել հայկական կողմի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրայ:

Հայկական կողմից, զոհերի եւ վիրաւորների տեսքով, Ադրբեջանն արդէն ստացել է համաչափ ու համարժէք պատասխան: Հայկական ուժերի յստակ գործողութիւնները վկայում են այն մասին, որ Հայկական ԶՈՒ-ը որդեգրել են բոլորովին նոր մարտավարութիւն, որի տրամաբանութիւնը հիմնւած է պատժիչ գործողութիւնների եւ կանխարգելիչ հարւածներ հասցնելու սկզբունքի վրայ:

Միանշանակ է, որ այս նոր մարտավարութեան միջոցով հայկական կողմը պարզորոշ կերպով փորձում է հասկացնել բոլորին, որ  թոյլ չի տայ նոր արկածախնդրութեան շանտաժով ու սպառնալիքով բեկել ռազմա-քաղաքական այն հաւասարակշռութիւնը, որ ամրագրւել է ապրիլեան պատերազմից յետոյ (Անուղղակի մէջբերում Յակոբ Բադալեանի «Ադրբեջանը ստացաւ ծանր պատասխանը» յօդւածից է- Ա.Շ.):

Այս համատեքստում կայ թերեւս առաջին հայեացքից այնքան էլ չերեւացող մի կարեւոր փաստ, որն առաւել քան երբեւէ վկայում  է այն մասին, որ Բաքուն յայտնւել է իր իսկ լարած ծուղակում:

Արդէն տեղեկացրել ենք, որ փետրւարի 25-ի աւանտիւրայի հետեւանքով ադրբեջանական ԶՈՒ-ն ունի 5 կորուստ, որոնց դիերը գտնւում են չէզոք գօտում: Տեւական լռութիւնից յետոյ, ադրբեջանական կողմը ստիպւած է եղել խոստովանել այդ մասին:

Վերջերս ՀՀ Տաւուշի մարզում սպանւած ադրբեջանցի դիւերսանտի դին վերադարձնելու համար Ադրբեջանը բանակցում էր Երեւանի հետ: Սակայն, այժմ, իր վերջին կորուստների դիերը վերադարձնելու համար Բաքուն ստիպւած է ուղղակի բանակցել Ստեփանակերտի հետ: Սա ոչ պակաս ձախողում պէտք է համարել Ադրբեջանի համար, որն ամէն գնով փորձում է խուսափել Արցախի իշխանութիւնների հետ ցանկացած տիպի եւ ձեւաչափի շփումներից՝ դա համարելով Արցախի ինքնիշխանութեան դէ ֆակտօ ճանաչման փաստ:

Յարակից լուրեր

  • Վրէժից տոգորւած ներուժով՝ դէպի նոր յաղթանակներ
    Վրէժից տոգորւած ներուժով՝ դէպի նոր յաղթանակներ

    Արցախում երկու տարի առաջ բռնկւեց պատերազմ: Այդ պահից իւրաքանչիւր հայի թէ՛ առօրեայում եւ թէ՛ հոգեկերտւածքում ինչ-որ բան փոխւեց: Պարտութիւնը իր հետ բերեց տարածքային կորուստները եւ անտանելի դարձրեց մարդկային կորուստների ցաւը: Պատերազմից յետոյ սահմանւած բոլոր թոյլատրելիներն ու անթոյլատրելիները իրար խառնւեցին: Առաջին պահին չհասկացանք, չըմբռնեցինք կատարւածը. 21-րդ դարում ոչ ոք չէր հաւատում, որ կարելի է խեղել մարմիններ, բարբարոսաբար աւերել մշակութային-կրոնական արժէք ունեցող կոթողներ: Իսկ «քաղաքակիրթ» աշխարհը լռեց:

  • Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ
    Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ

    Աշխարհագրական եւ քաղաքական տարբեր միջավայրերէ Հայաստան-Ազրպէյճան սահմանազատման գործընթացին առնչութեամբ կը հնչեն տարբեր տեսակէտներ: Ռուսիոյ նախագահը ազրպէյճանական վերջին յարձակումին առիթով կը հաստատէր, որ խնդրի լուծման բանալին սահմանազատումն է երկու երկիրներու միջեւ Ռուսիոյ երաշխաւորութեամբ: Ֆրանսայի արձագանգը չէր ուշանար: Նախագահ Մաքրոն կ՛ակնարկէր սահմանազատման գործընթացին ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ը ներառելուն մասին: Աւելի առաջ Միացեալ Նահանգները իրենց պատրաստակամութիւնը յայտնած էին սահմանազատման աշխատանքներուն իրենց թեքնիք օժանդակութիւնները բերելու:

  • «Նախնական՝ հայ գերեվարւած զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդօ» ջոկատի զինւորականներն են». «Թաթոյեան» հիմնադրամ
    «Նախնական՝ հայ գերեվարւած զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդօ» ջոկատի զինւորականներն են». «Թաթոյեան» հիմնադրամ

    Իրաւունքի եւ արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի ուսումնասիրութեամբ` նախնական վեր են հանւել տւեալներ, որ հայ գերեվարւած զինծառայողներին գնդակահարելու տեսանիւթում յանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդօ» («Komando») ջոկատի զինւորականներն են։ «Թաթոյեան» հիմնադրամից յայտնում են, որ սա նաեւ բխում է տելեգրամեան ալիքների տւեալներից:

  • «Մշտապէս ճնշւած, թոյլ, անտեսւած Փաշինեանին այսօր իշխանութիւն է տրւել, եւ նա պարպում է իր չարութիւնն ու վրէժը»․ Կարին Տօնոյեան
    «Մշտապէս ճնշւած, թոյլ, անտեսւած Փաշինեանին այսօր իշխանութիւն է տրւել, եւ նա պարպում է իր չարութիւնն ու վրէժը»․ Կարին Տօնոյեան

    Այս իշխանութիւնը հայրենիքը դարձրել է առուծախի ապրանք եւ իր տեսակով խեղճ է, թոյլ ու պարտւող, սրանք պատրաստ են ամէն ինչ զիջելու՝ ինչ-որ փշուր պահելու համար։ Գիտենք, թէ ինչպէս է դա նոյնկերպ դրսեւորւում տղայական յարաբերութիւններում։ Փաշինեանն իբրեւ տղայ միշտ եղել է ճնշւած, թոյլ, անտեսւած, հոգում կուտակել է չարութիւն ու վրէժ, իսկ դա թոյլերն են կուտակում, հիմա էլ նրան մեծ հնարաւորութիւններ են տրւել, եւ նա դրսեւորում է նոյն վարքը։

  • «Հայրենիքի հանդէպ հաւասարաչափ դաւաճան է նա, ով կը հանդուրժի Նիկոլ Փաշինեանի այդ դաւադիր ծրագիրը». Դաւիթ Գալստեան
    «Հայրենիքի հանդէպ հաւասարաչափ դաւաճան է նա, ով կը հանդուրժի Նիկոլ Փաշինեանի այդ դաւադիր ծրագիրը». Դաւիթ Գալստեան

    Նիկոլ Փաշինեանը բացում է խաղաքարտերը։ Մենք այսօր առնչւում ենք փաստի հետ, որ նա ձեռքերը լւանում է Արցախի խնդրից։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Հանրային ՀԸ-ին տւած հարցազրոյցում արած յայտարարութեանը, թէ ԼՂ խնդրի շահառուն ԼՂ ժողովուրդն է՝ իր ընտրւած ներկայացուցիչների միջոցով, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմեանց սահմանները։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։