Հա

Օրակարգ

29/02/2020 - 14:20

Իդլիբի իրադարձութիւնների եւ հնարաւոր զարգացումների շուրջ

Իդլիբի շուրջ ստեղծւած իրադարձութեան հետ կապւած ռուս-թուրքական յարաբերութիւնների սրման հերթական փուլի ականատեսն ենք: Այդ կապակցութեամբ անհրաժեշտ է կատարել մի քանի դիտարկում.

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Իդլիբի շուրջ ստեղծւած իրադարձութեան հետ կապւած ռուս-թուրքական յարաբերութիւնների սրման հերթական փուլի ականատեսն ենք: Այդ կապակցութեամբ անհրաժեշտ է կատարել մի քանի դիտարկում.

Ա. Չի կարելի չհամաձայնւել փորձագիտական այն կարծիքի հետ, որ վերջին իրադարձութիւնները միանշանակ պէտք է դիտարկել Սիրիայի ճգնաժամում հիմնական խաղացողների միջեւ շահերի առճակատման եւ ազդեցութեան գօտիների վերաձեւաւորման շարունակական եւ չդադարող գործընթացի համատեքստում, որն այս անգամ դրսեւորւել է Իդլիբում առկայ ստատուս քւոյի պահպանման, կամ բոլորովին նոր ստատուս քւոյի ստեղծման տեսքով:

Բ.  Աստանայի գործընթացի մեկնարկից ի վեր, պաշտօնական Անկարան երբեւէ չի թաքցրել, որ Իդլիբը համարում է Սիրիայում իր անվտանգութեան գօտու ռազմավարական նշանակութեան առանցքային հանգոյցներից մէկը, եւ չի պատրաստւում համակերպւել դրա ստատուս քւոյի հնարաւոր փոփոխութեան եւ, հետեւաբար, կորստի հետ:

Գ. Դիպուկ է փորձագիտական կարծիքն այն մասին, որ ռուս-թուրքական առճակատման այս փուլում, Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել է կիրառել այսպէս կոչւած «ածելու սայրին խաղալու» ռազմավարութիւնը. կողմերից մէկը՝ տւեալ դէպքում Անկարան, իրավիճակը սրում է անցանկալի, նոյնիսկ աղէտալի ուղղութեամբ՝ ենթադրելով, թէ միւս կողմը վերջին պահին ինքնապաշտպանական նպատակներով կընկրկի:

Պարզ ասած, այս խաղից հմտօրէն օգտւողն այն հասցնում է պատերազմի՝ չսկսելով այն: Ով վախենում է, հրաժարւում է պատերազմից, եւ պարտւում է:

Ռուսաստանին, սկայան,  վախեցնել չի յաջողւել, եւ պաշտօնական Մոսկւան շարունակում է Իդլիբում համապարփակ աջակցութիւն ցուցաբերել սիրիական բանկի գործողութիւններին:

Ե. Միեւնոյն ժամանակ, Էրդողանը փորձում է Մոսկւայի շուրջ սեղմել օղակն, Արեւմուտքին, աւելի որոշակի՝ ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին ներքաշելով Ռուսաստանի դէմ իր սանձազերծած արկածախնդրութեան մէջ:

Զ. Ակնյայտ է, որ սա եւս Թայիփ Էրդողանի մօտ չի ստացւել: Թէ՛ Վաշինգտոնում, թէ՛ ՆԱՏՕ-ում Անկարային հասկացնել են տւել, որ չեն պատրաստւում դեկլարատիւ յայտարարութիւններից այն կողմ անցնել՝ ներքաշւելով Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտութեան մէջ՝ մանաւանդ, որ վերջիններս լուրջ խնդիրներ ունեն Անկարայի հետ:

Բացի այդ կայ եւս էական մի հանգամանք. Թուրքիան ռազմական գործողութիւններ է ծաւալել Սիրիայի տարածքում, ուր զօրք մտցնելու միջազգային որեւէ թոյլտւութիւն չունէր եւ, բնականաբար, միջազգային իրաւունքի եւ հանրային կարծիքի տեսանկիւնից համարւում է ագրեսոր:

Այս համատեքստում կարեւոր նշանակութիւն կարող է ունենալ մարտի 5-ին նախատեսւած Պուտին-Էրդողան հանդիպումը:

Կասկածից վեր է, որ կողմերից ոչ մէկը չի ցանկանում գնալ ռազմական լայնածաւալ գործողութիւնների ճանապարհով: Դա չի բխում ո՛չ Մոսկւայի, ոչ առաւել եւս Անկարայի անմիջական շահերից: Մեծ է հաւանականութիւնը, որ հանդիպման արդիւքնում կողմերը կը փորձեն հասնել որոշակի համաձայնութեան, եւ լիցքաթափել իրավիճակը գոնէ այս փուլում, որից յետոյ էլ նրանց միջեւ դիրքային եւ ուժային դիմակայութիւնը կը շարունակւի հիմնականում միջնորդաւորւած եւ տեղայնացւած բնոյթով:

Տրամաբանութիւնը յուշում է սակայն, որ մինչ հանդիպումը կողմերից իւրաքանչիւրը կը փորձի հնարաւորինս ամրապնդւած դիրքերով նստել բանակցային սեղանի շուրջ:

Մոսկւան արդէն որոշակիօրէն ապահովել է այդ դիրքերը, ինչը չի կարելի ասել Անկարայի դէպքում: Իրադարձութիւնների ներկայ ընթացքից պարզորոշ երեւում է, որ դժւար թէ Թայիբ Էրդողանին յաջողւի առաջիկայ մի քանի օրերի ընթացքում բեկումնային փոփոխութիւն մտցնել Իդլիբում ծաւալւող ռազմական գործողութիւնների ընթացքում: Մանաւանդ, որ դա կարող է չափազանց ռիսկային լինել:

Առ այդ չպէտք է բացառել Անկարայի կողմից սադրանքի գնալու հնարաւորութիւնը: Այս մասին արդէն ակնարկել է Էրդողանի արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Մեսութ Հաքքը Ջաշընը, որը թուրքական «A Haber» հեռուստաընկերութեան ուղիղ եթերում սպառնացել է Մոսկւային ծանր վրէժով. «Ռուսաստանում 25 միլիոն մուսուլման կայ, Ռուսաստանը ներսից կը պառակտւի։ Եթէ մուսուլմանները սկսեն հարւածել, վրէժը շատ ծանր կը լինի Ռուսաստանի համար»:

Այս սպառնալիքն իհարկէ դժւար թէ խօսքից գործի վերածւի, հաշւի առնելով այն հանգամանքը, որ Մոսկւան եւս կարող է նման համարժէք գործողութիւններ ծաւալել Թուրքիայում: Յամենայնդէպս մինչ մարտի 5-ի՝ Պուտին-Էրդողան հանդիպումը դա բացառւած է:

Անկարան, սակայն, ունի պահեստային եւ աւելի գործնական տարբերակ: Դա Արցախի ճակատում «կրտեսր եղբօրն» աջակցութեան կանչելու տարբերակն է, որը ցանկացած պահի կարող է կեանքի կոչւել, հաշւի առնելով այդ ուղղութեամբ Բաքւի անթաքոյց հակւածութիւնն ու Մոսկւային նեղը դնելու ցանկութիւնը:

Եւ հէնց այս հանգամանքն էլ հայկական շահերի դիտանկիւնից օրակարգային է դարձնում Իդլիբում ծաւալւող իրադարձութիւնները:

Ընդունւած է նշել, որ իրադարձութիւնների ճիշտ գնահատման, դրանց համաչափ ու համարժէք արձագանքի դէպքում, արտաքին քաղաքականութեան ոլորտում ցանկացած մարտահրաւէր կարելի է առիթի վերածել: Հայկական կողմի համար Իդլիբն այսօր հէնց այդ մարտահրաւէրն է:

Միանշանակ պէտք է ընդունել փորձագիտական այն տեսակէտը, որ պաշտօնական Երեւանին անհրաժեշտ է առաւելագոյն հմտութիւն ցուցաբերելու միջոցով ամրապնդել սեփական դիրքերն ու կարողանալ Մոսկւայում օրակարգային դարձնել հայկական շահը՝ իրավիճակից նւազագոյն կորուստներով դուրս գալով:

Նոյնը կարելի է ասել նաեւ Իրանի հետ կապւած, որը թէեւ որոշակի հանգամանքներից ելնելով վերջին շրջանում գործում է յետ քաշւած դիրքերից, եւ ստիպւած համագործակցում է Թուրքիայի հետ, այդուհանդերձ, տարածաշրջանային անվտանգային, ռազմական ու քաղաքական հարցերում Անկարայի հետ ունի սկզբունքային տարաձայնութիւններ, եւ միանշանակօրէն աջակցում է Իդլիբում ռուս-սիրական համատեղ ռազմական գործողութիւններին:

Յ.Գ. Չմոռանանք այն հանգամանքը, որ Իդլիբում ռուս-սիրիական համատեղ գործողութիւնների առաջընթացից եւ յաջողութեան չափից է կախւած նաեւ հալէպահայութեան անվտանգութեան առաւել ամրապնդումը:

Յարակից լուրեր

  • Ռուբիկոնն յաղթահարւած է
    Ռուբիկոնն յաղթահարւած է

    Կայացնել որոշումներ առանց անմիջական պատասխանատւութիւն կրելու եւ առանց անհրաժեշտ գիտելիքներ եւ տեղեկութիւն ունենալու։ Սա պոպուլիզմի ամենաանմիջական բնութագիրն է:

    Քաղաքականութիւն, որը թիրախաւորում է լայն զանգւածներին, խոստանում է նրանց արագ եւ հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար, ներկայացնելով ոչ թէ բարդ իրականութիւնը, այլ այն, ինչ մարդիկ ցանկանում են: Իսկ մարդիկ ընդհանրապէս ցանկանում են խուսափել բարդ իրականութիւնից եւ նախընտրում են պարզ եւ արագ իրականացւող մակերեսային լուծումներ։

  • Միացեալ Հայաստանը՝ որպէս նւիրական իդէալ եւ տեսլական
    Միացեալ Հայաստանը՝ որպէս նւիրական իդէալ եւ տեսլական

    Մայիսի 28-ն անկասկած մեր պատմութեան ամենապայծառ էջն է: Այն սեփական անկախ պետականութիւն ունենալու նպատակով հայ ժողովրդի անբեկանելի կամքի մարմնաւորման տօնն է:

    Մայիսի 28-ի մասին շատ է խoսւել ու գրւել: Եւ դեռ էլի է խօսւելու ու գրւելու: Եւ դա բնական է, որովհետեւ այն մի բացառիկ իրադարձութիւն էր, որին մենք սպասել էինք 6 դար շարունակ՝ կորսւած անկախութեան պայմաններում:

  • «Սիւնիքի հարցով Իրանն իրադարձութիւններին կը ներգրաււի այնքան, որքան դա կը պահանջի եւ կը ցանկանայ Հայաստանը». Արամ Շահնազարեան
    «Սիւնիքի հարցով Իրանն իրադարձութիւններին կը ներգրաււի այնքան, որքան դա կը պահանջի եւ կը ցանկանայ Հայաստանը». Արամ Շահնազարեան

    Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանի հատումը, յատկապէս Սիւնիքի ուղղութեամբ, Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը հակւած է որոշակիօրէն դիտարկել նաեւ Հարաւային Կովկասում ակտիւօրէն ընթացող աշխարահաքաղաքական նոր խմորումների համատեքստում:

  • «Իրանական շրջանակներում նորից սկսել են խօսել, որ Սիւնիք-Զանգեզուրի հաւանական կորուստը աղէտ է լինելու Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան համար». Արամ Շահնազարեան
    «Իրանական շրջանակներում նորից սկսել են խօսել, որ Սիւնիք-Զանգեզուրի հաւանական կորուստը աղէտ է լինելու Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան համար». Արամ Շահնազարեան

    Թէ ինչպէս են Զանգեզուրի, Մեղրիի միջանցքի մասին ադրբեջանական յայտարարութիւններն ընդունւում Իրանում, 168.am-ի հետ զրոյցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը նշեց, որ Իրանում մտահոգութեամբ են հետեւում Մեղրիի կամ, այսպէս ասած, Զանգեզուրի միջանցքի հետ կապւած զարգացումներին:

  • Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան
    Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան

    22 մարտի 1931 թւական. լոյս աշխարհ եկաւ ԱԼԻՔ-ի առաջին համարը։

    Հայ մամուլի ընտանիքի բոլոր զաւակների պէս, ԱԼԻՔ-ը եւս անսահման սիրոյ եւ նւիրումի ծնունդ էր, որին յաջողւեց հասակ առնել, անցնել անասելի դժւար ճանապարհով, յաղթահարել բազում փորձութիւններ, պահպանել իր գոյութիւնը, եւ, ամենակարեւորը՝ իր բարոյական-գաղափարական ուղենիշը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։