Հա

Օրակարգ

26/08/2021 - 12:25

Ամենակարեւորը վճռակամութիւնն է

ՀՀ ազգային ժողովում, երէկ տեղի ունեցած միջադէպերից յետոյ, հարց է առաջանում, որ տարածաշրջանային խաղաղութեան հաստատման ջատագով իշխանութիւնն ի զօրու չլինելով «խաղաղութիւն» հաստատել, թէկուզ, ԱԺ նիստերի դահլիճում, ինչպէ՞ս է պատրաստւում իրականացնել «տարածաշրջանային խաղաղութեան» դարաշրջան մեկնարկելու իր «առաքելութիւնը»:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

ՀՀ ազգային ժողովում, երէկ տեղի ունեցած միջադէպերից յետոյ, հարց է առաջանում, որ տարածաշրջանային խաղաղութեան հաստատման ջատագով իշխանութիւնն ի զօրու չլինելով «խաղաղութիւն» հաստատել, թէկուզ, ԱԺ նիստերի դահլիճում, ինչպէ՞ս է պատրաստւում իրականացնել «տարածաշրջանային խաղաղութեան» դարաշրջան մեկնարկելու իր «առաքելութիւնը»:

Ակնյայտ է, որ նրանք բացառապէս աւելիին են պատրաստ յանուն խնդիրների քողարկման՝ դրանց թաքցնելուն, միայն թէ սեփական թիմի թուլակամութիւնը ի յայտ չգայ:

Այսպիսով, շարունակելով խուսափել նախաձեռնողականութիւն եւ յստակութիւն պահանջող, առաջնային որոշումներ կայացնելուց եւ դիրքորոշումներ արտայայտելուց, փորձ է արւում փակ պահել պանդորայի արկղը: Միայն, թէ այն չբացւի եւ օրակարգային հարցեր չբարձրաձայնւեն:

Մի կողմ թողնելով ԱԺ-ական դիսկուրսները, եկէք վերադառնանք, ՀՀ կառավարութեան 2021-2026 թւականի ծրագրի դրոյթների քննարկումներին (https://www.e-gov.am/sessions/), կամ, «մանիֆեստ»-ին:

Այն, ընթերցելուց  առնւազն տպաւորութիւն է ստեղծւում, որ Իշխանութիւնները կատարել է իր առջեւ դրւած գրեթէ բոլոր խնդիրները. մի խօսքով՝ Mission accomplished, եւ այժմ իր ողջ ջանքերը պէտք է ի սպաս դնի՝ տարածելու եւ քարոզելու յանուն տարածաշրջանի ժողովուրդների համերաշխութեան եւ խաղաղ գոյակցութեան նպատակների։

Եւ, ինչպէս ծրագրում ընդգծւում է. «Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, արտահերթ ընտրութիւնների արդիւնքներով ժողովրդի առաջ Կառավարութեան ստանձնած մեծագոյն առաքելութիւնն է»։

Այսպիսով, գործադիրը հակւած է ժողովրդի անունից իրականացնելու  տարածաշրջանը խաղաղ զարգացնելու պլանը, եւ ըստ խաղի չգրւած կանոնների, ենթադրել կարելի է, որ եթէ անգամ ինչ-որ վատ բան իր պլաններում ստացւի, կամ ասենք վառօդի տակառի նման տարածաշրջանում, որտեղ իրադարձութիւնները զարգանում են կայծակնային արագութեամբ, մի բան այլ կերպ ստացւի՝ հակառակ կանխատեսումների, ապա, հոգ չէ: Դրա համար եւս մանիֆեստն ենթադրում է փորձարկւած, ստւերային լուծում: Դա կը լինի նախկիներին՝ քաւութեան նոխազ սարքելը:

Բայց, անցեալի ձանձրոյթ պատճառող, վերացական դիսկուրսը, եկէք, թողնենք անցեալում, եւ տեսականօրէն դիտարկենք գործադիր իշխանութեան ծրագրային դրոյթները, յատկապէս տարածաշրջանը եւ Արցախը զարգացնելու պլանները:

Նախ, հարցեր են առաջանում թէ մենք, առհասարակ, ե՛ւ որպէս պետութիւն ե՛ւ որպէս հասարակութիւն, ճանաչո՞ւմ ենք արդեօք տարածաշրջանը։ Գիտե՞նք արդեօք տարածաշրջանային խաղացողների շահերը, ռեսուրսները, ցանկութիւնները, հասկացե՞լ ենք դրանք, թէ՞ ոչ:

Ինչ վերաբերում է, Արցախը խաղաղ զարգացնելու ծրագրերին, ապա, պատրա՞ստ ենք մեր հայրենակիցներն երաշխաւորել, վճռակամութիւն ցուցաբերել, որ զարգացած Արցախում նրանք կարող են ապրել, արարել, գոնէ մօտակայ 30-50 տարում։

Եկէք ընդունենք, որ այս հարցերի վերաբերեալ վճռական դիրքորոշում եւ պատասխաններ ունենալը կենսական նշանակութիւն ունեն հայոց պետականութեան գոյատեւման առումով: Արձանագրենք, որ այդ հարցում ցուցաբերւում է բացայայտ խուսափողականութիւն։

Աւելին, գործող իշխանութիւնները, ունենալով ժողովրդի «լիարժէք» վտահութեան քւէն, այնումենայնիւ, շարունակում է խուսափել նախաձեռնողականութիւն եւ յստակութիւն պահանջող, օրհասական որոշումներից, դիրքորոշումներ արտայայտելուց, փորձելով, փակ պահել պանդորայի արկղը, որպէսզի Աստւած մի արասցէ նոր խնդիրների ալիք չբարձրացւի, բայց դա, եւս չի կարող խնդրականացնել գործող իշխանութեանը բնորոշ բարդ իրավիճակների օրինաչափութիւնը՝ զիջման ուղին:

Կարծում եմ, տեղին կը լինի այստեղ արձանագրել, որ քաղաքական կեանքն առհասարակ, առանց վճռակամութեան եւ նախաձեռնողականութեան դրսեւորումների պատիւ չի բերում: Այն խիստ վտանգաւոր է։ Չնայած, ակնյայտ է, որ ՀՀ գործող իշխանութիւնները տւեալ սկզբունքների վրայ մեղմ ասած, թքած ունեն։

Այն, որ ոմանց ուղղակի այս հարցերը չեն յուզում, եւս ակտուալ է։

Ինչ վերաբերում է, տւեալ հարցերով անհանգստացողներին, ապա, լաւ կը լինի, ոչ մէկը, բացառապէս «հայրենասիրութեան» քողի տակ չթաքնւի: Առհասարակ, մենք չենք կարող հերթական պարտութիւնից, անհանդուրժողականութիւնից, կրակոցից, կամ ինչ-որ ընտրութիւններում պարտւելուց, նորից ու նորից ազգային միասնականութեան կոչեր անել, զոհողութիւններ պահանջել՝ հաւատալով, որ քաղաքական դասը կրկին, հանգիստ կարող է վերադառնալ իր մշտական բանուգործին։ Դա եւս, կը լինի մէկ վտանգաւոր սխալ։

Ի վերջոյ, անտարբերներից, նոյնպէս, վերջապէս, պէտք է ինչ-որ բաներ հասկանալ: Հնարաւոր է, որ մենք նախ, ու աւելի շատ սեփական անտարբերութեան զոհն ենք դարձել։

Վերջում, աւելացնեմ. գիտեմ, որ կան շատ մարդիկ, ովքեր ունեն յստակ ծրագրեր եւ դրանց իրականութիւն դարձնելու վճռակամութիւն, սակայն գերի են ընկել համատարած յուսահատութեան մթնոլորտին։ Եկէ՛ք, ինչ-որ բան չթողնենք պատեհութեանը, դուրս գանք յարմարւողականութեան գօտուց։

Այժմ, ամենակարեւորը գործողութիւնն է։ Ծրագիրը։ Դրանք իրականացնելու վճռակամութիւնը՝ հեռու քաղաքական վերացական բանավէճերից։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։