Հա

Օրակարգ

31/08/2021 - 13:17

Մենք ՊԱՐՏԱՒՈՐ ենք կանգնել «ԱՐԱՐԱՏ»-ի թիկունքին

Կորոնավիրուսի համավարակի բռնկման, Արցախեան վերջին պատերազմի, եւ պետականութեան լինել-չլինելու խնդիրների առջեւ կանգնած հայութիւնն իր ամբողջական իմաստով, ապրում է իր ժամանակակից պատմութեան ամենաբարդ էտապան՝ դիմակայելով անյաղթահարելի թւացող փորձութիւններ։

 

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Կորոնավիրուսի համավարակի բռնկման, Արցախեան վերջին պատերազմի, եւ պետականութեան լինել-չլինելու խնդիրների առջեւ կանգնած հայութիւնն իր ամբողջական իմաստով, ապրում է իր ժամանակակից պատմութեան ամենաբարդ էտապը՝ դիմակայելով անյաղթահարելի թւացող փորձութիւններ։

Մինչ նոր իրողութիւնների թելադրած խոչընդտորների յաղթահարումը, հայութիւնն առանց այդ էլ չէր համակերպւել համաշխարհային իրողութիւններին։ Գոյութիւն ունեցող մարտահրաւէրներին լիարժէք արձագանգելուն անկարող էին սփիւռքեան գրեթէ բոլոր համայնքները։ Այդ թւում՝ իրանահայութեան կառոյցները, սկսած ամենափոքրից՝ հանրային, ներգրաււածութեան, տարածքային, ռեսուրսային իմաստով, վերջացրած ամենամեծով, մեր դէպքում՝ «Արարատ» մարզաւանով։

Միայն երէկ, «Արարատ»-ի Հանրութեան հետ կապի գրասենեակը հրապարակեց մարզաւանի 90 մլն. թուման կոմունալ ջրի վճարման պարտաւորութեան մասին փաստաթուղթ-անդորրագրի լուսանկարը։

Փաստ է, որ կորոնավիրուսի պատճառով «Արարատ»-ը եւս, բոլոր հանրային-հասարակական կենտրոնների պէս, այցելուների թւի կտրուկ նւազում է արձանագրել եւ, տրամաբանօրէն, պակսել են նաեւ մինչ այդ էլ չբաւարարող եկամուտների աղբիւրները։

Ինչ խօսք, ահռելի այդ ծախսերի մասին տեղեկացւելուց յետոյ, շատերի մօտ անկասկած, փոխադարձ կապերի հաշւառման հիման վրայ, պատճառահետեւանքային մտահոգութիւնների շղթայական` լուծում պահանջող բազմաթիւ հարցեր կառաջանան:

Նախ. hամայնքային ռեսուրսներով, կորոնավիրուսային արտակարգ պայմաններում աշխատող «Արարատ»-ը կարո՞ղ է արդեօք հոգալ նման ահռելի ծանր ծախսերը։ Կա՞ն արդեօք այլընտրանքային ռեսուրսներ եւ ուղիներ մեր միութիւնների պահպանմանն եւ զարգացմանը նոր թափ հաղորդելու համար, թէ՞ ոչ: Որոնք են չբացայայտնւած ելքերը, փակուղային թւացող իրավիճակից դուրս գալուն ուղղւած` մեր գործունէութիւնը վերաիմաստաւորելու առումով։

Հնարաւո՞ր է կովիդից մեկուսացած մարդուն վերադարձնել ընկերային՝ հանրային-հասարակական կեանք, որտեղ զարգանում են նրա անհատականութեան տարբեր ասպեկտները։ Ունե՞նք արդեօք այդ հարցի դրական լուծաման համար անհրաժեշտ հասարակական-ֆինանսական ներուժ, թէ՞ ոչ: Եւ, առհասարակ, իրատեսակա՞ն է «սփիւռքի զարգացման» օրակարգին առնչւող հարցեր բարձրացնելը, երբ Հայաստանի գոյթութիւնն է խնդրականացւած ընդհանրապէս:

«Արարատ»-ի վերաբերեալ՝ եւ ոչ միայն: Կարծում եմ, կարելի է յստակ արձանագրել, որ «Արարատ»-ը միանշանակ, միայնակ, չի կարող դիմագրաւել նման մասշտաբների մարտահրաւէրային իրավիճակին: «Արարատ»-ին, երեւի թէ, ամենաշատը ժողովրդի աջակցութիւնն է պէտք։

Այնուամենայնիւ, ճառերի ճիրաններում գերի չնկնելու համար, փորձենք ընդհանուր պատկերին տանող ինչ-որ բաներ բացայայտել։

Փաստ է, որ ՀՀ-ն այսօր կանգնած է չյաղթահարւած անվտանգային ճգնաժամի, պետականութեան կորստի առջեւ: Պատերազմում մեր կրած պարտութեան, մեզ պարտադրւած կապիտուլեացիայի եւ Արցախի տարածքի աւելի քան 70 տոկոսի կորստի արդիւնքում, հայութեան, այդ թւում՝ սփիւռքահայի ինքնութիւնը խոցոտւած է, առաւել քան երբեւէ: Եկէք համաձայնւենք, որ սփիւռքահայերից շատերը, յաճախ ձեւականօրէն շարունակում են կիրառել նախկին հռետորաբանութիւնը: Սակայն, ինձ թւում է, մեզանից, ոմանք այլեւս իրենց ինքնութիւնը չեն կապում Հայաստանի հետ (դա, անպայման, պայմանաւորւած չէ պատերազմի հետեւանքներով): Հիասթափութիւնն էլ է պատճառներից մէկը: Մեզ, մասնաւորապէս, լիարժէք չենք զգում Հայաստանի առումով: Մեր՝ բոլորիս հսկայական ներուժը տասնամեակներ ի վեր չի օգտագործւել, լիարժէք, հսկայական վատնում է տեղի ունեցել:

Հայաստանեան յաջորդական իշխանութիւնները, այդպէս էլ չեն կարողացել սփիւռքի ռեսուրսները պատշաճ կերպով ուղղել Հայաստանի եւ հայութեան զարգացման ուղղութեամբ: Կողմերի միջեւ անբաւարար է մնացել փոխադարձ, յանուն ընդհանուր շահի վրայ հիմնւած կապի սահուն ապահովումը:

Աւելի փոքր իմաստով, միութիւնները կրելով հայապահպանման առաքելութիւն, կանգնած են ինքնութեան վերաիմաստաւորման լուրջ մարտահրաւէրի առջեւ։ Մենք, այսօր, թէկուզ ճառերից ենք ամաչում, կասկածում եմ, թէ այլեւս կը լինե՞ն «բաժակաճառեր», թէ՞ ոչ: Չնայած, եթէ այդ աւանդոյթի վերացումը մեզ կը ստիպի աւելի շատ գործել՝ քարոզների փոխարէն, ապա, լիարժէք կողմ եմ դրա վերացմանը:

Ինչ վերաբերում է COVID-ին, ապա, իրողութիւնն այն է, որ COVID-ից յետոյ շատ բան իհարկէ փոխւեց։ Սակայն, եկէք փաստենք, որ նախքան COVID-ը, իրանահայութեան նոր սերնդից եւ, առհասարակ, հայերից շատերն իրենց առօրեայ կեանքի եւ գործող հայկական կառոյցներում ընդգրկւելու միջեւ դժւար էին կապեր գտնում։ Չէին ընդգրկւում դրանցում եւ, արդիւնքում, հեռանում էին հայկական աշխարհից։

Իհարկէ տեղին է արձանագրել, որ, սփիւռքը պատերազմի օրերին առաւել քան երբեւէ փորձեց անել ամէն ինչ: Արդիւնքները պարզ են, չբաւարարեցին Արցախը պահելուն:

Վերադառնալով COVID-ին, ապա բռնկման առաջին ալիքին զուգահեռ, համայնքային բոլոր կառոյցները, մասնաւորապէս «Արարատ»-ը, անցաւ սահմանափակումների։ Տարբեր լուծումներ կիրառւեցին։ Յետոյ, աստիճանաբար, անվտանգային բոլոր միջոցառումների պահպանման պայմաններում, աշխատանքների վերականգնում սկսւեց: Այնուամենայնիւ, COVID-19-ի առումով, խոչընդոտները դեռեւս շարունակում են պահպանւել։

Ինչ խօսք, անշուշտ, այս ամէնը լուրջ քննութեան առարկայ պէտք է դառնայ։ Մենք չենք կարող յաւերժ ինքնախաբէութեամբ զբաղւել՝ Հայաստանն ու մեզ բոլորիս տանելով պատրանքների։ Իրավիճակային ճիշտ գնահատականը օրհասական է։ Դէպի ո՞ւր ենք գնում։

Անկասկած, հէնց մենք ենք կարող հասկանալ, պարզել, թէ դէպի ո՞ւր ենք գնում։ Ստանձնենք այդ պատասխանատւութիւնը՝ հաշւի նստելով բոլոր այն տեսակէտների հետ, որոնց հետ միգուցէ համաձայն չլինենք, հեռու մնալով, բացառապէս յուզականութեան վրայ հիմնւած իրականութիւն կառուցելուց: Դա, կործանարար է։ Այս ամենի հասցէատէրը բոլորս ենք՝ հայութիւնը: Պէտք է վերջապէս յաղթահարել կաղապարները, տեսնել իրական աշխարհը։

Վերադառնալով «Արարատ»-ի կոմունալային ահռելի պարտաւորութեան մարման խնդրին, հնարաւոր է, որ վերը նշւած բոլոր գործօնները յարմարաւէտ իրավիճակ ստեղծեն այդ անդորրագրերը մի կողմ գցելու, անտեսելու, ոչնչացնելու, այրելու, մոխիր դարձնելու համար, բայց չեն կարող չեղարկել օբիեկտիւ օրինաչափութիւնները: «Արարատ»-ը կանգնած է այդ պարտաւորութեան առջեւ, «Արարատ»-ը ՊԱՐՏԱՒՈՐ է առաջ շարժւել։ Սա անվիճարկելի է։ Իսկ մենք պարտաւո՞ր ենք արդեօք կանգնել «Արարատ»-ի թիկունքին։ Պատասխանը միանշանակ է։ ՊԱՐՏԱՒՈ՛Ր ԵՆՔ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։