Հա

Համայնք

25/02/2017 - 11:18

Սրբոց Վարդանանց տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

Փետրւարի 23-ին, եկեղեցական արարողութիւններով եւ ազգային տօնախմբութիւններով Ատրպատական թեմի զոյգ հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում նշւեց Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը: 

«alikonline.ir» - Փետրւարի 23-ին, եկեղեցական արարողութիւններով եւ ազգային տօնախմբութիւններով Ատրպատական թեմի զոյգ հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում նշւեց Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը: Այս մասին տեղեկացնում է Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանը:

 Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, Սրբոց Վարդանանց յիշատակի հանդիսաւոր ժամերգութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը: Գիշերային եւ յատկապէս առաւօտեան ժամերգութիւնների կատարումով յիշատակւեցին հայ եկեղեցու տօնացոյցի ամէնից ժողովրդական սրբերը՝ քաջ Վարդան եւ նրա զինակից 1036 նահատակները, որոնք «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» մատուցին իրենց անձերը, նահատակութեան բագինի վրայ զոհւելով Աւարայրի դաշտում:

Նոյն առիթով, ներկայ հաւատացեալները եւ Թաւրիզի հայոց ազգային դպրոցի եւ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտութիւնը հաղորդւեցին Քրիստոսի սուրբ մարմնով եւ արեամբ:

Նոյն օրը՝ առաւօտեան, ազգային մեծ տօնը նշւեց նաեւ Թաւրիզի ազգ. դպրոցի սրահում, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:

Հանդիսութեանը ներկայ էին Թեմական խորհրդի, հոգաբարձութեան, ծնողական խորհրդի, տեսչութեան եւ ուսուցչական կազմի անդամներ, ինչպէս նաեւ թաւրիզահայ համայնքի զաւակներ:

Բացման խօսքով աշակերտութեան անունից հանդէս եկաւ Նարէ Սայադեանը՝ օրւայ խորհրդի միջոցով փոխանցւած պատգամը հաղորդելով ներկաներին: Ապա, օրւայ գեղարւեստական ճոխ ծրագրի ընթացքը ներկայացրեց, որը յագեցւած էր դպրոցի երգչախմբի ելոյթով եւ արտասանութիւններով: Երգչախումբը, ղեկավարութեամբ Նարինէ Սայադեանի, հանդիսատեսին մատուցեց Վարդանանց տօնի խորհուրդը ներկայացնող ազգայնաշունչ երգեր:

Արտասանութիւններով հանդէս եկան Յասմիկ Շահմուրադեանը, Իզապէլ Սարգսեանը, Իւէտ Վարդազարեանը, Անժելինա Սալմաստեանը, իսկ Վարդանանց տօնի մասին պատմական բացատրութիւն կարդաց Էմելիա Աբրահամեանը: Ապա, օրւայ առիթով արտայայտւեց դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը: Նա տօնի պատմական անցեալը ներկայացնելով, դրանից դաս քաղելու պատգամ ուղղեց ներկաներին՝ շեշտաւորելով արիութեան, արթնութեան եւ միասնականութեան գաղափարները:

Նոյն օրը, Ուրմիոյ ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Ներկայ բազմութիւնը պատարագի ընթացքին հաղորդւեց Քրիստոսի սուրբ մարմնով եւ արեամբ: Սբ. պատարագի աւարտին ՀՕՄ-ի Ուրմիոյ մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի երեխաները յատուկ յայտագրով հանդէս եկան, Սրբոց Վարդանանց տօնին նւիրւած երգերով ու արտասանութիւններով: Հանդիսութիւնը ղեկավարում էր մանկապարտէզի ուսուցչուհի՝ Օֆելիա Սայադեանը:

Յայտնենք, թէ Ուրմիայում մատուցւած ս. եւ անմահ պատարագին ներկայ գտնւեցին Ուրմիոյ ազգային իշխանութեան անդամները՝ Գործակալական խորհրդի ատենապետ՝ Փայլակ Սահակեանի գլխաւորութեամբ, ինչպէս նաեւ պատգամաւորական ժողովի Ուրմիոյ շրջանի ներկայացուցիչները, աշակերտների ծնողները եւ բարեպաշտ հաւատացեալներ: Նոյն առիթով յիշատակութիւն կատարւեց եւ շնորհաւորական մաղթանք փոխանցւեց բոլոր Վարդան անունը կրողներին:

Աւարայրի խորհրդով լիացած, Թաւրիզում եւ Ուրմիայում հաւատացեալներ հոգեկան բաւարարութեամբ վերադարձան իրենց տները, ազգային-եկեղեցական սիրելի տօնի շնչով զօրացած: 

Յարակից լուրեր

  • Խաչվերացի տաղաւարի տօնակատարութիւն եւ ռեհանազարդ խաչով անդաստան Ատրպատականի հայոց թեմում
    Խաչվերացի տաղաւարի տօնակատարութիւն եւ ռեհանազարդ խաչով անդաստան Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 13 սեպտեմբեր 2020 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում, Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, Խաչվերացի տաղաւար տօնի առիթով:

  • Բացում Ատրպատականի հայոց թեմի կրթօջախների 2020-2021 տարեշրջանի
    Բացում Ատրպատականի հայոց թեմի կրթօջախների 2020-2021 տարեշրջանի

    Շաբաթ, 5 սեպտեմբեր 2020 թւին, առաւօտեան ժամը 9-ին, համաձայն Իրանի Իսլամական Հանրապետութեան կրթական նախարարութեան հրահանգին, պաշտօնական բացումը կատարւեցաւ նաեւ Ատրպատականի հայոց թեմի ազգային վարժարանների, Թաւրիզում եւ Ուրմիայում:

  • Ատրպատականի հայոց թեմում նւիրահաւաք՝ ի նպաստ Լիբանանի հայութեան
    Ատրպատականի հայոց թեմում նւիրահաւաք՝ ի նպաստ Լիբանանի հայութեան

    Սրբազան Հայրը այս առիթով ասաց. «Կոչ արեցինք մեր ժողովրդի զաւակներին, որ նոյնիսկ իրենց դոյզն նւէրը, համեստագոյն լուման չզլանան նւիրաբերելու մարդասիրական ու ազգասիրական սոյն նպատակին, որպէսզի դրանք եւս միացնելով Ազգային իշխանութեան կողմից տրամադրւող գումարին, որպէս «այրի կնոջ լումայ» ուղարկենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից հաստատւած լիբանանահայութեան Օժանդակութեան ֆոնդին: Հաւատում ենք, որ ովկիանոսներն եւս ջրի կաթիլներից են բաղկանում»:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցեց եւ զօրակցեց ԻԻՀ-ում Լիբանանի դեսպանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցեց եւ զօրակցեց ԻԻՀ-ում Լիբանանի դեսպանին

    6 օգոստոս 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան ցաւակցական եւ զօրակցական նամակ յղեց ԻԻՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազօր դեսպան Հասան Մոհամմէդ Աբբասին, 4 օգոստոս 2020 թ.-ին, Բէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած աղէտալի պայթիւնի տխուր առիթով:

  • Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)
    Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)

    Մէկ քանի ամիսներից ի վեր Ատրպատականի հայոց թեմի «Արտազ» պաշտօնական ամսագրում խմբագրում եւ հրատարակութեան ենք տալիս մեր թեմի արխիւատանը գտնւող այն գրութիւններից, որոնք թեմի պատմութեան եւ յատկապէս ազգագրութեան համար կարեւոր տւեալներ են պարունակում:

    Նման գրութիւններից են Թաւիրիզ նախկին Կենտրոնական դպրոցի աւարտական դասարանի աշակերտների գրութիւնները, որոնք ներկայացնում են իրենց եկած գաւառների ազգագրութիւնը: Երախտաշատ աշխատանք, որի յանձնարարողը եղել են բանիմաց ուսուցիչներ, տեղի վրայ կորստից փրկած լինելու համար այն, ինչ որ մեր գաւառների կեանքն էր, իր առօրեայով եւ հաւատալիքներով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։