Հա

Համայնք

13/04/2017 - 09:20

Ծաղկազարդի տօնը Ատրպատականի հայոց թեմում իմաստաւորւեց մանուկների խանդավառ մասնակցութեամբ

Սրբազան Հայրը կոչ ուղղեց ծնողներին, մեր եկեղեցու պայծառութեան ու ազգային արժէքների կենսագործման համար իրենց երեխաների կրօնական դաստիարակութեան հանդէպ առաւել հոգածութիւն ցուցաբերել,:

«alikonline.ir» - Երկնաւոր Վարդապետի խոնարհութեան յաղթանակի տօնը՝ Ծաղկազարդը Ատրպատականի հայոց թեմի երկու հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում առաւել իմաստաւորւեց մանուկների խուռներամ մասնակցութեամբ եկեղեցական արարողութեան ու թափօրին, իսկ Գեարդաբադ գիւղում տեղի ունեցած ժամերգութեան ընթացքին կատարւեց ուռենիի ոստերի օրհնութիւն եւ ապա դռնբացէքի արարողութիւն: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ապրիլի 9-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմում մատուցւած պատարագներով եւ մանուկների թափօրով, հաւատացեալ ժողովուրդը միասնաբար մուտք գործեց Յիսուսի տնօրինական կեանքի վերջին շաբաթը: Յատկապէս մանուկների համար, այս տօնը հետզհետէ վերածւում է ցնծութեան առիթի, երբ բոլորի կողմից ուշադրութեան առարկայ է դառնում թեմի մատաղատի սերունդը:

Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց եւ թեմի ժողովրդին իր պատգամը յղեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան: Երգեցողութիւնը քառաձայն կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Իսկ Ուրմիոյ Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց եւ քարոզեց՝ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Երգեցողութիւնը կատարեց «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Առաջնորդ Սրբազանն իր քարոզում վեր հանեց Աստծոյ տան կարեւոր տեղն ու դերը քրիստոնեայ մարդու համար իբրեւ «Աղօթքի տուն», որի մաքրագործումը վաճառականներից եւ աւազակներից, Երուսաղէմ իր յաղթական մուտքի օրը կատարեց Յիսուսը: Սրբազանը տան գաղափարը բացատրեց, սկսելով ընտանեկան յարկից մինչեւ մեր համայնական կեանքն ու եկեղեցին, ցոյց տալով որ դրանք ամէն բանից առաջ մաքուր են լինելու բազմիմաստ ըմբռնումներով ու հասկացողութեամբ: Ի վերջոյ նա շեշտեց այս մաքուր տան մէջ դաստիարակւող նոր սերնդի առողջ կազմաւորման կարեւորութիւնը, մեր ազգի ու եկեղեցու փայլուն ապագայի ի խնդիր:

Սրբազան Հայրը կոչ ուղղեց ծնողներին, մեր եկեղեցու պայծառութեան ու ազգային արժէքների կենսագործման համար իրենց երեխաների կրօնական դաստիարակութեան հանդէպ առաւել հոգածութիւն ցուցաբերել,:

Սուրբ պատարագի աւարտին խորանի վրայ զետեղւած սկուտեղների մէջ օրհնեցին ուռենիի ոստերը, որոնք պատրաստւել էին Խնամակալ մարմնի կողմից: Իսկ երեխաների համար պատրաստւել էին տասնեակներով փուչիկներ՝ տօնական մթնոլորտն առաւել ջերմացնելու համար: Մանուկների թափօրը ընթացք առնելով եկեղեցուց, ուղղւեց դէպի հիւսիսային բակը եւ ապա եկեղեցու շուրջ պտտւելով վերադարձաւ գաւթի մուտքին: Սպիտակ աղաւնիներ արձակւեցին երեխաների ուրախ ու խանդավառ գոչումներով: Նաեւ մանկական թատերական կերպարներն իրենց ներկայութեամբ զւարճացրին մանուկներին:

Նոյն օրը երեկոյեան, դարձեալ Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում հանդիսապետութեամբ առաջնորդ Սրբազան Հօր կատարւեց Դռնբացէքի խորհրդալից արարողութիւնը, որի աւարտին օրւայ խորհուրդը ներկայացնող պատգամ տւեց Սրբազան Հայրը: Նա օրինակ վերցնելով երկնքի արքայութիւնը խորհրդանշող խորանի վարագոյրից, ներկայացրեց դռան աստւածաբանական ու սովորական կեանքում ունեցած իմաստը: «Քրիստոս-Դուռ»-ը փրկութեան ճանապարհ ներկայացնելով, նրանից անցնելով յաւիտենական երանութեան հասնելու փառքը ցոյց տւեց Սրբազանը՝ միաժամանակ անդրադառնալով երկրաւոր կեանքում դռան հասկացողութեան պակասի հետեւանքով ստեղծւող դժւարութիւններին:

Նոյն օրը, Գեարդաբադի Ս. Գէորգ եկեղեցում տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւն եւ Դռնբացէքի արարողութիւն, Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով: Դարձեալ նոյն օրը երեկոյեան, Ուրմիոյ Ս. Ստեփանոս եկեղեցում եւս, Տէր հօր միջոցով կատարւեց Դռնբացէքի արարողութիւնը: Երկու եկեղեցիներում տւած իր քարոզի ընթացքում, Տէր հայրը խօսեց Քրիստոսի երկրորդ գալստեան խորհրդով օծուն արարողութեան  խորհրդանշական իմաստը բացատրելով, եւ շեշտելով ապաշխարհութեամբ արդարանալու ուղին:

Ծաղկազարդով եւ Դռնբացէքի խորհրդալից արարողութեամբ, Ատրպատականի հայոց թեմում հայ եկեղեցու զաւակները, մուտք գործեցին Աւագ շաբաթւայ հարուստ օրերը, երբ հոգեպէս լցւելու ենք մեր Տիրոջ երկրաւոր կեանքի վերջին օրերի դրւագների հոգեւոր զօրութեամբ:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմում նւիրահաւաք՝ ի նպաստ Լիբանանի հայութեան
    Ատրպատականի հայոց թեմում նւիրահաւաք՝ ի նպաստ Լիբանանի հայութեան

    Սրբազան Հայրը այս առիթով ասաց. «Կոչ արեցինք մեր ժողովրդի զաւակներին, որ նոյնիսկ իրենց դոյզն նւէրը, համեստագոյն լուման չզլանան նւիրաբերելու մարդասիրական ու ազգասիրական սոյն նպատակին, որպէսզի դրանք եւս միացնելով Ազգային իշխանութեան կողմից տրամադրւող գումարին, որպէս «այրի կնոջ լումայ» ուղարկենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից հաստատւած լիբանանահայութեան Օժանդակութեան ֆոնդին: Հաւատում ենք, որ ովկիանոսներն եւս ջրի կաթիլներից են բաղկանում»:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցեց եւ զօրակցեց ԻԻՀ-ում Լիբանանի դեսպանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցեց եւ զօրակցեց ԻԻՀ-ում Լիբանանի դեսպանին

    6 օգոստոս 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան ցաւակցական եւ զօրակցական նամակ յղեց ԻԻՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազօր դեսպան Հասան Մոհամմէդ Աբբասին, 4 օգոստոս 2020 թ.-ին, Բէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած աղէտալի պայթիւնի տխուր առիթով:

  • Ատրպատականից զօրակցութիւն՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին եւ լիբանանահայութեան
    Ատրպատականից զօրակցութիւն՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին եւ լիբանանահայութեան

    Ցաւով, ափսոսանքով ու զօրակցական զգացումներով հետեւեցինք երէկ, 4 օգոստոս 2020 թ.-ին, Բէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած ահաւոր պայթիւնի հետեւանքով ստեղծւած աղէտալի կացութեան, որից տուժւեց նաեւ մեր սիրելի լիբանանահայութիւնը, իր սրտում ունենալով մեր Ս. Աթոռը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը:

  • Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)
    Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)

    Մէկ քանի ամիսներից ի վեր Ատրպատականի հայոց թեմի «Արտազ» պաշտօնական ամսագրում խմբագրում եւ հրատարակութեան ենք տալիս մեր թեմի արխիւատանը գտնւող այն գրութիւններից, որոնք թեմի պատմութեան եւ յատկապէս ազգագրութեան համար կարեւոր տւեալներ են պարունակում:

    Նման գրութիւններից են Թաւիրիզ նախկին Կենտրոնական դպրոցի աւարտական դասարանի աշակերտների գրութիւնները, որոնք ներկայացնում են իրենց եկած գաւառների ազգագրութիւնը: Երախտաշատ աշխատանք, որի յանձնարարողը եղել են բանիմաց ուսուցիչներ, տեղի վրայ կորստից փրկած լինելու համար այն, ինչ որ մեր գաւառների կեանքն էր, իր առօրեայով եւ հաւատալիքներով:

  • Մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէսի բացում Ս. Թադէի վանքում
    Մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէսի բացում Ս. Թադէի վանքում

    Կիրակի 26 յուլիս 2020-ի երեկոյեան ժամը 8-ին, Ս. Թադէի վանքում, դռնփակ պայմաններում, մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէս տեղի ունեցաւ, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Իրանի Եկեղեցիների Պահպանութեան գրասենեակի տնօրէնութեան, որը առցանց միացումով ուղիղ սփռւեց, մասնակցութեամբ աւելի քան 100 ակնդիրների:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։