Հա

Համայնք

04/04/2018 - 08:30

Ատրպատականում Ոտնալւայի արարողութիւնը կատարելով՝ «Յիսուսի անսահման խոնարհութեամբ տապալւելու են ամբարտաւանները»՝ ասաց. Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը

Եկեղեցական արարողութիւններով հարուստ Աւագ շաբաթւայ խորհրդալից արարողութիւնների շարքում իւրայատուկ տեղ է գրաւում Աւագ հինգշաբթին, իր հոգեթով շարականներով ու սրտայոյզ մեղեդիներով, որոնք բառերի եւ երաժշտութեան հրաշալի ներդաշնակութեամբ են պատմում Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերի մասին:

«alikonline.ir» - Եկեղեցական արարողութիւններով հարուստ Աւագ շաբաթւայ խորհրդալից արարողութիւնների շարքում իւրայատուկ տեղ է գրաւում Աւագ հինգշաբթին, իր հոգեթով շարականներով ու սրտայոյզ մեղեդիներով, որոնք բառերի եւ երաժշտութեան հրաշալի ներդաշնակութեամբ են պատմում Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերի մասին:

Աւագ հինգշաբթի 29 մարտ 2018 թ.-ի առաւօտուն, Թաւրիզում եւ Ուրմիայում ս. պատարագ մատուցւեց ի յիշատակ Ս. Հաղորդութեան Խորհրդի հաստատման վերնատան մէջ, Յիսուսի կողմից: Թաւրիզում սուրբ պատարագը մատոյց հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, իսկ Ուրմիայում՝ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ս. պատարագի ընթացքում, ըստ աւանդութեան, քարոզի փոխարէն ընթերցւեց Ս. ԲարսեղՀայրապետի յորդորական աղօթքը, ուղղւած բոլոր ժամանակների քրիստոնեաներին՝ քահանաներին եւ ժողովրդին, մաքուր խղճմտանքով մօտենալու Սուրբ Հաղորդութեան: 

Երեկոյեան ժամը 4-ին, տեղի ունեցաւ Ոտնալւայի արարողութիւնը, կատարողութեամբ հոգեւորականաց դասի: Առաջնորդ Սրբազանը ոտնալւայի կարգը Թաւրիզում կատարելով, տւեց իր պատգամը: Նա շեշտեց Քրիստոսի փոխանցած բարոյական մեծագոյն դասը՝ հեզութեան ու խոնարհութեան մասին, յատկապէս ասելով. «Մեր կեանքում, մեր դիմաց կանգնած մեծագոյն թշնամին, մեր ԵՍ-ն: Մարդիկ նոյնիսկ ծերացած վիճակում չեն հրաժարւում այս ամբարտաւան ԵՍ-ից, եւ ուզում են մինչեւ գերեզման իրենց հետ տանել այս ինքնասէր Ես-ին: Նա չի՛ թողնի որ մարդը սիրի իր նմաններին: Սակայն հաւատում ենք, որ անպայման մէկ օր, Յիսուսի անսահման խոնարհութիւնը կը տապալի ամբարտաւաններին, որոնք սին խոստովանութիւններով եղբայրասիրութիւն են դաւանում»: Ուրմիայում եւս, Տէր հայրը իր քարոզում Քրիստոսի անսահման խոնարհութեան երեւոյթը շեշտեց, պատւիրելով նմանւել Նրան մեր հաւատացեալի կեանքում:

Այնուհետեւ կատարւեց ոտնալւայի դաստիարակիչ արարողութիւնը: Առաջնորդ Սրբազանը եպիսկոպոսական իր հանդերձանքը հանելով, Քրիստոսի օրինակով մի ղենջակ կապեց, ու սկսեց Քրիստոսի տասներկու աշակերտները խորհրդանշող տասներկու անձերի ոտքերը լւանալ:

Նոյն օրը, երեկոյեան ժամը 8-ից մինչեւ կէս գիշեր տեղի ունեցաւ Խաւարման կարգը կամ ժողովրդական բացատրութեամբ «Լացի Գիշեր»ը Թաւրիզում եւ Ուրմիայում: Կարդացւեցին արարողակարգում նշւած խաչելութեան եօթը աւետարանական հատւածները: Ս. Սարգիս եկեղեցում բոլոր արարողութեանց երգեցողութիւնները կատարւեցին «Կոմիտաս» Դպրաց դաս երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ դոկտ. Վարդան Սիմոնզի, իսկ կրտսերաց Դպրաց դասի անդամները կատարեցին բուրվառակրութեան, մոմակրութեան եւ դպրութեան բոլոր պաշտօնները:

Ուրմիայում երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի եւ մասնակցութեամբ դպրաց դասի անդամների: Ուրախալի էր երեւոյթը, երբ պարմանուհիներ մաս առ մաս կատարեցին աւետարանների ընթերցումը, նոր սերնդի մասնակցութեան գեղեցիկ օրինակ հանդիսանալով:

Իւրաքանչիւր աւետարանի ընթերցման պահին դաստակի յատուկ թելի վրայ  մէկ հանգոյց կապեց բարեպաշտ ժողովուրդը հին աւանդութեան հետեւելով, որպէսզի մինչեւ Համբարձում իր ձեռքի վրայ իբրեւ զօրութիւն պահպանի Աւետարանները:

Տարւայ ամէնից խորհրդաւոր պահին, երբ եկեղեցու բոլոր ճրագները մարւեցին ու խաւար տիրեց, լսւեց Յիսուսի ողբը «Ո՞ւր ես մայր իմ» ողոգական ձայնով երբ նա Գողգոթայի բարձունքին մենակ էր մնացել իր ցաւերի մէջ, մարդ-կութեան փրկութեան ի խնդիր:

Եկեղեցու խորհրդաւոր մթութեան մէջ, առաջնորդ Սրբազանը տւեց իր պատգամը, վեր հանելով մեղաւոր մարդկութեան դարձի մեծագոյն առիթը, որը Աստւածորդին բացեց աշխարհի առաջ: «Մինչեւ իսկ Յուդայի առջեւ բաց պիտի լինէր ճանապարհը դէպի փրկութիւն, ինչպէս Յիսուսի խաչակից աւազակի դիմաց բացւեց այն, սակայն նա Աստծու երեսին շպարտեց Նրա պարգեւած հարստութիւնը՝ կեանքը, անձնասպան լինելով: Ուրեմն, փրկութեան հրաւէրը բոլորիս է ուղղւած, իբրեւ մեղաւոր մարդիկ: Մեզնից ոչ ոք իր անձը միւսից աւելի արդար չհամարի, որովհետեւ չկայ մարդ որ Աստծու առջեւ արդարանայ»,- ասաց նա:

Մինչեւ ուշ գիշեր տեւած արարողութեան աւարտին, «Խաչի քո Քրիստոս» փառաբանական երգի երգեցողութիւնը կատարւեց եւ Կենաց Փայտի օրհնութեամբ արձակւեց բարեպաշտ ժողովուրդը ի խաղաղութիւն:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աշրաֆ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աշրաֆ գիւղում

    Իր թեմի եկեղեցիների ու ազգապատկան կալւածների նորագոյն ցանկագրումը կատարելու եւ յատուկ մատենաշարով պատմութեան յանձնելու աշխատանքը ստանձնած լինելով, Թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը չորեքշաբթի, 30 հոկտեմբեր 2019-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Աշրաֆ գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետքեր փնտռելու նպատակով:

  • Ատրպատականի հայոց թեմը խորհրդանշող հնադարեայ սիւնը՝ ազգային առաջնորդարանի շրջափակում
    Ատրպատականի հայոց թեմը խորհրդանշող հնադարեայ սիւնը՝ ազգային առաջնորդարանի շրջափակում

    Ատրպատականի հնադարեայ թեմը իր քարեղէն պատմութեամբ եւս բարբառող խօսք է, վկայ մեր սրբավայրերը եւ բոլոր այն կառոյցները, որոնք հնաբոյր բայց չհնացող անցեալով փառքն են կազմում այս թեմի մշակութային ժառանգութեան:

  • «Իրանում քրիստոնեայ լինել»՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազանի Հօր հարցազրոյցը
    «Իրանում քրիստոնեայ լինել»՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազանի Հօր հարցազրոյցը

    Թաւրիզի Ա․ հայագիտական գիտաժողովի (2017) մասնակիցներից, Գերմանիայի Բոխումի համալսարանի դասախօս՝ աստւածաբան դոկտ․ Գլաուտիա Ռամմելթ Գերմանիա վերադարձին փափագ էր յայտնել թեմիս առաջնորդ Սրբազան Հօր հետ հարցազրոյց ունենալ։

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 12 հոկտեմբեր 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով:

  • Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)
    Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)

    Երրորդ տարին լինելով տեղի ունեցաւ Թաւրիզի հայագիտական գիտաժողովը, ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանում՝ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կենտրոնատեղիում եւ Մաղարդայ Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում, թեմակալ առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ թեմի կազմակերպութեամբ, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Շւէյցարիայից եւ Թուրքիայից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։