Հա

Համայնք

22/04/2019 - 12:30

Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում

Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւեց համայն քրիստոնեաների սրտերը: Կիրակի 21 սպրիլ 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան տօնի յուսադրիչ ապրումներով:

«alikonline.ir» - Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւեց համայն քրիստոնեաների սրտերը: Կիրակի 21 սպրիլ 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան տօնի յուսադրիչ ապրումներով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

 

1. Թաւրիզում.-

Սբ. Զատկւայ տօնի առիթով, եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Բերդաթաղի (Ղալա) Ս. Աստւածածին մայր եկեղեցում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, որը նաեւ այս առիթով տւեց իր պատգամը:

Ս. Խորանին սպասարկում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, ինչպէս նաեւ սարկաւագաց եւ դպրաց դասերի անդամները: երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Իսկ Գործք Առաքելոցից Ճաշու Գրքի ընթերցումը կատարեց Էմելիա Աբրահամեանը:

Ս. Խորանին սպասարկում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, ինչպէս նաեւ սարկաւագաց եւ դպրաց դասերի անդամները: երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Իսկ Գործք Առաքելոցից Ճաշու Գրքի ընթերցումը կատարեց Էմելիա Աբրահամեանը:

Իր պատգամում, առաջնորդ Սրբազանը Սուրբ Յարութիւնից յետոյ Փրկչին առաջին երեւումը ներկայացնելով գերեզմանի պարտէզում, որտեղ ենթադրւել էր իր հետեւորդների կողմից թէ պարտիզպանն է, բացատրեց Փրկչին անմիջական ներկայութիւնը մեր կողքում, սակայն մեր կողմից ուշադրութեան պակասը նրա աստւածային ինքնութեան. «Մեր կեանքում, Աստծուն կամ Նրա ուղարկած ընտրեալ մարդկանց մենք դասում ենք երկրորդական մակարդակի անձերի խմբում, առանց անդրադառնալու, որ նրանք յատուկ նպատակով մեզ մօտ են ուղարկւել, Աստծու զօրութիւնը փոխանցելու մեզ»,- ասաց Սրբազանը: Նա այս առիթով ողջունեց թեմի բոլոր զաւակներին, որոնք իրենց ծառայական առաքելութեամբ վառ են պահում ազգային բոլոր կառոյցները Թաւրիզում, Ուրմիայում, Սալմաստում եւ այնտեղ որտեղ դեռեւս հայեր ապրում են մեր թեմի տարածքում:    

Ս. պատարագից յետոյ, Ղալայի մայր եկեղեցու շրջափակում բոլոր ներկաները մասնակցեցին հաւկթախաղի: «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի պատրաստած գունագեղ հաւկիթների առատ տրամադրումը մեծ խանդավառութիւն ստեղծեց աւագ թէ կրտսեր սերնդի մեր զաւակների մօտ, որոնք տօնի յատուկ այս խաղով ուրախացան:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, գաւթի մուտքին առաջնորդ Սրբազանը ընդունեց բոլոր երեխաներին, Խնամակալ մարմնի կողմից պատրաստւած եւ տօնի խորհուրդը ուսուցող նւէրներ բաշխելով նրանց: Ապա, մանկական կերպարներ՝ նապաստակ եւ բադիկ ծպտազգեստով անձեր յանկարծ յայտնւեցին բակում, զւարճացնելով երեխաներին: Ապա, զատկական տօնի խորհուրդ իբրեւ, առաջնորդ Սրբազանը բերել տւել էր նորածին գառնուկ, որը շոյելու եւ սիրելու առիթ ունեցան երեխաները:

Նոյն օրը երեկոյեան ժամը 6-9-ի միջոցում, Առաջնորդ Սրբազանը եւ Ազգային իշխանութիւնը ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունեց այցելութիւնը ազգային միութիւնների, կազմակերպութիւնների, կրթական հաստատութիւնների, մշակութային ընկերակցութեանց, բարեսիրական միութեանց եւ անհատ ազգայինների, բարեմաղթութիւններ փոխանակելով նրանց հետ:

 

2. Ուրմիա.-

Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում  Զատկական  ս.  պատարագը մատոյց եւ յաւուր պատշաճի քարոզեց, ծխատէր՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեան:

Խորանին սպասարկում էր կրտսերաց դպրաց դասը, իսկ երգեցողութիւնը կատարում էր «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Կանուխ ժամերից ուրմիահայ հաւատացեալներ մեծ թւով ներկայ գտնւեցին ս. պատարագին եւ հաղորդւեցին Քրիստոսի մարմնով եւ արիւնով: Տէր հայրը իր քարոզում շեշտեց Յիսուսի փրկագործական խորհուրդը, որով նա մեղաւոր մարդկութեան համար յանձն էր առել խաչի մահը:

Եկեղեցու Խնամակալ մարմնի կողմից եկեղեցին յարդարւել էր տօնի յատուկ զարդարանքով, իսկ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի օրեր առաջ նախապատրաստւած լինելով հաւկթախաղին, գունագեղ հարիւրաւոր հաւկիթներ պատրաստել էր, որոնք շրջափակում յաւելեալ խանդավառութեան առիթ հանդիսացան:

Նշենք, թէ Զատկի նախորդ օրը՝ շաբաթ 20 ապրիլի երեկոյեան, Թաւրիզում եւ Ուրմիայում Ճրագալոյցի ս. պատարագ մատուցւեց եւ աւետւեց Քրիստոսի Հրաշափառ Յարութիւնը: Յայտնենք, թէ Ճրագալոյցի առիթով ժամերգութիւն տեղի ունեցաւ նաեւ Գեարդաբադի Սբ. Գէորգ եկեղեցում, Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով:

Եկեղեցական արարողութիւնները եւ ազգային հնադարեայ աւանդութիւնները հոգեպէս զօրանալու առիթ հանդիսացան բոլոր մասնակցող հաւատացեալների համար: Եկեղեցին վերանորոգւեց, հայ հաւատացեալի ջերմեռանդ աղօթքով:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին

    Երեքշաբթի, 25 փետրւար 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւններում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան քւէարկու ձայներով ընտրւած զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանին եւ Ռոբերտ Բեգլարեանին ուղղած շնորհաւորական նամակներով իր եւ թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ թեմի կեանքում գործող միութիւնների, կազմակերպութիւնների եւ ժողովրդի բարեմաղթանքը հաղորդեց:

  • Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 20 փետրւար 2020 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական յիշարժան տօնի խորհուրդը խոր ապրումներով եւ հաւատարմութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում, որը Աւարայրի դաշտը իր մէջ ներառող թեմն է: Հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներ տեղի ունեցան:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու աւանդութեան համաձայն եւ հետեւելով դրա տօնացոյցի էջերի տւած պատւէրին, հինգշաբթի 13 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6-ին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի առիթով, Ատրպատականի հայոց եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակի ժամերգութիւններ եւ ապա հրավառութիւն:

  • ԻԻՀ յեղափոխոիթեան 41-րդ տարեդարձի առիթով տասնօրեակի ձեռնարկներ՝ Ատրպատականի հայոց թեմում
    ԻԻՀ յեղափոխոիթեան 41-րդ տարեդարձի առիթով տասնօրեակի ձեռնարկներ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականի հայոց հնագոյն թեմում ապրող մեր ժողովրդի քաջարի զաւակները, իբրեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան լիիրաւ քաղաքացիներ, 41 տարիներ առաջ, Յեղափոխութեան մեծ առաջնորդ այաթ. Իմամ Խոմէյնիի իրագործած Իսլամական շարժման տօնակատարութիւններին մասնակից դարձան, համայնքի ներսում գործադրւած ծրագրերով, ինչու չէ նաեւ ընդհանրական քայլարշաւի շարքերում իրենց խիտ ներկայութեամբ:

  • Ս. Սարգսի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ Լիլաւայի եկեղեցու անւան օրը
    Ս. Սարգսի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ Լիլաւայի եկեղեցու անւան օրը

    Ուրբաթ, 7 փետրւար 2020 թ.-ին Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցաւ Ս. Սարգսի տօնի յատուկ ժամերգութիւն, նախատօնակ եւ ս. պատարագ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։