Print this page
04/07/2019 - 12:30

«Ժամանակ». Մոսկւան չի համաձայնի կորցնել գազային մահակը. Երեւանի խաղաքարտը Իրանն է. Թեհրանը պատրա՞ստ է աջակցել մեզ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ եւ քննարկել թէ՛ երկկողմ, թէ՛ ռեգիոնալ, միջազգային ընդգրկման հարցեր:

«alikonline.ir» - «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ եւ քննարկել թէ՛ երկկողմ, թէ՛ ռեգիոնալ, միջազգային ընդգրկման հարցեր:

Մհեր Գրիգորեանն Իրան է այցելել հայ-իրանական տնտեսական յանձնաժողովի 16-րդ նիստի համար: Հայաստանի փոխվարչապետի իրանեան այցին զուգահեռ տեղի էին ունենում Հայաստանի վարչապետի հեռախօսազրույցները ԵԱՏՄ երկրների նախագահների հետ, առայժմ բացառութեամբ Պուտինի: Դրանց ընթացքում Նիկոլ Փաշինեանը խօսել է հոկտեմբերի 1-ին Երեւանում սպասւող ԵԱՏՄ վեհաժողովի մասին: Հայաստանը նախագահող երկիր է, եւ Վեհաժողովի օրակարգի ձեւաւորումը, իհարկէ, առաջին հերթին նախագահող երկրի պատասխանատւութիւնն է:

Սրանով հանդերձ, արդեօք Երեւանը ձգտո՞ւմ է օրակարգ ներառել գազի գնագոյացման խնդիրը, ինչը ԵԱՏՄ մակարդակով առաջնահերթութիւն դիտարկելու մասին Նիկոլ Փաշինեանը յայտարարել է մի քանի անգամ, տարբեր առիթներով:

Երեւանի դիրքորոշումն այն է, որ պէտք է միասնական գնագոյացման շուկայ եւ մեխանիզմ, որը թոյլ կը տայ հաւասարեցնել ԵԱՏՄ երկրների հնարաւորութիւններն ու պայմանները, այլապէս միասնական տարածութիւնը կորցնում է իմաստը:

Միւս կողմից աներկբայ է, որ դա ՌԴ համար կը նշանակի առնւազն ԵԱՏՄ երկրների նկատմամբ կորցնել գազային գործիքը, մահակը, այդ թւում, իհարկէ, Հայաստանի նկատմամբ:

Աւելին, թեման յատկապէս զգայուն է Հայաստանի առումով, եւ յատկապէս թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ: Այդ ուղղութեամբ Երեւանն ու Մոսկւան բանակցութեան մէջ են արդէն մի քանի ամիս: Բանակցութիւնը գազի գնի շուրջ է, սակայն չկայ որոշակիութիւն, թէ ո՞ւր կը գնայ այդ գինը բանակցութեան արդիւնքում՝ վե՞ր, թէ՞ վար, եւ որն է լինելու որեւէ ուղղութեամբ գնալու, այսպէս ասած, գինը:

Այս տեսանկիւնից Երեւանի խաղաքարտը կարող է լինել Իրանը, եթէ համաձայնի ռուսականի հանդէպ մրցունակ գնով գազ մատակարարել Հայաստան, ինչը թոյլ  կը տայ վստահ խօսել ՌԴ հետ բանակցութիւնում՝ իմանալով, որ գնի շուրջ պայմանաւորւածութեան չգալու դէպքում Հայաստանը չի մնայ առանց գազ, եւ Իրանը կապահովի շահեկան մատակարարում:

Երեւանն ու Թեհրանը այս թեման շոշափեցին դեռեւս փետրւարին, երբ Նիկոլ Փաշինեանն այցելել էր Իրան: Այդ իմաստով եղան քաղաքական հնչեղ յայտարարութիւններ, սակայն ինչ գործնական շարունակութիւն կայ այդ մասով, յայտնի չէ: Այդ առումով էլ հետաքրքիր է, թէ Մհեր Գրիգորեանի այցի ընթացքում արդեօք շոշափւե՞լ է այդ թեման, եթէ ոչ յանձնաժողովի նիստում անմիջապէս, ապա գոնէ Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում: Թեհրանը պատրա՞ստ է նպաստել Երեւանի դիրքերին՝ գազի գնի շուրջ Մոսկւայի հետ բանակցութեանը»:

Յարակից լուրեր