Հա

Համայնք

08/07/2019 - 11:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սիրուն գիւղում

Տեղագրական եւ ազգագրական իր հետազօտութիւնների աշխատանքը շարունակելով թեմում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 5 յուլիս 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Սիրուն գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետքեր փնտռելու նպատակով:

«alikonline.ir» - Տեղագրական եւ ազգագրական իր հետազօտութիւնների աշխատանքը շարունակելով թեմում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 5 յուլիս 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Սիրուն գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետքեր փնտռելու նպատակով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ստորեւ ներկայացնում ենք Սրբազան Հօր կատարած տեղագրութիւնը, ի՛ր գրչով:

 

Մուտք

«Անցեալ դարի կէսերին շուրջ 29 հայկական գիւղեր հաշւող Ղարադաղի շրջանը Ատրպատականի Հայոց մեր թեմում, տեղագրական մեր աշխատանքի համար ամէնից դժւարին տարածաշրջանն է իր լեռնային խիստ բնութեան, ճանապարհների չգոյութեան, ինչպէս նաեւ երկար ժամանակ այդ շրջանները անցուդարձ կատարւած չլինելու պատճառով:

Ուրբաթ 5 յուլիս 2019 թ.-ի վաղ առաւօտեան, արեւածագից ժամեր առաջ ճանապարհւեցինք Ղարադաղ, Քալէյբարի ճանապարհով, ըստ մեր կազմած ծրագրին այցելելու համար Ղարադաղի հինգ գաւառակներից Քէյւան գաւառակի Սիրուն գիւղը:

Գիւղի անունը դարերի ընթացքում փոփոխութիւն է կրել: 1513 թւին արձանագրւած ցուցակում յիշատակւում է այս գիւղը Սուրունն ձեւով, որը կարելի է համարել դրա ամէնից հին անւանումը: Ապա այն փոփոխւել է եւ դարձել Սիրուն, որը շատ համապատասխան է շրջակայ բնութեան գեղեցկութեան հետ, ցից լեռների եւ դրանց միջում ցանքի հարթ դաշտերի եւ տափարակ արօտավայրերի իբրեւ մէկ բնական գեղանկար, աստւածային վրձնով ստեղծագործւած: Գիւղի այսօրւայ անունը, որը նաեւ ճանապարհի ցուցանակի վրայ է արձանագրւել՝ Սիրան է, եւ որ դարձեալ հայկական անուն է, իգական սեռին տրւող: Գիւղի ներկայի թուրք բնակչութիւնը չի՛ փոխել նախկին անունը, իսկ «ու» եւ «ա» հնչիւնների տարբերութիւնը պիտի վերագրել սովորական աղաւաղման:

Համաձայն վիճակագրութեան, 1900-ականների սկիզբը Սիրունում կար 30 տուն հայաբնակչութիւն, ընդամէնը 180 հոգի: 1946-ին, ներգաղթի օրերին, Սիրունում մնացել էր միայն 19 տուն հայաբնակչութիւն, 114 հոգի: Անասնապահութեամբ, մեղւաբուծութեամբ եւ վարուցանքով են զբաղւել սիրունցի հայերը, լեռան ծերպին ապաստանած, իրենց սեփական կեանքը խաղաղ ապրելու փափաքով:

Երկար ճամբորդութիւնից յետոյ, Քալէյբարից 17 կմ. դէպի հարաւ-արեւմուտք քշելով, մինչեւ Սիրուն տանող ճանապարհի մուտքը հասանք, որտեղ ասֆալթի ճանապարհը աւարտւեց եւ հողաքանդ, քարքարոտ ճանապարհ մտնելով դէպի արեւելք թեքւեցինք եւ սկսեցինք բարձրանալ լեռները: Ժայռային հրաշագեղ համատարած բնութիւն բացւեց մեր դիմաց, որտեղ իւրաքանչիւր լեռան վրայ կարելի էր մարդկային տարբեր դէմքեր, կենդանիների պատկերներ կամ հասարակ իրեր պատկերացնել: Աշխարհի ստեղծագործութիւնից յետոյ անհաշիւ դարեր դրանք ձեւափոխւել էին երկրաշարժերի հետեւանքով, մէկը միւսից գեղեցիկ: Ինչքան նայէինք դրանց, նոր կերպարանքներ էին պատկերւում մեր աչքերի առջեւ: Երբեմն կանաչապատ լեռների գագաթին ցից կանգնած հսկայ ժայռեր այն տպաւորութիւնն էին թողնում, որ անցեալի հսկաները իրենց ձեռքերով են դրել դրանք այնտեղ, գերմարդկային ուժ ցոյց տալու մտադրութեամբ:

 

Գիւղի Սբ. Յովհաննէս եկեղեցին

Քէբիր Քէնտի (թրգմ. Մեծ գիւղ) մօտկից անցնելու ժամանակ հանդիպեցինք մի գիւղացու եւ հարցրինք Սիրունի մասին, որովհետեւ քիչ էր մնացել յուսահատւէինք այսքան երկար ճանապարհ գալուց յետոյ: Գիւղացին ասաց թէ ճիշտ ենք գնում, որովհետեւ Սիրունը վերջին գիւղն է այս ճանապարհի, որտեղից յետոյ պիտի վերադառնալ, ճանապարհի չգոյութեան պատճառով:

Գիւղ մտանք առաւօտեան ժամը 10.30 էր արդէն, 13 կմ. հողաքանդ ճանապարհից ընթանալուց յետոյ: Գիւղը ծովի մակերեսից 1370 մետր բարձր է: Այն գտնւում է մեր գնացած ճանապարհի վերջաւորութիւնը նշող հսկայ լեռան ստորոտում եւ զառիվեր-զառիվար անցքերով ամփոփ մէկ խճանկար է ներկայացնում: Առաջին հանդիպած գիւղացուց հարցրեցինք գիւղի մասին, սակայն նրա պատասխանը ամբողջութեամբ չլսած, հեռւից մօտեցաւ երկրորդը, ապա երրորդը, եւ դժւարացաւ մեր դրութիւնը: Առաջինը, որը միջին տարիքի մարդ էր, ժպտադէմ եւ համագործակցող էր երեւում: Սակայն երկրորդն ու երրորդը, որոնք աւելի տարեց էին, մեզ գանձախոյզ էին համարում եւ չէին ուզում հայկական եկեղեցու եւ գերեզմանատան տեղը ցոյց տալ, նոյնիսկ ձեւականօրէն ժխտելով գիւղի հայկական արմատներ ունենալու փաստը:

Վերջապէս մեր հանգամանքը իմանալով եւ հոգեւորականի հանդէպ մուսուլման գիւղացու իրենց յարգալից վերաբերմունքը արտայայտելով, մեզ շրջապատած գիւղացիները սկսեցին իրարու համոզել, որ մենք մասնաւոր վտանգ չենք սպառնում եւ միայն եկել ենք գիւղը տեսնելու: Ուստի, իրենց միջից ամէնից երիտասարդին, որը 56 ամեայ Ինայէթ Ռեշիտի անունով անձն էր, նշանակեցին որ մեզ ընկերակցի, ցոյց տալու գիւղի եկեղեցին եւ գերեզմանատունը: Մեր հաշւով, 1946 թւից յետոյ առաջին առաջնորդն էինք թեմի, եւ թերեւս առաջին հայ հոգեւորականը, որը այցելում էր հայաթափւած այս գիւղը, հայկական մասունքները փնտռելու նպատակով:

Եկեղեցին, որ Ազգային առաջնորդարանի մեր արխիւում գտնւող տոմարների համաձայն Սբ. Յովհաննէս է կոչւում, գիւղի մուտքի ձախ կողմում, կիսով չափ ձորակի մէջ խրւած, կիսով չափ ճամբու վրայ բարձրացած քառանկիւն եւ քարաշէն կառոյց է, որը գիւղական հին տներից չի զանազանւում: Ի դէպ, գիւղում հին տներից մէկ քանիսն են մնացել միայն, որոնք հայերի էին պատկանել: Մնացեալները նոր կառոյցներ են, արդիական կտուրներով, ձեան եւ անձրեւների դէմ լաւապէս պաշտպանւած:

Լեռնային սեւ անտաշ, միջին չափի քարերով եկեղեցին, 16-րդ դարի երկրորդ կէսին է կառուցւել, եւ ունի փայտաշէն եւ հողածածկ կտուր: Եկեղեցու ներքին տարածքը 6x3 մետր է, շուրջ երկուսուկէս մետր բարձրութեամբ: Այնպէս ինչպէս Ղարադաղի մէկ շարք գիւղերում, Սիրունում էլ հայերի մեկնումից յետոյ, այնտեղի նոր բնակիչները եկեղեցին մի քանի տասնամեակներ յետոյ վերածել են մզկիթի, առանց մասնաւոր փոփոխութիւններ տալու դրա արտաքին տեսքին:

Համաձայն գիւղացիների տւած բացատրութեան, պատերից մէկի փլւելու պատճառով, այն վերակառուցելու ընթացքում, դռան վերեւի սեւ քարը որը եկեղեցու յիշատակարան-արձանագրութիւնն ունէր, ծանր լինելու պատճառով վերեւ չեն բարձրացրել, այլ դրել են հիմքի մօտ, գրաւոր երեսը հողին դարձնելով:

Սբ. Յովհաննէսը Սիրուն գիւղի մուտքին գողտիկ սիրունութիւն ունի, որը անցեալում հաւատքի իբրեւ տուն, գիւղի հայութեան հոգեւոր ծննդավայր է դարձել: Եկեղեցու ներքնամասը անգործածելի է: Մուտքի դռան տեղը արեւելքի կողմն են փոխադրել, իսկ հիւսիսից մէկ պատուհան բացել, այն օրերին երբ իբրեւ մզկիթ ծառայել է գիւղին: Այժմ կիսաւեր է եկեղեցին, իսկ գիւղը այլ մզկիթ չունի զարմանալիօրէն: Եկեղեցու առաստաղի գերանները մնացել են, սակայն տանիքի մէկ մասը թափւել է: Գերանները պահելու համար, մեր հայրերը անցելում երկու գերաններ իբրեւ սիւն դրել են կենտրոնում, տանիքի ծանրութիւնը վերցնելու համար: Արեւելեան պատի խորշում կայ մէկ տապանակ, վստահաբար սկիհի վերաբերման համար: Ներքնապէս եւս քարաշէն եկեղեցին հետագայում սպիտակացրել են ծեփով, որը արդէն իսկ թափւել է կիսով չափ:

 

Դրւագներ հայ սիրունցիներից

Ինայէթը գիւղի հայկական եկեղեցին ցոյց տւած միջոցին, երբ երեւի որոշ վստահութիւն ներշնչել էինք նրան, թէ մեր նպատակը միայն մեր հին արմատներին հաղորդւել է, սկսեց մեզ պատմել այն ամէնը ինչը լսել էր իր ծնողներից եւ մեծ ծնողներից տեղի հայաբնակչութեան մասին:

Նախ ողորմի տւեց նա բոլոր այն հայերին, որոնք այս գիւղը հիմնել էին, խոստովանելով որ մինչեւ այսօր նրանց տնկած թթենիների եւ դարաւոր ընկուզենիների բարիքներն են վայելում. «Երբ թթենին պտուղը տայ եւ թափ տանք այն, երկու օր կը քաշի որ գետնին փռւած սաւանի վրայից հաւաքենք ծառից ընկածները...»,- վկայում է նա: Ինայէթը ներգաղթողների խօսքը իր մեծ ծնողներից լսած լինելով, յիշում էր թէ նրանք իրենց հարեւան գիւղացիներին ասել են. «Մենք գնում ենք Հայաստան, դուք հալալ արէք մեր վարելահողերը եւ արօտավայրերը»: (Զարմանալիօրէն նա «Էրմանիստան» թուրքերէն բառը չէր օգտագործում, այլ մեզ նման ասում էր «Հայաստան»…):

Ապա նա պատմեց, որ ինք լսել է իր մեծ ծնողներից, որ թթից եւ խաղողից օղի էին քաշում հայերը եւ մասնաւոր կիրէ պատրաստւած ամանների մէջ էին դնում հով տեղերում պահելով:

Գիւղի տնական աշխատանքների իր յիշողութիւնից բացի, Ինայէթը պատմեց իր մեծ մամից լսած մէկ դրւագը, երբ Սբ. Յովհաննէս եկեղեցում նա ներկայ էր գտնւել իրենց ծանօթ գիւղացիներից մէկի որդու պսակադրութեան: Իր նախնիք այդ օրերին կողքի գիւղում են եղել եւ հայերի գնալուց յետոյ տիրացել Սիրունին: Ըստ իր իմացածի, յիշեալ պսակադրութիւնը պիտի լինէր 1940-ականների սկզբում, այսինքն ներգաղթից անմիջապէս առաջ: Ազգային առաջնորդարանում պահւած մեր տոմարների համաձայն, այդ տարիներին գիւղի քահանան է եղել Տէր Յովսէփ քհնյ. Տէր-Յովսէփեանը:

Ինայէթը պատմում է, որ Տէր հայրը խորանի առջեւ դէմ առ դէմ կանգնեցնելով զոյգին, պարանով կապում է նրանց ձեռքերը եւ ապա հարցնում. «Մինչեւ մահ ապրելո՞ւ էք իրարու հետ, նոյնիսկ եթէ ձեզնից մէկը կոյր, կաղ, կամ ֆիզիքական այլ թերութեամբ դժբախտանայ: Երեք անգամ հարցնելուց յետոյ երբ դրական պատասխան է լսում, կտրում է պարանը»:

Մեր ծիսակարգին համար ձեւականօրէն խորթ սոյն պսակադրութեան մասին լսելով թուրք գիւղացուց, որը իր մեծ մօր տեսածն էր պատմում, եզրակացրինք որ երեւի քահանան գիւղական միջավայրում այդ էր յարմար գտել, արարողակարգի մէջ ներառելով պարանի խորհրդանշական գործածութիւնը, աւելի ըմբռնելի դարձնելու համար ամուսնական կեանքի եւ պսակադրութեան խորհրդի անլուծելիութիւնը, ըստ Տէրունեան պատւէրի…:

Գիւղացին մի քիչ աւելի խորանալով իր ընտանեկան յիշողութիւնների մէջ, իր մեծ քեռու սիրահարութեան մասին պատմեց Սիրունում ապրող հայ աղջկայ հետ: Թէպէտ ինքը ծնւել էր Սիրունում, սակայն հայերի գնալուց յետոյ, իր մեծ ծնողները հարեւան Քէբիր Քէնդի գիւղից էին տեղափոխւել Սիրուն, օգտւելու համար հայերի դատարկ թողած վարելահողերից եւ արօտավայրերից:

Երբ իր մեծ ծնողները եկել են եւ աղջկայ ծնողից նրա ձեռքը խնդրել, նրանք ոչ միայն մերժել են, այլեւ ասել որ այս կողմերը եթէ երեւայ տղէն, կը սպանենք նրան: Հայ աղջիկը, սակայն, զանազան մարդկանց հետ գաղտնի պատգամներ է յղել տղին, որ գայ եւ փախցնի իրեն: Սակայն տղի ծնողները զգուշացրել են, թէ իր նպատակից անպայման յետ կենայ, որովհետեւ հայերը սպառնացել են արդէն սպանել իրեն: Ինայէթը պատմեց, որ այս ամուսնութիւնը չի կայանում եւ հայ աղջիկը յետոյ ամուսնացել է մէկ հայ տղի հետ Սիրուն գիւղից, բախտաւորւելով բազմաթիւ զաւակներով:

 

Սիրուն գիւղի գերեզմանատունը

Գիւղ ժամանելու առաջին րոպէից զգացինք, որ գիւղացիների գլխաւոր մտահոգութիւնը հայկական գերեզմանատունն էր, որը մեզ չպէտք է ցոյց տային, վախենալով շրջակայ կուսակալութիւնից, որովհետեւ կուսակալը խստիւ արգելել էր որեւէ մէկին այդ տարածքում լինել կամ փորել հին գերեզմանաքարերի շուրջը: Սակայն հազար փառք որ մենք արդէն վստահութիւն շահել էինք մեր անշահախնդրութեամբ:

Ինաէյթը մեզ բարձրացրեց գիւղի ամէնից բարձր վայրը: Սովորաբար բարձունքի վրայ են թաղել ննջեցեալներին, հեղեղների բերումով հանգուցեալների աճիւնները ջրի կազմած լճակների տակ չթողելու համար:

15-20 քարեր հազիւ կարողացանք հաշւել գերեզմանատնում, որոնք հայերէն գրութիւն ունէին իրենց վրայ: Մնացեալը անտաշ ժայռաբեկորներ էին, որոնցին ոմանք էլ կիսով չափ հողի տակ թաղւած: Գիւղացին հիացմունքով մեզ ցոյց էր տալիս այն հսկայ քարերը, որոնցմով հայեր յարկեր էին հիւսել, գերեզմանատան զառիթափ հողը մասերի վերածելու եւ անձրեւների դիմաց իրենց հանգուցեալների շիրմաքարերը պաշտպանելու մտադրութեամբ: Նա մեզանից առաջ ասում էր, թէ այսօր ո՞վ կարող է այդ քարերը առանց ծանրաբարձ գործիքների շարժել իրենց տեղերից…:

Սիրուն գիւղի սիրունութիւնը փաստւում էր գերեզմանատան դիրքից: Լայնարձակ դաշտերը եւ գեղեցիկ լեռները աւելի պարզ երեւում էին: Մեզ այնպէս թւաց, որ գիւղին սպառնացող որեւէ վտանգի դէպքում, գերեզմանատան դիրքից է հսկել դէտը եւ իմաց տւել գիւղացիներին ինքնապաշտպանութեան նախապատրաստւելու համար: Որովհետեւ այս դիրքից, մինչեւ 20 կմ. հեռուն կարելի է տեսնել, իսկ այդքան հեռաւորութիւնից մինչեւ գիւղ հասնելը այդ օրերին, մացառների եւ քարքարուտ ժայռերի վրայից, բաւական ժամեր էր խլելու արշաւողներից:

Գերեզմանատան մէջ «Հոգւոց» ասացինք մեր պապերի յիշատակին, աղօթք ու խունկ ընծայելով նրանց հոգիների խաղաղութեան համար, որոց բախտ չվիճակւեց ներգաղթել հայրենիք: Վստահ ենք, որ ներգաղթողները վերջին անգամ լինելով բարձրացել էին գերեզմանատան այս բարձունքը եւ աղի արցունք թափելով ցտեսութիւն ասել իրենց հանգուցեալ սիրելիներին, թերեւս նրանց գերեզմանից մէկ ափ էլ հող վերցնելով միասին տարել էին Հայաստան…:

Նրանք գնացին Հայաստան, մեզ ընկերակցող թուրք սիրունցին էլ գնաց իր վարուցանքին, իսկ մենք վերադարձանք առաջնորդարան՝ Թաւրիզ, ոտքից մինչեւ գլուխ պատմութեան փոշիների մէջ թաթախւած մտքերով:

Յարակից լուրեր

  • Հայաստանի երկրաշարժի զոհերի հոգեհանգիստ՝ Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում
    Հայաստանի երկրաշարժի զոհերի հոգեհանգիստ՝ Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում

    Կիրակի, 8 դեկտեմբեր 2019 թ.-ին, 31 տարիներ առաջ՝ 7 դեկտեմբեր 1988-ին, Հայաստանի հիւսիսային շրջանը հարւածած ահաւոր երկրաշարժի պատճառով զոհւած հազարաւոր հայորդիների հոգիների խաղաղութեան համար, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

  • Հաֆթւանում եօթնօրեակ՝ հանգուցեալ Ռուբէն Տէր-Պօղոսեանի յիշատակին
    Հաֆթւանում եօթնօրեակ՝ հանգուցեալ Ռուբէն Տէր-Պօղոսեանի յիշատակին

    Հինգշաբթի, 5 դեկտեմբեր 2019 թ.-ին առաւօտեան ժամը 11-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Սալմաստի Հաֆթւան գիւղի Ս. Գէորգ հնադարեայ եկեղեցում տեղի ունեցաւ եօթնօրեակի հոգեհանգիստը, թեմի Պատգամաւորական ժողովի նորոգ հանգուցեալ անդամ՝ Ռուբէն Տէր-Պօղոսեանի, որը սոյն ժողովում ներկայացուցիչն էր Սալմաստ գաւառի:

  • Ատրպատականի առաջնորդարանի շրջափակի տօնածառը լուսաւորւեց ամանորեայ ճրագներով
    Ատրպատականի առաջնորդարանի շրջափակի տօնածառը լուսաւորւեց ամանորեայ ճրագներով

    Հինգշաբթի, 5 դեկտեմբեր 2019 թ.-ի երեկոյեան ժամը 6.30-ին, ազգային առաջնորդարանի այգու կենտրոնում գտնւող «Հայաստանի անկախութեան 100-ամեակի հրապարակ»-ի վրայ հասակ առած հսկայ տօնածառը երկրորդ տարին լինելով զարդարւել էր գունագեղ շարիկներով եւ փայլուն զարդերով, որոնց արանքից անցել էին բազմագոյն ճրագների լարերը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Լումա գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Լումա գիւղում

    Տեղագրական եւ ազգագրական աշխատանքի հետամուտ եւ ուսումնասիրելու համար իր թեմում գտնւող նախկին հայաբնակ գաւառներն ու գիւղերը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 8 նոյեմբեր 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Լումա գիւղը, տեղի եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական շինութեան որեւէ մնացորդաց փնտռելու նպատակով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Գիրմնաւուն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Գիրմնաւուն գիւղում

    Տեղագրական եւ ազգագրական իր հետազօտութիւնների աշխատանքը շարունակելով թեմում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 1 նոյեմբեր 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Գիրմնաւուն գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետք փնտռելու նպատակով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։