Print this page
17/08/2019 - 11:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

«alikonline.ir» - Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ստորեւ Սրբազան Հօր կատարած հետազօտական ուսումնասիրութիւնը, ի՛ր գրչով:

 

Իւրգիւթիւն գիւղը գտնելու առաջին ձախող փորձը

Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ գիւղերը այցելելու մեծ ջանք ի գործ դնելու մեր նպատակի մէջ առաջին ձախորդութիւնը ունեցանք, երբ մէկ տարի առաջ, նախքան աշնանամուտը, մօտաւոր տեղը ճշտելով Իւրգիւթիւն գիւղի, մտանք խիտ եւ քայլելու համար աներեւակայելիօրէն դժւարին յատակ ունեցող անտառը:

Տարիներով իրարու վրայ լցւած չոր տերեւներ, որոնք իրարից կէս մետր հեռաւորութեամբ բուսած ծառերից էին թափւել, սողունների ամէն անակնկալ վերապահել էին քաջաբար այս վայրերից անցնող արկածախնդրին:

Անտառախիտ սարի գլխում իրենց վրանները լարած եւ մեղւաբուծութեամբ ու անասնապահութեամբ զբաղւող վաչկատուն մարդիկ իբրեւ թէ իմանալով Իւրգիւթիւն գիւղին ճիշտ վայրը, ձեռքի լայն պարզումով ցոյց տւեցին մէկ ուղղութիւն, որը դար-ձաւ մեզ համար «աւետարանական ճշմարտութիւն», ու հետեւեցինք այդ ուղղութեան, հողէ ճանապարհից բաժնւելով եւ հետիոտն մտնելով անտառ:

Յատկապէս մեզ նման առաջին անգամ իսկական անտառում ոտք դնող մարդու համար, բարձր ծառերի պատճառով ստեղծւած ներքին մթութիւնը եւ մանաւանդ հազիւ հինգ մետր տեսադաշտ ունենալու իրողութիւնը, առանց բառերը ծամծմելու, խորհրդաւոր լինելուց աւելի՝ սարսափազդու էին:

Լեռնագնացութեան յատուկ ձեռքի երկաթեայ գաւազանը բաւական օգտակար լինում էր, դէպի ձոր իջնելու պահին չսահելու եւ մի ժայռի չբախւելու առումով: Սակայն մեր ենթադրութեամբ խիտ ծառերը բռնելով դէպի ձորամէջ էջքը դանդաղեցնելու յոյսը շուտով ի դերեւ ելաւ: Փաստօրէն կարելի չէ՛ր անտառի ծառերին վստահել, երբ չէինք կարող զանազանել նրանց միջից թացն ու չորը: Արտաքնապէս բոլորն էլ մամրակալած էին, կամ նրանց կեղեւները սեւացած: Մի քանի անգամ նրանց վստահելով եւ բռնելով, չորացած ծառերի փաթաթւեցինք եւ դրանց կոտրւելով մենք մեզ գտանք մի քանի մետր աւելի ներքեւ, անտառի ցեխապատ յատակին:

Ըստ երեւոյթին վայրէջքը մեզ տանում էր դէպի ձորի խորքը: կարելի չէր պատկերացնել մեր սարսափը, երբ այսքան ցած իջնելուց յետոյ մենք եւ մեզ ընկերակցող երեք ընկերները «բանտարկւեցինք» հազիւ երեք մետր լայնք ունեցող ձորում, դիմացում տեսնելով անյաղթահարելի նոր բարձունք: Երկու լեռների նեղ հովիտում էինք յայտնւել, դէպի աջ միայն մէկ մութ քարայր էր երեւում, որը կարող էր արջի որջ լինել, իսկ միւս ուղղութիւնը չէր երեւում փշերի եւ խիտ ծառերի պատճառով:

Մեր ընկերների միջից ամէնից արկածախնդիրը սկսեց փորձել դիմացի սարը բարձրանալ, ձեռքի գաւազանը խրելով հողի մէջ: Միւսներն էլ նոյնը սկսեցին անել, իսկ ես յայտնւեցի անկարելիութեան դիմաց: Ետդարձը բացառւած էր: Ուրիշ ճար չէր մնացել, բայց եթէ միայն Աստծու օգնականութեան դիմելով հետեւել նրանց: Ի վերջոյ քաշքշեցին ձեռքերիցս եւ ամէնից դժւարին ցից բարձունքը նւաճեցինք չորսով: Այս առաջին քայլն էր սակայն: Ապա շարունակեցինք բարձրանալ սարը: Հազիւ հասած տափարակ մի տեղ, ուրախութեամբ սկսեցինք յառաջանալ, խորհելով որ արդէն մօտեցել ենք մեր փնտռած գիւղին: Գրեթէ անյուսութեան մատնւեցինք, երբ հարթ վայրը շուտով իր աւարտին հասաւ դիմացի եւ աջ ու ձախ կողմերից պաշարւած անիջանելի ձորերով: Ի յայտ եկաւ, որ մենք լեռնային մէկ թերակղզու վրայ էինք յայտնւել, այսքան ծանր ու դժւարին մագլցումներից յետոյ, որը տեւել էր 5 եւ կէս ժամ…: Լեռան մէկ թաթ էր այս, դէպի ձորը երկարած, որտեղից միայն կարող էինք հակառակ ուղղութեամբ ընթանալ: Անճար լինելով, բռնեցինք հակառակ ուղղութիւնը, որ մեզ բարեբախտաբար տարաւ դէպի վրանաբնակների մէկ այլ կացարան, որտեղից գտանք մեր ինքնաշարժի կանգնած վայրը: Յոգնած եւ գրեթէ շնչասպառ վերադարձանք Թաւրիզ, առաւել չորս ժամ տեւած ինքնաշարժի ճամբորդութեամբ, առանց հասած լինելու մեր նպատակին:

 

Գիւղը գտնելու երկրորդ արկածախնդրական փորձը

Մեր կեանքի սեփական բառարանում գոյութիւն չունի յուսահատւել բայը, ինչքան էլ պայմանները, մարդիկ, կացութիւններ փորձեն ներառել այն մեզ համար, ձախորդութիւնների հաւաքածոն կազմող բառապաշարի յատուկ ցուցակում:

Երկուշաբթի, 12 օգոստոս 2019-ի վաղ առաւօտեան Թաւրիզից ճանապարհւեցինք Վարզեղանի վրայով եւ հազիւ կէսօրւայ ժամը 11-ին հասանք Դիզմար գաւառակ ուղղւելու համար Իւրգիւթիւն գիւղը:

Վաչկատուն մէկ երիտասարդ վրանից դուրս գալով բարի գտնւեց իր գրաւած հողամասում տեղ տալ մեր ինքնաշարժին, որպէսզի մենք հանգիստ մտքով մտնէինք անտառ հետիոտն: Երկու նախկին ընկերներով վերյիշեցինք անցած տարւայ մեր դառն փորձառութիւնը, սակայն նրանցից մէկը լաւ ուսումնասիրած լինելով գիւղի գտնւած վայրը, ինքնավստահ ասաց թէ որեւէ ճանապարհ ցոյց տւողի կարիք չունենք:

Շուտով մտանք անտառ, այս անգամ այն տպաւորութեամբ որ ճիշտ ուղղութեամբ էինք գնալու: Անտառին խտութիւնը շուտով ինքն իրեն յայտնեց եւ հազիւ կարողանում էինք ձայն տալ իրարու եւ կարճ հեռաւորութիւն էինք պահում իրարից:

Վայրէջքը այնքան խիստ էր, որ նոյն ճանապարհից յետդարձի մասին մտածելն անգամ ծիծաղելի էր թւում: Ճանապարհին մխիթարում էինք իրարու, ասելով որ երբ գիւղը հասնենք, կը գտնենք այն իսկական ճանապարհը, որտեղից հայեր անցեալում երթուդարձ են արել:

5 ժամ դժւարանցանելի անտառից յառաջանալով, լեռան մէկ թեք լանջին երեւացին տների աւերակներ, որոնց հողածածկ կտուրները թափւել էին, սակայն գերանները սեւացած կանգուն մնացել էին, կմախքացած մարմիններ յիշեցնելով:

Գիւղի հակառակ կողմից տեղ հասած լինելով, ստիպւած էինք գիւղի ամէնից բարձր կէտի վրայ կառուցւած տան մօտկից իջնել ցած: Անցեալին դրանից աւելի վերեւ չէին կարողացել տուն կառուցել մեր նախնիք, որովհետեւ լեռան ցից բարձունքը չէր թոյլատրի որեւիցէ շինութիւն: Մենք այս կէտում էինք գտնւում եւ ստիպւած է¬ինք տների տանիքներին յենւելով իջնել ցած:

Իւրգիւթիւն գիւղն էր այս, որտեղ գտնւում է Սբ. Շողակաթ եկեղեցու աւերակը: Բոլոր տներն էլ կիսափուլ վիճակում էին գտնւում: Գրեթէ բոլորն էլ կառուցւած են սեւ լեռնային անտաշ քարերով, որոնք երկաթ պարունակող քարերի են նմանւում: Տներից ոմանք ծեփւել սպիտակացւել են ներքնամասից: Ոմանք իրենց ներքին պատերի վրայ ունեն խորշեր, որոնք իբրեւ պահարան օգտագործւել են անցեալում:

Գիւղը հայերի կողմից լքւելուց յետոյ, մինչեւ այսօր մնացել է անմարդաբնակ: 1926 թւին, մեր երջանկայիշատակ նախորդներից Տ. Ներսէս Արք. Մելիք-Թանգեանի ազգային եւ հասարակական գործունէութեան 40-ամեայ յոբելեանին առիթով, Ղարադաղի գիւղերի պատգամաւորներից կազմւած ցուցակում յիշւում է նաեւ Իւրգիւթիւն գիւղը, որը ներկայացուցիչ է ունեցել Թաւրիզ ուղղւող պատգամաւորական կազմում: Արդէն շուրջ 75 տարիներ են անցել գիւղի հայաթափումից: Թաւրիզում այսօր ապրում են Իւրգիւթիւնցի հայեր, որոնք գիւղում են ծնւել, սակայն շուտով իրենց ծնողների հետ հաստատւել են Թաւրիզ, համաժողովրդական կարաւանով հայաթափելով լեռնային այս չքնաղ բնակավայրը:

Մեր քաջասիրտ ընկերակիցների հետ սողացինք սարից ցած, մտնելով գիւղի անանցանելի արահետները: Ոչ միայն գիւղական նեղ փողոցները մարդահասակ բոյսերով էին ծածկւել, այլեւ տները իրենք ներքնապէս խեղդւել էին տեսակաւոր բոյսերով, որոնք գրեթէ տանիքների մերկացած գերաններին էին մօտեցել, արգելելով որեւէ անձի մուտքը դռներից ներս: Կային տներ, որոնք հաւանաբար գիւղի երեւելիների տները լինելուն, երկյարկանի էին: Մէկն էլ պատշգամբ ունէր, դէպի ցածի տները նայող: Գիւղին մօտեցած վաչկատուն կամ այլ մարդկանց չէին հետաքրքրել գերանները, այլապէս այլ գիւղերի նման դրանք օգտագործւած կը լինէին այլ նպատակների, կամ գուցէ ձմռան այրւելու: Տների փայտեայ դռներն ու պատուհանները, հոգ չէ թէ կոտրտւած եւ մաշւած, դեռեւս իրենց տեղում էին, ծխնիների վրայ պտտւող թուլութեամբ, որոնք վստահաբար սարից փչող քամու հետ կը ճօճուէին ու կը ճռնչային գիշերային մթութեան ահազդու խորհրդաւորութիւնը աւելացնելով այժմ անմարդաբնակ գիւղում:

 

Գիւղի Ս. Շողակաթ եկեղեցին

Իւրգիւթիւն գիւղի տների շարքում, գրեթէ նրանց նմանողութեամբ կայ մէկ քառանկիւն կառոյց, որի դռնից ներս մտնելը անհնար եղաւ բոյսերի բարձրութեան եւ խտութեան պատճառով: Սակայն, արտաքին տեսքից եւ ընդհանրապէս ներկայացրած չափից յայտնւում էր, թէ գիւղի եկեղեցին էր այն:

Երկու նախկին հարեւան հայկական գիւղերը Դիզմար գաւառակի՝ Աղաղան եւ Իւրգիւթիւն, նոյն անունն են տւել իրենց եկեղեցիներին: Մեր թեմի չափաբերական մատեանում երբ այս երկու գիւղերում տեղի ունեցած խորհրդակատարութիւնների դիմաց կարդում էին միեւնոյն «Ս. Շողակաթ» անունը, իբրեւ տւեալ խորհրդի կատարման եկեղեցի, նախ այն տպաւորութիւնն էինք ունեցել, որ խորհուրդները բոլոր տեղի են ունեցել Իւրգիւթիւնում: Սակայն Աղաղան մեր այցելութեան ընթացքում այնտեղ եւս տեսել էինք եկեղեցու աւերակը, եւ համոզւել որ երկու հարեւան գիւղերն էլ, մեզ անծանօթ պատճառով միեւնոյն անունն էին տւել իրենց եկեղեցիներին:

Ինչպէս գիւղի միւս տները, Ս. Շողակաթն էլ իր պատերի բարձրացման համար իւրաքանչիւր մետրում ունի հորիզոնական յղկւած գերաններ: Երկրաշարժի գօտու վրայ անցեալին կառուցւած բոլոր շինութիւնները նոյն ձեւն են կիրառել, շարժի պահին ընդհանուր կառոյցը միանգամից գետնի հաւասար չտեսնելու նպատակով: Գերանների ներկայութիւնը բարձրացւած պատերում, թուլացնում էր շարժի ուժգնութիւնը, փրկելով գէթ կառոյցի մէկ մասին:

Սեւ, լեռնային անտաշ քարերով այս շինութիւնը, մինչեւ վերջին հայի դուրս գալը գիւղից, եղել է ժողովրդի հաւատքի տունը, որի սուրբ աւազանից են ծնւել բազմաթիւ հայորդիներ: 1934 թւին, դեռեւս յիշւում է Տ. Գրիգոր քհնյ. Տէր-Մարտիրոսեանը, որպէս գիւղի Սբ. Շողակաթ եկեղեցու հոգեւոր հովիւ: Հաւանաբար նա էր վերջին հոգեւորականը, որը ծառայել է գիւղում եւ իր ժողովրդի հետ միասին լքել գիւղը, հաստատւելով Թաւրիզում:

Ի դէպ, 1924 թւի ամրանը Ներսէս արք. Մելիք-Թանգեանը այցելել է Իւրգիւթիւն գիւղը եւ ինչպէս նոյն առիթով առնւած լուսանկարից յայտնի է, նա այս անմերձենալի ձորը հասել է նժոյգի վրայ նստած, իր հետ ունենալով զինւած անձ, ինչպէս մենք նոյն միջոցին էինք դիմել մեր այցի ատեն, պաշտպանւելու համար անտառում հանդիպած վայրի գազաններից, որոնցում արջը ամէնից յաճախականութիւն ունեցող անցորդն է:

 

Իւրգիւթիւն գիւղի հայոց գերեզմանատները

Գիւղի Հայոց գերեզմանատունը տներից մի քիչ հեռւում, մէկ այլ հարթ վայրի վրայ է գտնւում, որը այսօր ամբողջութեամբ կորւել է բարձրահասակ չոր խոտերի մէջ: Նրանցից շատերը ունեն արձանագրութիւն, կան նաեւ անմշակ սալատապաններ:

Մեր այցելութիւնների ընթացքում միշտ մեզ մտահոգել է գիւղերի գերեզմանատների դժւարամատչելիութիւնը: Ընդունում ենք, որ հեղեղներից իրենց ննջեցեալների աճիւնները փրկելու նպատակով միշտ բարձունքի վրայ են հաստատել գերեզմանատները մեր նախնիք: Սակայն գործնական առումով ինչպէ՞ս կարելի է եղել այս բարձունքները տանել իրենց հանգուցեալի դին, երբ մենք երկաթեայ գաւազանների օժանդակութեամբ հազիւ կարողանում ենք այսօր այս տեղերը բարձրանալ: Աւելին, այն հսկայական ծանր քարերը ինչպէ՞ս են բարձրացրել եւ դրել նրանց հողաթմբերի վրայ իբրեւ շիրմաքար: Քանդակագործ վարպետը տեղո՞ւմ է գործել, թէ՞ գիւղում այն քանդակելուց յետոյ են փոխադրել գերեզմանատուն: Այդ օրերից մնացած չափահաս մարդիկ չունենք դժբախտաբար, որոնք մեզ լուսաբանէին այս հարցերում:

Իւրգիւթիւն գիւղից ստացած մեր տպաւորութիւնը այն էր, որ այս էլ իր նախնական տեղից դէպի իր նոր վայրը փոխադրւած գիւղ է ժամանակի ընթացքում: Որովհետեւ դէպի անտառ մեր էջքի պահին, բաւական յառաջանալուց յետոյ երբ հասանք տափարակ մէկ բացատ, այստեղին շատ մօտիկ տեսանք հինաւուրց մէկ գերեզմանատուն, ամբողջովին անմշակ սալատապաններով, որոնք շատ նման էին Ղարադաղի այլ շրջաններում մեր հանդիպած հայկական շատ հին գերեզմանոցներին:

 

Վերադարձի դժւարութիւն եւ անտառում գիշերելու մտահոգութիւն

Երեկոյեան 4.30 ին գիւղի տների արանքով անցնելով, Սբ. Շողակաթի արտաքին պատը համբուրելով, արդէն իսկ մտատանջւում էինք վերադարձի ճանապարհ գտած չլինելու մտահոգութեամբ: Մեզ այնպէս էր թւում, որ անպայման գիւղի հին ճանապարհը մի կերպ կը կարողանայինք գտնել: Սակայն տասնամեակներ շարունակ անմարդաբնակ կարգավիճակում գտնւող գիւղի բոլոր ճանապարհները անյայտացել էին: Այս էլ մէկ լեռնային թերակղզու տեսք ունէր, երեք կողմերից խոր ձորերով ապահովւած, թշնամիների հեշտ մուտքը անհնարին դարձնելով: Երեւի յատուկ կերպով էին ընտրում այս գիւղատեղերը մեր նախնիք, բնական պարիսպներով պաշտպանւած զգալու եւ իրենց խաղաղ կեանքը ապրելու այս վտանգալից լեռներում:

   Այնքան յոգնել էինք որ հազիւ կարողանում էինք ուժ հաւաքել, մենք մեզ յիշեցնելով թէ սոյն պրպտողական աշխատանքը կատարելու համար էինք քաշել այս ամբողջ նեղութիւնը: Սակայն միւս կողմից վախը պատել էր մեր հոգին, վերադարձի համար մնացած սահմանափակ ժամանակը նկատի ունենալով, որովհետեւ մութը ընկնելուց յետոյ ճանապարհը անտառում շարունակելը երեւակայական քաջութիւն է պահանջում, որը յատուկ է հեքիաթների զրահաւոր ասպետներին:

Մեր ընկերակիցների հետ համախորհուրդ որոշեցինք իջնել ձորը, որտեղից ուղիղ ընթանալ, նկատի ունենալով որ բարձունքից հեռւում երեւում էր ներկայիս թրքանակ Նամնա գիւղը: Յոյս ունէինք որ նրա մօտերանքում կը կարողանայինք արահետ գտնել եւ նոյնիսկ Նամնա բարձրանալով փրկւել այս անելից:

Մեզ հետ վերցրած երկու ջրի շշերը վաղուց դատարկւել էին բոլորիս խեղդող ծարաւի պատճառով: Ստիպողաբար իջանք ձորը, որովհետեւ միւս կողերում անդունդ էր: Հակառակ դարձեալ թակարդում բռնւած մկների նման մեր խեղճ դրութեան, մխիթարւեցինք, որովհետեւ ձորի միջով առու էր հոսում, երկու լեռների նեղ արանքից: Անյագօրէն խմեցինք վազող ջրից, առանց մտածելու դրա մաքուր կամ պղտոր լինելու մասին: Աւելին, լցրեցինք մեր շշերը իբրեւ ճանապարհի պաշար: Սոված էինք սակայն չէինք մտածում մեզ մօտ եղած մէկ կտոր հացը ուտելու մասին: Մեր ուշադրութիւնը կենտրոնացրել էինք անտառից մի կերպ դուրս գալու եւ հրաշքով մեր ուղղութիւնը գտնելու մասին:

Գիւղը ծովից 1000 մետր բարձրութեան վրայ էր գտնւում, իսկ մենք ցած էինք իջել 800 մետր: Փաստօրէն մեր իջած իւրաքանչիւր մետրը բարձրանալու էինք, հասնելու համար գէթ մօտերը այն վայրին, որտեղ թողել էինք մեր ամենագնացը:

Մեր միջից անտառային կեանքի փորձառուների կանխագուշակութիւնը իրականացաւ, երբ մինչեւ մութն ընկնելը՝ երեկոյեան ժամը 8, մենք քայլում էինք: Փորձում էինք շուտով հասնել բացատներ, խիտ ծառերի ստեղծած մութ ստւերներից ազատւելու նկատառումով: Յոգնութիւնը սակայն իր բացարձակ որոշումը կայացրել էր: Ատեն ատեն պիտի որ հանգչէինք շուրջ հինգական րոպէ, այլապէս ծարաւ ու շնչասպառ լինելը ամէնից թեթեւ նկարագրութիւնը պիտի լինէին մեր ապրած տանջանքին:

Երեկոյեան ժամը 9-ին արդէն իսկ համատարած մթութիւն տիրեց անտառում, մինչ մենք հասել էինք մէկ բացատ, հազիւ չորս մետր տարածութեամբ: որոշեցինք կրակ վառել, ե՛ւ կենդանիներից ե՛ւ ցրտից պաշտպանւելու համար: Խելացութիւն չէր նորից մտնել մութ անտառի ստուերոտ ծառերի խտութեան մէջ, մանաւանդ որ ձեռքի ճրագ էլ չէինք վերցրել, վստահ լինելով որ լոյս աչքով վերադառնալու էինք այնտեղ, որտեղից մտել էինք անտառ:

Համոզւեցինք գիշերել մեր ընտրած վայրում, իսկ լուսնի լոյսը թեթեւ լուսաւորում էր չորացած ոսկեգոյն խոտը: Մեր ընկերակիցներից մէկը, սակայն, որ ամբողջ մեր լեռնագնացութեան ընթացքում յառաջադէմ դիրքի վրայ էր, փորձեց շարունակել ճանապարհը, աջ ու ձախ արահետներ փնտռելով: Նա իր ոտքերի առաջը փորձում էր տեսնել բջջային հեռախօսի թոյլ լոյսով: Մենակ չթողնելու համար մէկ քանի տասնեակ քայլ հետեւեցի նրան, եւ ով զարմանք, յանկարծ նշմարեցին գիւղական մէկ ճանապարհ, որտեղից գիւղացիների փոքր բեռնատարներ անցել էին: Վրանաբնակ վաչկատունների տարածքները առաջնորդող ճանապարհն էր այս…: Մեր երկու ընկերակիցներն էլ երբ մեր ուրախ բացագանչութիւնները լսեցին, շուտով եկան միանալ մեզ եւ անտառից դուրս եկած լինելու ցնծութիւնը տօնեցինք երգելով «Լուսին չկար մութ գիշեր էր, մի խումբ կերթար արագ-արագ» երգը, հակառակ դրան, որ լուսնի լոյսով էինք քայլում…:

Մենք սակայն շա՜տ էինք հեռացել այն վայրից, որտեղից իջել էինք անտառի խորքը: Այդ ամբողջ տարածութիւնը պէտք էր ոտքով անցնէինք այս ճանապարհից, հասնելու համար մեր ինքնաշարժին:

Մեր այցի նպատակը բարի լինելով, Նախախնամութիւնը օգնեց մեզ եւ երկու կիլօմետր հազիւ քայլած, վաչկատունների մէկ փոքր բեռնատար իր պսպսղուն ճրագներով երեւաց լեռան կողին: Մօտեցաւ մեզ, բնականաբար վախենալով որ աւազակներից է շրջապատւած: Մեր որսորդական զէնքը վար դնելով աղաչեցինք որ մեզ փոխադրէ դէպի մեր ինքնաշարժի մօտ: Համաձայնւեց ազնւութեամբ եւ շուրջ կէս ժամ ճամբորդութիւնից յետոյ բեռնատարի մէջքում, հասանք մեր փափաքած վայրը: Ոչ մէկ նւէր վերցրեց, ինչքան էլ ստիպեցինք:

Նրանցից մէկը, որը իր վրանից դուրս եկաւ վերջին պահին, տարեց մարդ էր: Նա բնիկ Ուշտուբին գիւղից լինելուն, որը Իւրգիւթիւնից աւելի ցած առաջին թրքական գիւղն է, իր հօրից լսել էր Իւրգիւթիւնցի հայերի մասին, եւ իր իմացած անուններն էր թւում, անշուշտ մօտաւոր հնչումներով՝ Մեսրոպ, Արամ, Յակոբ…:

 

Վերջաբան

Այս տաժանակիր առաքելութիւնը, որը քաղցրութեամբ տարինք բնականաբար, մեզ մղեց խորհրդածութեան այս գիւղի տարօրինակ անւան շուրջ: Նախապէս Ղարադաղի մասին գրաւոր անդրադարձ ունեցողներ, ինչպէս նաեւ Իւրգիւթիւնցիներից իրենց գիւղի անւան մասին հարցրած անձինք յիշատակում են, թէ այն հիմնւած լինելով երկաթի հանքի վրայ, հիմնադիրները այն անւանել են «Ըրկաթին», այսինքն՝ «երկաթին»: Գաւառաբարբառ այս հնչելաձեւը՝ ըրկաթին, հետագայում վերածւել է «Իւրգիւթիւն» անւան:

Մենք նաեւ սոյն անւան մէջ տեսնում ենք «իր գութին» այսինքն իր արօրին վստահած քաջ գիւղացու պատկերը, թէեւ կարող ենք սխալւած լինել մեր այս ենթադրութիւնում:

Կայ մէկ այլ մեկնաբանութիւն Իւրգութիւն անւան, որը դարձեալ մօտաւոր իմաստ է փոխանցում, այն է՝ «Իր գութին», այսինքն Աստծու գութին յանձնւած գիւղ:

Այսքան դժւարին հասանելիութիւն ունեցող գիւղի համար, որը վտանգալից անտառներով է շրջապատւած, ինչպէս նաեւ անդնդախոր ձորերով, դրա անւան ամէնից յարմար մեկնաբանութիւնը անձնապէս այս երրորդն ենք գտնում:

Յարակից լուրեր