Հա

Համայնք

09/10/2019 - 11:20

Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)

Երրորդ տարին լինելով տեղի ունեցաւ Թաւրիզի հայագիտական գիտաժողովը, ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանում՝ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կենտրոնատեղիում եւ Մաղարդայ Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում, թեմակալ առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ թեմի կազմակերպութեամբ, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Շւէյցարիայից եւ Թուրքիայից։

«alikonline.ir» - Երրորդ տարին լինելով տեղի ունեցաւ Թաւրիզի հայագիտական գիտաժողովը, ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանում՝ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կենտրոնատեղիում եւ Մաղարդայ Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում, թեմակալ առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ թեմի կազմակերպութեամբ, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Շւէյցարիայից եւ Թուրքիայից։ Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ինչպէս անցեալ տարիներին, այս տարի եւս հայագիտութեան տարբեր բնագաւառներ եղան զեկոյցների եւ քննարկումների առարկայ՝ տեղական պատմութիւն, դաշտային գիտաշխատանք, ճարտարապետութիւն, երաժշտութիւն, գրականութիւն, պատմութիւն եւ ընտանեկան պատմութիւն։

Գիտաժողովի ընթացքում մասնակիցները առիթ ունեցան ծանօթանալու Ատրպատականի հայոց թեմի պատմութեան, համագործակցութեան նոր հեռանկարներով նրանք իրենց նպաստը առաջարկեցին, զրոյցի, քննարկումների, առաջարկների միջոցաւ թեմի պատմութիւնն ու ներկան իրարու հետ յարաբերութեան բերելով։

Կազմակերպիչ յանձնախմբի անունից գիտաժողովի բացումը կատարեց Իշխան Չիֆթճեան, որ զեկուցաբեր մասնակիցներին ու ներկաներին ողջունելուց յետոյ հակիրճ անդրադարձ կատարեց Ատրպատականի աշխարհագրական դիրքին ու պատմական կարեւորութեան, այն կամուրջ համարելով անցեալի ու ներկայի միջեւ, հայկական ինքնութեան կարեւոր բաղադրիչներ մատնանշելով։ Ատրպատականի աշխարհագրական ու քաղաքական դիրքը ընդմէջ պատմական Հայաստանի ու Հայաստանի ներկայ Հանրապետութեան, Ծոր-Ծոր վանքի արեւմտամէտ ուղղութիւնը, Արարատի մերձաւորութիւնը, Հին Ջուղայի բազմասահմանամերձ նկարագիրը, դրա գերեզմանատան ճակատագիրը, երեք պատմական վանքերի եւ Հովւի մատռան գոյութիւնն ու Իրանի Իսլամական Հանրապետութան եւ ԻՒՆԵՍԿՕ-ի հոգածութեան ներքեւ դրանց վերանորոգումը «մանրանկար պատմութիւն ու ներկայ Հայոց» բնորոշեց Չիֆթճեան, շեշտը դնելով ո՛չ թէ պատմութեան խորհրդանշական իմաստին, այլ պատմութիւնը ներկայ բերելու, դրանից դասեր քաղելու եւ ներկան դրանցով վերաձեւաւորելու աշխատանքին վրայ, որին մաս է կազմում նաեւ կազմակերպումը ամէնամեայ այս գիտաժողովներին։

Զեկոյցները ներկայացւեցին անգլերէնով։ Նրանք տեւեցին քսան րոպէ, եւ դրանց յաջորդեց քննարկման եւ կարծիքի փոխանակութեան ժամանակահատւած:

Առաջին երկու նիստերը նւիրւած էին Ատրպատականի տեղական պատմութեան եւ ճարտարապետութեան։ Առաջին նիստի առաջին զեկուցաբերն էր Սրբազան Հայրը՝ Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան։ «Նոր ձեռքբերումներ՝ Ղարադաղ գաւառի ուսումնասիրութեան մէջ» խորագիրը կրող զեկոյցով Սրբազան Հայրը ներկայացրեց վերջին ամիսներին իր կատարած դաշտային ուսումնասիրութեանց արդիւնքը։ Լեռնային Ղարաբաղի հանդիպակաց՝ իրանական հողին վրայ գտնւող՝ պատմական Հայաստանի Փայտակարան նահանգի մաս կազմող լեռնային Ղարադաղի գիւղերում մէկ շարք եկեղեցիների, մատուռների եւ գերեզմանատների յայտնաբերման ու վաւերագրման աշխատանք կատարել էր սրբազանը։ Նա նախ ներկայացրեց տարբեր դարերի ընթացքում տարբեր իշխանութեանց ենթակայ նահանգի բազմաբնոյթ նկարագիրը։ Եօթներորդ դարից սկսեալ Փայտակարանը արաբների, բաբախանների, խոռամիտների, սելճուքների, մոնղոլների եւ այլոց տիրապետութեանց տակ գտնւել է։ Յուշարձանների չափագրութեան ու տեղագրութեան յոյժ անհրաժեշտ աշխատանքի կողքին Սրբազան Հայրը նաեւ յիշեցրեց տեղացիների հետ իր ունեցած զրոյցների բերած փորձառութիւնը, պատմութեան ներկայացման նրանց տարբերակը, ինչ որ կիսականգուն, կիսաւեր կամ մխիթարական վիճակում գտնւող յուշարձաններին տալիս էր յաւելեալ իմաստ։

Առաջին նիստի երկրորդ զեկուցաբերն էր Արմանտ Չուխաճեան (Փարիզ), որ ներկայացրեց «ՓԵԹԱԿ գորգագործութեան ընկերութիւնը եւ Զարեհ Չուխաճեան, 1912-1920» նիւթը։ Զեկոյցը բաւական յուզիչ էր, որովհետեւ ներկայացւում էր աւելի քան մէկ հարիւրամեակ առաջ Թաւրիզում յիշեալ հաստատութեան գեղարւեստական տնօրէն Զ. Չուխաճեանի որդու իսկ կողմից։ Պարսկական գորգագործութեան այս ընկերութիւնը հիմնւել էր Բերլինում 1911-ին Հայրնիխ Եագոբիի կողմից, շուտով ունենալով իր մասնաճիւղը Թաւրիզում։ 20-րդ դարասկիզբի քաղաքական պայմանների ենթապատկերը ներկայացնելով, որդի Չուխաճեան յիշեց, թէ հայր Չուխաճեան ինչքան դժւար պայմաններում, օսմանեան բանակի կրկնակի ներթափանցումի ահուսարսափի օրերին կարողացել էր ղեկավարել գորգագործարանը, ի հարկին նաեւ գործարանում բանտարգել մնալով, ու այդպիսով մէկ շարք աշխատաւորների կեանքը փրկելով։ Փեթակ Թաւրիզի, Սուլթանապատի, Քերմանի եւ Շիրազի կողքին ունէր նաեւ մասնաճիւղեր Վարշաւիայում, Թիֆլիսում, Լոնտոնում ու Նիւ Եորքում։ Փեթակի պատրաստած բուրդին, բամպակին ու դրանց գոյների որակի ու տոկունութեան մասին վկայում է այս մասնաճիւղերի գոյութիւնը, շեշտեց Չուխաճեան։ Իր պաշտօնին բերմամբ, Զարեհ Չուխաճեան սերտ յարաբերութիւններ է ունեցել Թաւրիզի քաղաքական, դիւանագիտական ու կրօնական անձնաւորութիւնների հետ։

Երկրորդ նիստը եւս նւիրւած էր Ատրպատականի պատմութեան։ Առաջին զեկուցաբերն էր ճարտարապետ դոկտ․Վահագ Սիմոնեան (Թաւրիզ/Լոնդոն/Երեւան), որը ներկայացրեց հետեւեալ զեկոյցը․ «Ճարտարապետական իմ ներդրումները Թաւրիզ քաղաքին, Թաւրիզի համալսարանին ու հայ համայնքին»։ Նա նախ իր կենսագրութեան եւ ուսումնառութեան տւեալները ներկայացրեց։ Թեհրանում ու Դարմշթատում (Գերմանիա) ուսումը աւարտելուց յետոյ, նա վերադարձել է Թաւրիզ եւ 1966-1999 թւականներին դասախօսել է Թաւրիզի համալսարանում, որտեղ եւ ստանձնել է նոր համալսարանի շէնքերի բարեզարդման ու մէկ յուշակոթողի կառուցման աշխատանքը։ Աւելի ուշ նրան առաջարկւել է պատմական փոքր դղեակ յիշեցնող մէկ կառոյցի վերանորոգումը, որը կատարել է յաջողութեամբ, փրկելով հին կառոյցը վերացման վտանգից։ 1978-ին Ատրպատականի Թեմական խորհրդի անդամ է դարձել։ Նոյն տարի նա կառուցել է Թաւրիզի հայկական գերեզմանատունը պարիսպի նման եզերող 125 խանութների շղթան եւ յաջորդ տարի՝ գերեզմանատան կողքում յատուկ սրահ։ Անգլիա կեցութիւնից վերադարձին, 1990-ական թւականներին, դոկտ. Սիմոնեան կառուցել է Թաւրիզի «Արարատ» մարզամշակութային միութեան համալիրը, առաջնորդարանի կից, Թաւրիզի Ղալա թաղամասին Ս․ Աստւածածին մայր եկեղեցու երկու զանգակատները, առաջնորդարանի բակում՝ «Համազասպ Ոսկանեան» սրահը։ Նա փորձել է իր անձնական կնիքը հայկական ճարտարապետական աւանդական ոճին ներդաշնակ դարձնել։

Երկրորդ նիստի երկրորդ զեկոյցը ներկայացրեց դոկտ․ Վարդան Սիմոնզ (Թաւրիզի համալսարան), «Թումանեան ընտանիքը․ պատմութիւն եւ գործունէութիւն» նիւթով։ Ատրպատականի Ղարադաղ գաւառի ծնունդ վաճառական այս համբաւաւոր ընտանիքը ունեցել է վճռորոշ ազդեցութիւն պետական ու տնտեսական շրջանակների վրայ՝ մէկ կողմից, ազգային ու համայնքային կեանքին վրայ՝ միւս կողմից։ Հարիւր տարւայ կեանք ունեցող այս հաստատութիւնը միայն Բոլշեւիկների օրօք իր աւարտը գտնում է։ Թաւրիզի Հայկազեան եւ Թամարեան դպրոցների հիմնադիր եւ հովանաւոր Թումանեաններ, 18-րդ դարի աւարտից ի վեր, նախ իբրեւ պայտար, ապա իբրեւ մանր վաճառական սկիզբ են դրել իրենց գործին, հայրը որդուն արհեստն ու վաճառականութիւնը որդեգրելով ու զարգացնելով։ Թումանի որդի Յարութիւն Թումանեանի օրօք արդէն Ղարադաղի խաները հաշւի էին նստում Թումանեանների հետ, երբեմն ճնշում բանեցնելով, երբեմն օրինապէս կամ ապօրինի միջոցներով կողոպտելով նրանց ունեցւածքը։ 19-րդ դարի կէսին Թաւրիզ փոխադրւելուց եւ այստեղ իրենց կենտրոնական վաճառատունը հիմնելուց յետոյ, ժամանակի ընթացքում հաստատում են իրենց մասնաճիւղերը ոչ միայն Մարաղայի, Ուրմիոյ, Ռաշտի եւ այլ մերձակայ ու հեռաւոր քաղաքներում, այլեւ միջազգային շուկայ են մտնում, մասնաճիւղեր ունենալով Թիֆլիսում, Բաքւում, Աստրախանում եւ Մոսկւայում։ Նրանք արտածել են բուրդ, բամպակ, մետաքս եւ պիստակեղէն դէպի ռուսական կայսրութիւն, Պարսկաստան ներածելով ոսկի եւ արծաթ։ Աւելի ուշ նրանք Բաքւի նաւթարդիւնաբերութիւնում էլ աշխատանք են ծաւալել։ Մինչեւ 1918 թւական Պարսկաստանի դրամատնային գործառքը տեղի է ունեցել ի միջի այլոց նաեւ Թումանեան վաճառատան միջոցով։

Ճարտարապետութեան եւ երաժշտութեան նւիրւած Երրորդ նիստի առաջին զեկոյցով հանդէս եկաւ դոկտ․ Կիւնէր Սաղըր (Իսթանպուլի համալսարան, Իսթանպուլ), որը ներկայացրեց «Մրենի տաճարը․ ճարտարապետութիւն, պատմութիւն եւ զարդանախշեր» նիւթը։ 7-րդ դարում կառուցւած, Կարսի շրջանում այժմ մեկուսի գտնւող Մրենի տաճարը յատուկ կարեւորութիւն ունի հայկական ճարտարապետութեան համար իբրեւ նախատիպը Անիի մայր տաճարին, շեշտեց Սաղըր։ Հետաքրքրական էր հետեւեալ զուգադիպութիւնը․ տաճարը կառուցւել է 7-րդ դարի կէսին, Հերակլ կայսեր կողմից Քրիստոսի խաչափայտի գերութիւնից վերադարձւելու յաղթական առիթով։ Ծանօթ է, որ պարսից Խոսրով Փարւիզ արքան Թաւրիզ քաղաքում գերի էր պահել խաչափայտը 14 տարի, որտեղից էլ Հերակլի բանակները վերադարձրեցին այն Երուսաղէմ։ Խաչափայտին վերադարձին նւիրւած յատուկ հարթաքանդակ էլ կայ տաճարի վրայ, Հերակլի դիմաքանդակով։ Սաղըր մանրամասնօրէն ներկայացրեց պատկերների եւ հարթաքանդակների բովանդակութիւնն ու ներկայ վիճակը, նկատի ունենալով որ ինք առիթ ունեցել էր անձամբ չափագրելու եւ աշխատելու այնտեղ։

Նելլի Շթուռմ (Պազէլ, Զվէյցարիա) ներկայացրեց «Վաղ եկեղեցական երաժշտութիւնը Հայաստանում եւ Արեւմուտքը․ զուգահեռներ եւ տարբերութիւններ» նիւթը։ Արմատների վերադարձի ընդհանուր երեւոյթը տարբեր արւեստների մէջ մատնանշելուց յետոյ, Շթուռմ ընդգծեց, թէ երաժշտական սկզբնական ըմբռնումների վերադարձը կապւած է երաժշտական յղացքի սկզբնական վիճակները պահպանելու պատասխանատւութեան հետ։ Արեւմտեան Գրիգորեան երաժշտութեան ակնարկելով, նա յիշեց, որ Գրիգոր պապի ժամանակից էլ առաջ կային երգերը, սակայն իր միջոցաւ դրանք դասաւորւեցին, նւիրականացան, ինչպէս հաւանաբար պարագան է Մեսրոպ Մաշտոցի վերագրւած շարականներին։ Շթուռմ խանդավառութեամբ արձանագրեց, որ եւրոպական երաժշտութեան միջնադարեան խազագրութիւնը այսօր միայն ձեռագիր մատեաններում կարելի է գտնել, մինչդեռ հայկական խազագրութիւնը ցարդ ներկայ է տպագիր շարակնոցներում եւ նոյնիսկ երգւում է, օրինակ՝ Պոլսում։

Պատմութեան եւ ընտանեկան պատմութեան նւիրւած չորրորդ նիստի առաջին զեկուցաբերն էր պրոֆ․ դոկտ․ Տորոթէա Վելթէքքէ (Կէօթէ համալսարան, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա), որը ներկայացրեց «Ասորիներ եւ հայեր իսլամական տիրապետութեան ներքեւ գտնւող քաղաքներում․ նախնական նկատողութիւններ»։ Միջնադարագէտ զեկուցաբերը ծաւալուն մէկ ծրագրի նախագիծը միայն ներկայացրեց, որտեղ ասորական եւ հայկական քաղաքների շուրջ կենտրոնացւած կեանքի, աշխարհագրութեան, քաղաքական կացութեան ու ճակատագրի մասին աղբիւրներ ու տւեալներ ներկայացրեց, մանրամասնելով գիտական մօտեցումների բարդութիւնները։ Տարբեր ու երբեմն հակոտնեայ աղբիւրների ներկայացումները կազմում են մէկ խճանկար միջնադարեան համայնքների, ասաց նա, յաճախ վանքերի շուրջ կենտրոնացած։ Հարկ է նշել որ Կիլիկիայի հայ թագաւորները 12-14-րդ դարերին ամբողջ շրջանի քրիստոնեաների պաշտպանութեան պատասխանատւութիւնը ստանձնել էին։ Մատթէոս Ուռհայեցու, Միքայէլ Ասորու, Գանձակեցու եւ այլ առկայ աղբիւրների կողքին նա ձեռագիր աղբիւրների փնտռտուքի ձեռնարկել է, աւելի պարզ մէկ պատկեր տալու համար միջնադարեան տւեալ քաղաքների բնակիչ քրիստոնեաների կենցաղային մանրամասնութիւնների մասին։

Պրոֆ․ դոկտ․ Հուբերտ Քաուֆհոլտ (Լուտֆիկ Մաքսիմիլիանս համալսարան, Միւնիխ, Գերմանիա), որը արեւելեան քրիստոնեաների պատմութեան մասնագէտ է, ներկայացրեց «Հայկական-պաւարիական յարաբերութիւնները պատմութեան ընթացքում» զեկոյցը։ Սկսելով առաջին հայ եպիսկոպոսի՝ Գրիգորիոսի յիշատակութիւնից, որ 11-րդ դարում Պաւարիոյ Պասսաու քաղաքում է թաղւած, նա նշեց բազմաթիւ ճանապարհորդ հեղինակներ, որոնք Պաւարիայից անցել էին Հայաստան կամ արեւելեան հայաբնակ քաղաքներ, ինչպէս Թաւրիզ ու արձանագրել էին իրենց տպաւորութիւններն եւ յաճախ այսօրւայ համար շատ անհրաժեշտ տեղեկութիւններ տեղական քաղաքական, տնտեսական, վարչական եւ կենցաղային կացութեան մասին։ Ճանապարհորդներից բացի նաեւ Պաւարիոյ Լուտվիկ թագաւորը 19-րդ դարի կէսին այցելել է Մխիթարեանների Ս․ Ղազար վանք եւ նոյնիսկ քերթւած նւիրել նրանց։ Հայագիտութեան զարգացման մէջ էլ ներդրում ունեցել են պաւարիացիք՝ Ֆրիտրիխ Քարլ Նոյման եւ այլք։ Պաւարիոյ համալսարաններում էլ ուսանել են հայեր հայաբնակ մէկ շարք քաղաքներից այնտեղ ժամանելով։

Չորրորդ նիստի վերջին զեկուցաբերն էր դոկտ․ Հայկ Տոլապճեան (Ֆելտքիրխեն-Վեսթերհամ, Գերմանիա), որը ներկայացրեց «Հայ ընտանիքիս պատմութիւնը» զեկոյցը։ Հայ հօր եւ գերմանացի մօր ծնունդ Տոլապճեան վերջին տարիներին տենդագին աշխատանքի է լծւած գտնելու համար հետքերը իր ընտանիքին ու գերդաստանին աշխարհի ողջ տարածքում։ Շնորհիւ համացանցային միջոցներին նա կարողացել է ցարդ գտնել բազմաթիւ ազգակցական կապեր, որոնց բոլորին էլ արմատը կապւած է Մարաշում սկիզբ առած Տոլապճեանների ընտանեկան կեանքին։ Տոլապճեանի հայրը մանկութեան փորձել է պատմել Եղեռնի բովից անցած իր ընտանիքի պատմութիւնը, ինչ որ մղել է որդուն այսօր մանրամասնութեամբ վերականգնելու ընտանիքին պատմութիւնը, հասնելով մինչեւ Հայաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Արժանթին, Ուրուկւայ, Թուրքիա, Սիրիա, Եգիպտոս, Կանադա, Միացեալ Նահանգներ, յաճախ ճամբորդութիւններ կատարելով ու կապեր հաստատելով։ Հօր կենսագրութեան մասին գերմաներէն եւ անգլերէն գրքոյկներ հրատարակելուց յետոյ Հայկ Տոլապճեան այժմ ձեռնարկել է գերդաստանի ուսումնասիրութեան։

Հինգերորդ եւ վերջին նիստը յատկացւել էր գրականութան, որը տեղի ունեցաւ Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում, երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019 թ.-ին, որտեղ գիտաժողովի վերջին զեկոյցով հանդէս եկաւ Իշխան Չիֆթճեան (Համպուրկի համալսարան, Գերմանիա), «Աղէտի փորձառութիւններ ու արտայայտութիւններ հայ բանաստեղծութեան մէջ» նիւթը ներկայացնելով։ Նա նախ յիշեցրեց, որ պատմական եր-կու յիշավայրերի դրացնութեան մէջ ենք գտնւում՝ Հին Ջուղայի տեղահանութեան (17-րդ դար) ընթացքին օգտագործւած Արազի անցման վայրի ու նոյն քաղաքի գերեզմանատան մօտ, որտեղ 2006 թւականին անհետ բնաջնջւած էին գերեզմանատան մնացորդ վերջին խաչքարերը։ Ապա նա օրինակներով շեշտեց աղէտի փորձառութիւններ ու արտայայտութիւններ յատկապէս Եղեռնին անդրադարձող բանաստեղծական կտորներից․ Պ․ Սեւակ, Նւարդ եւ Նազենի Տէր-Միքայէլեաններ, Արմենուհի Տիգրանեան, Իսրայէլ Տխրունի, Արմէն Տօրեան, Նազարէթ Փիրանեան, Կարապետ Փօլատեան եւ Յ․ Օշական ներկայացուցիչներ են, որոնց մատուցած պատկերներն ու խոհերը աղէտը կը փորձեն հասկանալ՝ մայր բնութեան, որբերի ինքնութեան, կրթական օճախների գոյութեան ու քանդումին հետ մտածելով։ Հուսկ կենտրոնանալով Օշականի այն գաղափարի վրայ, թէ Եղեռի զոհերը այս ու այն աշխարհին մէջ չունեն իրենց համապատասխան վայրը, համեմատեց իրարու հետ եւ դրեց ջարդւած եւ Արազի մէջ լցւած խաչքարերի անվայր ճակատագրի հետ։

Ապա տեղի ունեցաւ գիտաժողովի եզրափակիչ նիստը, որի ընթացքին մասնակիցները իրենց տպաւորութիւնները փոխանցեցին Ատրպատականի հայոց թեմում իրենց միաշաբաթեայ կեցութեան մասին։ Նրանք շնորհակալութիւն յայտնեցին Սրբազան Հօր, այցելութեան այս առիթին ու գիտաժողովին մասնակցութեան համար, խոստացան իրենց փորձառութիւնը կիսել իրենց շրջապատի հետ, համագործակցել թեմի ծանօթացման ու զարգացման աշխատանքներին։ Սրբազան Հայրը իր կարգին գնահատեց բոլոր մասնակցիներին եւ յաջողութիւն մաղթեց նրանց հետագայ աշխատանքներին։ Նոյն առիթով նա շնորհակալութիւն յայտնեց նաեւ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան վարչութեան, գիտաժողովի ընթացքում իրենց ցուցաբերած օժանդակութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։