Հա

Համայնք

26/10/2019 - 10:00

Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150ամեակը Թաւրիզում՝ Հայ Համալսարանականների միութեան կազմակերպութեամբ

Հինգշաբթի, 10 հոկտեմբեր 2019 թ.-ին, մշակոյթի օրւայ սեմին, մեծանուն գրող ու բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեց գեղարւեստական երեկոյ, ճոխ յայտագրով եւ նոյն միութեան մեծ թւով անդամների դերակատարութեամբ:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 10 հոկտեմբեր 2019 թ.-ին, մշակոյթի օրւայ սեմին, մեծանուն գրող ու բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեց գեղարւեստական երեկոյ, ճոխ յայտագրով եւ նոյն միութեան մեծ թւով անդամների դերակատարութեամբ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ, ասմունքի, թատերական ներկայացումների, հեքիաթներից քաղւած մասերի եւ կենդանի պատկերների շքեղ համադրութեամբ յագեցած ծրագիրը տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, ներկայութեամբ թաւրիզահայ մշակութասէր հանդիսականների:

Բացման խօսքով հանդէս եկաւ Մեղեդի Մկրտչեանը, որը անդրադարձ ունեցաւ այս տարի աշխարհասփիւռ հայ գաղութներում եւ հայրենիքում Յովհաննէս Թումանեանի 150-ամեակի տօնակատարութիւններին եւ ապա ընդգծեց նրա դերը հայ գրականութեան մէջ, թէ՛ որպէս մանկական գրող, թէ՛ որպէս պոէմների, բալադների, հեքիաթների ու քառեակների հեղինակ: Ծրագրի հաղորդավարներն էին դոկտ. Սեւանա Դանղեանն ու դոկտ. Վարդան Սիմոնզը, որոնք նախ ներկայացրեցին պոէտի կենսագրութիւնն ու դրւագներ նրա մանկութեան ժամանակաշրջանից: Ապա ծրագրի առաջին բաժնում ներկայացւեցին Թումանեանի մանկական գրականութիւնից վերցւած ստեղծագործութիւնները. բեմադրութեան վերածւած «Շունն ու Կատուն» եւ «Չարի վերջը» մանկական բանաստեղծութիւնները ներկաների մէջ մեծ խանդավառութիւն առաջացրին։ Դերերի մէջ փայլուն հանդէս եկան Էջմին Մնացականեանը, Թադէ Նազարբէգեանը, Քեւին Սաֆարեանը, Փոլետ Բենոյեանը, Ժիրայր Աբրահամեանը եւ Ալինա Նաւասարդեանը, իսկ պատմիչի դերում՝ Արաքս Առաքելեանը։ Թատերական բաժնի բեմադրիչն էր Անահիտ Յակոբեանը եւ բեմայարդարն ու դիմայարդարը՝ Անայիս Խալաֆեանը։ Այս բաժնում Էմելիա Աբրահամեանի գեղեցիկ եւ քաղցր ոճով «Մի կաթիլ մեղրը» արտասանութիւնը ունկնդրեցին ներկաները եւ Մորիթա Թարվերդեանը հին յուշեր արթնացրեց բոլորի մօտ արտասանելով «Հին օրհնութիւն»-ը: Ծրագիրը շարունակւեց Թումանեանի երգիծական աշխատութիւններով, որտեղ հաղորդավարները ներկայացրեցին մի քանի բանաստեղծութիւններ, ինչպէս «Կտակ»-ը:

Կարճ ընդմիջումից եւ հիւրասիրութիւնից յետոյ գեղարւեստական երեկոն շարունակւեց նախ Թումանեանի սիրային ստեղծագործութիւններով. Հատւածներ ներկայացւեցին «Անուշ» պոէմից։ «Ախթամար»-ը՝ արգիլւած սիրոյ պատմութիւնը տխուր վախճանով, խորը տպաւորեց ներկաներին թէ արտասանութեամբ եւ թէ երգով, Փաթրիշիա Դանղեանի եւ Մասիս Կարապետեանի կատարմամբ:

Նահապետական օրէնքներով ու սովորութիւններով ապրող գիւղացիների կեանքը նկարագրող «Մարօ»-ն արտասանեց Անայիս Խալաֆեանը: Յուզիչ եւ տպաւորիչ ոճով ներկայացւեց անբախտ եւ անմեղ աղջնակի անզօրութիւնը հին սովորութիւնների դաժան ընթացքի դիմաց։ Անդրադարձ եղաւ Թումանեանի թարգմանութիւններին, յիշելով մի դրւագ իր կեանքից այս կապակցութեամբ, եւ գերմանացի գրող-բանաստեղծ Գէոթէից թարգմանած «Վարդ» բանաստեղծութիւնը երգով ներկայացրեց Վանիկ Սիմոնզը:

Մարդկային դաւաճանութիւնը քննադատող «Թմկաբերդի առումը» արտասանեց Արսինէ Բաբայեանը: Պարտւող կողմի դաւի դիմելու եւ մարդ արարածի փառամոլութեան ու եսասիրութեան փիլիսոփայական թեմաները ներկայացւեցին խորազգաց տպաւորութեամբ։ Անդրադարձ եղաւ բանաստեղծի բնութեան թեմայով ստեղծագործութիւններին եւ ապա Վանիկ Սիմոնզի միջոցով կատարւեց «Աշուն» երգը: Ներկայացւեց մի շարք հայ եւ օտարազգի գրողների ու արւեստագետների դրւատանքի խօսքերը Թումանեանի մասին, Մանէ Նազարբէգեանի միջոցով (Լէօ, Աւետիք Իսահակեան, Վալերի Բրիւսով…):

Ծրագրի վերջին բաժինը յատկացւած էր բանաստեղծի հայրենասիրական աշխատութիւններին. Հատւածներ ներկայացւեցին «Հայոց վիշտը» եւ «Խորհրդածութիւն հայկական հարցի վրայ» բանաստեղծութիւններից հաղորդավարների միջոցով, «Հայոց լեռներում» երգը՝ տկն. Ռեբեկա Սարգսեանի միջոցով, Կարէն Սարգսեանի նւագակցութեամբ, եւ «Հոգեհանգիստ» բանաստեղծութիւնը՝ դոկտ. Մարինա Դանղեանի միջոցով: Ապա զարկւած ու զրկւած, ողբի ու որբի հայրենիքի պատկերը փոխելով լոյսի եւ յոյսի, նոր ու հզօր հայրենիքի, նախ հայի ազատաբաղձ ոգին արտացոլող «Սասունցի Դաւիթ» պոէմից արտասանեցին Սեւանա Դանղեանն ու Վարդան Սիմոնզը եւ ապա «Հայրենիքիս հետ» երգով հանդէս եկաւ Միրօ Աբրահամեանը, Կարէն Սարգսեանի նւագակցութեամբ: Ծրագիրը աւարտւեց յիշելով մեծ բանաստեղծի հիւանդութիւնը, վաղաժամ մահը Մոսկւայում եւ թաղումը Թիֆլիսի Խոջիվանքում, նրա սրտի պահպանումը զաւակների միջոցով եւ ի վերջոյ բանաստեղծի սրտի յուղարկաւորումն ու թաղումը Դսեղի հայրական տան բակում: Տկն. Ռեբեկա Սարգսեանի երգով ու Կարէն Սարգսեանի նւագակցութեամբ ներկայացւեց «Ա՜խ ինչ լաւ են սարի վրայ» երգը, փոխանցելով Թումանեանի ապրումներն ու զգացումները իր հայրենի Լոռու գաւառի սարերում ու արօտներում, սարեր որոնց մէջ է թաղւած ամենայն հայոց բանաստեղծի սիրտը եւ որոնց վրայ է սաւառնում նրա անմահ հոգին:

Ծրագրի աւարտին բեմ հրաւիրւեց Սրբազան Հայրը օրւայ առիթով իր պատգամը փոխանցելու հանդիսականներին: Սրբազան Հայրը առաջին հերթին իր բարձր գնահատանք յայտնեց Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան վարչութեան եւ բոլոր անդամներին, որոնք այս կամ այն ձեւով իրենց ներդրումն էին ունեցել սոյն շքեղ ծրագրի իրագործման աշխատանքներում: Բեմի յարդարանքից մինչեւ երկարաշունչ ասմունքներն ու հոյակապ կատարումով երգերը, Սրբազան Հայրը համարեց թեմի իսկական հարստութիւնը, որ իր ոգեղէն շնչով վերակենսաւորում է բոլորին: Ապա նա անդրադարձաւ գրականութեան միջոցով կեանքի փիլիսոփայութեան իւրայատուկ դպրոց ստեղծած Յովհաննէս Թումանեանին, որ գիւղական վարժարանի խղճուկ դասարանից դուրս եկած, կարողացաւ մեր ազգի կեանքում սերունդների դաստիարակ լինել, մանկական գրականութեամբ, հեքիաթագրութեամբ, աւանդապաշտութեամբ եւ ազգագրական պատկերները յաջորդող սերունդներին կտակելու իմաստութեամբ:

Երկրորդ, Սրբազան Հայրը շեշտեց Յ. Թումանեանի որբախանամ առաքելութիւնը, մեր ժողովրդի համար բախտորոշ մէկ թւականին՝ 1915-ին, երբ նա մինչեւ Վան գնաց որբահաւաքի առաքելութեամբ եւ դրանք բերեց հայրենիք, Սուրբ Էջմիածնի հովանու ներքեւ ապաստան տալու: Նրա պատմական երկխօսութիւնը Ամենայն հայոց կաթողիկոս Գէորգ Ե.-ի հետ, որբերին Սուրբ Էջմիածնում ընդունելու, որը պատճառ դարձած էր որ բանաստեղծը ինք իրեն հռչակի Ամենայն հայոց բանաստեղծ, Սրբազան Հայրը ինքնին համարեց պատմութեան մէկ կարեւոր իրադարձութիւն, որը պէտք է բարձրաձայնել ըստ պատշաճութեան:

Վերջապէս, Սրբազան Հայրը յատուկ գնահատանք յայտնեց Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան վարչութեան ատենապետուհի Անահիտ Յակոբեանին, որը անխոնջ նւիրումով վերակազմակերպումի աշխատանքի է լծւել, ի մի խմբելով Թաւրիզում Հայ համալսարանականներին, աշխուժացնելով Միութեան կեանքը, ժողովրդի տարիքային տարբեր խաւերից իւրաքանչիւրին համապատասխան ծրագրեր նախապատրաստելով:

Նշենք, որ Անայիս Խալաֆեանի մանկապարտէզ յաճախող աշակերտների կողմից նկարւել էին Թումանեանի ստեղծագործութիւնները եւ դիմանկարը ներկայացնող խորհրդապատկերներ, որտեղ երեւում են նաեւ նրա մանկական հեքիաթների կերպարները: Աւելացնենք նաեւ, որ հանդիսութեան երկրորդ բաժնում բեմի յարդարանքը վերածւեց Թումանեանի տան սենեակին, որը զարդարում էր թաւրիզահայ շնորհալի գեղանկարիչ Փոլետ Բենոյեանի կողմից նկարւած, Յովհաննէս Թումանեանի հրաշակերտ դիմանկարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։