Հա

Համայնք

01/12/2019 - 10:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Լումա գիւղում

Տեղագրական եւ ազգագրական աշխատանքի հետամուտ եւ ուսումնասիրելու համար իր թեմում գտնւող նախկին հայաբնակ գաւառներն ու գիւղերը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 8 նոյեմբեր 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Լումա գիւղը, տեղի եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական շինութեան որեւէ մնացորդաց փնտռելու նպատակով:

«alikonline.ir» - Տեղագրական եւ ազգագրական աշխատանքի հետամուտ եւ ուսումնասիրելու համար իր թեմում գտնւող նախկին հայաբնակ գաւառներն ու գիւղերը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 8 նոյեմբեր 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Լումա գիւղը, տեղի եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական շինութեան որեւէ մնացորդաց փնտռելու նպատակով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ստորեւ ներկայացնում ենք Սրբազան Հօր կատարած տեղագրութիւնը, ի՛ր գրչով:

 

Մուտք

Միշտ չէ՛ որ բախտը ունենում ենք նախկին հայկական մէկ գիւղ հասնելուց յետոյ, այնտեղ կանգուն, կիսականգուն կամ գէթ փլւած վիճակում տեսնել հայերից մնացած որեւէ կառոյց, եկեղեցի կամ դպրոց, հայկական տներ կամ դրանց աւերակները, եւ մինչեւ իսկ հայկական գերեզմանատուն…: Ամբողջութեամբ անհետացած կամ հողին հաւասարւած հայկական գիւղերի տեղերում կանգնած լաց ենք լինում մեր սեւ բախտի համար, որ մի քիչ ուշացել ենք հնագոյն այս թեմում հոգեւոր պաշտօնավարութեան կոչւելու: Այլապէս ճիշտ ժամանակին, որոշ գիւղեր եւ դրանց եկեղեցիները կանգուն վիճակում էինք տեսնելու եւ գէթ պատմագրութեամբ ու նորագոյն լուսանկարներով փրկելու էինք դրանց յիշատակը, առյաւէտ ոչնչացումից...:

Գիւղական տարածքներ լինելով, կողքի գիւղերի բնակիչներ միշտ էլ բաց հողամասերի կարիք ունեն, առաւել վարուցանք կատարելու համար: Նրանք նոյնիսկ անտառներ են հատում գաղտնաբար, ցանքի տարածք բացելու նպատակով: Ի՞նչ խօսք ուրեմն, որ նրանք որոշ գիւղերում, երբ տասնամեակներ շարունակ այցելու հայեր չեն եղել, լռելեայն հերկել են նաեւ հայկական գերեզմանատների տարածքները, պարզապէս ջարդելով արձանագրութիւն ունեցող շիրմաքարերը, իսկ անմշակ սալատապաններն էլ կողք քշելով, իբրեւ արտի երիզը նշող սահման:

Ղարաղաղի Հասանով գաւառակի Լումա գիւղը, վերոյիշեալ տխուր պատկերը ներկայացնող գիւղերից մէկն է, որտեղ այցելեցինք 8 նոյեմբեր 2019 թ.-ին:

 

Լումա գիւղը

Ջանանլուից 50 կմ. քշեցինք դէպի արեւմուտք, ապա Քարանլուից թեքւեցինք դէպի հարաւ եւ ութ կմ. ոլորապտոյտ ճանապարհով գնալուց յետոյ հասանք Լումա: Սարերը բարձրանալու պահին, երբ անցնում ես նեղ ու հողաքանդ ճանապարհով, որը ջարդելու չափ ցնցում է ամենագնաց ինքնաշարժը, չես կարող պատկերացնել որ յանկարծ դիմացդ բացւելու են դրախտային բնութեան գեղեցիկ տեսարաններ, որոնց միայն մանկական հեքիաթների գրքերում նկարւած կարող ես հանդիպել:

Վերեւ բարձրանալու ձախ կողմից գետը հոսում է եւ հասնելով Արաքսին, թափւում նրա մէջ: Աջ կողմում՝ ծառախիտ լեռներ են, որոնք ճանապարհի երկայնքով գիւղերի այգիներ են, պտղատու ծառերով հարուստ: Ընկոյզն ու նուռը իրենց առատութեամբ կշտացնում են մարդկանց աչքերը: Սրանց ծառերը մերձենալի եւ անմերձենալի վայրերում են աճել, որոնց նախկին տէրերը չկան արդէն:

Իր իշուն արածացնող մէկ յառաջացեալ տարիքով մարդ ճամբի եզրին զրուցեց մեզ հետ, մեր հարցերին պատասխանելով այնքան, ինչքան իր տարիքը բաւարարէր իմանալու անցեալի պատմութիւնը. «Այո՛, հայեր կային Լումա գիւղում: Բայց այսօր ո՛չ նրանց տները կան, ո՛չ էլ եկեղեցին: Հայերի ապրած ժամանակ Լուման կանոնաւոր գիւղ էր: Ես տեսել եմ հայերին այստեղում»,- ասաց նա: Մեր միւս հարցին պատասխանելով, թէ գերեզմանատունը գիւղի ո՞ր մասում է գտնւում, նա պատասխանեց ասելով որ «ո՛չ իս մէկ քար չի մնացել հայերի գերեզմանատնում եւ դրանց հետքն իսկ չկայ»: Ծերունին ճշնարտութիւնն էր ասում, որովհետեւ երբ հասանք Լումա գիւղը, նրա ցոյց տւած վայրը, որտեղ հայկական գիւղն էր, վարելահողի էր վերածւել, բնաջնջւած լինելով եկեղեցին, տները եւ նոյնիսկ գերեզմանատունը…:

Բլրալանջ է նախկին հայկական Լումայի գիւղատեղը այժմ, որտեղ հայեր ապրել են մինչեւ 1946-ի ներգաղթը դէպի Հայաստան: Մեզ հետ զրուցող տարեց լումացին այնքան ինքնավստահ էր պատմում իր յիշողութիւնը հայերի Լումայում գոյութիւն ունեցած լինելու մասին, որ իր 85-ից վերեւ տարիքի մասին էր վկայում միանգամայն: Ժոռատ բերնով ծերունին, որի խօսակցութիւնը դժւարահասկանալի էր դարձել ակռապլիկ լինելուն, պէտք էր իր վաղ երիտասարդութեան մէջ լինէր հայոց ներգաղթի տարում: Միւս կողմից արեւի ճառագայթներով ակօսւած թուխ եւ ծակոտքէն դէմքը պատմում էր արդէն գլխից անցկացրած բազմաթիւ դէպքերի մասին:

  

Լումա գիւղի տեղափոխութիւնները

1800-ականների սկզբում հայեր ապրել են վերոյիշեալ Լումայից երեք կմ. հարաւ-արեւելքում մէկ հարթավայրի վրայ, որը այժմ կոչւում է «Թուրք Լումա», այսինքն թրքական Լումա գիւղ: Ղարադաղի Խաների կողմից տրւած ծանօթ նեղութիւններին եւ դաժան վերաբերմունքի չդիմանալով, լումացի հայերը ստիպողաբար թողնում են իրենց տներն ու արօտավայրերը, վարելահողերն ու կատարած ցանքը եւ գաղթում են Ղարաբաղ, աւելի խաղաղ կեանք պարգեւելու համար իրենց ընտանիքներին: նրանք հաստատւում են Ղարաբաղի Թարթար գետի հովւում, օգտւելու համար ջրարբի այս վայրի ընձեռած առաւելութիւններից, արդիւնաւէտ հողամշակութեան եւ անասնապահութեան համար: Հայ գիւղացու համար ի՞նչ է անհրաժեշտ, եթէ ոչ՝ լոկ խաղաղ եւ անխռով պայմաններ, իր օրական հացը ապահովելու համար:

Լումա գիւղի բերրի արտերը աննման էին սակայն: 1840 թւին Ղարաբաղ գաղթած լումացիները քսան տարի յետոյ, 1860-ին վերադառնում են Ղարադաղ, վերստին հաստատւելու համար իրենց հիմնադրած պապենական գիւղում: Թուրքեր տիրացել էին սակայն իրենց գիւղին, այն վերակոչելով «Թուրք Լումա»1: Հետաքրքիր է, որ թուքերը չեն փոխել գիւղի բուն՝ հայկական անունը, միայն դրա առջեւ աւելացրել են «Թուրք» ազգանունը, սեփականացնելով գիւղը իր հողամշակութեան բոլոր առաւելութիւններով:

Վերադարձող լումացիները ստիպւած երեք կմ. հարաւ, դէպի ձոր թեքւող հողամաս են գտնում, որի ծառահատումը կատարելով իրենց համար գիւղատեղ են դարձնում: Այնտեղ հիմնում են իրենց տները, կառուցում են Ս. Սարգիս եկեղեցին, եւ գիւղը դարձեալ անւանում են Լումա: Այս լինում է գիւղի երկրորդ վայրը: «Թուրք Լումա»-ի գիւղացիներին երբ հարց տւեցինք անհետ կորած Լումա գիւղի մասին, նրանք տարբերելու համար իրենց կենդանի գիւղից, ասացին որ այն կոչւում էր «Էրմէնի Լումա» (թրգմ.՝ «Հայկական Լումա»):

Այս վայրից հայերը վերջնականապէս գաղթել են 1946-ի օգոստոս ամսին դէպի Հայաստան կազմակերպւած ներգաղթին, հաստատւելով հիմնականում Մեղրիի եւ Կապանի շրջաններում: Ի դէպ, նոյեմբեր 26-ին երբ այցելեցինք այս շրջանները, սովորական մէկ ճաշարանում սպասարկող մէկ միջին տարիքի մատուցողուհի իմանալով մեր պաշտօնն ու հանգամանքը, ուղղակի պատահականօրէն յայտնեց թէ իր պապը Ղարադաղի Լումա գիւղից է գաղթել իր ընտանիքով եւ հաստատւել Կապանում: Գեղեցիկ զուգադիպութիւն էր, որովհետեւ դեռ մէկ ամիս չէր եղել Լումա գիւղ մեր այցի եւ այս տողերի գրառման…:

Երրորդ վայրը Լումա գիւղին, դրա այսօրւայ սքանչելի գիւղն է, թուրք նոր սերնդի կողմից կառուցւած, գեղեցիկ առանձնատներով եւ ցանկապատւած հողատարածքներով, որոնց սեփականատէրերը, ինչպէս հարեւան գիւղացիներից ոմանք ասացին մեզ, նախկին լումացի թուրքերի զաւակներ են, որոնք Թեհրանում մեծ առեւտրականներ են, եւ ամռան եղանակին հանգստանալուն են գալիս Լումա գիւղը:

Հայկական Լումայից մէկ քանի կմ. դէպի հիւսիս, անրջական գեղեցկութեամբ լեռան լանջին փռւած գիւղն է այս նորագոյն Լուման, որտեղ մէկ գիշեր իսկ անցկացնելը երկարելու է մարդու կեանքը…:

Բարի նախանձով նայեցինք անշուշտ Նոր Լումային, երանի տալով այն նոր սերնդին, որ իր նախնիների հողի հանդէպ պաշտամունքի աստիճան սիրով է կապնւած եւ չի ուզում բաժանւել այն արտերից որոնց մէջ իրենց պապերի քրտինքն է կաթել:

 

Լումա գիւղի Ս. Սարգիս եկեղեցին

Ո՛չ մէկ յիշատակարանում եւ ո՛չ մէկ պատմագրքում չկարողացանք գտնել Լումա գիւղի եկեղեցու մասին որեւէ յիշատակութիւն: Պատմութիւնը միշտ երախտապարտ է մնալու այն ղարադաղցիներին, գուցէ անգրագէտ հողագործներ, ո՛ր գաւառակից էլ լինեն դրանք, որոնք գաղթի պատճառով կամ Թաւրիզ տեղափոխութեան օրերին, իրենց տան առարկաների հետ չմոռացան վերցնել նաեւ գիւղի չափաբերական մատեանը, այն իբրեւ նւիրական սրբութիւն յանձնելով ազգային առաջնորդարանիս:

Ղարադաղի գիւղերից եկած չափաբերական մատեանները, որտեղ կիսագրագէտ քահանաների երախտարժան աշխատանքով արձանագրւել են խորհրդակատարութիւնները, բազմաթիւ տառական սխալներ ունեն: Երբեմն անընթեռնելի լինելու չափ վատ ձեռագրով են գրւել: Մատեանները իրենք անխնամ եմ պահւել եւ իրենց տեղերից պոկւած ու յետ առաջ դրւած թղթերի լաբիւրինթոս են ներկայացնում յաճախ: Սակայն ոչինչ: Դարձեալ երախտապարտ ենք դրանցում արձանագրողներին, պահպանողներին եւ մինչեւ Թաւրիզ փոխադրողներին…:

Լումա գիւղում տեղի ունեցած խորհրդակատարութիւնների տարբեր թւականներ կան մատեանում: Թեմի հոգեւորականներից Տէր Մարտիրոս քհնյ. Տէր-Մարտիրոսեանի ինքնակենսագրականից իմանում ենք, որ նա քահանայական կարգ է ստացել 1925 թւի ապրիլ 28-ին, առաջնորդ Տ. Ներսէս արք. Մելիք-Թանգեանի ձեռամբ, ծառայելու համար Նորաշէն եւ Լումա գիւղերում: Նրա ստորագրութեամբ արձանագրւած խորհրդակատարութիւններ կան մատեանում, որոնք տեղի են ունեցել Լումա գիւղում մինչեւ 1927 թիւ:

Նրանից յետոյ, 1928-ից սկսած հանդիպում ենք մէկ այլ քահանայի՝  Տ. Մատթէոս քհնյ. Տէր-Մատթէոսեանի ստորագրութեան, որը դարձեալ Լումա գիւղում քահանայագործել է եւ կատարել խորհրդակատարութիւններ: Ուրեմն, մեր ենթադրութիւնը այն է, որ նորընծայ քահանայի կամ գիւղի հոգեւոր հովւութիւնը ստանձնած նոր հոգեւորականի ժամանումով, Տէր Մարտիրոսի հոգեւոր ծառայութիւնը սահմանափակւել է Նորաշէնում, մինչեւ որ 1960 թւին փոխադրւում է Թաւրիզ: Նա Թաւրիզում մնալու եւ քահանայագործելու խնդրագիր է ներկայացնում Ատրպատականի հայոց թեմի օրւայ առաջնորդարական տեղապահ Տ. Կարապետ աւ. քհնյ. Մանուկեանին2, ասելով. «Խոնարհաբար խնդրում ենք նրան որեւէ տեղ չի փոխադրէք երբ մանաւանդ Ղարադաղի հայ ժողովուրդը ցրւելէ, միւս կողմից իւր տիրուհին հիւանդ եւ կաթւած լինելու պատճառով պառկած է անկողնում: Նորից խնդրում ենք այս բոլորը ի նկատի ունենալով նրան թողնէք իւր ներկայ պաշտօնին»3

Լումայում խորհրդակատարութիւն կատարած քահանայ հայրերը յիշել են նաեւ Լումայի եկեղեցու անունը՝ Ս. Սարգիս, որից այսօր մէկ ափաչափ աղիւս իսկ չի մնացել…:

Չկարողացանք ստուգել թէ Տէր Մատթէոսը մինչեւ ներգաղթ ո՞ղջ էր եւ միացա՞ւ դէպի Հայաստան մեկնող կարաւանին, թէ՞ փոխադրւեց Թաւրիզ եւ շարունակեց քահանայագործել թեմի աթոռանիստում: Որոշ մանրամասնութիւններ կարելի չի՛ լինում ստուգել, դեռեւս ամբողջութեամբ չթւայնացւած մեր արխիւատան դեռեւս աշխատանքային յարմարութիւն չընձեռող պայմաններում: Հաւանաբար հետագայում ուսումնասիրողներ կարողանան գտնել մեր բացթողումները եւ ամբողջացնել մեր պատմութեան պատկերի լրացման համար անհրաժեշտ բոլոր կէտերը:

 

Լումա գիւղի հայոց գերեզմանատունը

Մեզ ցոյց տւեցին նաեւ Լումայի հայոց գերեզմանատան տարածքը, որը ինչպէս յիշւեց՝ չքացել է մէջտեղից, շիրմաքարերն էլ վերացւել են, բացի մէկ քանի անմշակ սալատապաններից, որոնք շպրտւել են եւ հողատարածքի թեքութեան պատճառով գլորւել են ցած, ու հերկւած հողամասի ծայրամասում հանգրւանել:

Այս տարւայ համար արդէն հնձւել էր արտը, որը Լումայի հայոց նախկին գերեզմանատունն էր: Հաւանաբար մինչեւ այսօր երբ խոփը խոր հերկի այս գետինը, այնտեղից դուրս կը գան մեր նախնիների աճիւններից նշխարներ, որոնք յետ մահու իսկ վստահաբար իրենց օրհնութիւնը կը տան հողը վարող եւ իր առատաբուռն ափով այնտեղ ցանք կատարող մշակին:

Մենք «Հոգւոց»-ը մրմնջացինք Լումայի գերեզմանատան տարածքում, հոգ չէ որ գերեզմանատան կարգավիճակից դուրս էր եկել հողամասը, բայց ինչ փոյթ՝ բազմաչարչար հայ գիւղացու անթառամելի յիշատակը վառ էր մեր հոգում:

 

Լումայի բնութիւնը

Ասեցինք արդէն, որ հրաշագեղ բնութեամբ օժտւած է Լումա գիւղը եւ յատկապէս դրա երրորդ եւ նորագոյն վայրը նախանձելի է պարզապէս: Լեռների գեղեցկութիւնից բացի, ինչպէս նաեւ բերրի հողից, մենք նկատեցինք Մարիխուանա բոյսի անբնական առատութեամբ ինքնաբուխ աճելը Լումայի եւ շրջակայ գիւղերի ամբողջ ծայրամասերին, սակայն բարեբախտաբար ո՛չ ոք չէր օգտւում դրա տերեւների կործանարար ու հոգե-ֆիզիկական քանդման տանող յատկութիւնից…:

Այս տխրութիւն առթող երեւոյթի փոխարէն սակայն, կար մէկ զւարթարար երեւոյթ. ամբողջ գիւղը լցւել էր վայրի սոխակների դայլայլով, որը իսկական դրախտում մէկ քանի ժամ անցկացրած լինելու գերերջանիկ զգացումը պարգեւեց մեզ:

 

__________________________________________
1. Յովսէփեան, Յ., նոյն անդ, էջ 106:

2. Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ չէր ընտրւել դեռ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբան Տ. Արսէն վրդ. Աւլետիքեանը, որը 1961 թւին Անթիլիասի Մայրավանքից ժամանելու էր Թաւրիզ:

3. Տէր-Մարտիրոսեան Մարտիրոս քհնյ., Յուշեր, Ատրպատականի հայոց թեմի արխիւ, թղթ. թիւ 20, էջ 14:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։