Հա

Համայնք

31/12/2019 - 12:20

«Ամէն բան նոր եմ անում…»

Բոլորս էլ բնական մղումով հետամուտ ենք նորութեանց ականատես լինելու, մանաւանդ որ Նոր՝ 2020 տարւայ սեմին ենք կանգնած: Դրա բերելիք նորութիւնները ո՛չ մէկ տարբերութիւն չեն ունենալու այն նորութիւններից, որոնք իր շալակին առած մեզ բերեց 2019 տարին, եթէ մեր հոգում իսկական նորութիւնն ընդունելու պատուհանը յօժարակամ չբացենք: Այս պատուհանից ենք առաքում մեր աղօթքները առ Աստւած, որպէսզի ազնւացնի բոլոր այն մարդկանց սիրտերը, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար արգելք են հանդիսանում աշխարհում խաղաղութեան հաստատման:

Քրիստոնէական այս համոզմունքով ենք մեր աչքերը յառում իւրաքանչիւր նոր տարւայ արեւածագին եւ ամէն ինչ նորոգւած տեսնելու յոյսով խորը փոսի մէջ ենք թաղում հինը, խանդավառութեամբ դիմաւորելով նորը:

Ո՞վ ասաց, որ հինը լաւը չէր: Իւրաքանչիւր մարդ անհատ բաւ է, որ միայն իր ծննդեան թւականը վերյիշի, գիտակցելու՝ որ «այդ հինը» լաւն էր, որովհետեւ դա իր գոյութեան իսկ հէնքն է: Այդ հնի հետ միազանգւած է ինքը իր էութեան բոլոր բջիջներով, եւ այդ հնի յիշատակը անթառամ պահելու համար, ի՛նքը կամ իր հարազատներն ու բարեկամները իւրաքանչիւր տարեդարձի առիթը վերածում են յիշարժան տօնախմբութեան, քաղցրաւենիքով եւ մոմեղէնով: Ուրեմն, մեր կամքից անկախ, մենք մեր ոտքերը խրւած ունենք անցեալի մէջ, թէպէտ անցեալ թւականների առջեւ անզգայաբար դնում ենք «հին» բառը:

Հպանցիկ քննութեան ենթարկելով Ամանորի էութիւնը, տեսնում ենք, որ իսկական հնացողը մենք ենք եւ ո՛չ թէ անցնող տարին, որը թւահամարի փոփոխութեամբ ձեւականօրէն միայն իր շրջազգեստն է փոխում մեր աչքերի առջեւ, առյաւէտ ուրանալով իր նախկին ինքնութիւնը ու անյետադարձ ընթացքով շարժւում առաջ:

Մենք՝ հնացողներս, դէպ առաջ շարժւող տարիների քարաւանից դուրս չմնալու համար ամէն ճիգ ի գործ ենք դնում հասնելու շարասեանը, բռնելու դրա ուղտերի, եթէ ոչ սանձից, գէթ պոչից, երբ տեսնում ենք յատկապէս նրանց ահեղավազ ընթացքը:

Արհեստագիտութեան բերած ներկայ առաջադիմական դարում, տարեցների մօտ երեւացող հետեւողական դանդաղ քայլերը՝ համակարգչային ծրագրերին ծանօթութիւն ձեռք բերելու գործում, վկայում են այն մասին, թէ հին սերունդը եւս փորձում է իր կարելին անել, սրընթաց աշխարհի վզին փաթաթւելու, ժամանակի քարաւանից դուրս չմնալու խորը ցանկութեամբ: Բջջային հեռախօսների փոքր լուսապաստառին սեւեռւած նրանց թուլացած տեսողութիւնը եւ կնճռոտած ձեռքերի դողացող մատների հպումը լուսապակուն՝ երբեմն բարացուցիչ են վերեւ արտայայտած մեր գաղափարին:

Հետեւեալ հաստատումը բնական հետեւութիւնն է լինելու մեր վերոնշեալ մտածումներին.

- Մարդ էակը ինչքան էլ հնանայ, նորից հետամուտ է լինելու ընդհանրապէս «նոր»-ին եւ մասնաւորապէս դրան՝ ինչը «նորութիւն» է համարում այս կեանքում, սկսեալ Նոր տարուց: Սակայն, բոլորս էլ չե՞նք իմանում միթէ, որ այս արեւի տակ նորութիւն չկայ: Մա՛րդն է Աստծու ստեղծագործութեան շարունակողը, Նրանից ստացած իր մեծ շնորհով՝ բանականութեամբ: Այն բոլոր իրագործումները, որոնք մարդ արարածը կատարում է իր ապրած օրերի ընթացքում, Աստծուց ստացած շնորհների հետեւանքով են մարմնաւորւում, մարդկութեան բարիքին ծառայելով: Սակայն դրանք բառի բովանդակ իմաստով չենք կարող նորութիւն համարել: Իսկական նորութիւնը միայն Աստւած կարող է բերել մեր կեանքում:

Բայց ի՞նչ է իսկական նորութիւնը, եթէ մեծ իրագործումները կամ խոշոր գիւտերն իսկ, որոնք մարդիկ կատարում են արհեստագիտութեան, բժշկութեան, ճարտարապետութեան եւ այլ բնագաւառներում կամ մշակութային ստեղծագործութիւնների ոլորտում՝ մասնաւոր նորութիւն չեն համարւում…:

Իսկական նորութիւնը մարդու ներսում՝ նրա հոգում եւ հոգեղէն աշխարհի ազդեցութեամբ իրականացւող նորութիւններն են: Մնացեալ բոլոր նորութիւնները ժամանակի ու քաղաքակրթութեան զարգացման հետ, մարդու առաջադիմութեան միջոցով տեղի ունեցող «սովորական» նորութիւններ են:

Մտածե՞լ էք այն մասին, որ մեղաւոր մէկ մարդու դարձը ո՛չ միայն աւելի մեծ, այլեւ անհամեմատելիօրէն տարաբնոյթ նորութիւն է, քան աշխարհի բազմատեսակ գիւտերը…: Մէկ մեղաւորի դարձի համար, ինչպէս Յիսուս հաւաստիացնում է, ուրախութիւն է լինելու երկնքում…(Հմմտ. Ղկ 15.7): Նման երեւոյթներն են իսկական նորութիւնները, որոնք մարդկութեան կեանքում փոփոխութիւն են առաջացնում: Պատկերացրէ՛ք որ իւրաքանչիւր Նոր տարւայ հետ, նման նորութիւններ յայտնւէին մարդկութեան կեանքում…: Ինչպիսի՞ մէկ վայրի կը վերածւէր այս աշխարհը արդեօք տարէց-տարի…:

Խաղաղութիւնը իբրեւ սոսկ գաղափար ինչպէ՞ս կարող է գոյութեան գալ այս աշխարհում, երբ գող եւ վաշխառու, աւազակ եւ ոճրագործ, պատերազմի ախորժակով միշտ սովատանջ կամ արեան ծարաւի մարդկանցով լեցուն են աշխարհի կեղտոտ փողոցները: Միւս կողմից սոված եւ ծարաւի, անօթեւան եւ որբ, գաղթական եւ հալածական թշւառներով լեցուն են աշխարհի սեւազգեստ մայթերը…: Ինչպէ՞ս խաղաղութիւնը կարող է մառախլապատ սարերի յետեւից իր լուսաւոր դէմքը ցոյց տայ մեզ, երբ թնդանօթների ծուխն ու վառօդի թունաւոր գազերը աւելի են պղտորում հորիզոնի տեսանելիութիւնը, իրենց արհեստական մշուշապատումով: Խաղաղութիւնը՝ արդարութեան ծնունդ է, առանց որի՝ անհիմն բառ ու բան է այն միայն:

Աւազակներից, խռովարարներից, դաւադիրներից, դաւաճաններից, շողոքորթներից, քծնողներից, երդմնազանցներից, երկպառակութիւն ցանողներից, բամբասողներից, զրպարտողներից, հայր ու մայր անիծողներից, սրբապիղծներից եւ Աստծուն հայհոյողներից գէթ մէկ տոկոսի դարձովը, խաղաղութեան ճանապարհի հիմնաքարն է տեղադրւելու այս աշխարհի քարքարոտ փողոցներից մէկի խուլ անկիւնում, յոյս ներշնչելով համայն մարդկութեան, որ շուտով այս ճանապարհի վրայ է յայտնւելու արդարութեան Դատաւորը:

Յայտնութեան գրքի հեղինակը ա՛յս նորութեան է ակնարկում եւ ո՛չ թէ Նոր տարւայ կամ այս աշխարհում մեր հանդիպած «սովորական» նորութիւններին, երբ բացատրում է նոր դարաշրջանի գալուստը, որը Աստծու ընտրեալների համար վայելք լինելու սահմանւած հոգեղէն վերանորոգումն իսկ է: Այս կեանքից դէպի իսկական կեանք փոխանցման մէջ է տեսնում նա բուն նորութիւնը, տխրութիւնից ուրախութիւն անցումի գերերջանիկ պահւան առթած զգացման նմանութեամբ, երբ ասում է թէ գահի վրայ Նստողը յայտարարելու է.

-«Ահա ամէն բան նոր եմ անում» (Հմմտ. Յյտ. 21.5):

Երանի՜ նրան, ով հաւատում է ա՛յս նորութեան, որովհետեւ այն բոլոր տրտմութիւնները, սուգն ու արցունքը, ցաւն ու մահը, հալածանքն ու պատերազմները, որոնք հին տարւայ մէջ էին, դժբախտաբար ժառանգելու ենք ինչ որ չափով, ինչքան էլ թւականի փոփոխութիւն տեղի ունենայ օրացուցային մշտաշարժ էջերում: Սակայն, ամէն բան նորացնելու ուժն Ունեցողը միայն կարող է վերոյիշեալ յայտարարութիւնը կատարել, Իր գահի վրայ բազմած...:

Բոլորս էլ բնական մղումով հետամուտ ենք նորութեանց ականատես լինելու, մանաւանդ որ Նոր՝ 2020 տարւայ սեմին ենք կանգնած: Դրա բերելիք նորութիւնները ո՛չ մէկ տարբերութիւն չեն ունենալու այն նորութիւններից, որոնք իր շալակին առած մեզ բերեց 2019 տարին, եթէ մեր հոգում իսկական նորութիւնն ընդունելու պատուհանը յօժարակամ չբացենք: Այս պատուհանից ենք առաքում մեր աղօթքները առ Աստւած, որպէսզի ազնւացնի բոլոր այն մարդկանց սիրտերը, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար արգելք են հանդիսանում աշխարհում խաղաղութեան հաստատման: Խաղաղութիւն՝ մեր ընտանիքներում, խաղաղութիւն՝ մեր ազգային կեանքում, խաղաղութիւն՝ պետութիւնների ներսում եւ խաղաղութիւն միջազգային յարաբերութիւններում:

Նորի յոյսով լցւենք, Նորոգողի ուժով զօրանանք, եւ նորութիւնը զգենալով՝ Նոր տարւայ բոլոր օրերին խաղաղութեան սերմնացանները լինենք:

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ

 

Աղօթաձայն օրհնութեամբ՝

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Նոր տարի, 1 յունւար, 2020

Ազգային առաջնորդարան, Թաւրիզ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։