Հա

Համայնք

04/01/2020 - 12:00

Նոր տարւայ առաջին ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատականի հայոց թեմում՝ ապրող մեր ժողովրդի զաւակները, երեքշաբթի, 31 դեկտեմբեր 2019 թ.-ի գիշերւայ ժամը տասներկուսին նոր տարին դիմաւորելուց յետոյ, չորեքշաբթի 1 յունւար 2020-ին շտապեցին հայոց եկեղեցիները, Թաւրիզում եւ Ուրմիայում, աղօթքով ու ս. պատարագի մասնակցութեամբ սկսելու իրենց տարին:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմում՝ ապրող մեր ժողովրդի զաւակները, երեքշաբթի, 31 դեկտեմբեր 2019 թ.-ի գիշերւայ ժամը տասներկուսին նոր տարին դիմաւորելուց յետոյ, չորեքշաբթի 1 յունւար 2020-ին շտապեցին հայոց եկեղեցիները, Թաւրիզում եւ Ուրմիայում, աղօթքով ու ս. պատարագի մասնակցութեամբ սկսելու իրենց տարին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում, երեկոյեան ժամը 6-ին յընթացս ս. պատարագի քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Նոր տարւայ առիթով իր պատգամը յղելով թեմի ժողովրդին, իսկ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում եկեղեցական արարողութիւնը կատարւեց արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի միջոցով:

Սրբազան Հայրը շնորհաւորելուց յետոյ ժողովրդին, Նոր տարւայ առիթով շեշտը դրեց իսկական նորոգութեան վրայ, իսկ բոլոր գիւտերը որոնք իրենց յառաջադիմութեամբ ցնցում են մարդկութեան կեանքը, Աստծու շնորհքով իրագործւած նորութիւններ համարեց. «Իսկական նորոգութիւնը հոգեւոր աշխարհի ազդեցութեամբ իրականացւող նորութիւնն է, որը միայն նախախնամութեան միջամտութեամբ է կատարւում. չարերից, ոճրագործներից, բամբասողներից, հայր ու մայր անարգողներից, պատերազմական գործողութիւններ որոճացողներից եւ այլ աղէտներ ծրագրողներից մէկ մասը միայն եթէ դարձի գար՝ աշխարհը շատ աւելի հանգիստ եւ իսկապէս բնակելի միջավայրի կը վերածւէր: Միւս կողմից, մէկ մեղաւորի դարձի դէպքում, ըստ Յիսուսի խօսքի, երկնքում ուրախութիւն է տեղի ունենալու: Սրա՛նք են իսկական նորութիւնները, այլապէս ըստ իմաստասէրի խօսքի՝ արեւի տակ նորութիւն չկայ»,- ասաց Սրբազան Հայրը, կոչ ուղղելով հոգեպէս վերանորոգւել եւ անձնական վերանորոգումով՝ սեփական միջավայրին եւ ընդհանրապէս աշխարհի մարդկութեան կեանքը վերանորոգել:

Ս. Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հաւաքական խոստովանանք եւ բարեպաշտ ժողովուրդը հաղորդւեց մեր Տիրոջ սուրբ մարմնով եւ արեամբ:

Թաւրիզում եւ Ուրմիայում, Ատրպատականի հայոց թեմի զաւակները աղօթքով մասնակցեցին եկեղեցական արարողութեան, աստւածային օրհնութիւն եւ առաջնորդութիւն հայցելով իրենց յառաջիկայ կեանքի համար, որը բացւում է 2020 թւականի արշալոյսով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։