Հա

Համայնք

04/01/2020 - 11:30

Ձմեռ պապիկը «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանում

Տարւայ նախավերջի օրը՝ երկուշաբթի 30 դեկտեմբեր 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, նախօրօք տւած իր ժամադրութեան համաձայն, Ձմեռ պապիկը ժամանեց նաեւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ նախակրթարան, իր տարեկան ողջոյնը հաղորդելու այստեղ սովորող բալիկներին:

«alikonline.ir» - Տարւայ նախավերջի օրը՝ երկուշաբթի 30 դեկտեմբեր 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, նախօրօք տւած իր ժամադրութեան համաձայն, Ձմեռ պապիկը ժամանեց նաեւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ նախակրթարան, իր տարեկան ողջոյնը հաղորդելու այստեղ սովորող բալիկներին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Յայտնենք, որ շուրջ մէկ շաբաթ առաջ նա մէկ անգամ «յայտնւել» էր կրթօջախի կտուրում եւ իր ներկայութեամբ խանդավառել մանուկներին: Այսօր սակայն եկել էր նւէրներով, որոնց ակնկալիքը վաղուց ունէին երեխաները, նամակներ յղած լինելով կարմրազգեստ բարի ծերունուն:

Սոյն ամանորեայ խրախանքին ներկայ գտնւեց Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ պատգամաւորական ժողովի անդամների, գլխաւորութեամբ ատենապետուհի Արմինէ Վահրամեանի: Ներկայ էին նաեւ Հ.Օ.Մ.-ի վարչութիւնը, ծնողներ եւ հիւրեր:

Բացման խօսքով ուսուցչուհի Նայիրի Դիլանեանը բարի գալուստ մաղթեց բոլորին, յիշեցնելով թէ այս տարի լրանում է կրթօջախի նոր շէնքի կառուցման 50-ամեակը: Ապա նա անդրադարձաւ ամանորի եւ մանուկների երազանքների մեծ աշխարհին, որտեղ նրանք ապրում են եւ մեծանալուց յետոյ կարօտով յիշում այն անհոգ ու անվիշտ օրերը:

Շնորհաւորանքի իր խօսքով հանդէս եկաւ Սրբազան Հայրը, որ նոր տարւայ բարեղմաղթանքներ կատարելէ յետոյ անդրադարձաւ կէսդարեայ հայակերտման աշխատանքին, որը իրականացւել էր Հայ Օգնութեան միութեան այս յարկի տակ: Հ.Օ.Մ.-ի վարչութեան, ուսուցչուհիների, ծնողներին եւ աշակերտութեան ամենայն բարիք եւ յաջողութիւններ մաղթեց նա:

Ձմեռ պապին կտուրի պատուհանից երեւաց այն պահին, երբ երեխաները աշխուժութեամբ երգում էին իրենց սովորած ամանորի երգերը: Իրեն հարազատ «հօ, հօ, հօ՜» բացագանչութեամբ նա ցած իջաւ կտուրից եւ ողջունեց մեծերին ու փոքրերին: Ձմեռ պապին իր շալակած պարկի միջից հանեց բազմաթիւ նւէրներ, որոնք վարչութեան կողմից, ինչպէս նաեւ Արմինէ Վահրամեանի, Կարէն Սարգիսեանի եւ Ռիմա Աղաջանեանի կողմից տրամադրւել էին յատուկ այս օրւայ համար, կրկնապատկելու երեխաների ուրախութիւնը Ձմեռ պապի հրաւէրով, բոլոր երեխաները հերթով մօտիկացան իրեն եւ ըստացան իրենց նւէրները, սակայն նախ ասմունքելով ամանորի յատուկ մէկ արտասանութիւն, որը այնքան նւիրւածութեամբ սովորեցրել էին ուսուցիչներ՝ Նայիրի Դիլանեանը, Անի Դիլանեանը, իսկ երգերը՝ Կարէն Սարգիսեանը: Հ.Օ.Մ.-ի վարչութեան կողմից ամանորի յատուկ նւէրներ ստացան ուսուցչական կազմի անդամները եւ խնամատար՝ Կարինէ Գրիգորեանը: Մանուկների հետ զւարճանալու եւ ամանորի երջանկաբաշխ գաղափարի մասին մտածելու մէկ առիթ եւս…:

Յարակից լուրեր

  • Տեառնընդառաջի առիթով խարոյկահանդէս՝ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի կրթօջախի բակում
    Տեառնընդառաջի առիթով խարոյկահանդէս՝ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի կրթօջախի բակում

    Չորեքշաբթի, 19 փետրւար 2020 թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի շրջափակում փոքր խարոյկ վառւեց, որպէսզի իրենց կրթօջախի դաստիարակչական յարկի հովանու ներքոյ եւս աշակերտները սովորեն մեր եկեղեցական ու ազգային աւանդութիւնների հանդէպ ուշադիր լինել:

  • Մանկապատանեկան ամանորեայ ուրախ ժամանց՝ Հ.Օ.Մ.-ի յարկի տակ
    Մանկապատանեկան ամանորեայ ուրախ ժամանց՝ Հ.Օ.Մ.-ի յարկի տակ

    Ամանորի ուրախալի տրամադրութեան շարունակութիւններից մէկը եղաւ նաեւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի յարկի տակ տեղի ունեցած ուրախ ժամանցը, որին իր հովանաւորութիւնը շնորհել էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի հետ միասին:

  • Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեան հանդէսը
    Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեան հանդէսը

    Հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, յունւարի 14-ին տեղի ունեցաւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեան հանդէսը, որին ներկայ էին Պատգամաաւորական ժողովի ու Թեմական խորհրդի անդամներ, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, Հ.Օ.Մ.-ի վարչութեան անդամներ, աշակերտութեան ծնողները եւ մանկական հանդէսների մշտական հանդիսատեսները:

  • 2020 Նոր տարին նոր յոյսերով դիմաւորւեց Ատրպատականի հայոց թեմում
    2020 Նոր տարին նոր յոյսերով դիմաւորւեց Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականի հայոց թեմում բնակւող եւ դարերով արմատաւորւած մեր ժողովրդի զաւակները, սերնդիցսերունդ, իրենց ազգային տօներն եւ քրիստոնէական ուրախալի առիթները միասնաբար կատարելու աւանդութիւնն ունեն: Շատ քչերն են որոնք առանձին կամ իրենց տներում հաւաքւած դիմաւորում են յատկապէս Նոր տարին:

  • Նոր տարւայ առաջին ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմում
    Նոր տարւայ առաջին ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականի հայոց թեմում՝ ապրող մեր ժողովրդի զաւակները, երեքշաբթի, 31 դեկտեմբեր 2019 թ.-ի գիշերւայ ժամը տասներկուսին նոր տարին դիմաւորելուց յետոյ, չորեքշաբթի 1 յունւար 2020-ին շտապեցին հայոց եկեղեցիները, Թաւրիզում եւ Ուրմիայում, աղօթքով ու ս. պատարագի մասնակցութեամբ սկսելու իրենց տարին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։