Հա

Համայնք

05/01/2020 - 11:00

Աստւած երե՞ս է թեքել աշխարհից

Վերջին տասնամեակին համայն քրիստոնեայ աշխարհը մեր մարդասէր Փրկչին եւ Աստծու՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը, լիարժէք ուրախութեամբ չի՛ կարողանում տօնել:

«Աստւած այնքան սիրեց աշխարհը,

որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տւեց…»

(Յհ. 3:16):

 

Վերջին տասնամեակին համայն քրիստոնեայ աշխարհը մեր մարդասէր Փրկչին եւ Աստծու՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը, լիարժէք ուրախութեամբ չի՛ կարողանում տօնել:

Ճիշտ է, եկեղեցիները լցւում են հաւատացեալներով, ժամ ու պատարագ կատարւում է հոգեպարար ծիսակատարութեամբ, մեր ընտանիքներում զարդարւում է Ամանորի տօնածառն ու դրա ներքեւ յարդարւում է խոնարհ Արքայի մսուրը: Սակայն, անորոշութեան վախով պատւած է շատերի սիրտը, գալիքը դիմակայելու անզօր լինելու զգացողութեամբ, իսկ ապագայ ամպամած օրերին՝ կեանքի վազքուղուց թռիչք կարենալ չառնելու կասկածանքի մտորումներով խառն են մտքերը:

Պատերազմների ու սպանութեանց լուրեր, կրօնների միջեւ թշնամութիւն սերմանալու եւ արմատականութիւնը խառնակչութեամբ ողջունելու եւ հաստատելու գրգիռներ: Քաղաքականութեան պղտոր ջրի ձկնորսների անպատիւ ակումբների ծխապատ խուցերում, դեռեւս չի՛ որսացւած ձկների մեծագին աճուրդներ՝ բախտախաղի կանաչապատ սեղանների վրայ մէկմէկու միջեւ խաղաքարտերի աճպարարական ստոր բաժանումներով: Անապահով մակոյկներում պահածոյի տուփերի պարունակութեան նման խտացւած եւ օրական դրութեամբ անօթի ու մէկ ափ փոր կշտացնելու անկարողութեան բերումով ծով հատող ամէն տարիքի ու սեռի հազարաւոր գաղթականներ, եւ դրանք այլազան երկրներում չընդունելու կառավարական կեցւածքներ: Ափրիկեան ցամաքամասում վարակիչ հիւանդութիւնների շղթայազերծման ու ամբողջ աշխարհում դրանց անհակակշռելիութեան սարսափազդու մտավախութիւններ: Ահաբեկչութեան ուրւականի անընդհատ շրջագայութիւն ամենուրեք՝ դանակով, զէնքով կամ ականահարմամբ երկրից-երկիր, քաղաքից-քաղաք, ցամաքամասից-ցամաքամաս: Միասեռականութեան օրինականացման եւ համասեռներու պաշտօնական ամուսնութեանց քաղաքային կանոնների որդեգրութեանց խստաբարոյ պահանջներ: Մեծ եւ փոքր հաստատութիւններում եւ ընդհանրապէս հաւաքական կեանքում կաշառակերութեան ժահրի ընդյատակեայ կամ անտեսանելի տարածման նախաձեռնութիւններ: Զանազան երկրներում կառավարութիւնների կազմում փտածութեան երեւոյթի բացայայտման հետեւանքով ժողովրդական անդադրում բողոքարկումներ, պետական անձեռնմխելիութիւն ունեցող անձերի հրապարակային վանկատւած հայհոյանքներով վարկաբեկումներ եւ նրանց ուղղւած անյապաղ հրաժարման անհանգիստ հետապնդումներ…:

Կարիք չկայ այս ցուցակը երկարելու, որովհետեւ այս մոլորակի վրայ ապրող իւրաքանչիւր մարդ կարող է այն անթերի համալրել իր սեփական գիտութեամբ, կամ նոյնիսկ հաստատել այն՝ իր ականատեսի թանկարժէք վկայութիւններով: Սակայն, միակ կամ արդար հարցադրումը, որը մարդու մտքում ինքնակամ առաջանում է, այն է՝ որ արդեօք Աստւած երե՞ս է թեքել աշխարհից…: Այլապէս ինչո՞ւ այսքան այլանդակ վերաբերմունք մարդկութեան շարքերում իրարու նկատմամբ, լինեն նրանք հարուստ երկրների քաղաքացիներ կամ աղքատութեան տիղմին մէջ տապլտկւող թշւառականներ, կամ լինեն դրանք կատարելագործւած զինուժի հնարաւորութիւն ունեցող պետութիւններ եւ կամ՝ գերտէրութիւնների զինւորական հրամանատարութեան ենթակայ խեղճ պետութիւններ:

Ջրհեղեղի համամարդկային պատմութիւնը, որը Աստւածաշնչի առաջին էջերում յիշւած լինելուց բացի այլ կրօններում եւս յիշատակւած դէպք է, եւ մինչեւ իսկ գիտութեան ակնոցով այս երկրագնդին դարեր առաջ ջրերի տակ թաղւած լինելու փաստով հաստատւած իրողութիւն է, Աստծու գութի եւ զղջումի բերմամբ կատարած ուխտի մասին է խօսում, եւ ո՛չ թէ մարդուն մենակ թողնելու կամ նրանից երես թեքելու մասին…:

Ամենից ծանր ու դժբախտ արարքների համար ամբողջ աշխարհին պատժի ենթարկած Արարիչը, խնայե՛ց մէկ գերդաստանի՝ Նոյի սերնդին (Հմմտ. Ծն. 7:1), նախապէս զգուշացնելով նրան, որպէսզի տապան շինելով դրա մէջ ապաստանի մինչեւ ջրհեղեղի աւարտը (Հմմտ. Ծն. 8:1-4): Ուրեմն, Աստւած ամբողջութեամբ երես չթեքե՛ց մարդ էակից, այլ պատժեց նրանց, ովքեր արժանի՛ էին այդ պատժին: Աւելին, Նա այնքան սիրեց մարդուն, որ իր ծիածանը ցոյց տւեց երկնքում եւ ուխտեց մէկ անգամ եւս չկրկնել ջրհեղեղի պատուհասը (Հմմտ. Ծն. 9:11-13):

Աստւածային այս ուխտն էր պատճառը, որ հետագայում եւս, մարդու չարանալուն ի տես, Նա իր միածնին ուղարկեց, որպէսզի փոխանակ կորցնելու՝ փրկի մարդուն: Ահա թէ ինչո՞ւ ծնւեց Յիսուս Բեթղեհէմում: Աստւածաբան աւետարանիչը՝ Յովհաննէսը ասում է. «Աստւած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տւեց, որպէսզի նրան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանք ունենայ» (Յհ 3:16):

Միածին Նորածինը ի՞նչ կատարեց այս կեանքում. Նա «նոր տապան» սարքեց՝ եկեղեցին, որտեղ մտնողը փրկւելու է մեղքի «ջրհեղեղ»-ից՝ յաւիտենական կորստից: Ինչքա՜ն խորհրդալից եւ խորհրդանշական է, որ Յիսուս իր աշակերտներին ընտրեց ձկնորսների խաւից՝ նրանցից, որոնք Տիբերական լճակի ջրերի հետ գործ ունէին առօրեայ դրութեամբ: Վարդապետը նրանց ասաց, թէ մարդկանց ձկնորսներ է անելու իրենց, որպէսզի մեղաւորներին «որսան» Աստծու արքայութեան համար (Հմմտ. Մտ 4:19): Ուրեմն, Աստւած երես չթեքե՛ց աշխարհից: Մեղանչական մարդու նկատմամբ ծո՜վ համբերութեամբ եւ նրան մեղքի ծովից փրկելու նպատակով ուղարկեց իր միածին Որդուն, որ գալով մարմնացաւ Սուրբ Կոյս Մարիամից:

Նոյ եւ Յիսուս տապաններ սարքեցին. մէկը նիւթեղէն, միւսը՝ հոգեղէն, որովհետեւ եկեղեցին քարաշէն կամ նիւթեղէն կառոյց լինելուց շատ աւելի բարձր մէկ կառոյց ունի, որ է Քրիստոսի Մարմինը: Եկեղեցին Քրիստոսի մարմինն իսկ է: Ուրեմն, Նոյի եւ Քրիստոսի սարքած տապանները իրարից շատ տարբերութիւն ունէին, սակայն փրկութեան խորհրդով նոյնանում են դրանք: Նոյը ինքը մտա՛ւ այդ տապանի մէջ փրկւելու համար, սակայն Քրիստոսը կարիք չունէր տապան մտնելու, Նա փրկութիւնն իսկ էր…:

Վերջապէս, նորից ենք կրկնում ու երեքկնում. Աստւած երես չի՛ թեքել այս աշխարհից եւ մարդ էակից: Սակայն, ինչո՞ւ մեղքը շարունակում է ինքնածին աճել մարդկանց հոգում, կամ ինչո՞ւ չեն հարթւում ոխի ու ատելութեան, թշնամանքի եւ հակառակութեան խնդիրները:

Պատասխանը մեկին է. որովհետեւ մե՛նք ենք երես թեքել Աստծուց մեր հաւատքի թուլութեամբ, սրբութիւնները ոտքի կոխան դարձնելով, առաքինութիւնները ծաղրելով եւ տեղ չթողնելով Սուրբ Հոգուն մեր խստասրտութեամբ, որ իր ներգործութեամբ վերանորոգի այս աշխարհը «նոր երկինք ու նոր երկիր» ստեղծելով (Հմմտ. Յյտ. 21:5):

Այս տարի, երբ նայենք մսուրում պառկած աստւածային մանկան, նրա աչքերում արցունք ենք տեսնելու: Նա լաց է լինում ո՛չ թէ մանկական սովորական լացով, այլ լաց է լինում մեր անզիղջ սրտի խստութեան համար: Նա լաց է լինում, իր աղի արցունքով փափկացնելու համար մեր կարծրացած հոգին, յիշեցնելով, որ Խաչի վրայ հեղած իր արիւնը պատրաստ է փրկագին տալու մեր մեղանչական անձերի փոխարէն:

Տագնապալի այս աշխարհում թող մսուրի խաղաղ անկիւնի գոյութիւնը մեզ համար մխիթարական լինի, որպէսզի օգտագործենք առիթը ու մտնենք այնտեղ, հանդիպենք իրարու, նայենք մէկմէկու աչքերին եւ հարազատի զգացումներով ողջունենք իրար ասելով.

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ

ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ

Աղօթաձայն օրհնութեամբ՝

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Տօն Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան

5 յունւարի, 2020

Ազգային առաջնորդարան - Թաւրիզ

Յարակից լուրեր

  • Ցաւակցագիր Արամ Ա Վեհափառ Հայրապետին Ատրպատականի նախկին հոգեւոր առաջնորդի վախճանման առիթով
    Ցաւակցագիր Արամ Ա Վեհափառ Հայրապետին Ատրպատականի նախկին հոգեւոր առաջնորդի վախճանման առիթով

    18 մարտ 2020 թ.-ին, Անթիլիասի Մայրավանքի իր սենեակում ի Տէր հանգեաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երէց միաբաններից՝ Տ. Տիրայր արք. Փանոսեանը, 83 տարեկան հասակում:

    Հոգելոյս Սրբազանը 1972 թւին, երանաշնորհ Տ.Տ. Խորէն Ա կաթողիկոսի կողմից նշանակւել էր Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ, վարելով թեմակալի պաշտօն, մինչեւ 1979 թւականը, երբ դարձեալ Հայրապետական հրահանգով վերադարձել էր Անթիլիասի Մայրավանքը, Կաթողիկոսութեան Մատենադարանի պատասխանատու պաշտօնը ստանձնելու համար:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին

    Երեքշաբթի, 25 փետրւար 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւններում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան քւէարկու ձայներով ընտրւած զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանին եւ Ռոբերտ Բեգլարեանին ուղղած շնորհաւորական նամակներով իր եւ թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ թեմի կեանքում գործող միութիւնների, կազմակերպութիւնների եւ ժողովրդի բարեմաղթանքը հաղորդեց:

  • Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 20 փետրւար 2020 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական յիշարժան տօնի խորհուրդը խոր ապրումներով եւ հաւատարմութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում, որը Աւարայրի դաշտը իր մէջ ներառող թեմն է: Հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներ տեղի ունեցան:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու աւանդութեան համաձայն եւ հետեւելով դրա տօնացոյցի էջերի տւած պատւէրին, հինգշաբթի 13 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6-ին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի առիթով, Ատրպատականի հայոց եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակի ժամերգութիւններ եւ ապա հրավառութիւն:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ. «Վտանգն ու տագնապը վերանալու են այս երկրից մեր բոլորի հաւաքական աղօթքի զօրութեամբ»
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ. «Վտանգն ու տագնապը վերանալու են այս երկրից մեր բոլորի հաւաքական աղօթքի զօրութեամբ»

    Կիրակի, 2 փետրւար 2020 թ.-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած ս. եւ անմահ պատարագի ընթացքին քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իր խօսքի ընթացքում անդրադառնալով Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-րդ տարեդարձին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։