Հա

Համայնք

11/01/2020 - 11:30

Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում

Ուրբաթ 10 յունւար 2020 թ.-ին ս. պատարագով, ջրօրհնէքով եւ ժողովրդական հաւաքով նշւեց Սուրբծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ռահւա գիւղի հնադարեայ Սուրբ Աստւածածին եկեղեցում:

«alikonline.ir» - Ուրբաթ 10 յունւար 2020 թ.-ին ս. պատարագով, ջրօրհնէքով եւ ժողովրդական հաւաքով նշւեց Սուրբծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ռահւա գիւղի հնադարեայ Սուրբ Աստւածածին եկեղեցում: Առաւօտեան ժամը 10:30-ին, գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն աղ ու հացով ընդունւեց եկեղեցու մուտքին, Հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամների կողմից: Սրբազան Հայրը ս. պատարագը մատոյց, իսկ խորանին սպասարկեցին արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը եւ բարշ. Վարդան սրկ. Տէր-Մարտիրոսեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երգեհոնահար Արտեմիս Բայրամեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ս. պատարագին ներկայ էին հաւատացեալներ Ռահւա եւ Գեարդաբադ գիւղերից եւ Ուրմիա քաղաքից, ինչպէս նաեւ Թաւրիզից, հակառակ մառախլապատ եւ ձիւնոտ եղանակին:

«Հայր Մեր»-ից առաջ Սրբազան Հայրը իր պատգամը տւեց, մարդու փրկագործութեան համար երկնքի մարդասիրական որոշման ծրագիրը յայտնելով, որը իրականցւեց «ժամանակների աւարտին», միածին Որդու աշխարհ գալով եւ մարմնանալով Սուրբ Կոյս Մարիամից. «Փրկութեան տապան սարքեց Քրիստոս իր մարմնով՝ որ է եկեղեցին: Հաւատքը մուտքի անցագիրն է դէպի այս տապանը: Մենք սուրբ հաղորդութեամբ Նրա Մարմինը ճաշակելով, լիիրաւ ճամբորդներն են լինում այս տապանի, երբ դրսում ջրհեղեղ է եւ մահ: Դէպի իսկական կեանք առաջնորդող տապանն է այս եւ ո՛չ թէ միայն ջրհեղեղից փրկւելու համար Նոյի սարքած նիւթեղէն տապանը»,- ասաց Սրբազան Հայրը: Նա գնահատեց գիւղի Հոգաբարձութեանը, Խնամակալ մարմնին, ինչպէս նաեւ գիւղում բնակւող հաւատացեալ ժողովրդին, որոնք իրենց հաւատաւոր ներկայութեամբ եւ աղօթակցութեամբ զօրացնում են Տիրոջ հաւատացեալների խումբը: Իր քարոզի աւարտին, Սրբազան Հայրը ականակուռ գեղակերտ աւետարան նւիրեց եկեղեցուն, որպէսզի միշտ խորանի վրայ մնալով օրհնութիւն բաշխի եկեղեցի մուտք գործողներին:

Ջրօրհնէքից առաջ, Կարէն Մկրտիչեանը գիւղի հոգաբարձութեան անունից յայտարարեց օրւայ խաչքաւորի անունը, որ վիճակահանութեան շնորհիւ իրեն իսկ վիճակւեց…: Նա եկեղեցու ծառայողական շապիկը հագնելով բարձրացաւ խորան եւ հոգեկան մեծ բաւարարութեամբ իր ձեռքին պահեց օրհնւած ջրից դուրս բերւած խաչը:

Ս. պատարագից անմիջապէս յետոյ, Սրբազան Հայրը իր ընկերակիցներով այցելութիւն տւեց հայոց եկեղեցու հարեւանութեան մէջ գտնւող ասորական Ս. Գէորգ եկեղեցին, որտեղ կատարեց կանոնական աղօթք:

Ապա եկեղեցու հոգաբարձութիւնը եւ խնամակալ մարմինը եկեղեցու սրահում ճաշկերոյթով պատւեցին ներկայ բոլոր հաւատացեալներին: Թամատայութիւնը ստանձնեց Սամւէլ Բադալեանը, իսկ գեղարւեստական սրտաբուխ ծրագրին մասնակցեցին Հայկազ Խոշբախտեանը, Արտեմիս Բայրամեանը եւ ուրիշներ: Սրբազան Հայրը իր բարձր գնահատանքը յայտնեց բոլորին, մաղթելով որ Սուրբ Ծնունդը Փրկչի՝ օրհնի գիւղի համայն բնակչութեանը:

Եկեղեցու հոգաբարձութեան կազմակերպութեամբ ամէն տարի սուրբծննդեան յաջորդող շաբաթների ընթացքում, Ռահւա գիւղում տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնը առիթ է հանդիսանում մէկ անգամ եւս ողջունելու մեր Տիրոջ եւ Փրկչի Սուրբ Ծնունդը եւ Մկրտութիւնը, ինչպէս նաեւ շնորհաւորելու Նոր տարին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։