Ամանորի ուրախալի տրամադրութեան շարունակութիւններից մէկը եղաւ նաեւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի յարկի տակ տեղի ունեցած ուրախ ժամանցը, որին իր հովանաւորութիւնը շնորհել էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի հետ միասին:
«alikonline.ir» - Ամանորի ուրախալի տրամադրութեան շարունակութիւններից մէկը եղաւ նաեւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի յարկի տակ տեղի ունեցած ուրախ ժամանցը, որին իր հովանաւորութիւնը շնորհել էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի հետ միասին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:
Ուրախ երեկոն, նախաձեռնւել էր Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցչական կազմի ու ծնողական յանձնախմբի կողմից, ամէն տարւայ աւանդոյթի համաձայն յունւարի 22-ին, մանկապարտէզ-նախակրթարանի սրահում, որտեղ հաւաքւել էին աւելի քան երեսուն մանուկներ ու պատանիներ, միասնաբար ուրախանալու, երեք ժամւայ հաճելի տեւողութեան ընթացքում:
Մասնակից երեխաները առիթ ունեցան իրենց այցելած երկու ձմեռ պապիների հետ պարել, խաղալ, պատրաստել ամանորեան ձեռքի աշխատանքներ, հիւրասիրւել ծնողների պատրաստած ուտեստներով ու վերջին հրաժեշտը տալով զարդարուն եղեւնուն ու ձմեռ պապիներին, յաջորդ նոր տարի կրկին նոյն առիթով հանդիպելու ցանկութեամբ: Ձեռարւեստի աշխատանքները առաջնորդւում էին ուսուցչուհիներ՝ Նայիրի եւ Անի Դիլանեանների կողմից, որոնք տարիների իրենց փորձառութեամբ եւ մասնագիտութեամբ, երեխաներին սովորեցրին իւրօրինակ զարդեղէններ պատրաստել:
Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի եւ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի առաքելութիւնը համայնքում, հայեցի դաստիարակութեան աղբիւրներից մէկը իբրեւ, ծառայութեան տարբեր ձեւերով ու մօտեցումներով, միշտ ներգրաւում է նոր սերնդի ներկայացուցիչներին, հարազատ մթնոլորտում միասնաբար ապրելու յիշարժան պահեր: