Հա

Համայնք

15/02/2020 - 10:50

Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում

Հայ եկեղեցու աւանդութեան համաձայն եւ հետեւելով դրա տօնացոյցի էջերի տւած պատւէրին, հինգշաբթի 13 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6-ին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի առիթով, Ատրպատականի հայոց եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակի ժամերգութիւններ եւ ապա հրավառութիւն:

«alikonline.ir» - Հայ եկեղեցու աւանդութեան համաձայն եւ հետեւելով դրա տօնացոյցի էջերի տւած պատւէրին, հինգշաբթի 13 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6-ին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի առիթով, Ատրպատականի հայոց եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակի ժամերգութիւններ եւ ապա հրավառութիւն: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հաւատացեալների հոծ բազմութեան ներկայութեամբ եւ կրտսերաց դպրաց դասի կիսասարկաւագների եւ դպիրների երգեցողութեամբ կատարւեցին տեառնընդառաջի հոգեթով շարականները, ղեկավարութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադ գիւղում տեղի ունեցան եկեղեցական արարողութիւնները եւ կատարւեց հրավառութեան աւանդութիւնը:

Տիրոջ տաճար ընծայման տօնին յատուկ «Մարմնացեալդ ի Կուսէն» շարականի երգեցողութեամբ ատեանում կատարւած խնկեղինօք եւ մոմեղինօք հանդիսաւոր թափօրը, ապա «Ի գիրկս առեալ» շարականի երգեցողութեան պահին մանուկների խորան մատուցումը, վերյիշեցրին մանուկ Յիսուսի տաճար ընծայման խորհրդանշական պատկերը, երբ իր մօր՝ Ս. Կոյս Մարիամի գրկում Սողոմոնի տաճար բերւեց նա, Աստծուն ընծայւելու համար, եւ Սիմէոն ծերունին իր գիրկը առնելով նրան՝ գգւեց:

Աշխարհի քառակողմը օրհնելու խորհրդանշական արարողութիւնը՝ «Անդաստան»-ի եկեղեցական աւանդութիւնը, մարդկութիւնը Աստծու պաշտպանութեան յանձնող տպաւորիչ այն արարողութիւններից է հայ եկեղեցու, որի խանդավառ «Ամէն ալէլուիա»-ին մասնակցեց հաւատացեալ ժողովուրդը:

Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցին երեկոյեան ժամին լցւել էր բարեպաշտներով, հակառակ դրսում տեղացող առատ ձեան: Հաւատացեալ ժողովուրդը իրենց ձեռքի մոմերով ու լապտերներով իւրայատուկ խորհրդաւորութիւն էին տւել Աստծու Տանը:

Նախատօնակի աւարտին կատարւեց մանուկների խորան ընծայման աւանդութիւնը, երբ ծնողներ իրենց անչափահաս երեխաները խորանին ընծայելու պատիւն ու հոգեկան բաւարարութիւնը ստացան, Աստծու աջի հովանին ապահովելով իրենց սիրասուն զաւակներին:

Ուրմիայի Ս. Ստեփանոս եւ Գեարդաբադի Ս. Գէորգ եկեղեցիներում՝ արժ. Տէր Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը կատարեց Տեառնընդառաջի արարողութիւնը, շրջանի հայութեան խուռներամ ներկայութեամբ: Ըստ աւանդութեան, Ռահւա գիւղում եւս հրավառութիւն կատարւեց, Ս. Աստւածածին եկեղեցու հոգաբարձութեան եւ խնամակալ մարմնի կազմակերպութեամբ: Ե՛ւ Թաւրիզում ե՛ւ Ուրմիայում ե՛ւ Գեարդաբադում մեր ժողովրդի զաւակները խուռներամ ներկայ գտնւեցին արարողութեան եւ հաղորդւեցին օրւայ դաստիարակիչ խորհրդով:

Սրբազան Հայրը, Թաւրիզում, եկեղեցական արարողութեան աւարտին մայր խորանից վառած իր մոմի բոցով վառեց եկեղեցու կենտրոնում դրւած հսկայ աշտանակի մոմը, եւ ապա թափօրով ուղղւեցաւ դէպի եկեղեցու շրջափակը, որտեղ պատրաստւել էր խարոյկի համար խտացրած փայտերի դէզը: Այստեղ եւս, տեղացող առատ ձեան փաթիլների տակ, փայտերի դէզին առաջին բոցը տրւեց Սրբազան Հօր ձեռամբ, եւ ապա ժողովուրդը կրակին շուրջ պտտւեց երեք անգամ, յանուն Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու իր ուխտը ընծայելով խնդրակատար Աստծուն՝ Քրիստոս-Լոյսի միջնորդութեամբ:

Մեր հեթանոս պապերից ժառանգւած սոյն աւանդութիւնը, որը Ս. Գրիգոր Լուսաւորչի կողմից պատշաճեցւել էր մեր քրիստոնէական կրօնի կարեւոր տօներից՝ Տեառնընդառաջի, առաւել խանդավառութիւն ստեղծեց բոլորի մօտ ե՛ւ մեծերի ե՛ւ մանաւանդ փոքրերի:

Ուրմիայում այս տարի, Հ.Օ.Մ.-ի «Նայիրի» մանկապարտէզի երեխաների կողմից յատուկ ծրագիր գործադրւեց եկեղեցական արարողութիւնից յետոյ փակ վարագոյրի առջեւ, որը ներկայացնում էր Յիսուսի տաճար ընծայման դրւագը: Ուսուցչական կազմը, գլխաւորութեամբ Օֆելիա Սայադեանի, իւրաքանչիւր երեխայի սովորեցրել էր դերերը: Ուստի, նրանցից մէկ Աստւածամօր, միւսը Յիսուսի, երրորդը Սիմէոն ծերունի եւ այսպէս՝ բոլոր կերպարների դերերով հանդէս եկան, հաւատացեալ ժողովրդին ներկայացնելով տաճար ընծայման դրւագը: Տէր Հայրը գնահատեց բոլորին, քաջալերելով յատկապէս Հ.Օ.Մ.-ի վարչութեան, իր ցուցաբերած աշխոյժ գործունէութեան համար, յատկապէս նոր սերնդի դաստիարակութեան գործում:

Լուսավառութեան խորհրդաւոր մէկ պահ դարձաւ հաւատացեալ ժողովրդին լապտերներով դէպի տուն մեկնումը: Լապտերները պատրաստւել էին Թաւրիզի Խնամակալ մարմնի ժրաջան կանանց կողմից: Ժողովուրդը Աստծու Տնից վառւած ճրագը իր հետ տարաւ տուն, տան օջախի կրակը միշտ նրանով վառ պահելու հաւատքով:

Յարակից լուրեր

  • Հեռախօսազրոյց՝ դեսպան Թումանեանի եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի միջեւ
    Հեռախօսազրոյց՝ դեսպան Թումանեանի եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի միջեւ

    Երեքշաբթի, 31 մարտ 2020 թ.-ին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հեռախօսազրոյց ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ:

  • Ցաւակցագիր Արամ Ա Վեհափառ Հայրապետին Ատրպատականի նախկին հոգեւոր առաջնորդի վախճանման առիթով
    Ցաւակցագիր Արամ Ա Վեհափառ Հայրապետին Ատրպատականի նախկին հոգեւոր առաջնորդի վախճանման առիթով

    18 մարտ 2020 թ.-ին, Անթիլիասի Մայրավանքի իր սենեակում ի Տէր հանգեաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երէց միաբաններից՝ Տ. Տիրայր արք. Փանոսեանը, 83 տարեկան հասակում:

    Հոգելոյս Սրբազանը 1972 թւին, երանաշնորհ Տ.Տ. Խորէն Ա կաթողիկոսի կողմից նշանակւել էր Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ, վարելով թեմակալի պաշտօն, մինչեւ 1979 թւականը, երբ դարձեալ Հայրապետական հրահանգով վերադարձել էր Անթիլիասի Մայրավանքը, Կաթողիկոսութեան Մատենադարանի պատասխանատու պաշտօնը ստանձնելու համար:

  • Կորոնավիրուսի դէմ կանխարգելիչ միջոցներ՝ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերում
    Կորոնավիրուսի դէմ կանխարգելիչ միջոցներ՝ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերում

    Իրանահայ թեմերում կորոնավիրուսի դէմ պայքարի հարցով ազգային իշխանութիւնների տարած աշխատանքների կապակցութեամբ հեռախօսազրոյց ենք ունեցել Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի Թեմական խորհուրդների ատենապետեր՝ Վարուժ Մինասեանի եւ Ռուբիկ Ջանանեանի հետ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին

    Երեքշաբթի, 25 փետրւար 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւններում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան քւէարկու ձայներով ընտրւած զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանին եւ Ռոբերտ Բեգլարեանին ուղղած շնորհաւորական նամակներով իր եւ թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ թեմի կեանքում գործող միութիւնների, կազմակերպութիւնների եւ ժողովրդի բարեմաղթանքը հաղորդեց:

  • Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 20 փետրւար 2020 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական յիշարժան տօնի խորհուրդը խոր ապրումներով եւ հաւատարմութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում, որը Աւարայրի դաշտը իր մէջ ներառող թեմն է: Հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներ տեղի ունեցան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։