Հա

Համայնք

15/02/2020 - 10:40

ԻԻՀ յեղափոխոիթեան 41-րդ տարեդարձի առիթով տասնօրեակի ձեռնարկներ՝ Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատականի հայոց հնագոյն թեմում ապրող մեր ժողովրդի քաջարի զաւակները, իբրեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան լիիրաւ քաղաքացիներ, 41 տարիներ առաջ, Յեղափոխութեան մեծ առաջնորդ այաթ. Իմամ Խոմէյնիի իրագործած Իսլամական շարժման տօնակատարութիւններին մասնակից դարձան, համայնքի ներսում գործադրւած ծրագրերով, ինչու չէ նաեւ ընդհանրական քայլարշաւի շարքերում իրենց խիտ ներկայութեամբ:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց հնագոյն թեմում ապրող մեր ժողովրդի քաջարի զաւակները, իբրեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան լիիրաւ քաղաքացիներ, 41 տարիներ առաջ, Յեղափոխութեան մեծ առաջնորդ այաթ. Իմամ Խոմէյնիի իրագործած Իսլամական շարժման տօնակատարութիւններին մասնակից դարձան, համայնքի ներսում գործադրւած ծրագրերով, ինչու չէ նաեւ ընդհանրական քայլարշաւի շարքերում իրենց խիտ ներկայութեամբ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ստորեւ հակիրճ տեղեկութիւն՝ վերոնշեալների մասին:

 

1) Շաբաթ, 1 փետրւար 2020 թ.

Առաւօտեան ժամը 9:33 ին, ղօղանջեցին հայոց եկեղեցիների եւ դպրոցների զանգերը, Թաւրիզում եւ Ուրմիայում, ի յուշ՝ Իսլ. յեղափոխութեան հիմնադիր՝ Էմամ Խոմէյնիի Իրան վերաէդարձի։ Տարիների աւանդութիւն դարձած սոյն յարգանքը, տեղացի ժողովրդի կողմից եւս միշտ սպասւում է, երբ հայ եկեղեցիների զանգերի ղօղանջը լսելով, քրիստոնեայ-իսլամ եղբայրութիւնը եւ մէկ հայրենիքի պատկանելիութիւնը վերաթարմանում է բոլոր մտքում:

 

2) Կիրակի, 2 թետրւար 2020 թ.

Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած ս. պատարագի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան խօսք առնելով շնորհաւորեց Իսլ. յեղափոխութեան առաջնորդ՝ Իմամ Խոմէյնիով սկսւած Իսլ. յեղափոխութեան տօնը, աշխարհի խաղաղութեան համար աղօթք բարձրացնելով առ Աստւած, ինչպէս նաեւ օրհնելով յիշատակը բոլոր նահատակների:

 

3) Երեքշաբթի, 4 փետրւար 2020 թ.

Ուրմիայում, կազմակերպութեամբ փոքրամասնութիւնների գրասենեակի, պետական պատասխանատուներ այցելեցին հայ նահատակների ընտանիքներին, մխիթարելով սգաւոր ընտանիքի բոլոր անդամներին:

 

4) Չորեքշաբթի, 5 փետրւար 2020 թ.

ա) Երեկոյեան ժամը 5-ին, ուրմիահայ համայնքի համընդհանուր ձեռնարկը տեղի ունեցաւ, Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» հանդիսասրահում, նախագահութեամբ Սրբազան Հօր եւ ներկայութեամբ պետական բարձրաստիճան հիւրերի, Թեմական խորհրդի, շրջանի Պատգամաւորական ժողովի եւ Գործակալական խորհրդի անդամների եւ ուրմիահայ ժողովրդի: Օրւայ գլխաւոր բանախօսն էր փոքրամասնութիւնների կրօնական բաժանմունքի պատասխանատու՝ կրօնաւոր Խոդայեարի: Գեղարւեստական ծրագրով ելոյթ ունեցան Ուրմիայի հայոց «Մասիհա» դպրոցի աշակերտութիւնը, Հ.Օ.Մ.-ի «Նայիրի» մանկապարտէզի սաները, ինչպէս նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի կրտսերների բաժանմունքի երեխաները՝ երգերով եւ շւիի եւ դաշնամուրի վրայ նւագներով: Սրբազան Հայրը այս առիթով իր խօսքը արտասանեց, իսկ աւարտին յատուկ գնահատագրով պարգեւատրւեցին մրցանակ ապահոված երեխաները:

բ) Նոյն օր, նոյն ժամուն, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կազմակերպութեամբ, սեփական կենտրոնատեղիում տեղի ունեցաւ դասախօսութիւն-թէյասեղան, որի գլխաւոր բանախօսն էր Նայիրի Դիլանեանը: Նա անդրադարձաւ երկրում տեղի ունեցած Իսլ. յեղափոխութեան ներքին ծալքերի մասին, պատմական տւեալների հիմունքով: Նա շեշտեց կանանց դերակատարութիւնը եւ յատկապէս պարտադրեալ պատերազմի դժւարին ժամանակաշրջանում հայ ժողովրդի հաւատարիմ զօրակցութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութեան:

գ) Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան կազմակերպութեամբ կենտրոնատեղիում փինգ-փոնգի մրցաշարք տեղի ունեցաւ: Իրար հետ մրցեցին նախ մէկական մարզիկներով եւ ապա երկուքական անձերով: Մրցաշարքին ներկայ գտնւեցին վարչութեան անդամներ եւ միութենականներ, իսկ աւարտին պարգեւատրւեցին յաղթական անձերը եւ խմբերը, յատուկ նւէրների մատուցմամբ:

 

5) Հինգշաբթի, 6 փետրւար 2020 թ.

ա) Առաւօտեան ժամը 10։30-ին, Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատանը յատուկ աղօթքով պետական յարգանք ընծայւեց հայ նահատակներին: Սրբազան Հօր, Թեմական խորհրդի եւ հայ համայնքի զաւակների կողքին, սոյն աղօթքին ներկայ գտնւեցին Նահատակների պետական հիմնարկութեան տնօրէնը, որ նաեւ բանախօսեց այս առիթով, ինչպէս նաեւ բարձրաստիճան մուսուլման կրօնաւորներ եւ զինւորականներ: Գերեզմանատան սրահում տեղի ունեցած հանդիսութեան փակման խօսքը կատարեց Սրբազան Հայրը: Նա ասաց, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան կանոնագիրը նւիրական է, որովհետեւ դա գրւել է նահատակների բոսոր արեամբ: Ապա ներկաները ուղղւեցին դէպի հայ նահատակների շիրիմների մօտ, որտեղ կատարւեց խնկարկութիւն, «Հոգւոց» եւ ծաղկամատոյց: Յայտնենք, որ նոյն առիթով պետական փողերախումբը հնչեցրեց Իրանի քայլերգը եւ յեղափոխութեան յաղթանակը նշող նւագներ, իսկ ծաղկամատոյցի պահին՝ նահատակաց յարգանի մահերգը:

բ) Կէսօրից յետոյ ժամը 3-ին, «Վադիյէ Ռահմաթ» իսլամական գերեզմանատունը ուղղւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի գլխաւորութեամբ ազգային իշխանութեան անդամներ՝ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, նիութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ հայ համայնքի զաւակներ, յարգանքի տուրք ընծայելու իրանցի իսլամ նահատակներին: Սրբազան Հայրն ու իր ընկերակիցները ցաւակցութիւն յայտնեցին նահատակների հարազատներին:

Տեղի ունեցաւ ծաղկեմատոյց եւ ապա Սրբազան Հայրը յատուկ աղօթք կատարեց, հոգու խաղաղութիւն հայցելով Ամենակալից, վասն համօրէն նահատակաց: Օրւայ ծաղիկների մատակարարումը եւ հիւրասիրութիւնը ստանձնել էր Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախումբը:

գ) Նոյն օրը, երեկոյեան ժամը 6-ին, Թաւրիզի ազգ. առաջնորդարանի «Ռոստոմ-Գասպար» գրադարանի վարչութեան նախաձեռնութեամբ, գրադարանում ընթերցանութեան մրցոյթ տեղի ունեցաւ, պատանեկան տարիքի յատուկ: Բացումը կատարւեց գրադարանավարուհի Նայիրի Շահմուրադեանի կողմից: Ապա մասնակիցներ ընթերցելով իրենց տրւած հատւածները, իրենք իսկ քւէարկեցին բոլորի համար: Ապա մասնակիցները ստացան նւէր գրքեր: Սրբազան Հայրը դաստիարակչական նշումներ կատարեց մասնակիցներին, շեշտելով առոգանութեան, բեմականութեան, ընթերցւածը ուրիշներին հասկացնելու բծախնդրութեան եւ ընթերցումի պահին գրքունակութիւնից հեռու մնալու մասին: Նա գնահատեց նաեւ վարչութեան, նման շինիչ ծրագիրներ իրագործելու առթիւ:

 

6) Ուրբաթ, 7 փետրւար 2020 թ.

ա) Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի Սկաւուտական խորհրդի կազմակերպութեամբ, գլխաւորութեամբ խմբապետուհի Սաթիկ Աբրահամեանի, սկաւուտական կազմի բոլոր անդամները այցելեցին Թաւրիզի պատմական քաղաքապետարանի թանգարանը, իրենց պատասխանատուների կողմից տեղեկացւելով երկրի պատմութեան տարբեր փուլերին: Նրանք նաեւ սովորեցին, որ սոյն քաղաքապետարանը, որը երկրին տարածքում առաջինն է եղել, նախագծւել է հայազգի ճարտարապետ եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան ընթացքում պետական նախարար՝ Աւետիս Օհանջանեանի կողմից, որը հսկել է նաեւ շինարարական աշխատանքներին: Յայտնենք, որ սոյն թանգարանում յատուկ բաժին է յատկացւել նաեւ թաւրիզահայ ականաւոր անձանց:

բ) Նոյն օրը, կէսօրին, ուրմիահայութիւնը յարգեց հայ նահատակներին, այցելելով նրանց շիրիմներին: Արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը ընկերակցելով նահատակների ընտանիքներին, հերթաբար այցելեց Ուրմիայի տարբեր գիւղերի գերեզմանատներում գտնւող նրանց շիրիմներին եւ «Հոգւոց» արտասանեց նրանց հոգու խաղաղութեան համար: Սոյն արարողութիւններին ներկայ գտնւեցին նաեւ Ուրմիայի գործակալութեան անդամներ, ինչպէս նաեւ շրջանի Պատգամաւորական ժողովի անդամներ:

 

7) Շաբաթ, 8 փետրւար 2020 թ.

Առաւօտեան ժամը 11-ին, Թաւրիզի հայոց ազգային դպրոցներում տեղի ունեցաւ գեղարւեստական ծրագիր, ներկայութեամբ ազգային իշխանութեան, ինչպէս նաեւ հայ եւ օտար ուսուցիչների եւ նահատակների ընտանիքների անդամների: Թաւրիզի «Թամարեան, Հայկազեան եւ Սահակեան» դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը իր խօսքը ասաց, «Արեւածագ»-ի տասնօրեակի առիթով նշւող մեծ յեղափոխութեան բերած բարիքները թւելով: Աշակերտները երգերով եւ ասմունքներով գովերգեցին տօնը, իսկ դպրոցի երգչախումբը խմբերգներով խանդավառեց ներկաները, ղեկավարութեամբ Վանիկ Սիմոզի: Իսլ. յեղափոխութեան մասին արտայայտւեց ուսուցչուհիներից՝ Մասումէ Ահարին: Ապա իր պատգամը ուղղեց Սրբազան Հայրը, յեղափոխութիւնը առնչելով արդարութեան կանչին, որի պատասխանը միշտ Աստւած տւել է մարդկութեան: Նշենք, որ Իսլ. յեղափոխութեան տասնօրեակի ընթացքում Թաւրիզի հայոց դպրոցում տեղի ունեցան նաեւ տարբեր ծրագրեր՝ աշակերտական ցուցահանդէսներ, դասախօսութիւններ, գիտական եւ մարզական մրցութիւններ եւ գեղարւեստական ծրագրեր:

 

8) Երկուշաբթի, 10 փետրւար 2020 թ.

Երեկոյեան ժամը 7-ին, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ համընդհանուր գեղարւեստական ծրագիր, մասնակցութեամբ թաւրիզահայ կեանքում գործող բոլոր միութիւնների եւ կազմակերպութիւնների եւ կրթական հաստատութիւնների։ Ներկայ էին պետական հիւրեր, գլխաւորութեամբ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ դոկտ. Փուրմոհամմադիի, որը նաեւ ներկայացրեց օրւայ բանախօսութիւնը: Հանդիսավարն էր Վրէժ Գիրգորեանը: Սրբազան Հօր պատգամը կարդաց Կարօ Ջորջեանը, իսկ ազգային իշխանութեան խօսքը փոխանցեց՝ Թեմական խորհրդի փոխատենապետ՝ Ալէն Սայեադեանը: Ծրագրի ընթացքում ելոյթ ունեցաւ «Կոմիտաս» երգչախումբը ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի: Թաւրիզի հայոց դպրոցի անունից ուղերձ ընթերցեց Իզաբէլ Սարգիսեանը: Համալսարանական միութեան անունից խօսք արտասանեց Արաքս Առաքելեանը: Մեներգներով հանդէս եկան՝ դոկտ. Յովիկ Գալստեանը եւ Մասիս Կարապետեան, իսկ դաշնամուրով ընկերակցեց Կարէն Սարգիսեանը: Աւարտին նահանգապետը եւ Մշակոյթի զարգացման պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէն՝ դոկտ. Մոհամմադփուրը պատւոյ գրով եւ յուշանւէրով պատւեցին ազգային իշխանութեանը:

9) Երեքշաբթի, 11 փետրւար 2020 թ.

Թաւրիզում եւ Ուրմիայում, Ատրպատականի հայոց թեմի զաւակները իրենց մասնակցութիւնը բերեցին 22 Բահմանի յաղթանակի քայլարշաւին առաւօտեան ժամը 11-ից սկսած: Ազգային առաջնորդարանից՝ Թաւրիզում, իսկ Ուրմիայում Ս. Ստեփանոս եկեղեցու շրջափակից դուրս գալով, հայ համայնքի զաւակները միացան իրենց իրանցի իսլամ եղբայրներին ու քոյրերին, իրենց զօրակցութիւնը յայտնելու ԻԻՀ յեղափոխութեանը, որը 41-րդ տարին թեւակոխեց այս տարի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։