Հա

Համայնք

19/02/2020 - 09:30

Մտերմիկ հաւաք-հիւրասիրութիւն՝ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզում

Կիրակի, 16 փետրւար 2020 թ.-ի յետ միջօրէին, Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի Ծնողական խորհրդի կազմակերպութեամբ, մանկապարտէզի հաւաքավայրում տեղի ունեցաւ մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն, ի պատիւ տատիկների եւ Հ.Օ.Մ.-ի վարչութեան:

«alikonline.ir» - Կիրակի, 16 փետրւար 2020 թ.-ի յետ միջօրէին, Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի Ծնողական խորհրդի կազմակերպութեամբ, մանկապարտէզի հաւաքավայրում տեղի ունեցաւ մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն, ի պատիւ տատիկների եւ Հ.Օ.Մ.-ի վարչութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սոյն հիւրասիրութեան ներկայ էին արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Հ.Օ.Մ.-ի վարչութեան անդամները, մանկապարտէզի սաների տատիկները, հարազատները եւ հիւրեր:

Հիւրասիրութեան պաշտօնական բաժնի բացումը կատարւեց Աւետարանական զոյգ հատւածների ընթերցումով, որ կատարւեց ծնողներից՝ Անժելա Յովհաննէսեանի եւ Մարինա Ազիզեանի միջոցով: Կրօնաշունչ մթնոլորտով յագեցած Ուրմիայի մանկապարտէզը, որի ուսումնա-դաստիարակչական օրը միշտ աղօթքով է սկսւում, մանուկների համար արդէն հարազատ կրօնաբոյր առօրեայ զգացողութեան է վերածւել:

Սաղմոսների անգիր արտասանութիւն, կարճ աղօթքների ուսուցում եւ մրցոյթ, Յիսուսի պատւէրների եւ հրաշքների մասին բացատրութիւններ՝ երեխանների հոգեւոր կազմաւորմանը նպաստում են մեծապէս:

Մանկապարտէզի տնօրէնուհի Ռօնիկ Մեջլումեան բարի գալստեան խօսքով դիմեց ներկաներին, հակիրճ ակնարկ կատարելով «Նայիրի» մանկապարտէզի պատմութեան եւ առօրեայ աշխատանքների մասին: Յատկապէս նշելով որ երեխաները սոյն կրթօջախին յանձնելով ծնողներ մեծ վստահութեամբ են նայում հաստատութեան, նա հաւաստիացրեց ասելով, կրթօջախը, իր հերթին, իր կարելիութեան սահմաններում լաւագոյնն է ի գործ դնում, կազմաւորելու համար երեխաների, հայեցի լաւագոյն կրթութեամբ եւ հոգեւոր ապրումներով:

Ուսուցչուհի Օֆելիա Սայադեանի գլխաւորութեամբ երեխաները գեղարւեստական ամփոփ ծրագիր ներկայացրին հանդիսատես իրենց հարազատներին, ցոյց տալով իրենց ասմունքային եւ երաժշտական ձիրքերը: Երգերին ընկերակցում էր երգեհոնահար՝ Արտեմիս Բայրամեանը: Կարգապահական եւ դասաւորումների աշխատանքներին օժանդակում էր խնամատար՝ Զենֆիրա Մնացականեանը:

Հիւրասիրութեան ընթացքում խօսք առաւ նաեւ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան ատենապետուհի Սեդա Մեջլումեանը: Նա գնահատեց մանկապարտէզի տնօրէնութեան աշխոյժ գործունէութիւնը, որին անմիջական օժանդակ է հանդիսանում Ծնողական խորհուրդը, իր յարատեւ ներկայութեամբ կրթօջախի յարկի տակ, եւ բոլոր աշխատանքներին նեցուկ կանգնելով:

Ընթացքում տեղի ունեցաւ նաեւ վիճակախաղ, որի հասոյթը յատկացւեց «Նայիրի» մանկապարտէզի ծրագիրների յաջողեցման ֆոնդին:

Եզրափակիչ խօսքը արտասանեց Տէր Հայրը: Նա գնահատեց բոլորին՝ Հ.Օ.Մ.-ի վարչութեան, մանկապարտէզին՝ ուսուցչական կազմ, աշակերտութիւն, ծնողներ եւ տատիկներ, որոնք իրենց ներկայութեամբ եւ մասնակցութեամբ քաջալեր հանդիսացել էին օրւայ ծրագրի յաջողութեան: Ապա, «Պահպանիչ» աղօթքով նա փակեց օրւայ մտերմիկ հաւաքոյթը:

Յայտնենք, որ ծնողական խորհրդի կողմից պատրաստւած էր ճոխ սեղան, որով հիւրասիրեցին նրանք բոլոր ներկաներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։