Հա

Համայնք

22/02/2020 - 11:00

Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում

Հինգշաբթի, 20 փետրւար 2020 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական յիշարժան տօնի խորհուրդը խոր ապրումներով եւ հաւատարմութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում, որը Աւարայրի դաշտը իր մէջ ներառող թեմն է: Հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներ տեղի ունեցան:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 20 փետրւար 2020 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական յիշարժան տօնի խորհուրդը խոր ապրումներով եւ հաւատարմութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում, որը Աւարայրի դաշտը իր մէջ ներառող թեմն է: Հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներ տեղի ունեցան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Զոյգ քաղաքներում եկեղեցական արարողութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի «Թամարեան-Սահակեան» եւ Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտներ եւ սաներ, իրենց տեսչութիւններով եւ ուսուցչական կազմերով, իսկ Ուրմիայում՝ «Մասիհա» ազգ. դպրոցի աշակերտութիւնը,  ուսուցչական կազմը, Հ.Օ.Մ.-ի «Նայիրի» մանկապարտէզի սաները, իրենց ուսուցիչների եւ Հ.Օ.Մ.-ի վարչութեան հետ միասին: Երկու քաղաքներում ապրող մեր ժողովրդի հաւատացեալ զաւակներ եւս մասնակից դարձան արարողութիւններին, հակառակ կլիմայական աննպաստ՝ ձիւնոտ եղանակին:

Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում, Սրբոց Վարդանանց յիշատակի առաւօտեան ժամերգութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Առաւօտեան ժամերգութեան ընթացքում, սրբոց նւիրւած քարոզներով ու մաղթանքերով յիշատակւեցին մեր եկեղեցու ամէնից ժողովրդական սրբերը՝ Քաջ Վարդան եւ նրա զինակից 1036 նահատակները եւ զօրավարները՝ Խորէն Խորխոռունին, Արտակ Պալունին, Տաճատ Գնթունին, Հմայեակ Դիմաքսեանը, Արսէն Ընծայեցին, Ներսեհ Քաջբերունին, Գարեգին Սրւանձտեանցը եւ բոլոր մարտիրոսները, որոնք հաւատքի պաշտպանութեան համար իրենց կեանքը զոհաբերեցի Աւարայրի դաշտում:

Ժամերգութեան աւարտին կատարւեց հաւաքական խոստովանանք, որից յետոյ բոլոր ներկաները հաղորդւեցին Քրիստոսի սուրբ մարմնով եւ արեամբ:

Երեխաների եւ պատանիների մասնակցութիւնը եկեղեցական արարողութեան թարմացրել էր հաւատացեալների ներկայութիւնը եկեղեցում, որոնք իրենց ներկայացրած պատմական տւեալներով, արտասանութիւններով եւ երգերով Վարդանանց շունչը վերաթարմացրին բոլորի հոգում:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ սկսւեց ազգային տօնակատարութիւնը: Երգւեցին վարդանաշունչ երգերը, որոնք անցած 1569 տարիների ընթացքում հայոց ունեցած բարոյական յաղթանակի ոգին էին դրսեւորում: Ալիշանի, Ռաֆայէլ Պատկանեանի, Խորէն եպս. Նարբէյի եւ այլոց հեղինակած բանաստեղծութիւնների երաժշտական կատարումները իրենք դպրոց էին եղել անցած սերունդների համար:

Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի աշակերտ-աշակերտուհիներ՝ Գեղանի Գրիգորեանը, Ալեքս Բարոյեանը, Լիոնա Թարւերդեանը, Հրանդ Մկրտիչեանը եւ Անգելինա Սարմասդին ասմունքներով եւ օրւայ խորհուրդը ներկայացնող պատմական բացատրութիւններով գովերգեցին Վարդանանց Զօրավարաց հերոսութիւնը: Նրանք ոգեւորիչ նախադասութիւններով մէկ անգամ եւս վեր հանեցին Վարդանանց արիական ոգին, եւ ներշնչեցին եկեղեցում ներկայ մեծ եւ փոքր հաւատացեալներին: Տեսչութեան եւ ուսուցչական կազմի կողմից լաւապէս ծրագրւած եւ պատրաստւած հանդիսութիւնը հակիրճ, սակայն ընդհանուր պատկերը հաղորդում էր ներկաներին, 451 թւականի դէպքերի եւ մեր ժողովրդին պարտադրւած կացութեան մասին:

Սրբազան Հայրը իր գնահատական խօսքն ուղղելով մասնակից աշակերտութեան եւ հաւատացեալ բազմութեան, Վարդան Զօրավարի անպարտելի բանակը կոչեց նրանք. «Աւարայրի ճակատամարտից մինչեւ այսօր, բոլոր սերունդները դաստիարակւել են Վարդանի տարած բարոյական յաղթանակի մասին ուսուցումով: Այո՛ Կարմիր Զօրավարը յաղթեց բարոյապէս եւ դրա փաստը դուք էք այսօր, որ յիշում էք նրանց: Մեր եկեղեցու գոյութեամբ, մեր ազգի զաւակների ներկայ կեանքով, մեր ազատ ու անկախ հայրենիքով մենք փաստել են աշխարհին, թէ Վարդանը յաղթեց եւ խորտակեց պարսկական լուծը»,- ասաց Սրբազան Հայրը:

Աւարտին Եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմնի կողմից եւ Սրբազան Հօր ձեռամբ գնահատւեցին եկեղեցու տիրացու՝ բարշ. Վարդան սրկ. Տէր Մարտիրոսեանը, «Կոմիտաս» երգչախմբի ղեկավար՝ երաժիշտ Վարդան Վահրամեանը եւ մենակատար՝ դոկտ. Վարդան Սիմոնզը, որոնց անւան տօնն էր նաեւ:

 

 

Վարդանանց տօնը Ուրմիայի ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում

 

Նոյն օր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ուրմիայի ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում, արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի ձեռամբ, ներկայութեամբ ուրմիահայ հաւատաւոր ժողովրդի զաւակներին: Եկեղեցում առաջին շարքերը նստել էին Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի սաները, գլխաւորութեամբ իրենց պատասխանատուների, տնօրէնութեան եւ ուսուցչական կազմի: Բոլոր ներկաները պատարագի ընթացքին հաղորդւեցին Քրիստոսի սուրբ մարմնով եւ արեամբ, յիշեցնելով Քաջն Վարդանի բանակի զինւորներին:

Սբ. պատարագից անմիջապէս յետոյ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի հովանու տակ գործող «Նայիրի» մանկապարտէզի սաները յատուկ յայտագրով հանդէս եկան, Սրբոց Վարդանանց տօնի նւիրւած խմբերգով ու անհատական արտասանութիւններով: Հանդիսութիւնը ղեկավարում էր մանկապարտէզի ուսուցչուհի՝ Օֆելիա Սայադեանը, նւագակցութեամբ եկեղեցու երգեհոնահար՝ Արտեմիս Բայրամեան: Մանուկների թոթովող լեզւով կատարւող երգերն ու նրան շրթներից արտասանւած ասմունքները ներկաներին փոխադրեցին 451 թւականը, Աւարայրի դաշտը, որտեղ Հայ հաւատքի յաւերժական ախոյեան քաջ Վարդան Մամիկոնեանը իր զինակիցներով նահատակւեց, պաշտպանելու իր ժողովրդի հաւատքն ու հայրենիքի ազատութիւնը զրադաշտական պաշտամունքից:

Նշենք, թէ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը յատուկ նւէրով գնահատեց արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանին, Ղեւոնդեանց տօնի առիթով շնորհաւորելով նրան եւ շնորհակալութիւն յայտնելով որ ծխատէր քահանայի բացակայութեան նա ամէն Կիրակի սուրբ պատարագ է մատուցում Ուրմիայում, հաւատացեալ ժողովրդի հոգեւոր կարիքների գոհացման մատակարարը հանդիսանալով:

Յայտնենք նաեւ, որ նոյն վարչութեան ժրաջան աշխատանքով, Վարդանանց տօնի առիթով պատրաստւել էին Սուրբի պատկերը ներկայացնող կրծքանշաններ, որոնք բաշխւեցին հաւատացեալ ժողովրդին:

Ատրպատկանի հայոց թեմի տարածքում գտնւող Աւարայրի դաշտը իր մեծ խորհրդով միանգամ եւս իր լայնածիր թեւերում գգւեց մեր թեմում ապրող զաւակներին, որոնք դարերի երկայնքում հաւատարմօրէն տօնել են այս ազգային-եկեղեցական տօնը ու շարունակելու են այն, իբրեւ աղբիւր սեփական եւ հաւաքական ներշնչման:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։