Հա

Համայնք

02/04/2020 - 11:10

Հեռախօսազրոյց՝ դեսպան Թումանեանի եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի միջեւ

Երեքշաբթի, 31 մարտ 2020 թ.-ին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հեռախօսազրոյց ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ:

«alikonline.ir» - Երեքշաբթի, 31 մարտ 2020 թ.-ին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հեռախօսազրոյց ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Դեսպան Թումանեանի եւ Սրբազան Հօր միջեւ զրոյցի առանցքը հանդիսացան երկրի եւ ընդհանրապէս համաշխարհային մակարդակի վրայ COVID-19-ի արագասոյր տարածման տագնապը: Դեսպան Թումանեանը հետաքրքրւեց Ատրպատականի հայոց թեմի տարածքում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մեր ժողովրդի իրավիճակով: Սրբազան Հայրը լայն բացատրութիւն տւեց ընդհանրապէս վարակի տարածման առաջին փուլից մինչեւ այսօր, թեմի կողմից առնւած ապահովական քայլերի մասին, սկսած եկեղեցական արարողութիւնների դադարեցումից եւ դպրոցների փակումից, մինչեւ ազգային կառոյցների աշխատանքների կասեցումն ու ժողովրդի երբեմն անձնական կարիքների հոգատարութիւնը Թեմական խորհրդի միջոցով:

Սրբազան Հայրը նաեւ բացատրեց յուղարկաւորութեան եւ թաղման արարողութիւնների բացառիկ պարագան, որը կատարւում է միայն հանգուցեալի մօտիկ ընտանեկան շրջապատի ներկայութեամբ եւ բացօթեայ:

Խօսակցութեան նիւթ հանդիսացաւ նաեւ Հայաստանի արտակարգ դրութեան եւ պարէտային իրավիճակը, որին դիմել էր ՀՀ կառավարութիւնը, կարելի չափով վնասազերծելու համար հայրենի մեր ժողովուրդը վարակիչ հիւանդութիւնից:

Վերջապէս, դեսպան Թումանեանը եւ Սրբազան Հայրը փոխադարձ մաղթանքներ կատարեցին ապահով, անփորձանք ու առանց մարդկային կորստի անցկացնելու համաշխարհային տարողութեամբ ընթացող այս փորձանքը, միշտ ապաւինելով Ամենազօր Աստծու հովանաւորութեան:

Յայտնենք, թէ մի քանի օրեր առաջ, Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւս հեռախօսազրոյց էր ունեցել Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի հետ, հետաքրքրւելով մեր թեմի ժողովրդի կացութեամբ:

Յատկանշական է, որ իրանահայ երեք թեմերի առաջնորդ Սրբազանները յաճախ հեռախօսային կապով հաղորդակցում են, եկեղեցական արարողութիւնների գծով համակարգւած որոշումներ կայացնելու համար, հիմնւած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ցուցմունքների վրայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։