Հա

Համայնք

13/04/2020 - 10:00

«Որովհետեւ Աստւած մեզ հետ է»

Այս զրկւածութիւնը համաշխարհային տարողութիւն ունեցաւ, բոլոր կրօնների հետեւորդներին ներգրաւելով՝ այս խնդրում, որովհետեւ աշխարհով մէկ տարածւած Պսակաձեւ ժահրը (Covid-19), չի՛ խնայում ո՛չ հարուստին, ո՛չ արքայազնին, ո՛չ նախագահին, ո՛չ կրօնաւորին, ո՛չ աղքատին եւ ո՛չ էլ անտունին: Նրանք հաւասարապէս թրի կեր կարող են հանդիսանալ եւ տեղափոխւել այս կեանքից միւսը:

Մեծ պահոց քառասնօրեայ հոգեւոր ճանապարհորդութիւնը գրեթէ հասնում է իր աւարտին, սակայն հայ հաւատացեալը այս տարի զրկւած մնաց եկեղեցական ամէնից սիրւած Արեւագալի եւ Հսկումի արարողութիններից, ու մանաւանդ փակ պատարագներից, որոնք ներհայեցողական բացառիկ առիթներ են հանդիսանում հաւատացեալ մարդու համար:

Այս զրկւածութիւնը համաշխարհային տարողութիւն ունեցաւ, բոլոր կրօնների հետեւորդներին ներգրաւելով՝ այս խնդրում, որովհետեւ աշխարհով մէկ տարածւած Պսակաձեւ ժահրը (Covid-19), չի՛ խնայում ո՛չ հարուստին, ո՛չ արքայազնին, ո՛չ նախագահին, ո՛չ կրօնաւորին, ո՛չ աղքատին եւ ո՛չ էլ անտունին: Նրանք հաւասարապէս թրի կեր կարող են հանդիսանալ եւ տեղափոխւել այս կեանքից միւսը:

Մի պահ այնպէս է թւում համայն մարդկութեան, թէ Ջրհեղեղի օրերի նման ամբողջ մարդկութեան գլխի վերեւ փայլատակում է Դամոկլեան սուրը, եւ ահա բացւելու են երկրի անդունդները, կլանելու համար էակների մնացորդացը: Սոյն վարակով մահացող հարիւրաւոր դիակների համար տւեալ պետութեան կողմից բացւող հաւաքական գերեզմանափոսերը չե՞ն յուշում մեզ այս մասին: Միշտ ասում էինք թէ պատմութիւնը ինք իրեն կրկնում է, սակայն չէինք հասկանում դրա բուն իմաստը, կամ մեր սիրած ու նախընտրած երեւոյթներին էինք պատշաճեցնում վերոյիշեալ խօսքը: Հիմա բոլորս էլ անդրադառնում ենք, որ պատմութիւնը մեր կամքից անկախաբար ինք իրեն կրկնում է:

Ջրհեղեղի օրերին էլ բոլորը ուտում ու խմում էին եւ անհոգութեամբ ապրում իրենց կեանքը: Նրանցից ո՞ր մէկի մտքով իսկ կարող էր անցնել այն ինչ որ պատահեցաւ…: Նոյնիսկ ծիծաղում էին Նոյի վրայ երբ նա տապան էր սարքում փրկութեան համար: Նոյնը իրավիճակը չէ՞ր տիրում Պսակաձեւ ժահրի տարածումից անմիջապէս առաջ: Առողջութեան, խաղաղութեան եւ չար փորձանքներից ազատւելու համար ջերմեռանդ աղօթողներից եւ եկեղեցում Աստծու անունը փառաբանողներից շատերը ծաղր ու ծանակ էին լինում, հաւատքը թուլացել էր ընդհանրապէս, եւ նոյնիսկ բարեպաշտութեան կարիք էլ չէր զգացւում շատերի մօտ: Արեւելեան եւ Արեւմտեան երկրներում եկեղեցիները սկսել էին դատարկւել իրենց հաւատացեալներից, սակայն հաւատքը պահպանողները՝ Պօղոս առաքեալի նման, մինչեւ այսօր էլ շարունակում են հեռւից հետեւել եկեղեցու պաշտամունքին:

Այսպէ՛ս է դաստիարակում Աստւած անառակ որդիներիս, որպէսզի չդադարենք Իրեն յուսալուց: Մարդկային ուժը բաւարար չէ՛ տիեզերքը կառավարելու համար: Աստւածային անսահմանելի եւ հզօր ուժի կարիք ունի մարդկութիւնը միշտ, անվրդով ապրելու համար իրեն սահմանւած կեանքի օրերը այս աշխարհի վրայ:

Դեռ մինչեւ հիմա Պսակաձեւ ժահրի տարանցումի դանդաղ ընթացքը, աղօթքի եւ ծնրադիր խնդրւածքների արդիւնք ենք համարում: Այլապէս, ըստ գիտնականների տւած տեղեկութեան, մահւան մանգաղը ցարդ շատ աւելի կեանքեր հնձած կը լինէր աշխարհում:

Աղօթքի զօրութեան ապաւինած, մեղքի ու յուսահատութեան ծովի մէջ ընկղմած Պետրոս առաքեալի հետ միասին Տիրոջն ենք կանչում ասելով. «Տէ՜ր փրկիր ինձ, որովհետեւ ահա կորւում եմ»: Թփռտացող սրտով մեր կանչին ականջ տալով, Տէրը վստահաբար երկարելու է իր ձեռքը, եւ որովհետեւ ծովերի բոլոր անդունդները Նա Ի՛նք է ստեղծել, ամէնից խոր անդունդից էլ կարող է Նա մեզ դուրս բերել, կարկառելով իր ամենազօր բազուկը:

Յուսադրւում ենք մեր քրիստոնէական հաւատքից եւ նոյն հաւատքով ենք յուսադրում մեր ժողովրդին, վստահեցնելով որ շուտով վերասկսելու ենք մեր եկեղեցական արարողութիւններին, նորովի հաւատքով եւ նորոգեալ ջերմեռանդութեամբ:

Մենք նորից պիտի երգենք Շնորհալի հայրապետի գրած հոգեթով երգերը, ցանկացած կացութեան մէջ, եւ յատկապէս տագնապալի իրավիճակներում, «…որովհետեւ Աստւած մեզ հետ է»:

 

Խմբագրական «ԱՐՏԱԶ»-ի,

Պաշտօնաթերթ Ատրպատականի հայոց թեմի, մարտ 2020, թիւ 3:

Յարակից լուրեր

  • Կարմիր եւ սեւ գոյների համադրութիւնը
    Կարմիր եւ սեւ գոյների համադրութիւնը

    Սոյն գրութիւնը Ատրպատականի հայոց թեմի պաշտօնաթերթ «Արտազ»-ի ապրիլի 2016 թւականի խմբագրականն է: Աշխարհագրական մօտ լինելը մեր Հայրենիքին եւ Ապրիլեան վերջին իրադարձութիւններին, խորհրդածութեան առիթ են հանդիսացել թեմի տոկուն ժողովրդի համար, որը նախկինում եւս ունեցել է նման փորձառութիւն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։