Հա

Համայնք

23/04/2020 - 13:40

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի Ապրիլ 24-ի պատգամը. Համաճարակային ժահրը չքացաւ, իսկ ցեղասպանւած ազգը՝ ողջացաւ

Ո՞վ չի յիշում, կամ կարո՞ղ է մի՛թէ պատահել, որ մէկ հայ մոռանայ, 105 տարիներ առաջ մեր ազգի դժբախտ զաւակների կիսամեռ եւ քարշ տրւող խլեակների պատկերները անապատների միջում, 1915 թ.-ի Ապրիլի 24-ից սկսեալ եւ ապա, մի քանի տասնեակ գազանաբարոյ ասկեարների հսկողութեամբ: 

Ո՞վ չի յիշում, կամ կարո՞ղ է մի՛թէ պատահել, որ մէկ հայ մոռանայ, 105 տարիներ առաջ մեր ազգի դժբախտ զաւակների կիսամեռ եւ քարշ տրւող խլեակների պատկերները անապատների միջում, 1915 թ.-ի Ապրիլի 24-ից սկսեալ եւ ապա, մի քանի տասնեակ գազանաբարոյ ասկեարների հսկողութեամբ: Հարիւրաւոր տարիներ իրենց սեփական, պապենական հողում ապրելուց յետոյ, յանկարծ նրանց պարտադրւեց աքսորականի ցուպը վերցնել եւ հեռանալ իրենց հայրենի գիւղերից գաւառներից ու շէն քաղաքներից, քաշկռտուքի, ծեծի, նախատինքի, առեւանգման, բռնաբարման, լլկանքի, կտտանքի, նւաստացման, սպանութեան, աներեւակայելի ու անմարդկային պայմաններում:

Այս պատկերների մէջ, որոնք մեծաւ մասամբ վերցւել են գերմանական բանակում ծառայողների կողմից, անօթութիւնից կմախքացած հայորդիների լուսանկարներից բացի, կան նաեւ վարակիչ հիւանդութիւնների բերմամբ մահացած եւ ճամբաների եզրին նեխած դիակների պատկերներ, որոնց կարելի է նայել միայն տամկացած աչօք:

Մեր երազի Հայրենիքից՝ Արեւմտահայաստանից աքսորւած աւագ սերնդի ներկայացուցիչները, որոնք ցմրուր ըմպել էին Երիտթուրքերի տմարդիութեամբ պատրաստւած դառնութեան բաժակը, եւ իրենց կաշւի վրայ զգացել տեղահանութեան ցաւն ու արեւակէզ անապատներում ողջակիզւելու ողբերգութիւնը, աւազաշէն տաճարի արիւնոտ բագնի վրայ, մեզ՝ նոր սերնդի զաւակներիս չէին արտօնում, որ նոյնիսկ վարակիչ հիւանդութիւնների անունները արտասանէինք…: Տիֆ, խոլերայ, մալարիա, ոջլոտութիւն եւ նման համավարակների անունների արտաբերումն իսկ մեր շրթներից՝ խստօրէն արգելւում էր նրանց կողմից:

Այն վախը համաշխարհային ժահրով վարակահարման, որի միջից այսօր անցնում ենք բոլորս եւ որն զբաղեցնում է համայն մարդկութեան առօրեան ու սարսափով լցնում նրա սիրտն ու հոգին, մեր ցեղասպանւած մեծ ծնողները վաղո՜ւց էին զգացել իրենց աքսորականի թշւառ տարիներում: Նոյն վախն էր պատճառ լինում, որ չթողնէին նրանք համավարակային ժահրերի անունների արտասանումը իրենց յաջորդող նոր սերնդի զաւակների կողմից: Համաճարակներ, որոնք տարագրութեան օրերին հազարաւոր կեանքեր էին հնձել գաղթականութեան շարքերում:

Լպիրշ Երիտթուրքերի թուքով իրենց պապենական հողերից շպրտւած զաւակները մեր ազգի, Թալէաթի, Ջեմալի, Էնւերի եւ Բեհաէդդին Շաքիրի դիւային ծրագրումով եւ գործադրութեամբ ջարդւեցին Դեր Զորի անմարդաբնակ անապատներում, Օսմանեան կայսրութեան հովանաւորութեամբ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան ժամանակաշրջանում: Հայի համար մթագնեց երկինքը, ուրախութեան բոլոր նշոյլները անհետ կորցնելով, սակայն վերստին փայլեց արեգակը հայի գլխի վերեւ: Համայնակուլ համավարակներն ու բոլոր հիւանդութիւնները չքացան, երբ ցեղասպանւածը տուն ու տեղ գտաւ հիւրընկալ երկինքների տակ: Աքսորականի ցնցոտին իր վրայից հանելով, ուրախութեան պատմուճան հագաւ հայը: Անհատապէս մոռացաւ նա իր ցաւը, առողջ ու առոյգ մեծացնելու համար իրեն յաջորդող սերունդներին: Ուրախացաւ եւ ուրախացրեց նա բոլորին, կազմաւորելով կրթւած զաւակներ, այսպիսով իր վրէժը լուծելով ճիւաղ ցեղասպանից:

Աշխարհը ծարաւ է ուրախութեան: Ժողովրդական իմաստութիւնը ասում է. «Դաշտում պատահական մէկ քար վերցնելիս, դրա տակում դարդ ես յայտնաբերում»: Ցաւի, վշտի, բազմատեսակ համաճարակների եւ անօթութեան բովից անցած ցեղասպանւած ազգը ողջացաւ, իր դժբախտութեան առաջին հարիւրամեակը յանձնելով պատմութեան: Թուրքի եաթաղանի հարւածի սպին իր մարմնի վրայ կրող, կամ աքսորի օրերի համաճարակից վերապրած հայ մարդ, բախտո՛վ գտնւի համամարդկային մեծ ոճիրից 105 տարիներ ետք: Հայի դէմքի վրայ արեւում է ժպիտը ուրախութեան եւ նրա սրտում վառ է յոյսը կենդանութեան: Սակայն հայրերի զգացած դարդն ու ցաւը անմոռաց պահպանւած է մեր հաւաքական յիշողութեան մէջ, սպասելով արդարութեան: Արդարութիւնը միայն արդար մարդկանց եւ արդար ազգերի ուսերին վայել վերարկու է: Դա այնպիսի շրջազգեստ է, որի նորաձեւութիւնը ժամանակավրէպ չի՛ դառնում: Արդարութիւնը ճշմարտութիւն է ծնում, իսկ ճշմարտութիւնը՝ փրկութիւն է բերում:

Ազգային մեր բազմաթիւ պարտականութեանց կողքին, Ապրիլեան մեր սրբացեալ Նահատակաց կտակի ջահակիրները լինելու պարտաւորութիւնն ունենք մենք հաւաքաբար, որտե՛ղ որ լինենք եւ ի՛նչ պայմաններում էլ ապրենք: Նրանց սուրբ արիւնը բարձր գին ունի, որի համար վճարելու է ցեղասպանը ուշ թէ շուտ: Սակայն մեր պարտաւորութիւնն է՝ երեք սրբութիւնների նկատմամբ սիրոյ տարածիչները հանդիսանալ, ե՛ւ մեր գործով ե՛ւ սեփական կեանքի օրինակով:

Բարեբախտութիւն է մեր լեզւի պարագայում, որ «վարակել» բայը ունի նաեւ իր դրական գործածութիւնը, նայած ենթակայի կողմից արտայայտւած մտածումի իմաստին: Ուրեմն, ներկայ դժւարին պայմաններում, երբ մեր սիրտն ու միտքը ողողւած են վերոյիշեալ բառի բացասական բազմապիսի գործածութիւններով, մենք պարտաւոր ենք մեր ժողովրդական իմաստութեան դիմել դարձեալ՝ ամէն չարիքի միջից բարին յայտնաբերելու:

Ուստի՝

ա) Մենք մեր ունեցած հաւատքով վարակելու ենք մեր հաւատակից եղբայրներին ու քոյրերին, քրիստոնէական անխախտ ու խոր հաւատքով նայելու դժւարութիւններից հաւաքաբար դուրս գալու վառ յոյսին:

բ) Մենք մեր ունեցած սիրով վարակելու ենք մեր ազգակիցներին՝ սիրելու մեր մայրենի եկեղեցին՝ հէնքը մեր մշակոյթի, որտեղ միշտ ապահովութիւն ենք գտել ու խաղաղւել հոգեպէս:

Եւ վերջապէս՝

գ) Մենք մեր ունեցած կամքով վարակելու ենք մեր հայրենակիցներին՝ պահանջատիրական աննահանջ պայքարի ոգով մարտնչելու, մինչեւ մեր բռնաբարւած արդար իրաւունքների ձեռքբերումը եւ մեր երազի Հայրենիքի վերադարձը իր իրաւատիրոջ՝ Հայ ազգին:

Այո՛, համավարակային ժահրերը չքացան, եւ ցեղասպանւածները ողջացան: Այս համավարակային ժահրը եւս կանհետի ու մեր ազգը կը գոյատեւի ի Հայաստան եւ ի պանդխտութիւն:

 

Աղօթարար՝

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

 

24 Ապրիլի, 2020

Տօն Սրբոց Նահատակացն Ազգիս Հայոց

ազգային առաջնորդարան, Թաւրիզ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։