Հա

Համայնք

13/05/2020 - 11:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Քէյւան գաւառակի Խանագահ եւ Մհդաւու գիւղերում

Ատրպատականի հայոց թեմի վաղուց հայաթափւած շրջաններից՝ Ղարադաղի հինգ գաւառակներում դեռեւս գոյութիւն ունեցող եկեղեցիների, գերեզմանատների եւ ազգային կալւածների մասին նորագոյն ուսումնասիրութիւններ կատարելու նպատակով, թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ուրբաթ, 8 մայիս 2020-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ գաւառներից Քէյւան գաւառակը, որտեղ գոյութիւն ունի Խանագահ անունով գիւղը, համանունը այն գիւղի, որը գտնւում է Դզմար գաւառակում: Քէյւանի Խանագահի հարեւանութեամբ Սրբազան Հայրը այցելեց նաեւ Մհդաւու գիւղատեղը:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի վաղուց հայաթափւած շրջաններից՝ Ղարադաղի հինգ գաւառակներում դեռեւս գոյութիւն ունեցող եկեղեցիների, գերեզմանատների եւ ազգային կալւածների մասին նորագոյն ուսումնասիրութիւններ կատարելու նպատակով, թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ուրբաթ, 8 մայիս 2020-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ գաւառներից Քէյւան գաւառակը, որտեղ գոյութիւն ունի Խանագահ անունով գիւղը, համանունը այն գիւղի, որը գտնւում է Դզմար գաւառակում: Քէյւանի Խանագահի հարեւանութեամբ Սրբազան Հայրը այցելեց նաեւ Մհդաւու գիւղատեղը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ստորեւ ներկայացնում ենք Սրբազան Հօր կատարած տեղագրութիւնը, ի՛ր գրչով:

 

Մուտք

Ատրպատականի խստաշունչ ձմեռը եթէ մէկ կողմից բնական արգելք է հանդիսանում լեռնային շրջաններում մեր շրջագայութեան եւ ազգային մեր կալւածների ու մանաւանդ եկեղեցիների այժմու վիճակի նկարագրման աշխատանքին, միւս կողմից սակայն ստիպողական հանգիստ է տալիս մեզ, հակառակ մեր ջերմ փափագին, որ միանւագ կատարենք եւ իր աւարտին հասցնենք մեր նպատակադրած գործը՝ ունենալու կարելի՛ ամբողջականութեամբ ներկայի ցուցակը մեր ժառանգութեանց:

Ղարադաղը իր առողջարար միջավայրով՝ օդի եւ ջրի մաքրութիւն, ինչպէս նաեւ առողջ պայմաններով՝ ընտանեկան սրբութեան պահպանում, մեծերի նկատմամբ յարգանք եւ այլ կորած սրբութիւններ, բացառիկ հանգամանք էր ներկայացնում: Որովհետեւ տարածաշրջանը կտրւած լինելով քաղաքի ժխորից, գիւղական աւանդական միջավայրում բարոյական առողջ դաստիարակութիւն ստացած զաւակներով, ղարադաղցի հայերի համար եղել էր մէկ դրախտավայր:

Ուսման ու կրթութեան չգոյութեան կամ լաւ եւս այնքան տարածւած չլինելու պատճառով երբեմն ղարադաղցի հայերի բողոքը Ազգային առաջնորդարան՝ Թաւրիզ, պատճառ է հանդիսացել, որ դպրոցներ հիմնւեն, ուսուցիչներ ուղարկւեն, գէթ մայրենին սովորեցնելու համար: Թէպէտեւ ղարադաղցի հայերն էլ ունեն իրենց մեղքի բաժինը, դպրոցների թուլութեան մէջ: Նրանք միշտ խոստացել են վճարել ուսուցչի ռոճիկը, սակայն եւ այս առումով նրանց ուշացումներն ու անհոգութիւնը պատճառ է հանդիսացել, որ ուսուցիչները դժգոհ հեռանան, իսկ նորերը լսելով նախկիններին պատահածը՝ հրաժարւեն Ղարադաղի գիւղեր իբրեւ ուսուցիչ մեկնելուց:

Այս մասին օրւայ մամուլում կարդում ենք. «Գիւղացիք իրենց առաջին ուսուցիչների ռոճիկը ժամանակին չհասցրին, ծուլութիւն արեցին ու գուցէ մի քանիսն էլ բոլորովին կտրեցին. այդ պատճառով ուսուցիչը թողեց եւ հեռացաւ»1:

Ուսուցիչ Բենիամին Նապօլեանն էլ այս մասին յօդւած է գրել, լուսաւորելու մտօք ղարադաղցի նոր սերնդին, որտեղ շեշտում է, թէ Դզմար գաւառակի տաս գիւղերը իր այցի ժամանակ հաւաքելով ծնողներին, բացատրութիւն է տւել այս մասին եւ ընդառաջում գտել. «Հաւաքեցի գիւղացիներին, յորդորեցի, որ 1912-13 ուսումնական տարում, քանի որ այժմ Ղարադաղը քիչ թէ շատ հանգիստ, խաղաղ դրութեան մէջ է, աշխատեն ամէն ջանք ի գործ դնեն, դպրոցներ բանալու, ուսուցիչներ պահելու, չթողնեն իրենց զաւակներին անուսում փողոցներում թափառելիս: Եւ գիւղացիք մեծ ուրախութեամբ պատրաստակամութիւն յայտնեցին եկող տարւանից իրականացնել իմ առաջարկները, որոնք ո՛չ մի դժւարութիւն չեն ներկայացնում»2:

Ղարադաղի գաւառաբարբառը խօսւում էր այնտեղ եւ դա այսօր իսկ մեր լեզւի համար հարստութիւն է համարւում: Մինչ օրս Թաւրիզ ապրող նախկին ղարադաղցիներ իրենց խօսակցական լեզւում ժառանգել են իրենց պապենական գիւղերի բարբառը եւ անզգալաբար օգտագործում են բառեր, ասելաձեւեր, ասոյթներ եւ այլն:

Մեզ հետ ունեցած իր սովորական զրոյցի պահին, արմատներով ղարադաղցի մէկ հայ ասում էր՝ «հինտե՞մ», այսինքն՝ «ի՞նչ իմանամ»: Կամ՝ այլ նախադասութեան մէջ ասում էր. այսինչին «եշի», այսինքն՝ այսինչին «նայեցի» («եշալըմ»՝ «նայել եմ») եւ կամ՝ «քեցալըմ», այսինքն՝ «գնացի»: Մէկ այլ նախադասութեան մէջ նա ասում էր. «պոկը բռնամ», այսինքն՝ «կոկորդը բռնեցի»: Այսքան պարզ եւ բնական են արտաբերւում այս բառերը նոյնիսկ այսօր, երբ ո՛չ մէկ հայ չի՛ մնացել Ղարադաղում, իսկ նրանց զաւակներն ու թոռները այսքան ժամանակ է որ շփւում են արդէն Թաւրիզում այլ գաւառներից ժամանած հայ ընտանիքների զաւակների եւ բնիկ թաւրիզեցի ընտանիքների հետ:

 

Երկու «Խանագահ»-նե՞ր Ղարադաղում

Մեր հետազօտական այցելութիւնների ընթացքում մենք այցելել ենք Դզմար գաւառակի Խանագահ նախկին հայաբնակ գիւղը, իր Սբ. Ստեփանոս եկեղեցին կանգուն վիճակում տեսել ենք, կողքում Հայոց գերեզմանատունը, դրա մօտիկը Հայոց Մնացականեան դպրոցի աւերակը եւ այլ յիշատակներ:

Թէ ինչո՞ւ երկրորդ մէկ Խանագահ կամ նոյնանուն մէկ այլ գիւղ՝ Ղարադաղի մէկ այլ գաւառակում: Այս մասին տարբեր կարծիքներ եւ զրոյցներ գոյութիւն ունեն: Ղարադաղի տարբեր գիւղերում մեր ժողովրդի զաւակների կրած տառապանքը իշխող Խաների կողմից, յաճախ պատճառ էին հանդիսանում հաւաքական տեղաշարժերի: Գիւղեր երբեմն իրենց ամբողջ բնակչութեամբ միասնաբար գաղթել են այլ վայրեր, նոր եւ աւելի ապահով կեանք ստեղծելու համար: Խաների ճնշումները միայն կողոպուտ, հարստահարութիւն եւ կեղեքումի սահմանների մէջ չէին մնում, այլեւս դաւադրութեամբ հայ գիւղապետների ծրագրւած սպանութիւններ, ապա իբրեւ թէ տւեալ գիւղապետին մտերիմ բարեկամ ձեւացնելով՝ հայ դաւադիր ոճրագործների փնտռտուք, վրիժառութիւն՝ նոր սպանութիւններով, եւ բազմաթիւ այլ դիւային մտքեր:

Տեղաշարժւող գիւղացիները այլ գաւառակի մէջ հաստատւելով, նոր գիւղատեղը երբեմն անւանել են նախկին գիւղի անունով: Այսպէս է, որ Ղարադաղում կան նոյնանուն հայկական գիւղեր, իսկ իրենց նախկին գիւղը ո՛չ միայն թալանւել է նոյն գաւառակի վրայ իշխանութիւն ունեցող Խանի կողմից, այլեւ այն նւիրաբերւել է նրա մէկ հարազատին, իբրեւ ժառանգ: Բնականօրէն գիւղի նախկին բնակիչները ամէն յարմարութիւն ստեղծած էին լինում գիւղում. արօտավայրերը պատրաստ, կալերը յարդարւած, վարելահողերը կանոնաւորւած եւ ցանքի պատրաստ վիճակում: Մէկ խօսքով, անպաշտպան ղարադաղահայութիւնը հարստահարւելու եւ նոյնիսկ սպանութեամբ պատժւելու մնայուն վախի մէջ է անցկացրել իր կեանքը այս անմատոյց լեռներում:

Մենք չկորցրինք մեր հետաքրքրութիւնը գիւղի նկատմամբ, որտեղ հասել էինք մեծ դժւարութեամբ: Եթէ հայկական արմատներ կան, յայտնւելու էին շուտով, համոզել էինք ինքներս մեզ:

Գիւղի անւան շուրջ երկրորդ տեսակէտը այն է, թէ այս անունը Խանագահ չէ, այլ ինչպէս այժմ հնչում են՝ «Խանըղա», որը բնաւ կապ չունի Դզմար գաւառակի հայկական Խանագահ գիւղի անւան հետ: Պարսկերէն սոյն բառի թարգմանութիւնը լինում է՝ «Դերւիշների բնակավայր»:

Ատրպատականում Դերւիշները ծանօթ են, որոնց յետնորդ սերունդները մինչեւ օրս քաղաքի խաչմերուկներում, երբ կարմիր ճրագին կանգնած բազմաթիւ ինքնաշարժեր են լինում, իրենց խնկամանով մօտենում են վարորդներին, եւ փոխան մի քանի ռիալի «Իւզէրլիք»3 են լցնում վառւող ածուխի վրայ ու խնկարկում ինքնաշարժի չորսբոլորը, չար աչքից փրկելու համար դրա մէջում գտնւող ճամբորդներին:

 

Քէյւան գաւառակի Խանագահ գիւղը

Դէպի Ասրան բարձրանալու ճանապարհին, որսի համար ցած իջած ու մի պահ այնտեղ նստած արծւի տեսքով այս գիւղը, ներկայումս բարեկեցիկ ընտանիքների ամառանոցի տպաւորութիւն է թողնում հեռւից: Կարմիր երկթեք կտուրներով առանձնատներ, թէպէտ հողաբաց փողոցներով, սակայն երկու կողերում փշաթելերով պաշտպանւած այգիներն են իւրաքանչիւր տան, որոնց շուրջ հաւերն ու աքլորները ազատ շրջագայում են:

Կէսօրւայ մօտ լինելուն, մարդ չկար ում հետ զրուցէինք եւ գիւղի անցեալի մասին տեղեկութիւն հաւաքէինք: Եկեղեցանման հին կառոյցի էլ չհանդիպեցինք, որի շուրջ պտտւելով հետաքրքրութիւն ստեղծէինք, իրենց տների բակերից երբեմն դուրս նայող գիւղացի կանանց մօտ:

Նեղ ու զառիթափ փողոցները գիւղի, որոնք հետզհետէ արահետի էին վերածւում, առաջնորդում էին դէպի գիւղի ամէնից բարձր կէտը, որտեղ սովորաբար մեր նախնիք կառուցում էին եկեղեցիները, իսկ դրանց շուրջ կամ մօտիկը՝ լինում են գերեզմանատները: Սակայն ո՛չ մէկ նշան հին կառոյցի, կամ գերեզմանաքարերի, որոնք շուտով զատորոշւում են մուսուլմանական գերեզմանատներում երկաթեայ ճաղերով ցանկապատւած շիրմաքարերից:

Դժւարաւ մեր ամենագնացը կարողացանք հակառակ ուղղութեան դարձնել, բարձունքից ցած իջնելու եւ վերադառնալու համար գիւղամէջ: Հազիւ վայրէջքի առաջին մի քանի մետրը յառաջացած, իր տան շրջակայքում գտնւած այգու երկաթեայ կարճ դուռը փակելով մէկ Խանագահցի մօտենում էր իր ինքնաշարժին:

 

Բարի եւ չար զօրութեամբ երկու տոհմեր Խանագահում

Իսլամական բարեւով՝ «Սալամ ալէյքիւմ» ողջոյնը տւեցինք իր տնից դուրս եկած մարդուն, ստանալով «Ալէյքիւմ էլսալամ» պատասխանը: Գիւղի արմատների կամ հին հայկական գիւղ լինելու մասին հարցնելուց առաջ, եկեղեցու եւ գերեզմանատան մասին հարցրինք նրան, որոնց գոյութիւնը հերքեց մարդը: Նա ազնւութեամբ էր պատասխանում, իր իմացածը ամբողջութեամբ ասելու պատրաստակամութեամբ: Տեսնելով մեր հետաքրքրութիւնը գիւղի պատմական անցեալի մասին, մանաւանդ լսելով Դզմարի Խանագահ գիւղի հետ այս գիւղի որեւէ առնչւածութեան շուրջ մեր հարցրած հարցերը, Քէյւանի Խանագահցի թուրքը պատմեց այս գիւղի հաւատալիքների մասին:

Կասկած չկայ, որ գաւառային կեանքը լեցուն էր լինելու նախապաշարումներով: Սերնդից-սերունդ փոխանցւող աւելորդապաշտութիւնները, նաեւ ժամանակի ընթացքում յաւելումներ են կրում, փոխանակ քաղաքակրթութեան զարգացման բերմամբ նւազելու: Այս էլ մէկ դժբախտութիւն կարելի է համարել, որի հիմնական պատճառը՝ լուսաւորութեան ու կրթութեան պակասն էր բնականաբար: Սրա համար է, որ նախորդ դարասկզբի մամուլի էջերը լիքն են այնպիսի յօդւածներով, որոնք քաջալերում են խաւարի դէմ լոյսի յաղթանակը, դպրոցների բացումով եւ խաւարամտութեան դէմ պաքարի անվերջ կոչերով նախապատրաստում գաւառացուն, կրթութեան զէնքով զինւելու:

Արեւմտահայաստանի գաւառներից աքսորւած մեր նախնիք մինչեւ անցած դարի աւարտը, նոյն նախապաշարումներով էին օրօրւում, որոշ չարագուշակ երեւոյթներից զգուշացնում էին նաեւ մեզ: Մենք շատ լաւ ենք հասկանում յատկապէս Ղարադաղի նման լեռնային եւ այլ միջավայրերից ուղղակի կտրւած տարածաշրջանում ապրող ժողովուրդների միամիտ մօտեցումը բարի ու չարի երեւոյթների շուրջ հաւատալիքներին եւ լաւ ենք ըմբռնում նրանց վախի զգացումները բնութիւնից, չար մարդկանցից եւ չարաբաստիկ այլ երեւոյթներից:

Նոյն նախապաշարումները եղել են նաեւ Ղարադաղի գիւղերում: Ուսուցիչ Յովհաննէս Յովսէփեանը հետաքրքրիր տեղեկութիւններ է հաղորդում տեղական նախապաշարումների մասին, որոնք ուղղակի լսել է ղարադաղցիներից, կամ նրանց հետ ապրած օրերին ականատես եղել: Նա ասում է որ ղարադաղցիները «կարեւոր գործ ձեռնարկելիս եւ հեռու տեղ գնալիս աշխատում էին տնից դուրս գալ վաղ առաւօտեան, լուռ ու մունջ, որ չհանդիպէին չար աչք, չար շունչ ու չար ոտք ունեցող մարդկանց»4: Դարձեալ խօսելով նոյն նախապաշարումների մասին, նա գրում է չար համբաւ ունեցող մարդկանցից հեռու մնալու, ղարադաղցիների նախազգուշութեան մասին. «Նման մարդու հանդիպելիս, առաջինը իրենք (բարիները) էին բարեւում՝ հաւատալով, որ բարի շունչը դիպչելով չարին, խափանում է այն»5:

Խանագահում մեր հանդիպած մարդու պատմածները գիւղի մասին, դրա երկրորդ անւան շուրջ հաւանական տւեալներ էին պարունակում:

Ոտքի վրայ մեր ունեցած զրոյցը մինչեւ Զրադաշտական կրօնի երկարմատեան (Dualism) վարդապետութեան հիմունքը առաջնորդեց, որով մեր խօսակից հասարակ գիւղացին միամիտ, կրօնների պատմութեան անծանօթ, խօսում էր բարի եւ չար ուժերի յարատեւ մարտնչման եւ մէկի ու միւսի իրարու վրայ տարած հերթական յաղթանակի մասին:

Նա պատմեց այս գիւղում մինչեւ այսօր գոյութիւն ունեցող երկու տոհմերի մա¬սին, որոնցից մէկը չար ուժի ազդեցութեամբ է գործում, իսկ միւսը՝ բարի: Ինք առանց մասնաւոր հպարտութեան, ասաց թէ ինք սերել է բարի տոհմից եւ իրենց ընտանիքը գիւղում ճանաչւած է իբրեւ բարի հոգով եւ բարի ուժերի միջոցով չարիքը խափանող ընտանիք: Հետաքրքիր էր նրա տւած բացատրութիւնը, թէ սոյն տոհմերից իւրաքանչիւրի շառաւիղ որեւէ անձ, ի՛նչ տարիքում լինէր, նոյն՝ բարի կամ չար ուժերի ազդեցութեան տակ կը լինէր: Այսինքն որոշ տարիք չկայ, որտեղից սկսւում է բարի կամ չար ուժերի ազդեցութիւնը ենթակայի վրայ:

Գիւղացու առօրեայ աշխարհը իր արտն ու այգին է, իր սերմնահատիկն ու բերքն է բնականաբար, որոնք կազմում են իր կեանքը: Ուրեմն, մեծ մասամբ նրանց նախապաշարումների նիւթերը լինելու էին վերոյիշեալները: Ղարադաղցի հայերից բացի, անցեալում նոյն տարածաշրջանում ապրող այլ կրօնների հետեւորդների կամ այլ ազգերի պատկանողների վրայ եւս կարող ենք տարածել նոյն նախապաշարումները: Յովսէփեանը այս մասին պարզաբանում է. «Ղարադաղի բոլոր ազգութիւնները հաւատում էին, որ արտը, այգին, բոստանը, ինչպէս նաեւ առանձին բերքատու ծառերը կարող են տուժել, չորանալ, բերքաթափւել, կայծակնահարւել, հեղեղի, այլ փորձանքների ու աղէտների ենթարկւել չար աչքի, չար շնչի ու չար ոտքի պատճառով: Նման չարիքներից արտը, այգին, բանջարանոցը եւ ծառը անվնաս պահելու համար, դրանց աչքի ընկնող տեղերում 2-3 մետրանոց փայտէ ձող էին տնկում ու վրան ամրացնում որեւէ կենդանում գանգ, հաւատալով, որ չար աչք, չար շունչ եւ չար ոտք ունեցող մարդը չարութեամբ, նախանձով արտին, այգուն, ծառին նայելով, ինքը կը չորանայ գանգի նման, եւ բերքն ու բարիքը կը փրկւեն չարից»6: Դեռ կային ամուսնական յարաբերութիւնների համար նկատի առնւած «բարի» կամ «յաջողաբեր» օրեր, ինչպէս նաեւ արգելւած օրեր՝ Չորեքշաբթին եւ պաս ու տօնական օրերը, որոնք սաղմնաւորւած երեխային կը տային սատանայի նման չար ու նենգ բնաւորութիւն:

 

Ղարադաղեան նախապաշարումներ՝ բանաւոր աղբիւրներից քաղւած

Խանագահում չար ու բարի տոհմերի ուժական ազդեցութեան մասին մեզ պատմող մարդու գաղափարները յատուկ հետաքրքրութիւն ստեղծեցին մեր մէջ, որի հետեւութեամբ, Թաւրիզ մեր վերադարձին ունեցանք մէկ քանի կարճ զրոյցներ, արմատներով ղարադաղցի հայրենակիցների հետ: Բանաւոր աղբիւրներն եւս գրաւորների չափ կարեւոր համարելով, այստեղ արձանագրում ենք ղարադաղցի ծնողներից սովորած նրանց նախապաշարումները, որոնցից շատերը դեռեւս կիրառւում են պատմողների ընտանիքներում…:

Մէկ փոքր փունջ միայն իբր նմուշ արձանագրում ենք այստեղ, մեր հաւաքած բազմաթիւ օրինակներից, որոնք մէկ քանի սերունդների վրայ տարածւած, մէկ քանի հարիւր տարիների կեանք ունեն վստահաբար:

Ղարադաղցիները մասնաւոր վախ են ունեցել «Ճին»-երից: Սատանայի ճուտ եւ այլ անուններ են տւել նրանց: Մինչեւ մեր օրերը, մեզ ներկայացել են ոմանք, ասելով որ իրենց տանը տեսել են մանրակազմ արտաքինով, «Գոլդուզ» (կարճահասակ) մարդանման բայց զազրելի տեսքով էակներ, որոնք նոյնիսկ թռչկոտելու կարողութիւն ունեն, մթութեան մէջ երեւում են եւ ընդհանրապէս տան ներսում, բարձր մասերում են թառում քրքջալով: Այս ճիներին են նմանեցնում յաճախ «Բուլդուզ» (կարճ եւ արագաշարժ) մարդկանց, որոնց յաջողւում է ամենից վտանգաւոր գործերը աներեւութաբար իրականացնել:

ա. Տաք ջուրը գետին շաղ չտալ

Մինչեւ այսօր ղարադաղցի շատ տարեցներ, Թաւրիզում, զգուշացնում են իրենց զաւակներին, որ տաք ջուրը գետին շաղ չտան, որովհետեւ հաւատում են, որ «ճիների ձագերը գետնում են լինում, եւ նրանց վրայ երբ տաք ջուրը թափւի, նրանց ծնողները վրէժխնդիր կը լինեն»: Ուստի, տաք ջուրը գետին թափելու պահին, տարեցներ թելադրում էին միշտ «Ըսոս-Քրըստոս» (Ղարադաղի բարբառով՝ «Յիսուս Քրիստոս») ասել:

բ. Բարձի տակ երկաթի կտոր դնել

Ծանօթ է, որ Ղարադաղում երկաթի եւ պղնձի հանքեր շատ կան: Ղարադաղցիներ հաւատում էին, որ ճիները մետաղներից, յատկապէս երկաթից վախենում են: Ուստի, նորածին երեխայի բարձին տակ դանակ կամ անպայման երկաթի մէկ կտոր էին դնում, հաւատալով որ ճիները այն տեսնելով, չեն մօտենայ երեխային: Այս ճիներից մէկը ծանօթ էր «Ալ» անունով, որը սեւ թոք սիրող ճինի տեսակն է: Նա կարող էր գալ եւ նոր ծննդաբերած մօր սեւ թոքը ուտել: Ուստի, նոր ծննդաբերած կնոջ բարձի տակ եւս դանակ կամ երկաթի այլ կտոր դնելով, «Ճիկէր իյէն Ալ»-ին (սեւ թոք ուտող Ալ) հեռու էին վանում:

գ. Ծոծրակին աղ լցնել

Նորածին երեխային տեսութեան եկող, սակայն ըստ նրա մօր եւ հարազատներին՝ չար նաֆաս (շունչ) ունեցող մարդկանց ծոծրակին անզգալաբար մէկ քիչ աղ էին լցնում, նրա չար շունչը չէզոքացնելու համար:

դ. Ապահով ասեղ ամրացնել բարձին

Նորածին երեխային եւ նրա մօրը պաշտպանելու համար մարդկանց չար աչքից, ե՛ւ երեխայի ե՛ւ մօրը բարձի վրայ ամրացնում էին սանջաղ (ապահով ասեղ), որը արգելք էր հանդիսանում որ աչքով տան երկուսին:

ե. Կօշիկների մէջ աղ լցնել

Ղարադաղցիները իրենց անդուրեկան հիւրերի կօշիկների մէջ գաղտնաբար մէկ քիչ աղ էին լցնում, երբ հիւրերը իրենց կօշիկները տան դռան առջեւ հանելով ներս էին մտնում: Նրանք հաւատում էին, որ այսպիսով, տհաճ այս հիւրերը մէկ ան-գամ էլ իրենց տունը հիւր չեն գայ:

 

Մհդաւու գիւղատեղը

Քէյւան գաւառակի Խանագահ գիւղի հարաւակողմում, Խանագահից աւելի բարձր դիրքով, սակայն ինք եւս ձորամիջում, գտնւել է հայկական Մհդաւու գիւղը:

Այսօր թուփերից եւ անտառային վայրի ծառերից բացի ոչինչ չկայ Մհդաւույում: Մեր արխիւային արձանագրութիւններում եւս, ինչպէս հարեւան Խանագահում, նոյնպէս եւ Մհդաւույում եկեղեցու գոյութեան մասին ո՛չ մէկ տեղեկութիւն չունենք:

Քէյւան գաւառակի գիւղերից շատերը մինչեւ 1918 թիւը հայաբնակչութիւն ունեցել են, իսկ դրանից յետոյ հետզհետէ հայաթափւել եւ թրքաբնակ են դարձել, եւ կամ ամբողջութեամբ աւերւելով կորցրել են իրենց գոյութեան բոլոր հետքերը, միայն գիւղատեղ իբրեւ մնալով, մօտակայ այս կամ այն լեռան ծերպին:

Մենք այցելեցինք նաեւ Մհդաւուի գիւղատեղը Խանագահի կամ «Խանըղա»ի հարեւանութեամբ, վայելելով բնական այն գեղեցկութիւնը, որը մեր ղարադաղցի նախնիք ընտրել էին, իրենց իբրեւ բնակավայր: Մեր այցի ընթացքում փորձեցինք յայտնաբերել որեւիցէ փլատակ, կամ նոյնիսկ գերեզմանաքարի մասնիկ, սակայն ի զուր…: Իցի՜ւ թէ մէկ քսան տարի առաջ հնարաւորութիւնն ունեցած լինէինք այս շրջանները այցելելու, թերեւս յաջողւէր մեզ, մեր նախնիների կոփած քարերից մէկ կամ երկուսին գտնել այս լեռներում…:

Ղարադաղում օրը ինչպէ՞ս է իր աւարտին հասնում եւ մթնում, մարդ չի՛ իմանում: Լեռների երկարաձգւող շւաքները իրենք պարտադրում էին արդէն, որ մեր օրւայ աշխատանքը իր աւարտին հասցնէինք, վերադառնալու համար առաջնորդարան, Թաւրիզ:

 

_________________________________________________

1. «Արաքս», Գրական եւ գեղարւեստական պատկերազարդ հանդէս, «Ատրպատականը ներկայումս», Գիրք Ա. Հինգերորդ տարի, 1893, Ս. Պետերբուրգ, էջ 4:

2. Բ. Նապօլեան, «Կոչ պանդուխտ Դզմարցիներին», «Աղաղան», Օրգան Ղարադաղի Աղաղան գիւղի հայրենակցական միութեան, Ա. տարի, Յուլիս, թիւ 4, Թաւրիզ, 1912, էջ 4:

3. Թուրքերէնով՝ խունկի տեսակ: Պարսկերէն նոյնին ասում են «Էսֆենդ»:

4. Յովսէփեան Յ., «Ղարադաղի Հայերը», Երեւան, 2009, էջ 442:

5. Նոյն, անդ, էջ 443:

6. Նոյն, անդ, էջ 444:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։